close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդի նեոլիբերալ մոտեցումները տնտեսական կարգավորումների նկատմամբ. Թադևոս Ավետիսյան

Հասարակություն

15 Մարտի 2019, 14:32
 Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդի նեոլիբերալ մոտեցումները տնտեսական կարգավորումների նկատմամբ. Թադևոս Ավետիսյան

Օպերայի թատրոնի հարակից տարածքում տեղակայված սրճարանների խնդրի պարագայում ամենակարևորը իրավական հիմնավորումներն են. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Քաղաքացիա-իրավական հարաբերությունների վեճերը, ըստ օրենքի, պիտի լուծվեն դատական կարգով: Մեզ ավելի շատ հետաքրքրում են աշխատողները, որոնք այսօրվանից իսկ չեն աշխատում: Կարևոր չէ` 5, թե 10, 100 կամ 300 է աշխատակիցների թիվը, որովհետև կարգավորման և աշխատողների իրավունքի տեսանկյունից առավել կարևոր է մոտեցումը: Ինչ վերաբերում է մարդկանց, ապա այս պարագայում, իհարկե, կարևոր է թիվը, քանի որ յուրաքանչյուր` աշխատանքից ազատվող մարդու հետևում ընտանիք է: Պետությունը ոչ թե պետք է բարի կամք դրսևորի`ասելով` մեր պարտավորությունը չէ, բայց կօգնենք, այլ դրա համար կան մշակված գործիքներ, առանձին քաղաքականություն և պետական բյուջե ներդրված միջոցներ: Վերջապես, գործող օրենքում հստակ ամրագրված է, որ պետությունը` հանձին իր լիազոր մարմնի, երբ, անկախ պատճառներից, կա աշխատանքից ազատման ռիսկ ունեցող քաղաքացի, իր ֆինանսական միջոցներով և աջակցությամբ պետք է լինի այդ մարդու կողքին»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է  գործազրկության բարձր մակարդակին և, առհասարակ, սոցիալական պետության դերին,  նա ասաց. «Սահմանադրությամբ` սոցիալական պետություն ունենք, քրոնիկ մեծ գործազրկություն և աղքատության բարձր մակարդակ, անհամաչափ զարգացում, և այս խնդիրների համատեքստում կարևոր է պետության դերը: Պարզ և ակնհայտ է, որ տնտեսությունը կարգավորելու նպատակով արված ցանկացած տնտեսական բարեփոխում  պետք է առաջնահերթ ունենա սոցիալական ազդեցության լիարժեք գնահատական և բացասական սոցիալական արդյունքները մեղմելու կոմպոնենտ: Առանց դրա` միանշանակ ունենալու ենք ձախողումներ: Նախագծում ակնհայտ խնդիրների պատասխանները չենք տեսնում, որոնք սոցիալական ներառական զարգացման համատեքստում են, և հարկային բեռի բարձրացման հետևանքով տեսնելու ենք` աշխատանքից դեպի նպաստ, ոչ թե` հակառակը, տեսնելու ենք գործազրկության ավելացում, ստվերն է ավելանալու, և ուժեղները կհաղթեն թույլերին»:

Ավետիսյանը պնդեց նաև, որ վերոնշյալ փոփոխությունները չեն կարող գնահատվել որպես բիզնես խթանող: «Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդի նեոլիբերալ մոտեցումները տնտեսական կարգավորումների նկատմամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով կառավարության ծրագրի սոցիալական գնահատմանը` տնտեսագետն ասաց, որ գաղափարներ են բերվում միջազգային փորձից, թե` այս երկրում այսպես է, իսկ մյուսում`այնպես, մոռանալով, որ այդ լուծումը, որն արդյունք է տվել տվյալ երկրում, մեր դեպքում կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Թադևոսյանն այն կարծիքին է, որ պետության դերը տնտեսության կարգավորման հարցում պետք է ուղղված լինի աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք միայն թիրախավորել ենք այն, որ նոր աշխատատեղեր պետք է ստեղծել, բայց աչքաթող ենք արել զբաղվածության խթանման մյուս կարևորագույն կոմպոնենտը`աշխատատեղերի կայունությունը: Սրանք ոչ միայն ներառական զարգացման հիմնական կոմպոնենտներն են, այլև մեր օրենդրության պահանջը: Աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանված է աշխատանքային կայունության սկզբունքը, որը պետք է լինի սոցիալական զարգացման հիմքում:

Մյուս կարևորագույն սկզբունքը վերաբերում է զբաղվածության քաղաքականությանը: Այստեղ հստակ նախանշված է, որ մենք ոչ թե միայն հետևանքը պիտի լուծենք, այսինքն`սպասենք, որ մարդը դառնա գործազուրկ, այլ հստակ ամրագրված է, որ պետք է ունենանք կանխարգելիչ գործառույթ` աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք պիտի լինեն պետական պաշտպանության և հոգածության ներքո: Այս ամենի համար կան զբաղվածության ծրագրեր, պետական պարտավորություն և պետական բյուջեով նախատեսված միջոցներ, որոնք, ցավոք, 2019 թվականի պետական բյուջեում չեն ավելացել»,- ասաց նա:

Տնտեսագետն անդրադարձավ նաև հարկային համակարգի փոխոխություններին` շեշտելով, որ դրանք սոցիալամետ չեն: «Սրանք սոցիալական ներառական զարգացմանը ոչ թե համարժեք կամ հարիր չեն, այլ ուղղակի հակասում են: Անուղղակի հարկեր վճարում է յուրաքանչյուր քաղաքացի, իսկ դրանց բարձրացումը նշանակում է սոցիալական բեռ: Այս հարկերը վճարում են նաև սոցիալապես անապահով ընտանիքները: Երկրորդ կարևոր բաղադրիչը, որը տանում է սոցիալական բարեփոխումների թուլացմանը, համահարթեցումն է: Այսինքն` համեմատաբար ավելի բարձր եկամուտ ունեցողները պետք է վճարեն նույնչափ հարկ, որչափ աշխատող աղքատները: Այս բարեփոխումների մյուս թերությունն այն է, որ իրականում հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար չի փոխվում կամ շատ չնչին է փոխվում, բայց էապես փոխվում է բարձր եկամուտ ունեցողների համար: Պատկերավոր ասած` հարկային բարեփոխումներ միայն հարուստների համար: Այո’, սոցիալական և ներառական պետությունը ցանկացած հարկային բարեփոխում  պիտի դիտարկի հենց այս տեսանկյունից, այսինքն` առաջնային պիտի ավելանան ավելի ցածր եկամուտ ունեցող մարդկանց իրական եկամուտները, բնականաբար, ավելի դանդաղ` համեմատաբար բարձր եկամուտ ունեցողներինը: Այս նույն մոտեցումների շրջանակներում այսօր էլ, վաղն էլ տեսնելու ենք անուղղակի հարկերի բարձրացում, քանի որ դեռևս եկամտահարկի դրուքաչափը չի իջեցվել»,- եզրափակեց Ավետիսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica