close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի՝ «Անկախության մասին» սահմանադրական ակտով ԽՍՀՄ որոշումներն անուժ են ճանաչվել, այդ թվում` Ղարաբաղի մասին որոշումը. միջազգայնագետ

Հարցազրույց

12 Հուլիսի 2019, 15:19
 Ադրբեջանի՝ «Անկախության մասին» սահմանադրական ակտով ԽՍՀՄ որոշումներն անուժ են ճանաչվել, այդ թվում` Ղարաբաղի մասին որոշումը. միջազգայնագետ

Խորհրդարանական դիվանագիտության մեջ չափազանց կարևոր են կուսակցական համակարգի կայացվածությունը և միջկուսակցական, միջազգային կապերն ու շփումները. yerkir.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գևորգ Ղուկասյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում ընտրություններից հետո ստեղծված պատկերային փոփոխությանը, երբ  որոշ երկրներում հաջողություններ գրանցեցին ազգային-պահպանողական ուժերը:

- Ո՞րն է հայկական խորհրդարանական դիվանագիտության առկա խնդիրը: Բանն այն է, որ իշխող ուժը, քանի որ նոր է ձևավորված, ավելին՝ չունի գաղափարախոսություն, նույնիսկ դեմ է գաղափարախոսություններին, հետևաբար՝ չունի քաղաքական միջկուսակցական, միջազգային շփումներ: Իշխող քաղաքական ուժը միջազգային որևէ կուսակցության անդամ չէ: Նախորդ խորհրդարանի դեպքում պատկերը տրամագծորեն այլ էր` ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ էր, ՀՅԴ-ն ավանդաբար ջերմ հարաբերություններ ուներ սոցիալիստների հետ տարբեր մակարդակներում՝ և' միջազգային Սոցինտերնում, որը համաշխարհային կառույց է, և' Եվրոպայի սոցիալիստական կուսակցության հետ: Այս միջկուսակցական կապերի ամբողջ պոտենցիալն ի նպաստ էր դրվում խորհրդարանական դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար: Տեսեք, թե մենք ինչ պատկեր ունենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում. իշխող ուժի անդամները ԵԽԽՎ քաղաքական խմբերի անդամներ են դարձել բոլորովին վերջերս, շուրջ մեկ տարի նրանք որևէ քաղաքական խմբի աշխատանքներում չէին կարողանում ներգրավվել: Մեր պատվիրակության 8 անդամներից 3-ը, եթե չեմ սխալվում, ներգրավված են Եվրոպական պահպանողականների խմբի աշխատանքներում, մի հոգի՝  Եվրոպայի ժողովրդավարների և ազատականների, մի հոգի էլ` սոցիալիստների խմբի աշխատանքներում: Բայց ՔՊ-ն այս խմբակցությունների մայր կազմակերպությունների հետ որևէ կապ չունի, այսինքն՝ կուսակցական համակարգի չկայացվածությունը և կուսակցության միջկուսակցական հարաբերությունների պակասը խորհրդարանական դիվանագիտության կարևոր մարտահրավերներից և լրջագույն խնդիրներից են մնում:

- Կարծիքներ կան, որ պետք է աշխատել եվրոպացի առանձին պատգամավորների հետ, այսինքն՝ անհատական շփումների միջոցով փորձել ինչ-ինչ հայանպաստ հարցեր լուծել:

- Դա իրատեսական չէ, քանի որ մի քանի հարյուր հոգանոց խորհրդարանների, խորհրդարանական վեհաժողովների հետ աշխատել միջանձնային  հարաբերությունների մակարդակում ոչ այլ ինչ է, եթե ոչ` պարզ միամտություն: 

- Վերջերս իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում են ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ ներկայացնելուց և հանդես են գալիս համաեվրոպական օրակարգով, իսկ ադրբեջանական ցանկացած սադրանքի պարագայում նրանք ստանալու են ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխան:

- Ինձ մոտ տպավորություն է, որ մեր խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներից ոմանք չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական դիվանագիտության էությունը, և նրանց դա ինչ-որ հոլիվուդյան ֆիլմի սցենար է հիշեցնում, որ գնան ինչ-որ պայքար մղեն, դրա մասին հանրահռչակեն, հետ գան Հայաստան ու դա որպես աննախադեպ հաջողություն ներկայացնեն: Խորհրդարանական դիվանագիտությունը սառնասիրտ և մեծ մասամբ կուլիսային աշխատանք է: ԵԽԽՎ-ում մենք չպետք է հակազդողի դերում լինենք, բայց  միշտ եղել ենք հենց այդ դերում, պիտի փորձենք նախաձեռնողի դերում հանդես գալ: Սա, իհարկե, ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Վերջին երկու տարվա ընթացքում շարունակ սկանդալներ էին Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի լոբբիի ֆինանսական զեղծարարությունների, կոռուպցիոն դրսևորումների հետ կապված, և մեր պատվիրակությունները մշտապես այս իրավիճակին էին առերեսվում: Սա էլ պետք է հաշվի առնենք, բայց մենք չպետք է մի կողմից գերագնահատենք Եվրոպայի խորհրդի դերն ու լիազորությունները, մյուս կողմից՝ չպետք է թերագնահատենք: Ուղղակի պետք է փորձել հանդարտ և հանգիստ աշխատել, և կրկնում եմ՝ ԵԽԽՎ-ում աշխատելու համար միջկուսակցական կապերը, հնարավորություններն են կարևոր, որոնցից մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ցավոք, զուրկ է: ԼՀԿ-ն նոր-նոր է փորձում կապեր հաստատել լիբերալ-դեմոկրատների հետ,  ԲՀԿ-ն որոշ հարաբերություններ ունի պահպանողականների հետ, բայց չեմ կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ կարող են վերաճել քաղաքական կապիտալի: Իշխող քաղաքական ուժը առհասարակ որևէ միջկուսակցական հարաբերություն չունի, և այս ամենը դժվարություններ է ստեղծում խորհրդարանական դիվանագիտության համար բոլոր հարթություններում՝ և՛ Եվրոպայի խորհրդում, և՛ ԵԽԽՎ-ում, և՛ Եվրանեսթում: Պետք են համախոհներ, որոնք կարող են ի հայտ գալ միայն միջկուսակցական պարտավորությունների արդյունքում:

-Ադրբեջանը եվրոպական ուղղություններում փոխե՞լ է հակահայ քաղաքականության մարտավարությունը, խավիարային դիվանագիտությունը: 

- ԵԽԽՎ-ի պարագայում Ադրբեջանն ակնհայտորեն կաշկանդված է: Գիտեմ, որ Եվրոպական Միության ինստիտուտների հետ աշխատանքում անցած տարվա կեսերին կամ աշնանը Ադրբեջանը կատարում էր լոբբիստական կառույցների կազմաիրավական որոշակի փոփոխություններ: Նրանք փորձում են ձերբազատվել լոբբիստական այն կազմակերպություններից, որոնք վարկաբեկված են, և, ըստ էության, պիտի սպասենք եվրոպական ուղղությամբ Ադրբեջանի լոբբիստական նոր կառույցների ծնունդին, հատկապես` տեղակայված Բրյուսելում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հիմա մարտավարական տրանսֆորմացիայի փուլում է` եվրոպական ուղղությամբ իր լոբբիստական կառույցներն օգտագործելու համար: 

-Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ  Դոնալդ Տուսկն ի՞նչ մեսիջներ բերեց Բաքու և Երևան` Ղարաբաղյան խնդրի համատեքստում:

-Եվրոպական քաղաքական միջանցքներում ոչ ֆորմալ առումով մի այսպիսի տրամադրություն կա՝ Հայաստանի հետ Եվրոպական Միության  հարաբերությունները հիմնված են քաղաքակրթական ընդհանրությունների և քաղաքական զարգացումների վրա, իսկ Ադրբեջանի դեպքում՝ տնտեսական հիմքերի: Այս մասին չի հայտարարվում, բայց սա փորձագիտական շրջանակներում, եվրոպական կուլիսներում ընդունված մտայնություն է: Այս համատեքստում է պետք դիտարկել Տուսկի հայտարարությունները: Բացի այս` նաև այն համատեքստում, որ նա հեռացող պաշտոնյա է, նրա լիազորությունները դադարում են, և նա պարզապես այցեր է կատարում Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներ: Երկրորդ՝ Տուսկի այցը մեր քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները չպետք է խուճապային ընկալեն: Մենք պետք է փորձենք բարձրացնել այն հարցը, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ընդհանրություններ այդքան էլ չունի: Այստեղ ուզում եմ հիշատակել մի ակտ. 1991-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն ընդունեց «Անկախության մասին» սահմանադրական ակտը, որով Խորհրդային միության ժամանակաշրջանում կայացված` Ադրբեջանին վերաբերող բոլոր որոշումները ճանաչվել են ուժը կորցրած: Եվ այս համատեքստում, ըստ էության, ուժը կորցրած է ճանաչվել նաև այն որոշումը, որով Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին: Մյուս կողմից՝ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Սա պատմական փաստ է, և այս շրջանակում մեր փորձագիտական, քաղաքական, քաղաքագիտական հանրույթը պետք է տեսնի, թե ինչպես պետք է հակազդել այս հարցին: Այսինքն՝ եթե մենք ամեն անգամ հիստերիա բարձրացնենք, երբ ինչ-որ մեկը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ տեղ կստացվի դե ֆակտո համաձայնում ենք դրան: Մենք այս հայտարարությանը պետք է վերը նշված փաստով հակազդենք: Ի դեպ, Արցախի անկախության հանրաքվեն անցկացվել է 5 օր շուտ, քան Ադրբեջանինը, այսինքն՝ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և խորհրդային սահմանադրությունը և դրանից հետո ընդունված իրավակարգավորումները, մասնավորապես` Խորհրդային միությունից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգը հաստատելու մասին օրենքը սահմանել են այն ընթացակարգը, որոնց համաձայն` Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի կազմից և հռչակել ինքնուրույնություն: Մենք պիտի ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Տուսկը ՀՀ-ում վկայակոչեց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնցից երկուսը վերաբերում են տարածքային ամբողջականությանը և հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքնորոշմանը, ինչպես նաև՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այլ հարց է՝ լավ կլիներ, որ Ադրբեջանում և Հայաստանում Տուսկը բացած ներկայացներ այս սկզբունքները, այս դեպքում ավելի դրական մթնոլորտ կստեղծվեր, որն ավելի համահունչ կլիներ եվրոպական քաղաքականությանը, այսինքն՝ լավ կլիներ, որ Հայաստանում նշեր տարածքային ամբողջականությունը, առանձնացված` նաև ինքնորոշման իրավունքը, նույնն աներ Ադրբեջանում: Մենք պետք է այս խնդիրը դիտենք նաև միջազգային իրավունքի շրջանակներում: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որպես այդպիսին, իրավունք է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք: Դրանք սահմանված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, համապատասխանաբար` առաջին և երկրորդ հոդվածներով: Առաջին հոդվածը վերաբերում է ՄԱԿ-ի նպատակներին, որոնց մեջ, ի շարս այլնի, սահմանվում է նաև ինքնորոշման իրավունքի ապահովումը, երկրորդ հոդվածով սահմանվում են սկզբունքները, որոնցից է տարածքային ամբողջականությունը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` սկզբունքը պետք է ծառայի նպատակի կենսագործմանը, այլ ոչ թե հակառակը:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica