close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Մանուկյանը հայության հավաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփվեց Սարդարապատում

Հասարակություն

7 Հունիսի 2019, 17:18
 Արամ Մանուկյանը հայության հավաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփվեց Սարդարապատում

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրված` Արամ Մանուկյանի արձանը հուշակոթող- սրբատեղի կարելի է անվանել, որտեղ այսօր ամփոփվեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետության հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի մեջ մասունքը զետեղելու արարողությունը կատարվեց Արմավիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Ներկա էին դաշնակցականներ, ՀՄԸՄ-ականներ ու Մանուկյանի հիշատակին հավատարիմ հայորդիներ:

Նախքան Առաջին Հանրապետության հիմնադրի մասունքը հուշակոթողի մեջ զետեղելը` ելույթով ու երախտիքի խոսքով հանդես եկավ հուշակոթողի մտահղացման հեղինակ ու նախաձեռնող Հակոբ Ջանբազյանը: «20-րդ դարն իր մեջ է խտացրել հայ ժողովրդի երկար պատմությունը, որի փառահեղ էջերից մեկն է 1918-ի մայիսի 28-ը: Այսօր ինձ առիթ է ընձեռվել այդ խորհրդի մասին խոսելու: Ինձ համար պատիվ է լինել մտահղացման հեղինակն այս փառավոր հուշակոթողի, ինչի համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հայոց ցեղասպանության մահասարսուռ օրերից երեք տարիներ անց ո՞վ կարող էր երևակայել, որ 1918-ի մայիսի 28-ին հայոց մթագնած երկնակամարի վրա պիտի ծագեր անկախ պետականության արևը: Հարգա՛նք մեր հեղափոխական սերնդին, նրա հայտնի ու անհայտ բոլոր հերոսներին, որոնք իրենց թանկագին կյանքը զոհաբերեցին հայրենիքի  ազատության սրբազան բագինի վրա, որպեսզի հայ ժողովուրդը հարություն առնի մայիսյան արշալույսով ու ապրի ազատ, անկախ` իր սեփական հողի վրա»,- ասաց նա:

Ըստ Ջանբազյանի` թեև Առաջին Հանրապետության անկախությունը եղավ կարճատև, սակայն ազատ ու հայավայել ապրելու ոգին միշտ վառ ու անխաթար մնաց հայ ժողովրդի տարասփյուռ հատվածներում ու հայրենիքում: Ընդգծեց` պատահական չէր, որ 1988 թ. փետրվարյան օրերին հայ ժողովուրդը, ականջալուր Արամ Մանուկյանի վավերական կտակին, քաջություն ունեցավ փշրելու իրեն շղթայած և ազատությունը բռնաբարած համայնավար բռնակալության կապանքները` ստեղծելով Հայաստանի ու Արցախի անկախ հանրապետություններ:

Սարդարապատ հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը ելույթի սկզբում նշեց, որ հուշակոթողի մեջ ամփոփվում է Արամ Մանուկյանի գերեզմանից, նրա Երևանի տնից, Վանից և Շուշիից բերված հող-մասունքը՝ ապահովելով Արամ Մանուկյանի ներկայությունն ու կենդանի շունչը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների՝ նրա զինակիցների ուև գաղափարակիցների հետ:

Արիստակեսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մտահղացման հեղինակին՝ Հակոբ Ջանբազյանին, հուշակոթողի բարերարին՝ Տորոնտոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Լափոյանի, այս մտահղացումն իրականացնելու համար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հանդիսությանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Արամ Մանուկյանն իրավամբ մեր նորագույն պատմության Փոքր Մհերն է, և ուզենք, թե չուզենք, նրա հետ են կապված լինելու մեր երեկվա և այսօրվա ազգային մեծ ու փոքր իղձերը և երազանքները: Նա անմահ է Փոքր Մհերի պես: Նա լուսավորելու է բոլորիս ճանապարհը: Նա անմահ է Փոքր Մհերի պես, բայց ո´չ` անժառանգ: Ու քանի դեռ նա կա, մենք «հաջողելու ենք և լույս աշխարհ ենք դուրս գալու», որովհետև նա գործ է արել, իսկ մենք հանձն ենք առել շարունակել այդ գործը, որ ղեկավարվում է «Ցեղի Ձայնով ու Ոգով», քանի որ… «հերոսն ինքը ժողովուրդն է», որը «իր սեփական ջանքերով, իր անձնազոհությամբ պիտի փրկե իրեն»,- նշեց հուշահամալիրի տնօրենը` երանի տալով բոլոր նրանց, ովքեր իրենց հոգիներում Արամ Մանուկյան ունեն, մեծանում են իրենց հերոսների հետ ու նրանց փառքը վերածում նոր խոյանքների ու նոր երազների:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանն էլ ասաց, որ այսօրվա իրադարձությունը ևս իր տրամաբանական բացատրությունն ունի` Արամ Մանուկյան անձը հայության հավաքական ձգտումների լավագույն խորհրդանիշերից է: «Մարդ և հավաքականության մասնիկ, որի համար հայրենիքը մեկն էր՝ անտարանջատելի ու  իր հատվածներով հավասարարժեք, ինչը վերաբերում է նաև այդ բնօրրանի տերերին: Արամի պայքարը համահայկական էր, Արամը մայրաքաղաքը վերականգնեց նախ պատմական Հայաստանի մայրաքաղաք Վանում  և այդ կործանված փորձից հետո`  երկրորդ անգամ, այն վերածնեց Արևելահայաստանի տարածքում: Արամն  իր ընդգրկուն ու հսկայածավալ առաքելությունն իրականացրեց`  գործակիցներ ունենալով թե՛ իր գաղափարակից ընկերներին, թե՛ բոլոր այն հայորդիներին, որոնց ուսերն ունակ էին կրելու տվյալ պատասխանատվության բեռը: Այսօր`հարյուր տարի անց, Արամի և նրա ժամանակի այս դասերն առավել քան այժմեական են մեզ համար, որպեսզի թույլ չտանք աններելի սխալներ: Որպեսզի պատմականորեն ճակատագրական հանգրվանում ունակ լինենք համախմբելու ազգային ամբողջ ներուժը և համազգային  ճիգով հաղթահարելու այսօրվա ու վաղվա մարտահրավերները»,- ասաց ՀՅԴ ՀԱյաստանի ԳՄ անդամը:

Նա հիշեցրեց` 1919-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ ժողովի կողմից որդեգրված  Անկախ և Միացյալ Հայաստանի կերտման ծրագրի վերջնանպատակն այսօր էլ ամրագրված է ազգային կուսակցության  կարևորագույն փաստաթղթերում: «Այս խորհրդանշական վայրում արժե, որ Սարդարապատի մեր հերոսների, Հայաստանի հիմնադրի հուշարձանի առջև մենք ևս մեկ անգամ հավաստենք մեր հավատարմությունը  հայության անանց արժեքներին և երազանքներին: Փառք ու պատիվ պայքարի մեջ սրբագործված և պայքարի ունակ մեր բոլոր սերունդներին, մեր բոլոր հերոսներին»,- ելույթն ավարտեց Շաղիկ Մարուխյանը:

Զինվորական համազարկով ու հոգևորականների իրականացրած հատուկ կարգով Արամ Մանուկյանի հող-մասունքը զետեղվեց նրա հուշակոթողի մեջ` հավերժելով Հայաստանի Հանրապետության հիմնադրի ներկայությունը Սարդարապատի վեհ բարձունքում:

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան-ի լուսանկարը:

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան-ի լուսանկարը:

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան-ի լուսանկարը:

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան-ի լուսանկարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica