close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական իշխանությունն ուզում է ձևավորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանություն. Արծվիկ Մինասյան

Հարցազրույց

16 Հուլիսի 2019, 17:30
 Քաղաքական իշխանությունն ուզում է ձևավորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանություն. Արծվիկ Մինասյան

Վենետիկի հանձնաժողովը, որը մասնագիտացված խորհրդատվական մարմին է և, ըստ էության,  Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետն արտահայտողը, հաստատեց այն պնդումները, որ և՛ ՀՅԴ-ն, և՛ շատ այլ անձինք արել էին: Խոսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողությունները, մասնավորապես` դատարանների շրջափակումը,  քաղաքական իշխանության կողմից դատավորների նկատմամբ ճնշումներն անթույլատրելի համարելու մասին է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցում  (հունիսի 21-22) հույժ կարևոր նկատառումներ են ներառվել Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ 

- Երկրորդ պնդումն է, որ սահմանադրական արդարադատության մարմինը՝ Սահմանադրական դատարանը, չի կարող որևէ ձևով այս կամ այն մանիպուլյատիվ հայտարարությունների զոհը դառնալ: Մասնավորապես` խոսքը վերաբերում է ՍԴ դատավորի և, ըստ էության, իշխանության վարքագիծը որդեգրած անձի հայտարարությանն առ այն, որ ՍԴ-ն չունի իրավազոր կազմ, և ինքը դատարանի նախագահն է: Վենետիկի հանձնաժողովը փաստեց, որ նման հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրավունքի միջազգային սկզբունքներին, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովն անթույլատրելի համարեց նման վարքագիծը՝ ավելի շատ կենտրոնանալով այն հարցի վրա, որ դատական համակարգը իսկապես ենթակա է բարեփոխումների՝ որպես երրորդ կարևոր ճյուղ, ուղղություն՝ պետության հավասարակշիռ ընթացքն ապահովելու տեսակետից, այն է՝  լրացնել և հակակշռել օրենսդիր ու գործադիր իշխանություններին: Ակնկալվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովը, իր այս գնահատականին զուգահեռ, պետք է աշխատի նաև բարեփոխումների օրակարգի ուղղությամբ: Ակնհայտ է, որ հանձնաժողովը չի ընդունել այն պնդումներն ու փաստարկները, որոնք իշխանությունները ներկայացրել են թե՛ անցումային արդարադատության և թե՛ դրա առանձին գործիքների կիրառման հարցում: 

-Անցումային արդարադատության իրականացման` իշխանությունների փորձերի մասին խոսելիս ՀՅԴ-ն ասում է՝ քաղաքական օրակարգ է բերվել մի գաղափար, որը չունի պատշաճ փաստաթղթավորված հայեցակարգ, մինչդեռ դրա բացակայությունը լի է  անորոշություններով ու բարձր ռիսկերով: Արդարադատության համակարգի բարեփոխումների հետ կապված հայեցակարգային ի՞նչ թեզիսներ եք դուք առաջարկում:

-ՀՅԴ ԳՄ-ն ստեղծել է ոլորտային, մասնագիտական հանձնախմբեր, և հանձնախմբերի գրասենյակը հրապարակեց դատարանների շուրջ ու անցումային արդարադատության վերաբերյալ իրավական-քաղաքական վերլուծություն, որում նախ փաստեցինք, որ, այո, օրակարգ բերված հասկացությունները, ինչպիսիք են՝ անցումային արդարադատությունը, վեթինգը, լյուստրացիան կամ գաղտնազերծումը, ճիշտ է, միջազգային փորձում կիրառվել են, բայց, ցավոք, իշխանությունն այս հասկացությունները հրապարակ նետեց առանց որևէ հստակ հայեցակարգային մոտեցումների ու պատշաճ վերլուծությունների: Մենք այս փաստաթղթի առաջին մասում վկայակոչել ենք այս բացը և անդրադարձել, թե, ի վերջո, ՀՀ-ում ինչպիսի մոտեցումներ կան` առնվազն փաստաթղթավորված տեսքով: Բացառությամբ մեկ-երկու դեպքի, չկա խորքային վերլուծություն: Ստացվում է, որ օրակարգ են նետվել հարցեր, գաղափարներ՝ առանց հաշիվ տալու, թե դրանք ինչ ակունքներ պետք է ունեցած լինեն և ինչ հետևանքների կարող են հանգեցնել, եթե չկշռադատված գործողության գնան: Անցումային արդարադատությունը, ինչպես նաև վեթինգը, մնացյալ գործիքները, որպես կանոն, կիրառվում են այն երկրներում, որտեղ հասարակությունը բախվել է կա՛մ պատերազմների, կա՛մ այնպիսի էթնիկ զտումների, որոնք մարդու իրավունքների զանգվածային խախտումներն անչափելի մեծ են դարձրել, ուստի անհրաժեշտ է, որ այդ հասարակություններում վերահաստատվի սերունդների միջև համերաշխություն, և ներսերնդային թշնամանքը վերանա: Բնականաբար, անցումային արդարադատությունն ունի որոշակի ժամկետ և հստակ թիրախներ: Միջազգային փորձը վկայում է, որ այդ թիրախներն ու ժամկետները որոշելիս չափազանց կարևոր է, թե հասարակությունը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում, որո՞նք են այդ հասարակության մարտահրավերները, արդյո՞ք արդարադատության նկատմամբ ընկալումը համարժեք է այն գործիքներին, որոնք ներկայացվում են: Միջազգային փորձը հաստատում է, որ չկա որևէ երկիր, որտեղ անցումային արդարադատությունը և բոլոր գործիքակազմերը, որոնք կիրառվել են, ճշգրտորեն արտահայտել են այն նպատակները, որոնց համար նախապես մշակվել են: Անգամ եվրոպական երկրներում շեղումներն այն ծավալների են եղել, որ ստիպված են եղել առանձին դեպքերում նույնիսկ դադարեցնել այդպիսի գործընթացները: Հիմա միջազգային` այսպիսի ոչ դրական փորձի պայմաններում ՀՀ-ում փորձ է արվում դրանք կիրառել: Մենք այս փաստաթղթի մյուս բաժնում փորձել ենք ՀՀ-ում այս գաղափարն օրակարգ բերած անձանց մոտիվացիան հասկանալ: Նախորդ տարվա ժողովրդային շարժման արդյունքում գալով իշխանության` ներկայիս ղեկավարները հայտարարում էին, որ ժողովրդից թալանվածը պետք է հետ բերվի, մարդկանց նկատմամբ անարդար վերաբերմունքը, խախտված ընտրությունների բացասական հետևանքները պետք է վերանան և այլն, և այլն: Բայց իրականում այս հայտարարությունները, երբ նայում ենք օրակարգ նետված գաղափարները, բացարձակապես կապ չունեն իրար հետ մի քանի պատճառով. առաջին՝ ինչպես ցույց տվեց դատարանների նկատմամբ իշխանության հարձակումը, ընդամենը ցանկություն կա ձևավորել սեփական իշխանության, քաղաքական սեփական շահերը սպասարկող դատական համակարգ, այլ ոչ թե առհասարակ  արդարադատություն երաշխավորող, ուստի ցանկացած նման մեկնաբանություն հանգում է մեկ բանի՝ որքանով նախկինում թալանված գումարները ծառայում են այսօրվա քաղաքական իշխանության նպատակներին, այդքանով դրանք կհամարվեն արդար: Կամ` որքանով նախկին դատական համակարգում եղած անձինք պատրաստ են ծառայել այսօրվա քաղաքական իշխանությանը, այդքանով այդ դատավորները կհամարվեն վեթինգի ենթարկված, և այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ ՀՀ-ում  անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման քաղաքական ենթատեքստն ակնհայտորեն ապացուցում է մեկ բան՝ քաղաքական իշխանությունը պարզապես ուզում է ձևավորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանություն, ինչն անթույլատրելի է և որևէ ձևով չի կարող ծառայել ՀՀ-ի՝ ավելի իրավական, ժողովրդավար և սոցիալական պետություն դառնալու` սահմանադրական ու համաժողովրդական նպատակներին:

Մեկ այլ բաժնում վերլուծել ենք նաև, թե, այնուամենայնիվ, անցումային արդարադատության  և դրա առանձին գործիքակազմերի՝ վեթինգի, լյուստրացիայի ներդրման դեպքում ինչ կարևոր հարցերի պետք է պատասխանել: Այստեղ թվարկված են շուրջ երկու տասնյակից ավելի հարցեր, որոնց պատասխանները չկան, և սա` ոչ միայն հայեցակարգային կամ սկզբունքների մակարդակով, այլ նաև մեր գործող Սահմանադրությամբ, օրենսդրությամբ, հետևաբար՝ առանց նման հարցերի պատասխանների առնվազն արկածախնդրություն է գնալ վիրահատական կամ, ինչպես իրենք սիրում են օգտագործել, հեքիմական, վիրաբուժական մեթոդների, որի արդյունքն ակնհայտորեն չի կարող լավը լինել, քան այսօր կա: Իհարկե, այսօրվանը լավը չէ, սա բոլորս հասկանում ենք: Այսօրվա դատական համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխումների: Դրա համար մեր փաստաթղթի եզրափակիչ մասում մենք անդրադարձել ենք դատական համակարգի բարեփոխումների իրական օրակարգին՝ սկսած դատարանների անկախության երաշխավորման մեխանիզմներից, ավարտված դատարանների պատասխանատվության ամբողջական համակարգի գործադրմամբ, այդ թվում՝ դատավորների մասնագիտական ունակությունների, գույքային համարժեքության, դատական իշխանության ներսում նրանց պատասխանատվության ծնվելու և իրականացնելու մեխանիզմների առումով և այլն: Սա` ի տարբերություն այն մոտեցումների, որ առաջարկում են քաղաքական իշխանությունները, իսկ նրանք առաջարկում են՝ դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի քաղաքական այս կամ այն ուժի ցանկությամբ: Այս մոտեցումը մենք մերժում ենք, այն մերժվում է նաև միջազգային լավագույն փորձում: Դատական համակարգը պետք է լինի քաղաքական իշխանությունից զերծ, ապաքաղաքական, և ինքը պետք է ծնի իր մեջ թե՛ պատասխանատվության, թե՛ արդարադատության մեխանիզմների ինքնազարգացումը: Դրա համար դատական իշխանությունը՝ որպես իշխանության երրորդ ճյուղ, ուղղություն, մշտապես միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից համարվում է ինքնավար մարմինների ամբողջություն: Դատարանների անկախությունը ներքին և արտաքին ուղղվածությամբ միտված է կարևոր ձեռքբերման՝ դատարանները պետք է անկախություն ունենան և' ներսում, և' դրսում: Այսինքն՝ չպետք է կախվածության և զսպման այնպիսի մեխանիզմ լինի, որ կաշկանդի դատավորի կողմից արդարադատության իրականացումը, նաև արտաքին ազդեցությունից պետք է զերծ լինի, որ կարողանա ինքը՝ որպես դատական ամբողջական համակարգ, ապահովել ՍԴ-ով իր վրա դրված պարտականությունների պատշաճ իրականացումը: Այս ամենը ենթադրում է նաև, որ դատարանները պետք է ունենան սոցիալական պաշտպանության լիարժեք և ամբողջական համակարգ՝ սկսած վարձատրությունից, առողջապահական ծառայությունների մատուցումից, նրանց ինքնակրթության և գիտելիքների ձեռք բերման հնարավորությունից և ավարտված նրանով, որ դատավորը որևէ ձևով և որևէ անգամ չպետք է պատասխանատվության ենթարկվի իր կողմից կայացված այնպիսի վճռի համար, որի հիմքում թեև օրենքն է, իրավունքի գերակայությունը, բայց, այնուամենայնիվ, իր ներքին համոզումն է եղել, որը  ենթակա չի եղել տարբեր ազդեցությունների՝ կաշառք, վարչական ճնշում, փողոցային արդարադատություն: Այս հարցերը պահանջում են դատական համակարգի հիմնարար բարեփոխումներ, և մենք կողմ ենք այս մոտեցմանը: Առաջարկել ենք և հրապարակել միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի բարձրագույն դատական կազմավորումների հրապարակած սկզբունքները, որոնք վերաբերում են դատական համակարգի բարեփոխումներին և անկախ դատական իշխանության ձևավորմանը:

Այստեղ ուզում եմ կարևորել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգային փորձում տեղ գտած ԲԴԽ-ի դերակատարությունը: Ի վերջո, բարեփոխումների շարժիչ ուժը և գեներացնողը հենց ԲԴԽ-ն է, ինչպես շատ երկրներում, մինչդեռ քաղաքական իշխանությունը և պալատական առանձին մասնագետներ փորձում են ներկայացնել, թե իբր քաղաքական իշխանությունն է գեներացնողը: Բացարձակ՝ ոչ, քաղաքական իշխանությունը կարող է առաջադրել արդարադատության իրականացման պահանջներ, բայց ոչ երբեք դառնալ գործադրողը կամ ճնշողը դատական համակարգի, որպեսզի այն լինի ավելի արդարամիտ ու արդարադատություն երաշխավորող, ապահովող: ԲԴԽ-ի դերակատարությունը չափազանց կարևոր է այս հարցում,  և մեր կողմից ընդունելի չէ, որ քաղաքական իշխանությունը փորձ է անում, հենց ԲԴԽ-ն նվաճելով,  անցում կատարել  ՍԴ-ի նվաճմանը, այնուհետև` նաև դատարանների՝ սեփական ճաշակին համապատասխան  ձևավորմանը: 

-Կարելի՞ է ենթադրել, որ դատականից հետո անցում կկատարվի նաև քաղաքական վեթինգին, երբ լյուստրացիայի կենթարկվեն քաղաքական ուժերը, առանձին գործիչներ:

-Պետք արձանագրել, որ իշխանության եկած քաղաքական ուժը անթաքույց իր մոտեցումները հրապարակում է  հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ուղղություններում, ուստի չի բացառվում, ավելին` առանձին դեպքեր նույնիսկ հաստատում են այդ մտավախությունը, որ 4-րդ իշխանության վրա է լինելու հարձակում, քաղաքական կուսակցությունների, գործիչների, և այսպես շարունակ: Ի վերջո, սա ավտորիտար ռեժիմին բնորոշ  վարքագիծ է, և եթե ժամանակին չկասեցնենք այս ընթացքը և իշխանությանը չվերադարձնենք իրավական, ժողովրդավարական պետության կայացման հուն, իշխանությունը կարող է այլասերման մի այնպիսի աստիճանի հասնել, որ մի օր էլ հռչակի իշխանության և պետության նույնականացում:

-Ի՞նչ ձևով եք պատկերացնում այդ կասեցումը, մասնավորապես՝ ձեր ուժի կողմից:

-Կասեցման կարևոր քայլերից մեկը պետք է լինի հատկապես հասարակության  այն  հատվածի համախմբումը, որը գիտակցում է ստեղծված վիճակը և, առանց այս կամ այն քաղաքական ուժին համակրելու ու սատարելու, ընդունում է այն գաղափարներն ու մոտեցումները, որոնք հրապարակվում են և անհրաժեշտ են մեր պետականության ամրացման գործում: Մեր հավատն այն մարդկանց և ուժերի վրա է, որոնք գիտակցում են ներկա պայմաններում ձևավորվող սպառնալիքները, համարում, որ օր առաջ դրանց դեմը պետք է առնել:

- ՀՅԴ-ի՝ քաղաքական տարբեր ուժերի հետ պարբերաբար հանդիպումները ենթադրում են, որ համախոհության հարթա՞կ կա:

-Այո, կա այդպիսի հնարավորություն, և շատ հնարավոր է՝ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր գնահատականներն ու մոտեցումները, առնվազն ձևավորվի միասնական տեսակետների բանաձևում: Սա իրատեսական է, առաջիկա օրերը ցույց կտան:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica