close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկային միջոցի տրամադրումը. ԿԲ

Տնտեսական

20 Մայիսի 2019, 16:28
 ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկային միջոցի տրամադրումը. ԿԲ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս), տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա: 

Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: 

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը: 

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որում ասվում է.

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: 
Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք:
Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար:

Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով: 

Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: 

Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

 


Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica