close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամբողջատիրությո՞ւն, թե՞ ապակենտրոնացում. Փաշինյանի հիբրիդային գրոհը հայրենի պետության վրա

Հարթակ

13 Մայիսի 2019, 18:00
 Ամբողջատիրությո՞ւն, թե՞ ապակենտրոնացում. Փաշինյանի հիբրիդային գրոհը հայրենի պետության վրա

Մեծ տերությունները  հեղափոխություն են «ներդնում» կամ հեղաշրջում կազմակերպում այն երկրներում, որոնք անկախ քաղաքականություն են վարում, չեն ենթարկվում իրենց խաղերին։ Միջամտության ավելի կոշտ ձևը հիբրիդային պատերազմն է, երբ անհնազանդ երկրի ներսում ապստամբություն են սադրում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիբրիդային գրոհով է սպառնում  Արցախի իշխանությանը՝ մայիսի 9-ին Ստեփանակերտից վերադառնալուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Նրան հունից հանել է  Արցախի իշխանությունների ինքնուրույնությունը, իր անձնական շահերին ու վրեժխնդրությանը հավանություն չտալը, ավելին` որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահները համարձակվում են դիմել Հայաստանի դատախազին, որ Արցախի առաջին նախագահին կալանքից ազատեն Շուշիի ազատագրման տոնին մասնակցելու համար։

Բայց Քոչարյանի ազատությունը ոչ միայն գործող ու պաշտոնաթող նախագահների ցանկությունն է, Նոր տարուց առաջ Արցախի խորհրդարանի երեք խմբակցություն կոչ էին արել Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց։

Եռատոնի առթիվ Արցախի համալսարանի դասախոս Գրիգորի Աֆանասյանը «Ֆեյսբուք»ում իր ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է դրել մակագրությամբ. «Հաղթանակի օրվա տոնակատարությանը, մայիսի 9-ը, 2019, Շուշի։ Նա հասկացավ։ Ես նրան երեք անգամ գրկեցի և համբուրեցի. Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»։

Հայաստանի գլխավոր դատախազը պատասխանել էր, թե Քոչարյանի գործը դատարանում է, և ինքը իրավասու չէ նրան ազատել։

Հայաստանի անհողդողդ կեցվածքը քննադատեց նաև Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը. «Պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին»։ 

Փաշինյանը չի կարողանում թաքցնել իր նյարդայնությունը, որ Արցախի հասարակությունը հետևողականորեն ձգտում է իր առաջին նախագահին ազատության մեջ տեսնել։ Գումարվեց նաև այն, որ  մայիսի 9-ին Արցախում լրագրողի դիտարկմանը, թե հանգիստ էր սահմանին, բայց Ադրբեջանը վերջին օրերին սկսել է կրակոցները, Բալասանյանը, ցույց տալով քիչ այն կողմ կանգնած վարչապետին, ասում է ՝ հարցրեք վարչապետին, նա է վերելակային բանակցություններ վարում։

Արցախում մայիսի 9-ի տոնը, կարծես, նրա համար վերածվել էր հակահեղափոխական օրվա, որ այդպես արագ հակատոնային մակագրություն էր արել։

Ինչպես ամեն հիբրիդային գրոհ, սա էլ ուղեկցվում է տեղեկատվական արշավով, և այն նույն լրագրողը՝ Պետրոս Ղազարյանը, որը մի քանի ամիս առաջ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում էր, ապա` «Բարգավաճ»-ի ցուցակով` որպես Երևանի ավագանու թեկնածու քրթմնջում էր, թե «Իմ քայլը» հասարակությունը բաժանել է սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի (նշում էր՝ «ովքեր հարցեր են տալիս, հակահեղափոխական են»), այժմ, անցնելով վարչապետի թիմ` Հանրային հեռուստատեսություն աշխատանքի, լրատվական արշավ է տանում Արցախում «հակահեղափոխական օջախի» դեմ: Նա ֆեյսբուքյան էջում Հայաստանի հանրությանը գրգռում է Արցախի իշխանությունների ու ղարաբաղցիների դեմ՝ մեղադրելով, թե «Պրն Բալասանյանի քամահրական վերաբերմունքը արհամարհանք էր ոչ թե վարչապետի նկատմամբ, այլ բոլորիս։ Մեր ընտրության, մեր պետության, մեր քաղաքացիների նկատմամբ»։ Եվ հեղափոխական թմբիրից դեռ ուշքի չեկած անձինք, հեշտությամբ ենթարկվելով սադրանքի, նրա գրառման տակ վիրավորված ատելություն են թափում արցախցիների վրա։

Մի երկու նմուշ Ղազարյանի գրառման մեկնաբանություններից.

Բայց ո՞ւր է Բալասանյանի խոսքում քամահրական վերաբերմունք: Վարչապետն ու իշխանության շրջանակները ներկայացնում էին, թե ինքը՝ Փաշինյանը, այնքան հմուտ, գրեթե հանճարեղ բանակցող է, որ  վերելակի մեջ Ալիևի հետ խաղաղության պայմանվորվածություն է ձեռք բերել, և որ` տեսեք, նրա շնորհիվ այլևս  սահմանին հանդարտ է լինելու։ Եվ հիմա, երբ չորս ամիս անց վիճակը թեժացավ, լրագրողները հարցնում են՝  ինչո՞ւ։ Բայց ո՞ւմ պիտի ուղղեն այդ հարցը, արդյո՞ք Բալասանյանին, թե՞ նրանց, ովքեր համոզել էին, թե` արդեն վերջ, տեսեք հեղափոխության ևս մի ձեռքբերում,  սահմանին այլևս հանգիստ է լինելու, և եթե ավելի կոնկրետ՝ նրա՞ն, ով վստահեցրել էր, թե վերելակի մեջ խաղաղության հարցը լուծել է։

Իսկ եթե Բալասանյանի խոսքում հեգնանք կամ քննադատություն կա, ապա արգելվա՞ծ է որևէ պաշտոնյայի քննադատել երկրի վարչապետին, ինչ է թե` նրան ժողովրդի ստվար մասն ընտրել է։ Ժամանակակից ժողովրդավարության կարևոր կողմերից մեկն ապակենտրոն կառավարումն է, երբ մարզերն ու նահանգները կենտրոնական իշխանության դիկտատի տակ չեն, ինքնուրույն են կառավարում իրենց մարզերը։ Ժողովրդավարական շատ երկրներում, օրինակ` Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում, որն ուզեք` վերցրեք,  շրջանների ղեկավարները այնքան ինքնուրույն են, որ հանգիստ կարող են քննադատել, նաև հեգնել  երկրի նախագահին կամ վարչապետին, նրա մեջ ոչ թե անքննադատելի հեղինակություն են տեսնում, այլ` մրցակից, և եթե իրենց մարզը կամ քաղաքը արդյունավետ են կառավարել, ընտրություններում կարող են հաղթել երկրի ղեկավարին։ Լավ օրինակ է ԱՄՆ-ը, ուր  նահանգապետերը հաճախ են մասնակցում նախագահական ընտրություններին, օրինակ` Կալիֆոռնիայի հանրապետական նահանգապետ Դոնալդ Ռեյգանը նախագահական ընտրություններում 1980-ին հաղթեց գործող նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերին, Տեխասի նահանգապետ Ջորջ Բուշը  2000-ի նախագահական ընտրություններում  հաղթեց գործող փոխնախագահ Ալբերտ Գորին։ Նրանք իրենց մրցակիցների հանդեպ բնավ էլ քնքշություն չէին ցուցաբերում։

Իսկ Հայաստանում մարզպետերի անունները հանրությունը հաճախ չի էլ իմանում, քանի որ նրանք նշանակված չինովնիկներ են, պատասխանատու ոչ թե ընտրողների, այլ իրենց նշանակող անձանց առջև, նրանք ուղղակի իրենց վերադասի արտացոլանքն են և գրեթե ոչնչով աչքի չեն ընկնում:

Ինչպես առաջ էր, այնպես էլ ներկայումս. վարչապետն այնպես է բուռը հավաքել երկիրը, որ նույնիսկ մի գյուղապետ չի համարձակվի նրան քննադատական խոսք ասել կամ մի քայլ անել, որը վարչապետի շահերի մեջ չի տեղավորվում, կամ հերքել նրա խոսքը, էլ ուր մնաց` նամակ գրել դատախազին, որ Քոչարյանին մի օրով ազատեն համաժողովրդական այն տոնին մասնակցելու համար, որը կերտողներից մեկը նա է։ Ինքնուրույն է մնացել միայն Արցախը՝ որպես առանձին պետություն, էն էլ ինչպե՜ս թե, վարչապետը որպես «հակահեղափոխական օջախներ» կճնշի այն բոլոր վարչական միավորներին, որոնք ինքնուրույնություն կդրսևորեն ու կասեն` աչքիդ վերևը հոնք կա։

Դեռ անցյալ տարի` ԱԺ նախընտրական պայքարի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը համարձակվել էր հերքել իր այն նախընտրական PR-ը, թե` տեսեք, իր որդին ծառայում է Արցախում, իսկ Արցախի ղեկավարների որդիները Արցախում և ընդհանրապես բանակում չեն ծառայել։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համարձակվել էր ասել, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը, որ,  «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինյանը սաստել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, թե ինչպես է նրա մամուլի քարտուղարը համարձակվում իր խոսքը մեկնաբանել. «Պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի` իրենց աշխատանքով զբաղվելու: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք` իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների հետ կապված օրումեջ մեկնաբանություններ տա, պատկերացնո՞ւմ եք` դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելինե’րս, ու զբաղվեք ձեր աշխատանքով»:

Ապա պաշտոնից ազատվեց Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ըստ մամուլի` Երևանից ճնշման արդյունքում, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը պատասխանել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի այն խոսքին, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:

Հարցին, թե իրեն պաշտոնից ազատելու պատճառը այս գրառո՞ւմն է,  Մնացականյանը պատասխանել էր` միգուցե։  

Խորհրդային միությունը ամբողջատիրական երկիր էր, ուր ամբողջ իշխանությունը պատկանում էր մի կուսակցության՝ Կոմկուսին, տեղական ինքնակառավարումը՝ խորհուրդները (սովետներ), ձևական էին, շրջանի կոմկուսի քարտուղարն ավելի մեծ իշխանություն ուներ, քան շրջգործկոմի կամ քաղգործկոմի նախագահը, թեև նա էլ էր Կոմկուսի անդամ։ Խորհրդային միության փլուզման շրջանում, երբ ԽՍՀՄ Սահմանադրությունից հանվեց Կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը՝ 6-րդ հոդվածը, տեղական խորհուրդները ինքնուրույնություն ստացան։

Սակայն Հայաստանում ՀՀՇ-ի իշխանությունը չէր հանդուրժում, որ կարող է ինչ-որ շրջանում իրեն չենթարկվող համայնքի ղեկավարություն ընտրվի։ Այդպես ՀՀՇ-ի ստեղծած ավազակախումբը 1992թ. սեպտեմբերի 18-ին սպանեց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին, նրա հետ սպանվեց նաև նրա վարորդ Վարուժան Աբրահամյանը (քրեական գործով սպանությունը պատվիրել էր ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, տես՝ «Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը»)։ Եվ որպեսզի տեղական  մարմիններին զրկեն  ինքնուրույնությունից, իշխանությունը 1995 թվին պարտադրեց կենտրոնաձիգ կառավարման համակարգով սահմանադրությունը, որով Հայաստանը բաժանվեց 11 մարզի, որոնց ղեկավարները նշանակվում էին նախագահի նշանակած վարչապետի կողմից, իսկ ընտրովի համայնքապետերն ինքնուրույնությունից զուրկ էին, քանի որ կառավարությունն ուզած ժամանակ կարող էր յուրաքանչյուրին հեռացնել։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով որոշ կոսմետիկ ապակենտրոնացում մտավ. նախ` Երևանը մարզի կարգավիճակից վերածվեց ընտրովի համայնքի, ապա նաև` համայնքապետերին հեռացնելու համար կառավարությունը ստիպված էր դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց այն ժամանակ էլ 1995-ի միապետական սահմանադրությունն էր պաշտպանում։ «Հայկական ժամանակ»-ի 2007թվի հուլիսի 7-ի խմբագրականում Փաշինյանը, համեմատելով 1995թ. Սահմանադրությունը եւ 2005-ի փոփոխությունները, նախընտրություն է տալիս առաջինին. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլեւ, ասենք` Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը» (Այդ մասին տես՝ «Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետություն է ուզածդ»):

Երևում է` Փաշինյանի պատկերացումները պետության մասին խիստ ամբողջատիրական են, նա չի պատկերացնում, որ ինքնակառավարվող մարմիններն էլ են պետության մաս և կարող են իրականացնել գործադիր իշխանություն: Ժողովրդավարական երկրներում տեղական ծախսերի մինչև 40-50 տոկոսը տեղական ինքնակառավարվող մարմիններն են տնօրինում, իսկ Հայաստանում համայնքներն իրենց ծախսերի ընդամենը մինչև 8 տոկոսն են տնօրինում։

Իհարկե, 1988 թվի շարժման նպատակը ոչ թե Արցախի անկախությունն էր, այլ վերամիավորումը Հայաստանի հետ, բայց ոչ այն բանի համար, որ Արցախի ղեկավարությունը նշանակվի Երևանից և հլու-հնազանդ ենթարկվի կենտրոնական իշխանությանը։

Արհամարհանք չգիտեմ, բայց  այս կոնտեքստում  իշխանությունները  հասարակության որոշ հատվածների խաբել են, թե խաղաղության ենք հասել։ Պարզ էր, որ դեկտեմբերի 9-ի` ԱԺ ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքելու համար խաղաղության պատրանք էին ստեղծել՝ Բոլթոնին ու Ալիևին ինչ-որ խոստումներ տալով: Թե ի՞նչ խոստումներ, այդպես էլ չասացին, միայն ենթադրություններ մնացին, բայց որոնք մի օր պարզվելու էր՝ կա'մ չեն կարողանալու կատարել, կա'մ չեն կատարելու։ Իսկ Հանրայինի լրագրող Ղազարյանը հանում է այս ամբողջ նախապատմությունը, այսինքն՝ հոպ, խաբել է, թե չի խաբել, ընտրությունների խաղի կանոններով է շարժվել, և այն պահից, երբ ստացել է հանրության ձայների ստվար մասը,  նրան, որպես հանրության հայր, ակնածանքով պետք է վերաբերվեն բոլորը։

Մայիսի 8-ի ասուլիսում «Ազատություն» ռադիոկայանը վարչապետին հարց տվեց, թե չի՞ կարծում, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, «օրինակ՝ այն համատեքստում, երբ ասվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի, միասնականության ուղերձ է հղվելու միջազգային հանրությանը, հակառակորդին, մեր ժողովրդին»: Հարցի սադրիչ ուժն աշխատեց, և Փաշինյանը, ափերից դուրս գալով, գոռաց. «Ես չեմ կարծում թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն ունեն, չկա որևէ ուժ էսօր Երկիր մոլորակի վրա, որ կարողանա Հայաստանի ներքին գործերին միջամտի» (միջանկյալ` ԱԱԾ, ՀՔԾ պետերի և վարչապետի գաղտնալսված հեառախոսազրույցից պարզ դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նրանք ծրագրել էին կալանավորել, և Ռուսաստանի միջամտությունից  հետո հրաժարվեցին դա անել)։

Արցախը Հայաստանի վարչական մա՞ս է, թե՞ անկախ պետություն։ Օրենսդրությամբ և կագավիճակով անկախ է, սակայն  բյուջեով, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներով կապված և կախված է Հայաստանից։ Այս չլուծված հարցը հաճախ առաջանում է, և քաղաքական որոշ շրջանակներ առաջարկում են Հայաստան-Արցախ պայմանագիր կնքել։

Այստեղ Փաշինյանն Արցախը դիտարկում է որպես անկախ պետություն, որն իրավունք չունի ներքին գործերին խառնվելու, սակայն մյուս կողմից` ինքը մի քանի անգամ միջամտել է Արցախի ներքին գործերին. Արցախում դժգոհություններ կան գործող իշխանություններից, դեռ անցյալ տարի` հայաստանյան հեղափոխությունից հետո, Արցախում էլ հեղափոխական տրամադրություններով ցույցեր եղան, բայց վարչապետ Փաշինյանը միջամտելով զսպեց դրանք։ Իսկ հիմա էլ հակառակը` ինքն է հրահրում հեղափոխություն։ Պետք է պարզ լինի, որ եթե Փաշինյանը հրահրի հեղափոխություն Ստեփանակերտում, ապա նպատակը ոչ թե բարեփոխումներն են լինելու, այլ իր անձնական շահերը, իրեն կամակատար իշխանություն ձևավորելը։

Ինչևէ, բայց հիբրիդային պատերազմը մի առանձնահատկություն էլ ունի` գերտերություններն այն վարում են  օտար երկրների դեմ, բայց այս դեպքում Հայաստանի ղեկավարը հայրենակիցների պետության դեմ է տանում։

 Վահան Իշխանյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica