close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը. խնդիրներ և այլընտրանքային լուծումներ

Տնտեսական

7 Հունիսի 2019, 08:01
 Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը. խնդիրներ և այլընտրանքային լուծումներ

Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս:

Արդյունքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռը առնվազը սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս: Փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Նախատեսված չէ  եկամտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով:

Տեղին է հիշեցնել, որ ՀՀ-ում մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի (2019թ.փետրվարի դրությամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (մոտ 370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը (շուրջ 142 հազարմարդ) կազմում են աշխատող աղքատները:

Խնդիրներ

1.    Նախատեսվող փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջին, մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից, ամբողջապես հակասում է սոցիալական պետության գաղափարախոսությանը, չի բխում միջազգային լավագույն փորձից:

2.    Փոփոխության հիմքում շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումն է, որն  անխուսափելիորեն կնպաստի իրական եկամուտների ձևավորմանը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով՝ ի հակադրություն «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքի և հանրային կյանքում համերաշխ զարգացման կարևորագույն պայմանի: Այսինքն՝ այս փոփոխությամբ բարելավվում է բարձր եկամուտ ունեցողների վիճակը՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

3.    Այս մոտեցումը չի համապատասխանում գործող կառավարության ծրագրային նպատակադրումներին՝ միտված սոցիալական ներառական զարգացմանը, արժանապատիվ աշխատանքի խթանմանն ու ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

4.    Գործատուների համար չկա խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:

5.    Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի կրճատումն էլ նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական գների բարձրացման: Արդյունքում կվերացվի հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ հարկային բեռը հարուստներից առավելագույնս տեղափոխելով աղքատների վրա:

6.    Եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներմուծման միջոցով ստվերը կրճատելու կառավարության ակնկալիքը հիմնավոր չէ (տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների գնահատմամբ նույնպես այստեղ էական և ուղղակի կապը բացակայում է): Անընդունելի է ՀՀ իշխանությունների այն փաստարկը, որ բարձր եկամուտ ստացող անձինք խուսափում են հարկեր վճարելուց: Նախ՝ բարձր եկամուտ ունեցողները հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում և հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, որի պարագայում ստվերային վարձատրության ռիսկն ամենացածրն է: Մյուս կողմից, եթե բարձր եկամուտ ունեցող անձինք խուսափում են հարկեր վճարելուց, պետք է ոչ թե փոխել օրենսդրությունը, այլ՝ բարելավել հարկային վարչարարությունը:

7.    Այս փոփոխություններով փորձ է արվում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը: Փաստորեն, բարձր եկամուտներ ունեցողների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ առկա բողոքները մեղմելու համար պարտադիր սոցիալական վճարի չափով նվազեցվում է նրանց եկամտային հարկի դրույքաչափը:

 Այլընտրանքային լուծումներ

Աշխատանքը խթանելու,  արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու, արդյունքում՝ աղքատությունը նվազեցնելու օբյեկտիվ նպատակադրումներից բխող հարկային բարեփոխումները պետք է միտված լինեն առաջին հերթին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

 Այդ նպատակով առաջարկվում է.

1.    Առաջիկա  միջնաժամկետում ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման (խրախուսման բաղադրիչով) և ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգեր, որոնք կնպաստեն եկամտային հարկի գծով պետական բյուջեի մուտքերի իրական ավելացմանն ու ստվերի հետևողական կրճատմանը:

2.    Սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն և տարբերակված ֆինանսավորման ապահովման, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնական ռիսկերի դեպքում պետական թիրախավորված աջակցության տեսանկյունից օբյեկտիվորեն անհրաժեշտ է միասնական եկամտային հարկը տարանջատել և նորից անցում կատարել պարտադիր սոցիալական վճարներին ու եկամտահարկին: Այս դեպքում պարտադիր սոցիալական վճարները կարող են ունենալ մեկ դրույքաչափ, իսկ եկամտահարկի դրույքաչափերը՝ պրոգրեսիվ: 

 3.    Զուգահեռաբար, եկամտահարկի բարեփոխումներով ամբողջացնել այդ հարկատեսակի սոցիալական բաղադրիչը, այն է.

 Սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով,

-  Սահմանել եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափերի քառաստիճան սանդղակ.

  • Առաջին դրույքաչափը սահմանել առնվազն 10 տոկոսային կետով փոքր երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը՝առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար փոքր՝ հաջորդող դրույքաչափերից,
  • Առաջին դրույքաչափը տարածել եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է միջին ընտանիքի (չորս անդամներից բաղկացած) նվազագույն կենսապահովման զամբյուղն ապահովելու համար (ներկայումս մեկ անձի հաշվով՝ 55 հազարդրամ):

Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի լիարժեք գործադրման դեպքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատատար ճյուղերում նոր աշխատատեղերի  ստեղծումը գործատուների համար կդառնա առավել շահեկան: Այն գործատուի համար առավել քիչ ծախասատար կլինի, քանի որ հնարավորության դեպքում նա բարձր վարձատրությամբ մեկ աշխատատեղի (որը կզբաղեցներ միայն բարձր որակավորում ունեցող մեկ աշխատող) փոխարեն կստեղծի ասենք` երկու և ավելի աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաև միջին կամ ցածր որակավորում ունեցող աշխատողները: Արդյունքում էապես կնվազի գործատուի կողմից վճարվող եկամտային հարկի ընդհանուր չափը, բացի այդ կհեշտանա երիտասարդների մուտքը աշխատաշուկա:

 4.    Եկամտային հարկի չհարկվող շեմ սահմանելուն և առաջին դրույքաչափը՝23 տոկոսից նվազեցնելուն զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտություն են նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող՝

-      աշխատանքի արժանապատիվ պայմանների ապահովման տեսանկյունից ՀՀ աշխատանքային օրենսդրության բացերի ու հակասությունների վերացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցումը,

-      պետության գործուն աջակցությամբ արհմիությունների դերի բարձրացումը,

-      աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության ամբողջականացումը և արդյունավետության ապահովումը,

-      նվազագույն աշխատավարձի բարձրացումը ու սահմանումը կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում:

 

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica