close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշտում կլինեն մենաշնորհային դիրքերի մի քանի խաղացողներ. տնտեսագետը` գրավատների և փոխանակման կետերի մասին

Տնտեսական

15 Մարտի 2019, 15:08
 Դաշտում կլինեն մենաշնորհային դիրքերի մի քանի խաղացողներ. տնտեսագետը` գրավատների և փոխանակման կետերի մասին

«Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է տնտեսական բեռի ավելացում տնտեսվարողների համար. Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի պատասխանատու, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով գրավատների և  փոխանակման կետերի տարեկան դրույքաչափերի մոտ 60 անգամ, կամ, ինչպես ասում են, 6000 տոկոս ավելանալուն:

Ըստ տնտեսագետի` պարզ չէ, թե այս կերպ իրականում ինչ խնդիր է լուծվում,  որովհետև հստակ չէ` ինչ փաթեթով ենք ուզում կարգավորել ոլորտը, որին ենթարկվում է մոտավորապես 230 փոխանակման կետ ու 130 գրավատուն:

«Պետք է հստակեցնել, թե այս փոփոխություններով ինչ խնդիր է լուծվում. ոլո՞րտն են ուզում կարգավորել, թե՞ պետական բյուջեի մուտքերն են ուզում ավելացնել: Երկու դեպքում էլ խնդրահարույց վիճակ է: Տնտեսվարողների մի մասը կդադարեցնի գործունեությունը` չդիմանալով մրցակցությանը, մի մասն էլ ստվեր կտեղափոխվի, ու կվերադանանք 1990-ականների սկիզբը, երբ ամեն ինչ իրականացվում էր գրանցումից դուրս, ընդհատակյա: Այդ պարագայում խնդիրներ կստեղծենք հարկային վարչարարության փաստաթղթավորման, դրանց հայտնաբերելու ու հարկման դաշտ բերելու առումով»,- ասաց Գրիգորյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խնդիրը, որ դրված է օրենսդրական փոփոխության հիմքում, թե պետք է պարզեցնել տնտեսական ընթացակարգերը, ճիշտ հակառակ ձևով է գործելու: Ինչո՞ւ, որովհետև այն կարող է հանգեցնել մենաշնորհների առաջ գալուն: «Որոշ ընկերություններ խոշորացման կգնան, որոշները կփակվեն: Դաշտում կլինեն մենաշնորհային դիրքերի մի քանի խաղացողներ: Օրենսդրական փաթեթների հետևում Կենտրոնական բանկն է, բայց այդ կառույցի գործառույթը դրանով զբաղվելը չէ»,- ասաց տնտեսագետը:

Նրա առաջ քաշած մտահոգություններից մեկն էլ այն  է, որ փոփոխություններից հետո մարզերի ու Երևանի համաչափ զարգացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև պետական տուրքի գոտիավորում գոյություն չունի: «Մենք ունենք մի պատկեր, որ տարբեր տնտեսական ակտիվություն ունեցող բնակավայրեր` բնակչության տարբեր խտությամբ, պետական նույն տուրքի սեգմենտում են գործելու: Օրինակ` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող գրավատունը և Մեղրիում գործող գրավատունը չեն կարող նույն տուրքը մուծել, ու բնական է, որ պետք է ստվեր գնան»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Ըստ նրա` հարկային քաղաքականության իրականացման հիմքի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է կիրառվի սկզբունք, որի հիմքը մի մեծ բանաձև է: «Այդ բանաձևի մեջ տարբեր բաղադրիչներ կան` նվազագույն  աշխատավարձի չափ, նվազագույն կենսապահովման զամբյուղի չափ, երկրում գործազուրկների թիվ, տնտեսական ակտիվության ցուցանիշ և այլն: Այս բոլոր բաղադրիչներով ու ոսկե միջինով պետք է լուծվեր այս խնդիրը, այս փիլիսոփայության հիման վրա պետք է կառուցվի Հարկային օրենսգիրքը, որն ընդունելի է բոլորի համար: Ի վերջո, պետական եկամուտներ հավաքագրելու իմաստն այն է, որ պետությունը որոշակի գործառույթներ ու պոզիտիվ պարտավորություններ կատարի նաև թույլ և որոշ խոցելի սեգմենտի համար, որ նրանց կյանքի որակը լավանա կամ գոնե փոխվի դրական ուղղությամբ: Իսկ մեր երկրում ի՞նչ ենք անում. համահարթեցնելով եկամտային հարկի դրույքաչափն ու բոլորին հարկելով նույն դրույքաչափով` ամեն բան տանում ենք նրան, որ բարձր եկամուտներ ստացողներն ավելի կհարստանան, ցածր եկամուտներ ունեցողներն ավելի կաղքատանան: Պետք է ներդնել պրոգրեսիվ հարկման համակարգ»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը` ավելացնելով, որ դա սոցիալիական բևեռացման  է հանգեցնելու:

Ըստ նրա` նախատեսվում է նաև շահութահարկի գծով երկու տոկոսային կետի իջեցում: «20 տոկոսից 18 տոկոս և անուղղակի հարկերի բարձրացում, այսինքն` ուղղակի հարկերն իջեցնելով` մենք հարկերի բեռն ու պետական բյուջեի պակասորդի լրացումը տեղափոխում ենք սպառման դաշտ, որի շահառուները նաև սոցիալական խոցելի խմբերն են: Մեր երկրում չունենք նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով չհարկվող եկամուտի գաղափար, որ գոնե մարդուն ասենք` ստացած եկամուտից այդ նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով հարկը մի' տուր, դու դրանով քո հարցը լուծի, որ սոցիալական վատ վիճակի մեջ չհայտնվես: Բացի այդ` մինչև 2023 թիվը  շեմը 23 տոկոսից որոշել են դարձնել 20 տոկոս, բայց, դրան զուգահեռ, վերականգնվելու է կուտակային կեսաթոշակների այն 2.5 տոկոսը, որ պետությունն իր վրա էր վերցրել: Այսինքն` քաղաքացին կուտակային կենսաթոշակների համար կրկին 5 տոկոս է վճարելու»,- բացատրեց Գրիգորյանը:

Ըստ նրա` խնդիրներ են հարուցվում նաև զովացուցիչ ըմպելիքների շուկայում, այս ոլորտում նույնպես կլինեն թանկացումներ, որից կտուժի սպառողը, զուգահեռաբար, կարող են լինել գործունեությունը դադարեցնող ընկերություններ, քանի որ առաջարկվող փաթեթով նախատեսվում է կիրառել ակցիզային հարկ` մեկ լիտր ըմպելիքի համար սահմանելով 30 դրամ դրույքաչափ:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica