close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ Անկարան ձեռք բերի Ս-400 համալիրները...

Թեմա

13 Հուլիսի 2019, 13:42
 Երբ Անկարան ձեռք բերի Ս-400 համալիրները...

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալվի, եթե ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաև հայաստանյան մեդիայում։ Թեև պետք է նշել, որ դրանք տեղեկատվական բնույթի են, իսկ վերլուծականներ գրեթե բացակայում են։

Ընդհանուր առմամբ, նշենք, որ գործարքը բացասաբար անդրադարձավ Վաշինգտոնի ու Անկարայի` առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։ Սակայն գործարքի նշանակությունն ու հետևանքները չեն պայմանավորվում զուտ ԱՄՆ-Թուրքիա կամ ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններով, հարցն անհամեմատ ավելի խորքային է և ընդգրկում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստ։

Երկու խոսքով անդրադառնանք Ս-400 համալիրների ռազմատեխնիկական հնարավորություններին, ինչը կօգնի հարցն առավել մասնագիտական, լայն պատկերացնել։ Ըստ տարբեր ռազմական փորձագետների` ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրները համարվում են աշխարհի ամենակատարելագործված ՀՕՊ համակարգերից մեկը, եթե ոչ` լավագույնը։ Հեռու և միջին հեռահարության Ս-400 զենիթահրթիռային ցամաք-օդ դասի համալիրները համալրել են ՌԴ զինված ուժերը 2007 թվականից։ Համալիրների արտադրությամբ զբաղվում է ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը։ Այս համակարգերն ուրույն տեղ են զբաղեցնում, այսպես կոչված, արգելափակման գոտու Anti-Access/Area Denial (A2/AD) հայեցակարգում, որը հնարավորություն չի տալիս հակառակորդին տեղակայելու կամ տեղաշարժվելու պաշտպանության գոտու ներսում։  Ս-400 համալիրը կարող է խոցել աերոդինամիկ թիրախներ մինչև 400 կմ, տակտիկական բալիստիկ հրթիռներ՝ մինչև 60 կմ հեռավորության վրա։ Թիրախ կարող են հանդիսանալ թևավոր հրթիռները, տակտիկական և ռազմավարական ավիացիան, հիպերձայնային թիրախները։ Ս-400 ռադարային տեխնիկան կարողանում է հայտնաբերել թիրախը մինչև 600 կմ հեռավորության վրա։ Համալիրը կարողանում է որսալ երկրի մակերևույթից մինչև 0.01 կմ բարձրությամբ սլացող հրթիռները։ Որոշ տվյալներով` համալիրը կարող է միաժամանակ խոցել մինչև 80 թիրախ։

Ս-400 համալիրները կարող են արձակել 4 տեսակի հրթիռներ՝ գերհեռահարության 40N6E տեսակի (400 կմ), երկար հեռահարության 48N6 տեսակի (250 կմ), միջին հեռահարության 9M96E2 տեսակի (120 կմ) և կարճ հեռահարության 9M96E տեսակի (40 կմ)։

ԱՄՆ-ը Թուրքիայի կողմից Ս-400 համալիրների ձեռք բերման հարցում ունի հետևյալ մտահոգությունները։ Ըստ Վաշինգտոնի` ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ Թուրքիայի կողմից ձեռք բերվող ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը չեն կարող ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության ցանցային համակարգում։ Սա, ըստ էության, խոսում է ոչ միայն ռազմատեխնիկական անհամատեղելիության մասին։ Խնդիրն ունի նաև քաղաքական, անվտանգային կարևոր նշանակություն․ Հյուսիսատլանտյան դաշինքում խորանում է մտահոգությունը, որ այդ գործարքը կարող է պառակտման հող նախապատրաստել դաշինքի ներսում, Վաշինգտոն-Բրյուսել հարաբերություններում։

Երկրորդ՝ Վաշինգտոնի անհանգստացման պատճառներից մեկն էլ այն է, որ գործարքի դեպքում գաղտնիության ապահովման տեսանկյունից խոցելի իրավիճակում կարող են հայտնվել Թուրքիային մատակարարված ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչները և դրանց արտադրման նախագիծն` առհասարակ։ Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ Թուրքիան կարող է ոչ միայն զրկվել ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետագա մատակարարումներից, այլև ընդհանրապես դուրս մնալ այդ ծրագրից, որը նախատեսում է նաև թուրք օդաչուների վերապատրաստում։  

Ի տարբերություն Վաշինգտոնի, Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռք բերման գործում բավական հիմնավոր է թվում Անկարայի դիրքորոշումը։ Խնդիրն այն է, որ դեռևս 2013 թվականից Վաշինգտոնի ու Անկարայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում ամերիկյան արտադրության հայտնի Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հարցի շուրջ։ Փոխհամաձայնության նպատակահարմարությունը երկուստեք էր․ այն պաշտպանում էր Թուրքիայի օդային տարածքը Սիրիայից հնարավոր օդային հարձակումներից։ Սա իր հերթին զսպում էր Սիրիայում և առհասարակ տարածաշրջանում Իրանի կողմից պրոքսի-հիբրիդային գործողությունները, ինչն ուղղակիորեն բխում էր Միացյալ Նահանգների շահերից։

Այդ համալիրները մինչ 2015 թվականի հոկտեմբերը պաշտպանում էին Թուրքիայի օդային տարածքը։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Վաշինգտոնում որոշում ընդունվեց չերկարաձգել Թուրքիայում ամերիկյան ՀՕՊ համալիրների տեղակայման մանդատը և դրանք դուրս բերել այդ երկրից։ Պաշտոնական Անկարան դեմ արտահայտվեց Վաշինգտոնի այդ որոշմանը՝ պատճառաբանելով, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է, մեծ են Թուրքիայի ուղղությամբ Սիրիայից օդային հարձակումների պոտենցիալ ռիսկերը։

Վաշինգտոնի կայացրած որոշումը հիմնվում էր մինչ այդ ՆԱՏՕ-ի փորձագիտական շրջանակներում իրականացված գնահատականների վրա, որոնց համաձայն` Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղությամբ օդային հարձակումների սպառնալիքները շատ փոքր են։

ԱՄՆ-ի այդ որոշումը, անկախ այն բանից, թե ինչ քաղաքական շարժառիթներով էր ընդունվել, բացասաբար անդրադարձավ երկկողմ հարաբերությունների վրա։ Իսկ կես տարի անց՝ 2016 թվականի հուլիսին, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնան հարցը խորացրեցին Անկարայի ու Վաշինգտոնի միջև տարաձայնությունները։ Ձգձգվեցին նաև Թուրքիայում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հնարավոր նոր գործարքի շուրջ Վաշինգտոն-Անկարա բանակցությունները։

Անկարային այլ բան չէր մնում, քան մտածել երկրի օդային տարածքն այլընտրանքային միջոցներով պաշտպանելու տարբերակների մասին։ Այդ հարցում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվեց Մոսկվան՝ Թուրքիային առաջարկելով ոչ պակաս արդյունավետ` հակաօդային պաշտպանության Ս-400 համալիրները։ Խոսքը համալիրների 4 միավորի  մատակարարման մասին է։ Անկարան, զուգահեռաբար, բանակցություններ էր վարում նաև չինական ընկերության հետ։

Ս-400 համալիրների ձեռք բերման շուրջ ռուս-թուրքական գործարքից հետո Վաշինգտոնում փորձեց Թուրքիային նոր առաջարկներ անել ամերիկյան Patriot տեսակի համալիրների մատակարարման հարցում։ Վաշինգտոնն առաջարկում էր նոր համալիրներ տեղակայել Թուրքիայում՝ ընդհանուր առմամբ, 3․5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ, այն դեպքում, երբ ռուսական կողմի առաջարկը ֆինանսապես անհամեմատ շահավետ է՝ 2․5 մլրդ ԱՄՆ դոլար։ Անշուշտ, Անկարան, հաշվի առնելով ինչպես հարցի ֆինանսական կողմը, այնպես էլ Վաշինգտոնի հետ ունեցած խնդիրները, ընտրություն է կատարում հօգուտ ռուսական առաջարկի։ Ավելին` Էրդողանը օրերս հայտարարեց, որ գործարքն այլևս իրականություն է, և համալիրները մատակարարվելու են արդեն հուլիսին։

Դեռևս չկան հստակ տեղեկություններ, թե Թուրքիայում ավելի ստույգ որտեղ է տեղակայվելու Ս-400 համալիրները։ Հարցի առնչությամբ փորձագիտական շրջանակում շրջանառվող լուրերը հակասական են։ Որոշ աղբյուրների համաձայն` սկզբնական շրջանում Ս-400-ները տեղակայվելու են գլխավորապես Անկարայից դեպի հյուսիս-արևմուտք` 35 կմ հեռավորությամբ, այդ երկրի ռազմաօդային ուժերի Աքինջի ռազմաբազայում։ Հետագայում դրանք կտեղափոխվեն այլ վայրեր։  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Թուրքիայում Ս-400 տեղակայման հարցին, նշել էր. «Մեզ համար անհրաժեշտություն է տեղակայել օդային պաշտպանության այդ համակարգը՝ պաշտպանելու համար մեր 82 մլն-անոց բնակչությանը և երկիրը։ Սիրիական սահմանից Թուրքիան գտնվում է օդային և հրթիռային հարձակումների ներքո»։

2019թ. մայիսին լուրեր պտտվեցին, որ Թուրքիան մտադիր է Ս-400 համալիրները շահագործել երկրի հարավային հատվածում՝ Արևելյան Միջերկրականում իր էներգետիկ շահերը պաշտպանելու նպատակով։ Շատ է խոսվել Արևելյան Միջերկրականի ավազանում՝ Կիպրոսի, Իսրայելի հատվածներում հայտնաբերված բնական գազի հսկայական պաշարների մասին։ Անկարան ձգտում է այդ պաշարներից իր մասնաբաժինն ապահովագրել՝ խնդրի իրավա-քաղաքական հարթությունում թուրքական Կիպրոսի ներգրավման ճանապարհով։

Ս-400 ձեռք բերման ու Արևելյան Միջերկրականում օդային վերահսկողության հաստատման դեպքում Թուրքիան ռազմական, ռազմաքաղաքական ճնշումներ կբանեցնի ինչպես Հունաստանի, Կիպրոսի, այնպես էլ ամերիկյան կողմի վրա։ Եթե համալիրներ տեղակայվեն այդ հատվածում, ապա Թուրքիայի ազգային հակաօդային պաշտպանական տիրույթում են հայտնվում նաև Ինջիրլիքի բազայում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերն ու ռազմական սպառազինությունը։ Հասկանալի է դառնում Վաշինգտոնի հայտարարությունը, որ Ս-400 համալիրների ձեռք բերման դեպքում ԱՄՆ-ն կտեղափոխի իր զորքերն ու արսենալը Ինջիրլիքի ավիաբազայից։ Եվ ուշագրավն այն է, որ սպառազինության, այդ թվում` միջուկային զինանոցի տեղափոխման վայր նշվում է Հունաստանը։ Հիշեցնենք, որ Ինջիրլիքի ավիաբազայում է տեղակայվում նաև ՆԱՏՕ-ի միջուկային որոշ տեխնիկա։  

Ավելին` չի բացառվում, որ Անկարան որոշում կայացնի Ս-400 ԶՀՀ-երը տեղակայել նաև երկրի արևելյան շրջաններում՝ դրանով իսկ վերահսկելով արդեն Հարավային Կովկասի օդային տարածքը։ Սա, անշուշտ, ուղղակիորեն առնչվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազգային ռազմավարական շահերին։ Եվ դժվար է ասել` արդյո՞ք կողմերի միջև կա որոշակի կոնսենսուս այդ հարցում, թե՞ ոչ։    

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica