close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը` անկա՞խ, թե՞ Ադրբեջանի կազմում. ո՞րն է Արցախյան կարգավորման «Սիվիլնեթ»—Փաշինյան տեսլականը

Թեմա

8 Հունիսի 2019, 18:05
 Արցախը` անկա՞խ, թե՞ Ադրբեջանի կազմում. ո՞րն է Արցախյան կարգավորման «Սիվիլնեթ»—Փաշինյան տեսլականը

«Սիվիլնեթ»-ում կայքի լրագրող Թաթուլ Հակոբյանը «Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակներ. Փաշինյանին մեղադրում են հող հանձնելու մեջ» վերնագրով նյութ է հրապարակել, որում փորձում է ցույց տալ, թե Փաշինյանը շահեկանորեն տարբերվում է Հայաստանի նախորդ ղեկավարներից այն բանով, որ երբեք չի խոսել տարածքներ զիջելու մասին, և որ անարդարացիորեն նրան այժմ մեղադրում են այդ բանում։ Այսպես նա գրում է, թե Փաշինյանը, «ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, հրապարակավ չի խոսել հող զիջելու մասին և կամ հավանություն չի տվել կարգավորման մի տարբերակի, որը ենթադրում է նախկին ԼՂԻՄ-ից դուրս շրջանների վերադարձ Ադրբեջանին»։

Ողջունելի է, որ «Սիվիլնեթ»-ն այնքան ազատ է, որ Փաշինյանի հետ համեմատության մեջ քննադատում է իր հիմնադրին՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքականությունը, սակայն լրագրության մեջ խոսքի ազատությունից ավելի կարևոր բան կա՝ լրագրային բարեխղճությունը, և երբ փաստարկված քննադատությանը փոխարինում է  Փաշինյանի փաստաբանությունը, ապա տուժում է լրագրությունը։ Ինչո՞ւ է տուժում։

Նախ` վերնագրում մեծ-մեծ գրված պնդումը, թե Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակները Փաշինյանին մեղադրում են հող հանձնելու մեջ, նյութի մեջ ոչ մի ձևով չի հաստատվում, ոչ մի հղում, ոչ մի ուղիղ խոսք չկա, թե նրանցից ով, երբ, ինչպես է Փաշինյանին մեղադրել հող հանձնելու մեջ։

Ապա` Ղարաբաղյան հակամարտությունը միայն հող հանձնել կամ չհանձնելը չէ, առաջին հերթին դիրքորոշումն է Արցախի կարգավիճակի նկատմամբ, ի վերջո, հայ֊-ադրբեջանական հակամարտության գլխավոր հարցն է՝ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ այդ կազմից դուրս՝ լինի անկախ պետություն։ Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումից հետո էլ կբացվի Արցախի և Հայաստանի վերամիավորման հնարավորությունը։ Եթե Ադրբեջանը համաձայնում է, որ Արցախը լինի անկախ, հակամարտությունն ավարտվում է։

Թաթուլ Հակոբյանի նշած ղեկավարներից մեկը՝ Տեր-Պետրոսյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ է և քաղաքականություն է եկել Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման գաղափարով, սակայն Հայաստանի անկախությունից հետո երկրի նախագահի պաշտոնում խոսել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հնարավորության մասին, 1992-ի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հարցազրույցում մասնավորապես ասել է. «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը»։ Նրա այդ դիրքորոշումն էլ հանգեցրեց նրան, որ նա 1997֊ին ընդունեց ղարաբաղյան կարգավորման փուլային այն տարբերակը, որով Հայաստանը տարածքային զիջումներ էր անում` փոխարենը ոչինչ չստանալով, ուր խոսք չկար Արցախի ինքնորոշման մասին։  Հենց սրա համար էլ ուժայինների և վարչապետի ճնշմամբ 1998֊ին հրաժարական տվեց։ Միջանկյալ նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն դիրքորոշմամբ 2008-ին նախագահական ընտրություններին մասնակցեց, և նրա թիմի ամենաակտիվ անձը Նիկոլ Փաշինյանն էր։

Իսկ մյուս երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը,  մշտապես ասել են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Քոչարյանի խոսքն է ԵԽԽՎ֊-ում , որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ տարածքում երկու պետական միավորում է ստեղծվել, և որ Արցախը դե ֆակտո անկախ պետություն է՝ համապատասխան Եվրախորհրդի չափանիշներին։

Թաթուլ Հակոբյանը ապացուցում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը Տեր-Պետրոսյանի պես պատրաստ են եղել կարգավորման այնպիսի տարբերակների, որոնք տարածքային զիջումներ են նախատեսում։ Բայց առաջին նախագահի և մյուս երկուսի միջև ոչ թե ընդհանրություն կա, որ նրանք բոլորը պատրաստ են տարածքներ զիջել, այլ` տարբերություն, որ առաջինը պատրաստ էր զիջումների գնալ` առանց Արցախի կարգավիճակի, մյուս երկուսն առաջ էին բերում Արցախի կարգավիճակի հարցը։

 Թե ով ինչ տարբերակի հետ է համաձայն եղել ժամանակին, մի բան է, իսկ փաստն այն է, որ 2006-ին սեղանին դրվել են Մադրիդյան սկզբունքները, որտեղ հստակ է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, այսինքն` հակամարտության կոնտեքստում Արցախը Ադրբեջանից դուրս լինելու տարբերակը։ Այս փաստաթուղթը մի ձեռքբերում էր, որով միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հենց ինքնորոշման կետն է պատճառը, որ Ադրբեջանը չի համաձայնում Մադրիդյան սկզբունքներին և, մշտապես սահմանին լարվածությունը պահելով, ստիպում է նահանջել ինքնորոշման կետից: Կարծեմ` նախապես խոսվում էր կարգավորման ընթացքում Արցախում հանրաքվեն անցկացնել 5 տարվա մեջ, ապա ճնշումներով հասան նրան, որ ժամկետները վերացվեցին։

Փաշինյանն ասել է, թե քանի որ Արցախն իրեն չի ընտրել, չի կարող բանակցել Արցախի անունից, ապա թե` նախորդ բանակցությունները մի կողմ է դնում ու ամեն ինչ իր կետից է սկսում, բայց թե ո՞րն է իր կետը, չի ասել։ Նա նաև միակ ղեկավարն է, որ դեռևս դիրքորոշում չի հայտնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ, փոխարենը փորձագետի կեցվածք է ընդունել` թվարկելով, թե կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, որոնց թվում նշում է նաև Ադրբեջանի մոտեցումը` շեշտելով, որ հայկական կողմի համար այն անընդունելի է։ Իսկ ո՞րն է հայկական կողմի մոտեցումը, չի ասում։ Ապա` ասել է նաև, թե` ժողովուրդը թող ասի` ինչպես լուծենք խնդիրը, հետո նաև, թե` Հանրային խորհուրդն առաջարկի լուծումներ։ Արտառոց է, որ մի երկիր, որի ձևավորման հիմքում դրված է Արցախի ինքնորոշումը, Ղարաբաղյան շարժումից 30 տարի անց ունենում է մի վարչապետ, որն ասում է, թե` ժողովուրդը թող ասի, թե ոնց լուծենք հարցը. «Ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի հարցի հետ կապված հետևյալն է` իսկ մենք հստակ ձևակերպե՞լ ենք` ինչ ենք մենք ուզում: Եկեք հստակ ձևակերպենք, ու կառավարությանն ասեք` սա է քո խնդիրը, վարչապե՛տ, գնա ու բանակցի: Գնում ենք բանակցությունների, ասում են` ծախեցին հողերը…. Ծախողը դուք եք»։

Այս մոտեցումները,  նաև Ալիևի նկատմամբ ջերմ զգացումները, թե` նա կիրթ մարդ է, և հակառակը՝ Արցախյան պատերազմում հաղթած ղեկավարների նկատմամբ թշնամանքը, թե` արցախյան շրջանակները ծրագրում են, դավադիր պատերազմ հրահրելով, տարածքնել հանձնել ու մեղքը գցել Հայաստանի կառավարության վրա, լուրջ կասկածներ են առաջացնում, թե ուր է տանում նա Արցախյան հիմնախնդիրը։ Վարչապետի և Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարության հարաբերությունները գնալով սրվում են, վարչապետը չի կարողանում հանդուրժել, որ երկու Հայաստաններում պաշտոնյաներ կան, որոնք իրեն չեն հնազանդվում։ Վերջին օղակները մնացել էին դատարաններն ու Արցախի ղեկավարությունը, որոնց հնազանդեցնելու համար կոչ արեց դատարանները շրջափակել, ապա մեղադրանքներ հղեց Արցախի ղեկավարությանը։ Հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանն ասում է, որ զարմանալի չի լինի, եթե մի օր էլ կոչ անի Լաչինի միջանցքը շրջափակել, չէ՞ որ մի քանի տարի առաջ եթե մեկը կանխատեսեր, որ երկիրը մի վարչապետ է ունենալու, որը շրջափակելու է դատարանները, ոչ ոք չէր հավատա։  Այսուհանդերձ, այն, որ նա տարածք հանձնելու դավադրության  մեջ է մեղադրում մարդկանց, որոնց հպարտությունը հաղթանակն ու թշնամուն զսպելն է, կրկին կասկածներ առաջացրեցին Արցախի կարգավորման` նրա պատկերացումների  վերաբերյալ։ Նույնիսկ ենթադրություն եղավ, թե նա պատերազմով տարածքներ կորցնելու  մտավախություն ունի և նախապես իրեն ապահովագրելու համար  մեղքը գցում է Արցախի ղեկավար շրջանակների վրա։ Ավելի անհավանական ենթադրություն էլ եղավ, թե Փաշինյանը հատուկ քանդում է  Արցախի անվտանգության համակարգը` հեշտացնելու համար Ադրբեջանի ներխուժումը, քանի որ անցյալ տարի մեծ ֆինանսական օգնության դիմաց ԱՄՆ-ին խոսք է տվել հայկական զորքերը դուրս բերել որոշ տարածքներից և հիմա դա անելու ձև է փնտրում։

Իսկ վերջերս էլ Փաշինյանն ասաց, թե ինքը միակ ղեկավարն է, որ բանակցություններից առաջ Արցախի ղեկավարությանը ներկայացնում է փաստաթղթեր, իսկ նախկին վարչապետը հարկ չէր համարում տեղյակ պահել, նաև` որ Արցախի ղեկավարությանը ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը, և որ նրանց աշխատակիցները գնում, «Ֆեյսբուք»-ում գրում են, թե Փաշինյանը հող է հանձնում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստիպված էր հերքել Փաշինյանի խոսքերը` ասելով. «Ե՛վ հիմա, և՛ նախկինում ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»: Բայց խոսքի մյուս մասին չի անդրադարձել,  թե ո՞րն է Փաշինյանի տեսլականը, և արդյո՞ք վարչակազմի աշխատակիցները տեսլականն իմանալուց հետո «Ֆեյսբուք»-ում գրել են, թե Փաշինյանը հող է հանձնում։ Ի վերջո, խոսքն անձնական նամակի մասին չէ, այլ հրապարակային գրառման, որին ոչ ոք ծանոթ չէ, ոչ մի թերթ նման հղում չի տվել։ Բայց ավելի հետաքրքրող հարցի անդրադառնանք այդ ո՞րն է Արցախի կարգավորման` Փաշինյանի տեսլականը, մասնավորապես` երկու տարբերակներից ո՞րը՝ Արցախը` Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ Արցախն` անկախ հանրապետություն։

Այս կոնտեքստում կուզեի Թաթուլ Հակոբյանի ևս մի նյութի անդրադառնալ. հունիսի 1-ին Արցախի սահմանին հակառակորդի կողմից զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանության կապակցությամբ նա «Սիվիլնեթ»-ում գրեց. «Վե՞րջ խաղաղության դիսկուրսին, էլի զոհե՞ր» նյութը, որի ենթատեքստն է, թե Փաշինյանի արտաքին քաղաքականության շնորհիվ տևական խաղաղություն էր սահմանին, իսկ այ երբ սկսեցին մեղադրել նրան հողեր հանձնելու մեջ, սահմանին իրավիճակը լարվեց։ Ավելի շատ հուզականություն, քան տրամաբանություն պարունակող խոսքում գուցե այլ բա՞ն է ասում: Խնդրեմ`  ինչպե՞ս հասկանալ այս խոսքը. «Մենք չգնահատեցինք և չկարողացանք գնահատել այն խաղաղությունը, որ եկել էր վերջին մեկ տարում», «Ինձ համար շատ հեշտ է մեղավորին փնտրել Բաքվում միայն։ Ես պատկերացնում եմ՝ փողոցում քանի մարդ ինձ կգովաբանի, թե ինչ հայրենասեր մարդ եմ, երբ դատապարտում եմ Ալիևին։ Բայց իմ հասցեն Բաքուն չէ։ Իմ հասցեն և բոլորիս հասցեները մարած լույսերն են», «Մարտի 1-ի արյան մեջ թաթախված նախկին ղեկավարները, որոնք Արցախից զորք էին բերել Երևանի կենտրոն ու ծեծուջարդի ենթարկել սեփական ժողովրդին, մտահոգված են և հայտարարում են, թե թույլ չեն տա, որ հողերը ծախեն»։

Թե 2008-ի մարտի 1-ի արյան մեջ ովքեր են թաթախված, տարբեր կարծիքներ կան, կարծիքներից մեկը, որ նաև շատ հիմնավոր է, այն է, որ այդ արյան մեջ թաթախված է Նիկոլ Փաշինյանը, նրա կոչերը, որոնք մարդկանց մղում էին մարտի 1-ին ոստիկանության դեմ մարտի, արյուն էին հեղում։ Խնդրեմ, սրանք Փաշինյանի խոսքերն են. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը», կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»։ Պատկերացնենք`  50 հոգի հավաքվում ու հարձակվում է ոստիկանների կորդոնի վրա, արյուն կհեղվի՞, թե՞ ոչ, նրանց ուղարկողը արյան մեջ կթաթախվի՞, թե՞ ոչ։

Այս հարցերը կուզեի տալ նաև «Սիվիլնեթ»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանին, որը ոչ միայն Քոչարյանի նախագահության ժամանակ արտաքին գործերի նախարարն էր, և Հակոբյանի մատնանշած այն փաստաթղթերի հեղինակներից, որտեղ տարածքային զիջումների մասին է խոսվում, այլև երկրի այն ղեկավարներից էր, որոնք ակտիվ մասնակցում էին մարտի 1-ի ճգնաժամի կարգավորմանը, իսկ հետագայում էլ Փաշինյանը նրան բազմիցս դատափետել է մարտի 1-ին այն կողմում ակտիվ լինելու համար։ Այսինքն` ի՞նչ է դուրս գալիս, որ Թաթուլ Հակոբյանը այժմ գրում է մի մարդու կայքում, որն արյան մեջ թաթախվա՞ծ է։ Խոսքի այնպիսի ազատություն է տրված «Սիվիլնեթ»-ի աշխատակիցներին, որ, օրվա քմահաճույքին տուրք տալով, 2008 թվի երկրի  ղեկավարներին արյան մեջ թաթախված են անվանում  հերիք չէ, նաև նրա՞նց են մեղադրում սահմանի թեժացման ու զինվորի զոհվելու համար։ Թե՞ երկրում լարված մթնոլորտն ու Մարտի 1-ի բացված գործը Օսկանյանին այնպիսի վիճակի մեջ են գցել, որ նա ստիպված «Սիվիլնեթ»-ով մարտի 1-ի և «պատերազմ հրահրելու դավադրության» փաշինյանական մոտեցումներն է պրոպագանդում։ Անցյալ նոյեմբերին Վարդան Օսկանյանի ելքը Հայաստանից արգելել էին, օդանավակայանում նրան թույլ չէին տվել ինքնաթիռ նստել, ապա, ինչ-որ ժամանակ անց, արգելքը հանել էին, և նա կարողացել էր երկրից դուրս գալ։ 

Սակայն անցնենք բուն նյութին:  Թաթուլ Հակոբյանի այդ գրությունները և, ընդհանրապես, բանակցային գործընթացն այնպիսի հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը կարևոր է իրավիճակը հասկանալու համար. սահմանին մի քանի ամսով խաղաղ վիճակը ինչքան էլ թանկ լինի, պե՞տք է, արդյոք, հասկանալ, թե ինչի շնորհիվ էր այն, քանի որ պատմությունը շատ ունի դեպքեր, երբ հակամարտող կողմերի միջև ժամանակավոր խաղաղություն է եղել, բայց մեկ էլ պատերազմը շատ ավելի դաժան է բռնկվել, նաև` այն պատճառով, որ մի կողմն անվտանգության զգացումը կորցրել է։

Ուրեմն հարցեր՝ եթե Փաշինյանը հայ հասարակությանը չի ասել տարածքներ զիջելու մասին, դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Ալիևին էլ նման բան չի ասել, ոչ ոք չգիտի նրանց խոսակցության բովանդակությունը, միայն կան ենթադրություններ Բաքվի գոհ արձագանքներից: Փաշինյանն այդ ի՞նչ էր պայմանավորվել Ալիևի հետ, որ Բաքուն մի քանի ամիս սահմանին չէր կրակում, հնարավո՞ր է, որ խոստացել է տարածք հանձնել, բայց այդ դեպքում Հակոբյանն ինչո՞ւ է  նախորդների հող հանձնելու պատրաստակամությունից խոսում, և ինչո՞ւ նրանց հող հանձնելու խոստումը սահմանին խաղաղություն չէր բերում,  մշտապես զոհեր էին լինում, մի՞թե նրանք հա՛մ ուզում էին հող հանձնել, հա՛մ էլ ուզում էին` պատերազմը շարունակվի։ Իսկ եթե, ինչպես նախորդ փորձից գիտենք, Ալիևին հող հանձնելու խոստումը չի բավարարում, նա ավելին է ուզում՝ Արցախն է ուզում ամբողջությամբ, (դեռ մնացած ախորժակի մասին չխոսենք), ապա ի՞նչ պիտի խոստանար Փաշինյանը, որ նա դադարեր կրակել սահմանին, արդյո՞ք Արցախի կարգավիճակից հրաժարվելը։ Եթե սա էլ չէ, ապա ի՞նչը ստիպեց Ալիևին` մի քանի ամիս սահմանին շատ չկրակել, հնարավո՞ր է Փաշինյանը համոզել է Ալիևին` ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը։ Ծիծաղելի՞ է։ Մնում է Փաշինյանի անձնական հմայքը, Ալիևը սիրե՞ց Փաշինյանին, իսկ Սարգսյանին ու Քոչարյանին ատո՞ւմ էր, մանավանդ` Սերժ Սարգսյանին, քանի որ նրա կառավարման ժամանակ մի քանի անգամ թեժացավ վիճակը սահմանին և, ի վերջո, հանգեց 2016-ի ապրիլյան պատերազմին։  Իսկ ինչո՞ւ որոշ դադարից հետո Ալիևը սկսեց կրկին կրակել, այն պատճառո՞վ, որ նրանք, ում ատում էր, սկսեցին Փաշինյանին մեղադրել հողեր հանձնելու մեջ։ Ի՞նչ է ստացվում, Ալիևը կրակում է` լռեցնելու համար Փաշինյանի հակառակորդների՞ն։

Այսպես հարցերը խճճվում և գորդյան հանգույց են առաջացնում։

 Վահան Իշխանյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica