Զուտ մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Ղուլյանը՝ Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին
Հասարակություն

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Երևանում Հայաստանի ԱԺ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի է մասնակցում, լրագրողներին հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումին՝ ուղղված ՀՀ դատախազին, ասաց. «Մեր խորհրդարանի պատգամավորները նույնպես նախորդ ամիսներին այդպիսի միջնորդագիր-խնդրագիր են ներկայացրել, որը նույն իմաստն ունի»:
Ըստ նրա` այն, ինչ ներկայացվել է, բավարար է` հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու մասին է:
«Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», - ընդգծեց Ղուլյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: