close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը՝ Շուշիի ազատագրումը դարձավ հետագա հաղթանակների բանալին

Թեմա

7 Մայիսի 2019, 23:59
 Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը՝ Շուշիի ազատագրումը դարձավ հետագա հաղթանակների բանալին

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախ պետականությունը: Նույն թվականի աշնանը փլուզվեց նախկին Խորհրդային Միությունը: Չհամակերպվելով ԼՂ-ի ընդունած քաղաքական որոշման հետ և օգտվելով ստեղծված իրավիճակից' Ադրբեջանը քաղաքական հարցը տեղափոխեց ռազմական հարթություն' փորձելով ուժով ճնշել նորաստեղծ հանրապետությունը և հայ բնակչությանը զրկել իր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքից:

1992-ի սկզբին Արցախյան քաղաքական հակամարտությունը վերածվեց զինված ընդհարումների, որոնք էլ փոխակերպվեցին իսկական պատերազմի:

 Այդ պարտադրված պատերազմում Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցվեց պատերազմում, և Արցախի Հանրապետության անկախությունը դարձավ ավելի քան իրական: Որովհետև Շուշիի տարածքի նկատմամբ իշխող դիրքը, բնական ամրությունները, աշխարհագրական դիրքն այնպիսին են, որ դարեր ի վեր ով տիրել է Շուշիին, նա տիրել է ամբողջ Արցախին:

 Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:

 Ինքնապաշտպանության ուժերի 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:

 Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:

 Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչներ։ 1992թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք:

Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր Շուշիի ազատագրումը, որն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2:30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են, համապատասխանաբար, Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ` պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմական գործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող № բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր: Հայկական ուժերը միայն մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման:

Ռազմական գործողությունը զարգացել է 4 ուղղություններով.

«26»- ի (հյուսիսային) ուղղություն: Ստեփանակերտ-Շուշի մայրուղով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4-րդ վաշտի (հրամանատար՝ Յու. Պողոսյան) 4 դասակները՝ Գ. Սարգսյանի, Ս. Կարապետյանի, Կ. Մարտիրոսյանի և Վ. Ղարիբյանի հրամանատարությամբ: «Երեք աշտարակների» բլրի գրոհը 20 րոպե անց պսակվել է հաջողությամբ: Սակայն, ավելի ուշ ԻՊՈՒ-ի զրահատեխնիկան խփվել կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել: Առավոտյան ժամը 10-ին մոտ անակնկալ խփվել է տանկերից մեկը, որոշ ժամանակ ընդհատվել են ռազմական գործողությունները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դեպի հարմարավետ դիրքեր: Մարտերը վերսկսվել են մայիսի 8-ի ամբողջ ցերեկը և գիշերը` մինչև ադրբեջանցի զինյալները հարկադրված լքել են դիրքերը: Ս. Թովմասյանի գլխավորությամբ` Շուշիի շրջարդմիավորման պահեստների վրա շարժվել են 6-րդ վաշտի (հրամանատար՝ Կ. Ներսիսյան), իսկ աջ թևով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամյան) զինվորները: Համատեղ ուժերով հաջողվել է տիրել նպաստավոր դիրքերի, ճանապարհի վրա իշխող բլուրներին, ինչի շնորհիվ հետ են մղվել պարբերաբար օգնության շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանվել է հակառակորդի մի քանի փոխադրամիջոց, փախուստի մատնվել մայրուղու վրա մանևրող 2 տանկ: Այնուհետև հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ: Երաժշտական գործիքների գործարանի մոտ առգրավվել է 2 հակատանկային թնդանոթ: Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6-րդ և հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր հաղթանակին:

Շուշի (արեւելյան) ուղղություն: Բերդաքաղաքի արևելյան կողմից հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու և անառիկ բնագծերում նրա պաշտպանությունը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժվար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագույն լարում: Հակառակորդն այս ճակատից սպասելով հարձակման՝ նախօրոք մեծ քանակությամբ կենդանի ուժ և սպառազինություն էր կենտրոնացրել այնտեղ: Մայիսի լույս 8-ի գիշերը 3 ուղղություններով սկսվել է հարվածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շոշ գյուղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղուլյանի հրամանատարությամբ, որը շարժվում էր ուղիղ բանտի վրա, իսկ աջ թևում Ռ. Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործել են հատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտոնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրյան), Քարաշենի (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) և կամավորական այլ ջոկատներ: Կատաղի մարտեր են ծավալվել ձախ թևում, որտեղ հայ մարտիկներին հաջողվել է վերահսկել իրադրությունը: Այստեղ աչքի է ընկել հատկապես Ա. Ղուլյանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին: Ուժերը վերախմբավորելուց և համալրելուց հետո` մայիսի 9-ինէ ժամը 13:00-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն ավարտվել է հաջողությամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շոշ գյուղից մեծ թվով բնակիչներ նույնպես մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Նրանք օգնել են վիրավորներին, փամփուշտներ հասցրել կռվողներին:

 Աջ թևի ստորաբաժանումները, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը ֆիննական տնակների շրջանում, գրավել են անասնապահական ֆերմաների առաջին շենքը, սակայն երկրորդում, որտեղ հավաքվել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիներ, կատաղի դիմադրության են հանդիպել: Հայ մարտիկներից եղել են զոհեր ու վիրավորներ: Բայց, ի վերջո, հաջողվել է ոչնչացնել հակառակորդի ուժերը: Այնուհետև, ավտոբազայից անցնելով, այդ ջոկատները հարձակումը շարունակել են 4-րդ վաշտի ստորաբաժանումների հետ համատեղ:

 Լաչինի (հարավային) ուղղություն: 2-րդ և 3-րդ վաշտերի (հրամանատարներ՝ Հ. Ծատրյան, Ա. Խաչատրյան), Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Հ. Ստեփանյան) մարտիկները, դաշնակցականների էջմիածնի դասակի (հրամանատար՝ Հ. Աբրահամյան) աջակցությամբ, հանկարծակի գրոհով տիրել են Քիրս լեռան ստորոտում գտնվող հակառակորդի ռազմակայանին՝ առգրավելով 1 ՄՄ-21 կայանք, 1 տանկ, 1 զրահամեքենա, զենք ու զինամթերք: Սզնեքի, «Քիրսի», Քարինտակի և Արտաշատի այլ կամավորական ջոկատներ, հարձակման անցնելով Նաբիլարի, Կարմիր-քարի և Տիսկած-քերծի դիրքերի ուղղությամբ, դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի: Այդ ճեղքումը հնարավոր է եղել 2-րդ վաշտի զրահատեխնիկայի հարվածային խմբի օգնությամբ: Ակնաղբյուրի ու Սարուշենի միացյալ (հրամանատար՝ Ա. Ղարամյան), աֆղանցիների (հրամանատար՝ Ն. Չախոյան), «Մերգելյան» (հրամանատար՝ Ա. Հարությունյան) և Բյուրեղավանի (հրամանատար՝ Վ. Ղարսոյան) ջոկատները, լայն շրջանցումով, Զառսլու գյուղի ուղղությամբ դուրս են եկել Շուշի-Լաչին ճանապարհի մատույցները:

 Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլյանի և Վ. Բալայանի հրամանատարությամբ, խնդիր ունեին բերդաձորցի մարտիկների ուղեկցությամբ շրջանցել Շուշին ու Զառսլուն և հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին: Մարտերն արդեն ընթանում էին Շուշիի մատույցներում, սակայն շրջանցող այդ խմբերին հաջողվել է հասնել ընդամենը Զառսլուի բարձունքներին: Թեև նրանց չի հաջողվել իրագործել առաջադրված խնդիրը, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակա բարձունքներին նրանց հայտնվելը կատարյալ է դարձրել փախչող հակառակորդի խուճապը: Այղպիսով` հարավային (Լաչինի) ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում հաջողվել է շեղել հակառակորդի ուշադրությունը գլխավոր՝ Շուշիի ճակատից, հակառակորդի նահանջի ճանապարհը փակելու սպառնալիքով բազմապատկել նրա խուճապը, զրկել ադրբեջանական հրամանատարությանը Զառսլուում ուժերի վերախմբավորում կատարելու և հակահարձակման անցնելու հնարավորությունից:

 Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն: Այս ուղղությամբ հայկական ուժերը հետապնդել են 2 նպատակ՝ կանխել և ստեղծել խուճապային դրություն, շեղել հակառակորդի ուշադրությունը, ապահովել Շուշիի վրա հյուսիսից հարձակվող ուժերի թիկունքը: Եվ քանի որ այդ ուղղությամբ կենտրոնացված էին հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ու սպառազինություն, իսկ տեղանքը բավական բարդ էր, ուստի հարկ է եղել այնտեղ տեղաբաշխել մարտունակ ու շարժուն ստորաբաժանումներ: Նրանք նախատեսված էին նաև, հարկ եղած դեպքում, արագ հետ քաշվելու և Շուշիի ուղղությամբ օգնության հասնելու համար: Այգեստանի վաշտի 3 դասակներին, «Կումայրի» և «Արամո» ջոկատներին, շտաբի դիվերսիոն-հետախուզական խմբին, Մեհտիշենի ջոկատին (հրամանատար՝ Ս. Հակոբյան)՝ Ս. Օհանյանի ընդհանուր հրամանատարությամբ, հաջողվել է մտնել թշնամու դասավորության խորքերը, գրավել 1 ականանետային, 1 ՀՄՄ-21 և 3 հրանոթային կրակադիրքեր, վերահսկողության տակ առնել Ջանհասան գյուղը, դեպի Քյոսալար ու Կարագյավ տանող ճանապարհները: Հակառակորդը կանխազգալով պարտության վտանգը՝ Շուշիից զգալի քանակությամբ ուժեր է հանել ու նետել Ջանհասանի ճակատ՝ թուլացնելով Շուշիի պաշտպանությունը: Միաժամանակ համալրելով ու վերախմբավորելով ուժերը՝ զրահատեխնիկայի աջակցությամբ անցել է հակահարձակման. զոհեր են եղել «Կումայրի» ջոկատից: «26-ի դիրքերում» և շրջակայքում տեղակայված 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը և այլ ստորաբաժանումներ (Յու. Հովհաննիսյանի ընդհանուր հրամանատարությամբ) այդ ընթացքում հուսալիորեն փակել են ճանապարհը, որ Ջանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկվեն: Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատույցներին, ստացվել է նահանջի հրաման: Կազմակերպված նահանջի ու համառ դիմադրության շնորհիվ հակառակորդի մեծաթիվ ուժերը գամված են մնացել հյուսիսարևմտյան ճակատում, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարությանն այդպիսով հաջողվել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխավոր հարվածի ուղղությունից դուրս բերել զգալի թվով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Շուշիի ազատագրման պլանը 1992-ի մարտ-ապրիլ ամիսներին խիստ գաղտնիության պայմաններում կազմվել է ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի, Ֆելիքս Գզողլյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգըսյանի, Գուրգեն Դալիբալթայանի, Լեոնիդ Մարտիրոսովի և այլոց գործուն մասնակցությամբ: Այն կազմվել է հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները վերջնականորեն ճշգրտելուց հետո: Ըստ հետախուզության տվյալների' Շուշիում և նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էր հակառակորդի մոտ 2500 զինվոր: Այնինչ` 40 կմ երկարությամբ ճակատում մենք ունեինք ընդամենը 3500 կամավորական, և դա այն պարագայում, երբ հարձակվող կողմը պաշտպանվող կողմից պետք է ունենա նվազագույնը 3 անգամ շատ անձնակազմ:

 Այս առումով Շուշիի ազատագրումը աներևակայելի էր ռազմագիտական առումով ևս.Շուշին իր դիրքով ու բնական ամրություններով պաշտպանության համար, կարելի է  ասել, իդեալական պայմաններ ունեցող կարևորագույն հանգույց է, որտեղ հակառակորդն ուներ ռազմատեխնիկական ու սպառազինությունների ահռելի առավելություն, իսկ մարդկային ռեսուրսնեը համարյա հավասար էին: Այնինչ` անհամեմատելի էին կողմերի կորուստները:

Շուշիի ազատագրմամբ «Հարսանիքը լեռներում» գործողությունը չավարտվեց: Դրան հաջորդեց Լաչինի մարդասիրական միջանցքի բացման գործողությունը, որով ճեղքվեց ԼՂՀ շրջափակման օղակը, և մայիսի 18-ին բացվեց Արցախը Հայաստանին միացնող կյանքի ճանապարհը: Շուշիի ազատագրումը դարձավ մեր հերոսական ազատամարտի հաղթական ավարտի հաղթական մեկնարկը: Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը՝ այն դարձավ նաև հետագա հաղթանակների բանալին:

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica