close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդու ոգին չի կարող կեղտոտվել, այն կարող է փոշոտվել, իսկ դրա լվանալու ձևերը կան. Նարեկ Ավետիսյան

Մշակույթ

20 Հուլիսի 2019, 12:00
 Մարդու ոգին չի կարող կեղտոտվել, այն կարող է փոշոտվել, իսկ դրա լվանալու ձևերը կան. Նարեկ Ավետիսյան

Հուլիսի 12-ից օգոստոսի 1-ը Երևանի «Արամե» պատկերասրահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճյուղում ցուցադրվելու են տաղանդավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանի գործերը՝ «Ջաջուռյան կտավներ» խորագրի ներքո:

Ներկայացված են նկարչի՝ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքներից 30-ը: Ցուցահանդեսը հոբելյանական է. նկարիչն այս տարի դառնում է 50 տարեկան:

   

Yerkir.am-ի հետ զրույցում նկարիչը նշեց, որ ամեն անգամ որևէ գործ ստեղծելիս կամ ներկայացնելիս փորձում է լինել ազնիվ. եթե չհավատա իր ասելիքին, այն չի կարող երկար տևել:

- Ցանկացած նկարիչ այդպես է, բայց իմ պարագայում, քանի որ սա հայեցակարգ է՝ պահպանել արվեստի էությունը, հիմնական հավատալիքները, մտքերը, գաղափարները, բայց ձևը ենթարկել փոփոխության, իսկ ձևը կապված է լինում նոր թեմայի կամ ինչ-որ առանձին կոնցեպտի հետ: Այստեղ տարբերությունը, մյուս ցուցահանդեսներիս համեմատությամբ, այն է, որ փորձել եմ իմ անցած ուղու  տարբեր էտապներում եղած վերացական արվեստի փորձառությունը օգտագործել հետևալ կերպ՝ ոչ թե շարունակ լինել էքսպրեսիվ աբստրակցիոնիզմի ուղղության գրագետ ներկայացուցիչ, կամ` մինիմալիզմի, այլ գալ ու հասնել մի նոր տեսակի՝ ինքնուրույն, ներսից բխող մի բանի, որը նախկինում գուցե չէր կարող այսպես ուղղակիորեն արտահայտվել, դրան ես պետք է փորձեի հասնել: Հիմա հասել եմ, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց, համենայն դեպս, համարում եմ, որ սա ինձ համար կրկնություն չէ, այլ ներքին ինքնությունից բխող երևույթի դրսևորում: Իսկ թե ինչո՞ւ դա կապվեց Ջաջուռի հետ, որովհետև այդ խորքային շերտերը սկսեցին ինձ գնալով ավելի հետաքրքրել, նաև` գույնի զգացողությունը, տպավորությունները, հույզերը՝ անցածից մնացած, կամ որոշ չիրականացված պատկերացումներ, որովհետև երկրաշարժից առաջ այլ պատկերացումներ ունեինք ժամանակի, տարածության, աշխարհագրական վայրի, փոքր հայրենիքի մասին, այսօր` բոլորովին ուրիշ: Իսկ թե ինչու է ձևը վերացական, որովհետև երբ շատ ես կոնկրետացնում, գաղափարը դառնում է շատ ավելի սովորական, բացատրելի: Ես համարում եմ, որ արվեստի մեջ միշտ ինչ-որ անբացատրելի բան պիտի մնա, դա, իհարկե, գիտական բանաձևի պիտի նմանվի իր հստակությամբ, բայց, այնուամենայնիվ, պիտի առեղծված, չասված խոսք ունենա իր մեջ: Աբստրակցիան, աբստրակտ մտածողությունը թույլ է տալիս մեզ այլ տարբերակներ պատկերացնել, զգալ, ակնկալել: Ընդհանրապես, ես  սիրում եմ գույնի հետ աշխատել, գունային ներքին պայքարն ընդհատել և փորձել նոր բան ասել: Այստեղ դու անընդհատ ապրում ես, հերքում, բացահայտում, ուրախանում, մի պահ հիասթափվում, իսկ շարժումը կյանքի օրենքն է: Կրկնում եմ՝ նկարչական տվյալ մեթոդը բխում է ներսից, ինձ համար ամենահարմարն է ինքնաարտահայտման համար: 

-Ձեր գործերում իշխում է կարմիր գույնը՝ անկախ թեմայից, իսկ այն համարվում է հեղափոխական գույն, որքանո՞վ է Նարեկ Ավետիսյանը հեղափոխական կամ ընդունում հեղափոխությունը,  մասնավորապես` արվեստում, որպես նկարիչ:

-Ես անկախ Հայաստանի ավանգարդիստների առաջին սերնդի ներկայացուցիչներից եմ: Եվ իմ կենսագրության մեջ, որպես արվեստագետ, հեղափոխական եմ եղել, դրա համար բազմաթիվ զրկանքների եմ ենթարկվել, քննադատության, անգամ հեռացվել եմ ինստիտուտից, որովհետև ժամանակի մեջ ավանգարդիստ լինելը նշանակում է՝փնտրել նոր գաղափար, կարողանալ պաշտպանել այն, վիճել, չգնալ կոմպրոմիսի: Սա շատ դժվար է, հատկապես, երբ մի կողմից ազգանունը թույլ է տալիս ավելի հանգիստ, խնդիրներ չունենալով շարժվել առաջ, կողքից ասում են՝ քեզ ի՞նչ է եղել, քեզ համար ապրի, աշխատի, դու ի՞նչ խնդիր ունես: Ինչպես կարող եմ չունենալ խնդիրներ, եթե ես մտածող մարդ եմ: Բայց ես քաղաքական մարդ չեմ, երբ ես խոսում եմ հեղափոխությունից, ինձ քաղաքական հարցերը չէ, որ հետաքրքրում են, այլ մարդ արարածի հեղափոխական մտածողությունը: Եվ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ինձ շատ ոգեշնչեցին, այսինքն՝ մարդկանց բարի լիցքերը, երբ իրեն չարդարացնող հին բանը, առանց արյունի, դաժանության, մաքրվեց-գնաց, և բարի լիցքերով, նոր հույսերով  գալիս է մեկ ուրիշ բան: Դա, բնականաբար, շատ մեծ ստեղծագործական լիցքեր առաջացրեց: Ես այդ թեման չեմ նկարել, բայց դա ինձ տվեց նոր լիցքեր, ես վերհիշեցի իմ բնավորությունը և տեսա այս շարքի, որը դեռ տարիներ առաջ էի սկսել, նոր շարունակությունը: Ես շատ ապոլիտիկ եմ, բայց այնպես չէ, որ հստակ տեսակետ, դիրքորոշում չունեմ:

Ինչ վերաբերում է կարմիր գույնին և դրա հեղափոխական լինելուն, ինձ համար այն կենսունակության խորհրդանիշն է կամ կրակի ուժի: Մի քանի օր առաջ ինձ ասացին, թե կարմիր գույնը կոմունիստներն էլ էին սիրում, ասացի՝ այո, բայց դա չէր խանգարում, որ հայրիկս, որն այդ կարմիրով ճանաչվեց, հակակոմունիստական արվեստագետ ճանաչվի: Այսինքն՝ գույնը չի կարող իդեալոգիային ծառայել, պարզապես ուզում էին օգտվել այս զրնգուն, հաղթական գույնի զորությունից, բայց դրա զոհը դարձան: 

-Ձեր կտավներում հեղափոխական կամ կենսունակության խորհրդանիշ կարմիրի հետ  ո՞ր գույնն է հաճախ բախվում:

-Թեորիաներ կան. գույները բաժանվում են տաքի և սառի, և եթե ուզում ենք վիզուալ հակադրություն առաջացնել, տաք, արևային գույների հետ պետք է սառը գույներ համադրենք: Ես հաճախ կապույտի, կանաչի հակադրությունը օգտագործում եմ, որ տեսողական լարվածություն ստեղծեմ, ինչը կտավի մեջ վերացական տարածայնություն է առաջացնում, որովհետև աչքը կենտրոնանում է մեկ մի  գույնի վրա, մեկ՝ մյուսի, քանի որ աչքը չի կարող երկու հակադիր բան հարթ ընդունել: Այս ամենը շարժման պատրանք է ստեղծում, որը պայմանական է: Առհասարակ, արվեստը շատ պայմանական է: Իսկ թե ինչո՞ւ եմ կողմնակից աբստրակտ մտածողության, որովհետև պատրանքի ուղին լուսանկարչության հայտնաբերումից հետո կորցրեց իր ակտուալությունը, քանի որ տեխնոլոգիաների հայտնվելուն պես հասկացանք, որ այդ կոնցեպտը պետք է իրականացնեն տեխնոլոգիաները, և խնդիրն ավելի ճիշտ կլուծվի, իսկ գեղանկարչությունը կամ արվեստի մյուս ձևերը գնալով սկսում են ազատագրվել, ինքնաարտահայտվել` ավելի խորքային և անտեսանելի երևույթներ դրսևորելով: Նյույորքյան դպրոցի աբստրակցիոնիստներն ասում էին, որ արտահայտում են անտեսանելին, և երբ նրանց հարցնում էին՝ պատկերո՞ւմ եք, թե՞ արտահայտում, նրանք ասում էին՝ պատկերը տեսանելի բան է, իսկ արտահայտելը ներքինից եկող ինքնաբուխ երևույթ է: Ես նրանց հետ համամիտ եմ, ուստի նախընտրում եմ այս մտածողությունը: Նույնիսկ բարձր վերածննդի վարպետները, որոնք թվում է, թե ռեալիստներ են, նրանք էլ են շատ պայմանական, նրանց գործերում էլ շատ վերացականություն կա. թվում է, թե սյուժեն պարզ է, բայց երբ կտավից հեռանում ենք, շատ անհասկանալի բաներ են մնում, որոնք ամբողջ կյանքում հիշում ենք, օրինակ՝ Բոտիչելիի դեպքում: Արվեստը շարունակական, ձևափոխվող բան է, բայց, նախնադարից սկսած, այն պահում է իր էությունն անփոփոխ, իսկ ձևը մարդու հետ ապրում և զարգանում է: 

- Շոշափեցիք քաղաքական հեղափոխության թեման, խոսեցիք բարի լիցքերից, բայց մենք հանդիպեցինք երևույթների, որտեղ կար անհանդուրժողականություն, ոչ թե բարի, սիրո լիցքերի, այլ ատելության պահերի: Ըստ այդմ՝ Դուք, որ եղած բարի լիցքերից ոգեշնչվել եք, նշված ոչ բարին Ձեզ չի՞ հիասթափեցրել:

- Ես մարդկային տեսակետից եմ ասում և չեմ շեղվում, քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում:

- Այսօրվա մեր հասարակությունը հանդուրժո՞ղ է:

- Ես ուղիղ պատասխանում եմ՝ չեմ տեսնում ոչ մի չար բան, և եթե որոշ մարդիկ շեղվել են կառուցողական դիրքից, դա նրանց խնդիրն է: Ինձ, բացի կառուցողականից, նորմալ մարդկային փոխհարաբերություններից, ոչինչ չի հետաքրքրում, ինչն արվեստագետի համար բնական պայման է: Ես միշտ էլ փորձում եմ հիշել այն ճիշտ հիմքը, որը դրված է: Արվեստագետը ոչ թե ճիշտ մարդն է, այնպես չէ, որ նա ամեն ինչում ճիշտ է, բայց արվեստը նրա համար է, որ վերանայվի իրականությունը մեկ այլ ներդաշնակ, հետաքրքիր ձևով, այսինքն՝ մի բան ստեղծվի որպես օրինակ:

- Բայց ճի՞շտ է իրականությունից կտրվելը, կամ պե՞տք է դա:

-Սա՝ այս գործերը, բացարձակ կտրված չէ իրականությունից, այն հաճախ պարփակվում է իր առօրյայի մեջ, իսկ արվեստը հենց իրականության դրսևորումն է: Մարդիկ են իրականությունը նեղացնում: 

Այսինքն՝ մեր իրականությունն այսքան վա՞ռ է, ինչպես Ձեր կտավներում:

- Ցանկացած մարդու մեջ կա արև: Հայերն ասում են՝ հորս արև: Իսկ արևը նախաքրիստոնեական շրջանի, մեր բուն հայկական էության դրսևորումներից մեկն է: Արևը ոգին է եղել, այսինքն՝ հայերը կարևորել են ոգին, ներքին լույսը, լույսով են երդվել, այն էլ` ծնողի: Դրա համար ամեն մարդ շատ վառն է, մարդու ոգին չի կարող կեղտոտվել, այն կարող է փոշոտվել, իսկ դրա լվանալու ձևերը կան: Մարդն ինքը պիտի սա գիտակցի, և պետք է միշտ հակադրվել դրականով: Եվ ինչպես կյանքի օրենքը շարժումն է, այդպես էլ, որպեսզի մինուս-պլյուսն աշխատի, պիտի պլյուսը լինի, այլապես մինուսը թույլ չի տա, որ այդ  շարժումը լինի: Մյուս կողմից՝ հոռետեսներ պիտի լինեն, որ այդ դրականն իր հաղթական խոսքն ասի և՛ արվեստում, և՛ կյանքում: 

-Մինաս Ավետիսյան և Նարեկ Ավետիսյան նկարիչների միջև ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան: 

- Տարբերությունները նրանում են, որ ես ապրեցի և շարունակեցի կայանալ ու ձևավորվել ուրիշ երկրում. Սովետմիությունը փլուզվեց, առաջացավ նոր աշխարհ, նոր մտածողություն, բացվեցին սահմանները, ինֆորմացիան բացվեց, հայտնվեց ինտերնետը: Նրա ժամանակ այս ամենը փակ էր, շատ բան չկար: Բայց քանի որ գոյություն ունի գենետիկա, զգայականություն, որակներ, որ քեզանից անկախ ժառանգում ես, այո, ես հակվածություն ունեմ գեղանկարչական խաղերի, երբ հազար ու մի ձև կա, բայց սա եմ անում, որովհետև հարազատ է, բնական: Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա շատ բաների՝ վերացական ձևերի, որոնց գուցե նա պիտի գար. փորձեր արել է, նկարներ է արել նախնական, որ պլանավորում էր կտավներ ստեղծել, ինչի մասին կարող ենք ենթադրել, բայց հայտնի է, որ ասում էր՝ ինչ արել եմ, դեռ այն չէ, որը պիտի բնորոշի ինձ` որպես նկարչի: Ես սա հիմա նոր հասկացա, և պարտադիր չէ, որ հայրդ լինի, կարող է քո սիրած արվեստագետը լինի, և դու, կարծես, փորձում ես նրա չարածը քո ձևով հասկանալ, տեսնել, հավատալ դրան, զարգացնել և շարունակել: Զարգացումն ինձ համար շարունակությունն է, ոչ երբեք` կրկնությունը: Եթե մի կողմ թողնենք ընտանեկան որոշ նմանություններ` ձևի առումով, չպետք է մոռանանք, որ սա ուրիշ ժամանակաշրջան է, և եթե իրար կողքի դնենք գործերը, կհասկանանք և՛ նմանությունը, և՛ տարբերությունը: Ես այսօր փորձում եմ զարգացնել այն, որին գուցե հայրս էլ կգար: 

-Նկարիչն այսօր ՀՀ-ում ի՞նչ խնդիրներ ունի, որոնք ազդում են կամ խոչընդոտում հետագա զարգացմանը:

-Այն խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստանին, բնորոշ են նաև Վրաստանին, ՌԴ-ին, մի քիչ առավելություններ ունեն եվրոպական երկրներում, քանի որ համակարգեր կան, արվեստի կենտրոններ, պատկերասրահներ, թանգարաններ, որոնք նորավարտների համար բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, որովհետև արվեստագետը, որն ավարտում է բուհը, ակադեմիան, արդյունաբերող չէ, բիզնեսմեն, որ կարողանա լուծել տնտեսական հարցերը, նա անկայուն, փիլիսոփայի կարգավիճակում է, ընդ որում՝ փիլիսոփան մտքերն է զարգացնում և թղթին լավագույն  դեպքում հանձնում, մինչդեռ այս դեպքում մեծ քանակով նյութ ես օգտագործում, որը թանկ է: Ուստի շատ կարևոր է, որ արվեստագետը, կյանք մտնելով, իմանա, թե ինչ համակարգերի հետ կարող է գործ ունենալ: Առաջինը պետությունն է: սովետմիության ժամանակ, եթե նկարիչն իդեալոգիայի հետ կապված խնդիր չուներ, ապա ամենաապահովված մարդն էր` արվեստանոց էին տալիս, պատվերներ: Հիմա իդեալոգիան անցավ-գնաց, այդ երկիրը գնաց, մոռացվեց: Երկրորդ համակարգը արվեստի կենտրոններն են, որոնք դրսում մասամբ պետական են, մասամբ՝ մասնավոր, որոնք պարտադիր չէ, որ գնումներ կատարեն, բայց ֆինանսավորում են կոնցեպցիան: Եվ հերիք է, որ արվեստագետը 5-10 նման նախագծի մասնակցի, նրան անպայման մի մասնավոր պատկերասրահ կնկատի և կսկսի համագործակցել: Երրորդն արտ-մենեջմենթն է, իսկ որպեսզի այն լինի մեզ մոտ, պետք է ընդունվի արվեստի մասին հատուկ օրենք, օրենքներ: Լավ բան է նաև մեկենասության օրենքը, և եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ այն  բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն կտա անընդհատ հովանավորելու արվեստագետներին՝ դրանով խնայելով շատ մեծ գումարներ, որոնք պիտի որպես տուրք վճարեն երկրին, կարծեմ` 40 տոկոսի չափով ներվում է օրենքով, ոչ մի կոռուպցիա չկա: Պետական մասշտաբով պետք է կարևորվի ստեղծագործական միտքը, հատկապես՝ արվեստի աշխարհում,  դրանից մեր երկիրը միայն կշահի: Որքան էլ ուրախանանք սպորտային հաղթանակներով, դա հրաշալի է, բայց անցողիկ, քանի որ ամենալավ ռեկորդը մեկ տարուց մոռացվում է և գերազանցվում:  Սա մեզ համար կարևոր մաս է, բայց դա չէ մեր դեմքը: Մշակույթը, գիտությունը, բանակը` սրանք են մեր կարևոր գրավականները: Եվ եթե դու քաղաքակիրթ ազգ չես, աշխարհում քեզ լուրջ չեն վերաբերվի: Կարծում եմ, որ գործարարները պետք է ռիսկով լինեն, մինչդեռ նրանք շատ անգամ արվեստին վերաբերվում են այսպես, թե` բա հայտնի չի, երկու տարի հետո գումարս կհանեմ, չեմ հանի: Նման ձևով չպետք է մտածել, այլ պետք է ներդրումներ անեն, հովանավորեն, սատարեն, որն արժեք է ստեղծում: Աշխարհում հայտնի է, որ կերպարվեստը սոսկալի մեծ գումարներով է վաճառվում, շատ թանկ աշխատանքներ կան: Սա շատ հզոր բիզնես է, եթե ճիշտ մոտենանք: Ըստ այդմ՝ և՛ մասնավոր հատվածը, և՛ պետականը պետք է կարևորեն արվեստի պրոդուկտը` որպես արժեք՝ աշխատելու համար ձևեր մտածելով: 

-Նկարիչների միության դերն այս հարցում ինչպիսի՞ն պիտի լինի, այն չպե՞տք է ստանձնի միջնորդի դերը կամ մեկենասներ գտնելու:

-Ես ողջունում եմ նոր կազմի լավատեսությունը, որը դրական շունչ բերեց, սակայն կարծում եմ՝ բարի մթնոլորտ կպահեն, նկարիչները ապաստարան կստանան, բայց այն  թափը, որը ունեցել է միությունը Սովետմիության օրոք, չի կարող կրկնվել, քանի որ դա մաքուր սովետական գաղափարախոսության պրոդուկտ է: Առհասարակ, բոլոր պրոֆմիությունները իդեալոգիայի պատվերն էին կատարում, և սա ինստանցիաներից մեկն էր, որը գարանտ էր նրան, որ արվեստագետը ամբողջովին ծառայում է այդ սիստեմին: Եվ եթե խնդիր չունի հետը, ապահովված է: 

-Այդ դեպքում գուցե փակենք Սովետից մնացած միությունները, որոնք թերևս ֆիկտիվ են, ինչպես ժամանակին շատերը պնդում էին:

-Ինչ-որ առումով, համաձայն եմ՝ ֆիկտիվ է, և դա իրենք էլ գիտեն, ղեկավարներն էլ են հասկանում, բայց մարդասիրական տեսակետից այդ «միություն» գաղափարը, որը միավորում է շատ արվեստագետների, տալիս պետական ստատուս, հպարտություն է ներշնչում, թե մենք ունենք մեր եղբայրությունը՝ թղթի վրա գրված, պետական ձևով ընդունված: Սա ավելի շատ հոգեբանորեն է կարևոր, հատկապես` ավագ սերնդի համար: Իսկ այսօրվա 20- 23 տարեկանի համար կարևոր է և հպարտություն ոչ թե միության անդամ լինելը, այլ` որ ինքն աշխատում է այսինչ կենտրոնի կամ պատկերասրահի հետ, որովհետև հասկանում է, որ արդյունքներն առավել իրատեսական են: Իսկ միությունն իր մեջ ավելի ռոմանտիկ բան ունի` կարոտախտ բավարարելու, մեկ էլ ցուցադրվելու հարթակ է, քանի որ ՀՀ-ում քիչ են պատկերասրահները, երկրորդ՝ այն մատչելի է բազմաթիվ նկարիչների համար: Մեզ պետք են պատկերասրահներ, թանգարաններ, խոսում ենք Մինասից, մյուս մեծերից, բայց նրանցից հետո կան մարդիկ` այսօր արդեն մեծահասակ, որոնց չեն ճանաչում: Պետք չէ՞ կարևորել նրանց, անպայման հայկական «Գնա` մեռի, արի` սիրեմ»-ո՞վ պիտի առաջնորդվենք, թող ժամանակին գնահատվեն:  ԱՄՆ-ում ամեն տասնամյակը մեկ եկող սերնդի աշխատանքները թանգարաններ են տեղափոխվում: 

-Երևանում ինչը Ձեզ`,որպես նկարչի և քաղաքացու, դուր չի գալիս, ինչի՞ց եք դժգոհ:

-Որպես արվեստի ներկայացուցիչ՝ կողմ եմ ավելի կիրթ լինելուն, կրթական մակարդակը, ընդհանուր կուլտուրան պիտի բարձրացվի, խոսքը բռիության, շուտ բորբոքվելու մասին է:

-Իսկ վիզուալ առումո՞վ:

-Կարծում եմ` քաղաքում շատ արձաններ դնել պետք չէ, որովհետև քաղաքը վախենալու է դառնում. փոքր բալիկները վազվզում են, մեկ էլ ձյաձյաների 7 մետրանոց` վախենալու բրոնզե արձաններն են տեսնում: Եթե դրանք արվեստի ֆորմաներ լինեն, գունավոր, պտտվող կոնստրուկցիաներ, ինչպես Կասկադում է, դա լավ բան է, բարի, ուրախ քաղաքային կուլտուրա է: Այսօր աշխարհում ֆիգուրատիվ արձաններ հազվադեպ են դնում կոնկրետ մարդու պատկերով:  Այս մասին պետք է մտածել հերթական արձանը դնելիս, պարզ է՝ հարգում ենք, բայց մի՞թե դրանով ավելի անհարգալից բան չենք անում, օրինակ՝ Արամ Մանուկյանի արձանը, արժե՞ր այդքան հսկայական վախենալու բան տեղադրել, այն էլ` այդքան հոյակապ ճարտարապետական անսամբլի վրա: Դրա փոխարեն թանգարանը թող սարքեն, մարդու գործը հիշեն, տունը, որտեղ ապրել է, պահպանեն, հատկապես, որ այն Երևանի քաղաքաշինական փայլուն նմուշներից է:

- Վերջում չանտեսենք Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ կապված խնդիրները, ինչպես նաև` Ջաջուռում գործող թանգարանի:

- Վերջին որմնանկարի հետ կապված հույսեր կան, եղբայրս է դրանով զբաղվում: Կարծում եմ՝ որոշ մարդիկ նրա հետ բանակցում են, և հնարավոր կլինի փրկել: Ինչ վերաբերում է մյուս որմնանկարներին, խնդիր չկա:  Այլ հարց է, որ հարուստ մեկը ցանկանա առանձին շենք կառուցել և բոլորը հավաքել մի տեղ, հրաշալի կլինի: Ինչ վերաբերում է Ջաջուռի թանգարանին, պիտի ասեմ, որ երբ բացվեց, շատ էքսպոնատներ չէին տալիս միտումնավոր, ինչը կապում եմ նախորդ իշխանության ոչ կամեցող մոտեցումների հետ՝ կապված Մինաս Ավետիսյանի և 60-ականների հետ, ուստի ամեն ինչ զսպում էին, թեպետ որմնանկարները նրանց օրոք վերականգնվեցին, որովհետև այն ժամանակ էլ ազգասեր մարդիկ կային: Հիմա թանգարանը պետք է արդիականացնել, լուսային համակարգը չի բավարարում, կարևոր է ճիշտ լուսավորությունը` նկարները տեսնելու համար, արխիվը թարմացնելու, թվայնացնելու խնդիր կա: Եթե մասնավոր ձևով լիներ, ես ու եղբայրս ամեն ինչ կանեինք մեր միջոցներով, բայց շատ անգամ չի էլ կարելի, քանի որ պետական է:  Իհարկե, մեր ընտանիքը բավական մեծ գումարներ է ծախսել, ինչ տեսնում եք, զգալի մասը մեր ջանքերով է արվել, բայց մենք սա չենք կարևորում, այլ այն, ինչը որ կա:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica