close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում տեղի կունենա Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը

Մշակույթ

14 Մարտի 2019, 19:00
 Երևանում տեղի կունենա Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը

Լույս է տեսել ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտ. թեկնածու, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրությունը (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ), որի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 13:00 ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում։  

Գիրքը հրատարակվել է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորմամբ։ Գրքի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյան, իսկ գրախոսները` պ. գ. դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բ. գ. թ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պ. գ. թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:

Սույն ուսումնասիրությունը կատարվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» շրջանակում։

Մենագրության մեջ (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։

Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։

Այս մատյաններն աներկբա հաստատում են, որ Համշենը եղել հայոց հոգևոր թեմերից մեկը և կարևոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել Քրիստոսի վարշամակը և Սուրբ Նշանները։

Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով և զարդանախշերով ծաղկած այս բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։

Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։

Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Լ. Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։

Շնորհանդեսի վերջում տեղի կունենա բացառիկ համերգ, որի ժամանակ կհնչեն Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։

Մուտքն ազատ է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica