close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են ներկայանալու «Թանգարանների գիշերը»

Մշակույթ

18 Մայիսի 2019, 13:30
 Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են ներկայանալու «Թանգարանների գիշերը»

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի հարյուրից  ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության առաջ: Նախատեսված են բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք ավելի կմեծացնեն հետաքրքրությունը թանգարանների հանդեպ: Ժամը 11–ից Հայաստանի 100–ից ավել թանգարանների դռները մինչև կեսգիշեր բաց կլինեն բոլոր այցելուների համար։

«Թանգարանների գիշերը» ՀՅԴ պատմության թանգարանը կներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակավոր ցուցադրությունը` նվիրված ՀՅԴ ականավոր գործիչներին, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր այրերին և նրանց սերունդներին:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կանցկացվի «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագրով բացօթյա համերգային ծրագիրը, որին մասնակցելու են Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը,  Ազգային նվագարանների համույթը և Ջազ նվագախումբը: Նվագախմբերն ու երգչախումբը հարուստ երկացանկով կզարդարեն թանգարանային գիշերի մասնակիցների մի քանի ժամը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախատեսվում է  «Սուրբ Էջմիածինը՝ Կոմիտաս Վարդապետի հոգևոր ծննդավայր»  խորագրով զրույց-հանդիպում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Աիդա Գալստյանը վարելու է կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններին: Անցկացվելու է  «Տեսանելի հնչյուն» ծրագիրը, որում  համադրվելու են երաժշտությունն ու նկարչությունը: Կոմիտասի գործերը կատարելու են սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը, նկարիչ Ռուբեն Սուվարին:

Համերգի ընթացքում նկարիչ Ռուբեն Սուվարին ստեղծելու է հնչյունապատկեր: Համերգի ավարտին տեղի կունենա այդ ստեղծագործության ցուցադրությունը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:

Թանգարանում բացվելու է երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացվելու են Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ: Փոքրիկ այցելուները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացումը՝ դառնալով ներկայացման ակտիվ մասնակիցները: Կանցկացվի նաև «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբը:

Հայաստանի ազգային պատկերասրահում  անցկացնելու է «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝  նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:

Դասախոսությունը կվարի արվեստաբան՝ Հասմիկ Բադալյանը: Իրականացվելու է նաև «Իմ Կոմիտասը» կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում  տեղի կունենա տոնական համերգ, որին մասնակցելու է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գլխավոր դիրիժոր և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, տնօրեն՝ Վիլիամ Վայներ:

 Բոլոր թանգարանների ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ

Արվեստասերները կարող են մասնակցել «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցմանը, որը  կապված է մեծ արվեստագետի մահվան 500-ամյակի հետ: Նյութը ներկայացնելու են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ասմունքողներն ընթերցելու են Կապուտիկյանի ստեղծագործությունները, հնչելու են հեղինակի գործերի հիման  վրա գրված երգեր:

Տուն-թանգարանում բացվելու է Կապուտիկյանի տիկնիկների հարուստ հավաքածուի ցուցադրությունը:  Նա հաճախ էր ճանապարհորդում և որպես հուշանվեր տարբեր երկրներից իր հետ տիկնիկներ էր բերում, որոնք խորհրդանշում էին այս կամ այն երկիրը:

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ:

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։ 


Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica