close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության այս նոր փուլն ավելի է սրելու իրավիճակը տարածաշրջանում

Տարածաշրջան

9 Ապրիլի 2019, 15:31
 Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության այս նոր փուլն ավելի է սրելու իրավիճակը տարածաշրջանում

ԱՄՆ-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների պահակազորը «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու որոշումը վկայում է ԱՄՆ-ի իշխանական շրջանակում ծայրահեղականների հաղթանակի մասին. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Alikonline.ir-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

Անդրադառնալով նման որոշում կայացնելու հիմնական պատճառներին` մեր զրուցակիցը նշեց. «Նախ` անհրաժեշտ է հիշել, որ արդեն երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է կիրառում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ` կառույցի հետ համագործակցող ընկերություններին եւ անհատներին, ինչպես նաեւ դրա բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչներին ներառելով, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Ակնհայտ է, որ նման քայլով, Թրամփի վարչակազմը մտադիր է առավելագույնի հասցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ, բնականաբար, Իրանի դեմ գործադրվող քաղաքական-տնտեսական ճնշումները:

Երկրորդ պատճառը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` տարածաշրջանային ահռելի ազդեցության եւ դերակատարության սահմանափակումն է: Աչքաթող չպետք է անել այն իրողությունը, որ ահաբեկչության դեմ պայքարի գործում իր առանցքային դերակատարության շնորհիվ Պահապանների կորպուսը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում, որի հետ ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել ԱՄՆ իշխանությունները:

Երրորդը ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցների, մասնավորաբար՝ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի պահանջների բավարարումն է: Պահապանների կորպուսի գործողությունների շնորհիվ Իրանին հաջողվել է ահաբեկչության դեմ պայքարը հեռացնել իր սահմաններից` այն տեղափոխելով Իրաքի եւ Սիրիայի տարածք: Սա կտրուկ հակասում է թե՛ Իսրայելի, թե՛ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ռազմավարությանը, որոնք ցանկացած գնով փորձում են ապակայունացնել Իրանը ներսից՝ ահաբեկչությունը տեղափոխելով Իրանի սահմաններից ներս: Պահապանների կորպուսի տարածաշրջանային գործունեության թեկուզ մասնակի սահմանափակումը կարող է որոշակիորեն նպաստել այդ ռազմավարության իրագործմանը»:

Իսկ թե ի՞նչ նպատակներ է հետապնդում այս որոշումը, Արամ Շահնազարյանը նշեց` տնտեսության ոլորտում Իրանի մանևրի հնարավորության առավելագույն սահմանափակումը`հաշվի առնելով առանցքային այն դերակատարությունը, որն ունի Պահապանների կորպուսը երկրի հիմնարար տնտեսական նախագծերում:

Հարցին, թե ի՞նչ հնարավոր հետեւանքներ է կարող ունենալ ԱՄՆ վարչակազմի այս որոշումը, նա պատասխանեց. «Նախ` պետք է ֆիքսել, որ այս որոշումը վկայում է ԱՄՆ իշխանական շրջանակներում ծայրահեղականների հաղթանակի մասին: Որոշմանը կողմ են եղել, մասնավորապես, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Փոխարենը՝ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ղեկավարությանը, այդ թվում՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժոզեֆ Դանֆորդին մտահոգել է այն, որ նման քայլը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում տեղակայված` ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների համար: ԿՀՎ-ում եւս որոշակի վերապահումով են մոտեցել Սպիտակ տան այդ որոշման նպատակահարմարությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին»:

Մեր զրուցակցի կարծիքով` ԱՄՆ իշխանությունների այս քայլը միանշանակորեն բացասաբար է ազդելու Թեհրանի եւ Վաշինգտոնի` առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա: «Իրանն արդեն կոշտ արձագանքել է այս որոշմանը՝ ԱՄՆ-ին ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ Արեւմտյան Ասիայում այդ երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարությանը` ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով: Թեեւ դժվար, թե Իրանն այս պահի դրությամբ որոշի անցնել ողջամտության սահմանը եւ գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ԶՈւ-ի ստորաբաժանումների դեմ, այդուհանդերձ, ակնհայտ է, որ ցանկացած պահի Թեհրանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հատկապես Իրաքում եւ Սիրիայում տեղակայված` ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների համար: Չմոռանանք նաեւ լիբանանյան «Հըզբոլլահին», պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին եւ Եմենի հուսիներին, ու խճանկարը կհամալրվի»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության այս նոր փուլն ավելի է սրելու իրավիճակը տարածաշրջանում, իսկ սա լինելու է ԱՄՆ վարչակազմի որոշման ամենաանմիջական հետեւանքը:

Զրույցի վերջում նա անհրաժեշտ համարեց ամրագրել եւս մի փաստ` վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայության պատմությունը եւ ընթացքը հուշում են, որ թեեւ նախաձեռնությունը հիմնականում Վաշինգտոնին է պատկանել, սակայն դրա ավարտն ու վերջնական հանգուցալուծումը մեծապես Թեհրանի կամքով ու ցանկությամբ է պայմանավորված եղել, ինչը չի կարելի բացառել նաեւ այս անգամ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica