close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենրիկ Մխիթարեանը Հանդիպեց Համայնքի Մարզական Ներկայացուցիչներին (Video)

Սպորտ

16 Հուլիսի 2019, 11:39
 Հենրիկ Մխիթարեանը Հանդիպեց Համայնքի Մարզական Ներկայացուցիչներին (Video)

asbarez.com - ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանը, իր թիմի հետ միասին Լոս Անջելեսում է, որտեղ ընկերական խաղեր կ՛անցկացնի մի քանի ֆուտբոլային թիմերի, այդ թւում՝ «Բաւարիա»ի եւ Մադրիդի «Ռէալ»ի հետ: Մարզիկը, օգտուելով առիթից, ցանկութիւն էր յայտնել հայ  համայնքի մարզական  ներկայացուցիչների հետ հանդիպելու, ինչն իրականացրել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը:

Մարինա Դել Ռէյ հիւրանոցում, որտեղ հանգրուանել է «Արսենալ»ը, Մխիթարեանի հետ կազմակերպուած հանդիպմանը ներկայ էին աւագ սերնդի յայտնի հայ ֆուտբոլիստներ, Հարաւային Կալիֆորնիայում գործող ֆուտբոլի դպրոցների մարզիչներ ու սաներ:

«Ինձ համար պատիւ է Լոս Անջելեսում հանդիպել հայ ազգի ներկայացուցիչներին: Հաճոյք է այլ երկրներում հանդիպել հայրենակիցներիս, որովհետեւ դա աւելի է ուժեղացնում ու միասնական  դարձնում մեզ: Այս նախաձեռնութիւնն այդ նպատակով է, որ տեսնենք իրար, մէջք մէջքի տանք, եւ կարողանանք մեր նոր սերնդին տրամադրել նոր յաջողութիւններ: Ողջունում եմ բոլոր ամերիկահայերին, հպարտանում եմ նրանց ձեռքբերումներով եւ յոյս ունեմ, որ բոլորը  յաջողութեան կը հասնեն իրենց գործունէութեան ասպարէզներում: Հայը հային պէտք է ճանաչի եւ մէկս միւսին օգնենք»: Հենրիկ Մխիթարեանն, այնուհետեւ իր ստորագրութեամբ մարզաշապիկ նուիրեց համայնքին՝ այն յանձնելով գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին, ով բարի գալուստ մաղթելով մարզիկին նաեւ համայնքի անունից՝ նշեց, որ «առանձնայատուկ  առիթ է ընձեռուել հանդիպելու մեր ազգի պարծանքին, մեր հերոսին, ով նաեւ շարունակում է հայկական ֆուտբոլի յաջողութեան աւանդոյթները»:

Հանդիպմանը ներկայ լրագրողներն առիթ ունեցան հարցեր ուղղելու ֆուտբոլիստին: Խօսելով Հայաստանի հաւաքականի մասին, Մխիթարեանը մասնաւորապէս նշեց. «Հաւաքականը դեռ շատ աշխատանք ունի առաջիկայում, եւ թող արձանագրած վերջին արդիւնքները մարդկանց համար ցուցիչ չլինեն, որ քայլ առաջ ենք կատարել՝ պէտք չէ մտածել, որ յաղթել ենք Յունաստանի եւ Լիխտէյնշտէյնի հաւաքականներին, եւ դա մեծ ուրախութիւն է: Ո՛չ, որովհետեւ մենք կարող ենք աւելին անել, ու անհրաժեշտ է աւելի շատ աշխատանք՝ ոչ միայն ֆուտբոլիստների, այլ ամբողջ ազգի, հաւաքականին մօտ կանգնած մարդկանց կողմից: Սա մի աշխատանք է, որ պէտք է միասնական լինենք, եւ արդիւնք ակնկալենք ոչ  թէ մէկ երկու հոգուց, այլ նաեւ կողքիններից»:

Անդրադառնալով «Արսենալ»ից հեռանալու մասին տարածուած լուրերին՝ Մխիթարեանն ասաց. «Ներկայ պահին «Արսենալ»ի խաղացող եմ, եւ շատ ուրախ եմ: Կը փորձեմ անել առաւելագոյնը եւ լինել աւելի արդիւնաւէտ: Կան լրագրողներ, ովքեր փորձում են խնդիրներ ստեղծել՝ սխալ տեղեկատուութիւն տարածելով, որովհետեւ գուցէ կայ մէկը, ով ցանկանում է, որ ես լքեմ «Արենալ»ը, բայց ես այստեղ եմ»:

0716henrik1

Մխիթարեանը նշեց, որ ծանր է տարել Բաքւում կայացած Եւրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելու փաստը: «Շատ ցաւալի էր բաց թողնել նման հանդիպում, որ հնարաւոր է միայն մէկ անգամ կարող լինել ողջ գործունէութեան ընթացքում, թէեւ իմ դէպքում երկրորդն էր: Ակումբի եւ իմ համար առաւել նպատակայարմար էր, որ չգնայի, որովհետեւ թիմը պէտք է մեկնէր խաղից հինգ օր առաջ, եւ այդ օրերի ընթացքում դժուար կը լինէր ապահովել անվտանգութիւնս»:

«Ասպարէզ»ի հարցին, թէ ինչպէ՛ս են արձագանգել խաղին չմասնակցելու որոշման պատճառներին երկրպագուներն ու խաղընկերները՝ նկատի ունենալով, որ շատերի համար առիթ է եղել ծանօթանալու Արցախեան հակամարտութեանն ու Ադրբեջանի կողմից իրականացուող ռազմատենչ քաղաքականութեանը, Մխիթարեանը դիմելով լրագրողին նկատեց, «հարցը քաղաքականացւում է, ինչը լաւ չի», բայց այդուհանդերձ պատասխանեց.  «Շատ հարցեր եղան թիմակիցներիս եւ ակումբի աշխատակիցների կողմից, թէ ի՛նչն է խնդիրը, ինչո՛ւ չեմ մեկնում: Փորձում ես բացատրել, բայց այն մարդիկ, ովքեր չեն եղել այդ դրութեան մէջ, ում երկրները նման դրութեան մէջ չեն եղել, նրանք շատ բան հնարաւոր է որ չհասկանան: Փորձեցի ինչ որ բան բացատրել, եւ նրանց ասացի, որ կարդան կայքերում: Փորձել եմ չբարդացնել իրավիճակը, փորձել եմ ամէն կերպ հասկացնել նրանց, որ դա մի պատմութիւն է, որ երկար տարիներից է գալիս եւ ոչինչ անել չենք կարող»:

Մխիթարեանի հետ զրուցելու առիթ ունեցան նաեւ աւագ եւ կրտսեր սերնդի մարզիկները:  Դիմելով Գլենդելում գործող ֆուտբոլային ակումբներից մէկի պատանի սաներին՝ Մխիթարեանը խորհուրդ տուեց. «Ցանկացած ֆուտբոլիստ, ով իրեն հայ է համարում՝ պէտք է ձգտի խաղալ ՀՀ ազգային հաւաքականում»: ՀՄԸՄի ներկայացուցիչն էլ ոսկէ մեդալներ նուիրեց Հենրիխ Մխիթարեանին:

Հայազգի յայտնի ֆուտբոլիստը յոյս յայտնեց, որ յաջորդ այցի ընթացքում աւելի շատ ազատ ժամանակ կ՛ունենայ այցելելու հայկական մարզադպրոցներ եւ հանդիպելու համայնքի տարբեր ներկայացուցիչների: Իր հայ երկրպագուներին էլ յոյս յայտնեց տեսնելու «Արսենալ»ի առաջիկայ խաղերի ժամանակ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica