close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կան բառեր, որոնք ինձ համար համոզիչ են, բայց չեմ ասում, որովհետև այլ պրոցեսներ կարող են տեղի ունենալ. Սանասարյան

Քաղաքական

21 Մարտի 2019, 15:23
 Կան բառեր, որոնք ինձ համար համոզիչ են, բայց չեմ ասում, որովհետև այլ պրոցեսներ կարող են տեղի ունենալ. Սանասարյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է եզրակացություն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննություն էր սկսել՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա։

Ինքը՝ Դավիթ Սանասարյանը, համաձայն չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման հետ:

«Ես անձամբ համաձայն չեմ, և մենք մեր կառույցի իրավաբանների հետ խորհրդակցել ենք և  համաձայն չենք: Նախ` պետք է վարույթ չհանձնվեր: Բայց ուրախ եմ, ամեն դեպքում, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, և ես ամեն ինչ կանեմ ու ամեն ձևով կնպաստեմ, որ ոչ միայն այդ  հանձնաժողովը, այլև մնացած կառույցները ևս իրենց իրավասության շրջանակներում գործեն»,– կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սանասարյանը՝ շեշտելով, որ նախկինում  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ըստ էության, չի գործել, ինչի մասին վկայում է պաշտոնյաների վերաբերյալ ընդունված որոշումների քանակը:

«Նրա այդ ֆունկցիան ընդամենը մի քանի պաշտոնյայի վերաբերյալ է եղել: Հիմա իմ շնորհիվ չէ, Արամ Սիմոնյանի շնորհիվ սկսեց գործել»,-շեշտեց նա՝ վստահեցնելով, որ դատական կարգով վիճարկելու է Էթիկայի հանձնաժողովի որոշումը:

Հարցին՝ եթե դատարանը որոշի, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումը ճիշտ է, ի՞նչ հետևություն կանեք, Սանասարյանը պատասխանեց, որ ինքը հետևություններ անում է լրագրողների քննադատությունների արդյունքում, և որ դատարանի որոշումից էլ հետևություններ կանի:

«Միևնույն է՝ մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդ՝ այն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավորում չեն: Իհարկե, ողջունում եմ, որ փորձում են պետական պաշտոնյաներին վերահսկելի դաշտում պահել»,- ասաց նա:

Դիտակմանը` իր գլխին սև ամպեր են կուտակվում, Սանասարյանն արձագանքեց. «Իմ գլխին 11 տարի է` սև ամպ է կուտակվում, այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»:

Նա չհամաձայնեց դիտարկանը, թե իր դեմ հետկուլիսային պայքար կա: «Չեմ կարծում: Ես երբևէ պետական պաշտոնյա չեմ եղել, հնարավոր է` ժամանակին թույլ եմ տվել արտահայտություններ, քանի որ որպես ընդդիմադիր գործիչ պետք է ինձ պահեի։ Այնպես որ` նորմալ է այս ամեն ինչը։ Դուք ուզում եք ինձնից բառեր քաշել, որոնք ավելի ինտրիգային կլինեն, իսկ ես դրանք պահում եմ և չեմ ասում: Դրանք ինձ համար համոզիչ են, բայց չեմ ասում, որովհետև այլ պրոցեսներ կարող են տեղի ունենալ: Ամենակարևորն այն է, որ  բովանդակային առումով լուրջ գործեր են արվում, և այդ գործերը պետք է իրավական գնահատական ստանան»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica