close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնչեցին Լուսինե Զաքարյանի կատարած ստեղծագործությունները

Մշակույթ

20 Հունիսի 2019, 23:48
 Հնչեցին Լուսինե Զաքարյանի կատարած ստեղծագործությունները

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացած համերգային երեկոյին հնչեցին երաժշտալան փոքրածավալ կտավներ՝ առնված բացառապես նրա երգացանկից:

«Մոցարտի «Օպուսը» Լուսինեն կատարեց արտակարգ գեղեցկությամբ: Նրա ձայնի երաժշտականությունը ձուլվում էր մեղեդու տխուր-աշնանային գույներին, և տառապանքի մորմոքը հոսում-լցվում էր ունկնդրի սիրտն առավելապես ձայնի և մեղեդու ներդաշնակ ամբողջականության շնորհիվ,- կարդում ենք Լուսինե Զաքարյաի մասին պատմող գրքում:- Աղջիկն ապշեցնում էր իր բերկանտոյով: Երգեցողության իտալական մաներան ընդգծում էր ձայնի առավել երաժշտականությունը: Նուրբընտիր ֆիլիրովկան և սրտառուչ տեմբրը քնարական սոպրանոյի մի որակ էր ստեղծում, որ հազվադեպ է պատահում...»: Այս տողերը և էլի շատ բնութագրումներ պեղեցի Լուսինե Զաքարյանի մասին՝ դեռևս 1985-ին գրված գրքույկի մեջ, որում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Դանիելյանը վկայում է մեր ժամանակների հայ մեծատաղանդ երգչուհու անուրանալի շնորհի մասին, շարադրում իր ծագման և կյանքի կարևորագույն դրվագները, բերում քչերին հայտնի հետաքրքիր փաստեր, որ հիմա կարելի է գնահատել՝ որպես թանկագին վկայություններ՝ Լուսինեի ստեղծագործական ուղու ու իր ժամանակի երգարվեստում ունեցած տեղի ու դերի մասին: Այս ամենը հիմա թանկ պատմություն է, ինչպես որ թանկ են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հետ կապված ցանկացած հուշ ու հիշատակություն, իրեղեն վկայություն: Իրենց բնակության վայրը օրերս պաշտոնապես դարձավ տուն-թանգարան, և նրանում ամեն առարկա կրում է այդ մեծ, միաժամանակ համեստագույն մարդկանց էներգիան: Այդ էներգիայից նոր լիցք ստանալու համար արդ, ոնց սովորական այցելուները, նաև երաժիշտները կարող են ազատ այցելել տուն-թանգարան, իսկ հատուկ համերգաին երեկոներին նաև իրենց կատարումներով երաժշտությամբ ու երգեցողությամբ նորեն լցնել այն միջավայրը, որում, իմ խորին համոզմամբ, թևում է երկու մեծ արվեստագետ-երաժիշտների ոգին:

Նման համերգներից մեկն էլ կայացավ հունիսի 19-ին: Եզնիկ Կողբացի 42 3 երևանյան հասցեում գտնվող նորահռչակ տուն-թանգարանում մի ողջ համերգային ծրագրով հանդես եկան  Մարգարիտ Սարգսյանը (Կոմիտասի անվ, պետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար), նույն կոնսերվատորիայի դոցենտ Աննա Պողոսյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ, օպերային թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը և Դիանա Հարությունյանը, ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր այն երգերից, որոնք կատարել է Լուսինեն՝ հոգևոր երգեր, Կոմիտասի ստեղծագործություններից, Բարսեղ Կանաչյան, նաև արդի հայ խոշորագույն կոմպոզիտորների գործեր, որ գրվել են հատուկ Լուսինե Զաքարյանի ձայնի համար և նվիրվել են երգչուհուն: Մեկմեկու հաջորդեցին հոգեմուխ, հոգու մաքրագործման ավազան «Սուրբ-սուրբը», Լյուցիի «Ավե Մարիան», միջնադարյան «Ու՜ր ես, մայր իմ» սգերգը, կոմիտասյան «Անտունին» ու «Կռունկը», «Ծիրանի ծառն» ու  «Շողեր ջան»-ը և այլ ստեղծագործություններ: Մինչ այդ համերգային երեկոյի նախաձեռնողներից՝ երաժշտագետ Գոհար Շագոյանը, տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, այլք ներկաների հետ կիսել էին իրենց հիշողություններն ու տպավորությունները Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հետ իրենց հանդիպումներից, քաղած դասերից: «Լուսինեի ձայնը հայոց հավատքի ձայնն է»,- կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանի բնութագրումն, ասես, ամփոփումն էր ասվածի: Իսկ ես, ունկնդրելով «Անտունիի» հուզաթով կատարումը, «Կռունկի» անամոք կարոտականչը, «Սուրբ-սուրբի» անաղարտ ծավալումը, չարչարանաց փայտին գամված Որդու աղերսը՝ մտովի դարձյալ ընթերցում էի Կարլեն Դանիելյանի հուշագրության էջերը, որոնցում հեղինակն անդրադարձել է Լուսինեի կողմից այս և այլ երգերի կատարումների որակին և թողած տպավորությանը:

«Հաճույքը, որ մենք ստացանք այս առանց խստության որևէ շեշտի, ծանրակշռությամբ դրոշմված կատարումները լսելիս,- գրել է Բեյրութի «Լը սուար» թերթը (1971),- երբեք մեզ չի մոռացնի, որ Լուսինե Զաքարյանն ամենագեղեցիկ ձևով է երգում  Սկառլատիի «Մանուշակները»: Նա երգեց և ձայնավորեց մեղեդիները շատ մեծ դյուրությամբ: Տիրապետելով երգարվեստի տեխնիկային և իր սեփական ուժերին՝ նա դրսևորեց լիակատար ճկունություն Հենդելի «Արիայում» և Պերսել- Բրիտտենի «Երաժշտության» մեջ»: Երգչուհին մի ավելի ջերմ ոճ հանդես բերեց կոմիտասյան մեղեդիների կատարման ժամանակ: Մասնավորապես «Դլե յամանը»(սիրո երգը) երգեց մի անզեն տրտմությամբ և հետո «Անունին», ուր վիշտն ավելի խորն է»:

«Արդարև,- իր հերթին գրել է Բեյրութի «Լը օրիանի» մեկնաբան Մարս Հենրի Մենը՝ Լուսինե Զաքարյանի լիբանանյան համերգներից հետո,- երիտասարդ Լուսինե Զաքարյանն օժտված է սքանչելի, հստակ ու մաքուր, խնամքով մշակված. ամենատարբեր պարտիաների բոլոր դժվարությունները հաղթահարելու ընդունակ, ճկուն, դյուրաբեկ սոպրանոյով»:

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի կենդանի ներկայությունը կար այս համերգային երեկոյին, այն պատերի ներքո, որում բնակարանամուտի հետ միաժամանակ եղել է իրենց հարսանյաց հանդեսը: Իսկ ես այստեղ, ասես, կանգնած էի խորանի առջև, որի քով մշտապես հնչել է Լուսինեի «Սուրբ-սուրբը»...

Հասմիկ Սարգսյան

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica