close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով որևէ բան չի փոխվել. Արա Ռոստոմյան

Հասարակություն

24 Հուլիսի 2019, 17:17
 Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով որևէ բան չի փոխվել. Արա Ռոստոմյան

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ ՄՈՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների հանձնախմբի անդամ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի, վարչական շրջանների աշխատակիցների` աշխատանքը կորցնելու վտանգի, ինչպես նաև ՏԻՄ-երում մրցույթների, ատեստացիայի և հարակից այլ հարցերի շուրջ:

- Պարո՛ն Ռոստոմյան, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, ըստ նրանց` ատեստավորման միջոցով փորձում են ազատվել իրենցից: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Եթե ընդհանուր համակարգային փոփոխություններ տեղի ունենային, ապա նման հարցերը կբացառվեին: Ժամանակին, երբ ես աշխատում էի տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում` որպես վարչական վերահսկողության ու համայնքային ծառայության վարչության պետ, 2017 թվականին ձեռնամուխ եղանք «Համայնքային ծառայության մասին» օրենքի փոփոխություններին, որում բարձրացված հարցերն, ընդհանուր առմամբ, կլուծեին նմանատիպ խնդիրները: Ամենակարևոր խնդիրը, որը կար նախկին իշխանությունների ժամանակ ՏԻՄ-երում, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանում, մրցույթների կարգն էր և ատեստացիայի հետ կապված խնդիրը: Մեր կողմից ներկայացված օրինագծով` մրցույթները ՏԻՄ-երում պետք է անցկացվեն այն սկզբունքով, որ ՏԻՄ-երը որևէ ձևով չպետք է միջամտեն դրանց գործընթացին: Գործող օրենսդրությամբ` «Համայնքային ծառայության մասին» օրենքով, մրցութային հանձնաժողովների անդամներից 2-ը ՏԻՄ-երից են, 2-ը` պետական լիազոր մարմնից, այս պարագայում` տարածքային կառավարման նախարարությունից, ևս 2-ը` ակադեմիական շրջանակներից: Այստեղ սուբյեկտիվիզմը բավականին բարձր է, իսկ փորձը ցույց է տալիս` մրցույթներում հիմնականում հաղթող են ճանաչվում նրանց ցանկալի դիմորդները: Հիմնականում ժամկետային աշխատողներն են հաղթող ճանաչվում մրցույթներում ու նշանակվում աշխատանքի: Մենք ցանկանում էինք «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո համապատասխան կարգերով սահմանել, որ մրցույթներն անցկացվեն ոչ թե ՏԻՄ-երում, այլ անկախ մարմնում և ըստ մասնագիտական ուղղվածության: Եթե, օրինակ, ֆինանսիստների մրցույթ է լինելու, ապա թեստի մեջ լինեն մեծ թվով մասնագիտական հարցեր: Երբ դիմորդները հաղթահարում են որոշակի բալային աստիճան, նրանք անցնում են ու ճանաչվում հաղթող, ապա դիմում են ՏԻՄ-եր, և համայնքի ղեկավարը բոլորի հետ հարցազրույց վարելուց հետո որոշում է, թե ում է ուզում ընդունել աշխատանքի: Այս պարագայում բոլորը հաղթողներ են, ու մասնագիտական առումով խնդիրներ չեն առաջացնում: Եթե այդ հաղթածների թվում լինի նույնիսկ ՏԻՄ-ի ղեկավարի ազգականը, ապա մենք դեմ չենք, քանի որ ստացվում է` բոլորը մասնագետներ են, թող գործի սուբյեկտիվիզմը, բայց ոչ թե ընդհանրապես ոլորտից հեռու մարդիկ աշխատանքի ընդունվեն, ինչն այսօր տեղի է ունենում, և բավականին բանիմաց դիմորդներ մասնակցում են մրցույթին, բայց` դուրս մնում: Նմանատիպ փորձ Հայաստանում եղել է` գնումների համակարգողի մրցույթը, որը ֆինանսների նախարարության կողմից է կազմակերպվում. առանձին հարթակ է, ուր դիմորդները քննություն են տալիս, և համապատասխան շեմը հաղթահարողները գրանցվում են տվյալ կայքում` որպես գնումների համակարգողներ: Ապա` երբ գնումների համակարգողի թափուր հաստիք է առաջանում, նախարարությունները կամ մասնավոր սեկտորները, այսինքն` գործատուն, բացում են կայքը ու տեսնում, որ տվյալ մարդու անուն-ազգանունը կայքում տեղադրված է, ինչը նշանակում է, որ տվյալ անձնավորությունն ունի որակավորում: Ստացվում է` համարյա նույն սկզբունքն է, ինչ մյուս մասնագիտությունների դեպքում. մեկը կանցնի աշխատանքի, մյուսները կհամալրեն կադրերի ռեզերվը, ու այդ մասնագիտությամբ թափուր աշխատատեղ լինելու դեպքում, երբ համայնքի ղեկավարը դիմում է պետական լիազոր մարմնին, այդ անձանցից մեկն ընդունվում է աշխատանքի: Այս դեպքում համայնքապետն իրավունք չունի նրան չընդունելու, քանի որ դա կհակասի օրենքին: Բացառվում է նաև խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը, և նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը:

Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մենք այդ օրենքի նախագիծը կազմեցինք ու ուղարկեցինք կառավարություն, բոլոր շահագրգիռ կողմերից եկավ դրական պատասխան, միայն Երևանի քաղաքապետարանը դեմ արտահայտվեց նախագծին: Ես անձամբ մասնակցել եմ նախարարական կոմիտեի տվյալ նիստին, որտեղ քննարկվելու էր «Համայնքային ծառայության մասին» օրենքի նախագիծը, սակայն, քանի որ քաղաքապետարանը դեմ էր, հարցը հանվեց կոմիտեի օրակարգից ու վերադարձվեց նախարարություն` լրամշակման: Մենք բազմիցս` 7 անգամ, լրամշակեցինք, ուղարկեցինք կառավարություն, բայց մեզ պատասխանում էին` համաձայնեցրեք Երևանի քաղաքապետարանի հետ: Աբսուրդն այստեղ այն է, որ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության` Երևանի քաղաքապետարանի պետական լիազոր մարմնի գործունեությունն անընդհատ սահմանափակվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից: Իշխանափոխությունից հետո, որպես համայնքային ծառայության վարչության պետ, իմ առաջին հանդիպումը նոր նախարարի հետ հենց այս հարցով էր: Ես ներկայացրի, որ նախկին իշխանության ժամանակ օրենքի նախագիծն անընդհատ մտնում էր կառավարություն ու մերժվում: Խնդրեցի նրան` լինել հետևողական, որ օրենքի նախագիծն անցկացվի: Նա հավաստիացրեց, որ օրինագծին անպայման ընթացք կտրվի: Մենք դրա վրա կրկին աշխատեցինք, բավականին լուրջ աշխատանք կատարեցինք, լրամշակեցինք` համաձայնեցնելով նոր իշխանությունների մոտեցումներին, և ուղակեցինք կառավարություն: Վերջերս տեղեկացա, որ նախագիծը կրկին վերադարձվել է նախարարություն, և որևէ առաջխաղացում չկա: Այստեղ տեղին է ասել` ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով որևէ բան չի փոխվել, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ էր, այդպես էլ ներկայումս է: Եթե տվյալ օրենքի փոփոխություններն ընդունվեին, նման հարց չէր բարձրացվի, քանի որ «ատեստացիա» հասկացությունն ընդհանրապես դուրս կգար: Ինչ վերաբերում է ատեստացիային, ապա «Համայնքային ծառայության մասին» օրենքից նախատեսել ենք հանել այդ հասկացությունը, որը չի կիրառվում նաև քաղծառայության ոլորտում:

-Իսկ այս դեպքում ի՞նչ ձևով է կարգավորվելու աշխատակիցների, ավելի հստակ` համայնքային ծառայողների որակավորումը ստուգելու խնդիրը:

- Մենք, «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն զուգահեռ, ձեռնամուխ եղանք համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգերի մշակմանը: Այդ հայեցակարգը, որպես տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միջացառում, ընդգրկվեց կառավարության 2018 թ. միջոցառումների ցանկում, որից հետո 2018թ. հոկտեմբերին մենք այդ հայեցակարգը ներկայացրեցինք կառավարությանը: Այն մինչ օրս էլ այնտեղ է, ու որևէ առաջխաղացում չկա: Գործող վերապատրաստումը ստանդարտ, 72-ժամանոց գործընթաց է, վերաբերում է բոլորին: Մենք 2018թ. փորձեցինք կոնկրետ ոլորտային վերապատրաստում իրականացնել, կոնկրետ` ֆինանսիստների վերապատրաստումը: Իշխանափոխությունից հետո գործընթացը դանդաղեց կասեցվեց: Ես տեղեկություն ունեմ, որ ներկայիս իշխանությունները վերադարձել են հին ոճին` ստանդարտ վերապատրաստումներին, երբ բոլոր մասնագետներն իրար հետ են վերապատրաստում անցնում, իսկ ոլորտային, նեղ մասնագիտական վերապատրաստումներ չկան: Գործող օրենսդրությամբ` վերապատրաստումները տեղի են ունենում 3 տարին մեկ անգամ, իսկ փոփոխությամբ` մենք նախատեսել էինք վերապատրաստումներ` ըստ պահանջի, այսինքն` հնարավոր է, որ ամեն տարի համայնքային ծառայողը վերապատրաստվի: Եթե ընդունվեին օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները, ապա աշխատողների որակական չափորոշիչները կբարելավվեին կոնկրետ վերապատրաստումների արդյունքում, իսկ մրցույթները կկայանային այնպես, որ կհաղթեր արժանավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica