close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որեւէ պարագայում չպետք է առիթ տալ Ադրբեջանին Հայաստանը ոչ բանակցելի կողմ ներկայացնելու համար. Արսեն Համբարձումյան

Հարցազրույց

13 Մարտի 2019, 10:54
 Որեւէ պարագայում չպետք է առիթ տալ Ադրբեջանին Հայաստանը ոչ բանակցելի կողմ  ներկայացնելու համար. Արսեն Համբարձումյան

Հայաստանի  նոր իշխանությունները Մադրիդյան սկզբունքները ժառանգություն են ստացել, բայց այնպես չէ, որ տեղյակ չէին այդ ժառանգության մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե ինքնին սկզբունքներն են, այլ այդ սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման մոտեցումներն ու առաջարկվող ճանապարհային քարտեզը։

«Այս առումով վերապահումներ միշտ էլ եղել են, տարիներ շարունակ անարդյունք բանակցություններն ու ստատուս քվոյի պահպանումը դրա վկայությունն են։ Նոր իշխանությունները այդ հնարավորությունը ունեին եւ ունեն վերատեսության ենթարկելու նախկինում ինչ-ինչ հանգամանքների բերումով որդեգրված եւ իրենց չարդարացրած որոշ մոտեցումներ։ Այս առումով պաշտոնական Երեւանի քայլերը պետք է բխեն հստակ եւ լավ մշակված հայեցակարգից, հակառակ պարագայում ամենալավ մղումներից ելնելով անգամ կարելի է ձախողվել կամ ծուղակն ընկնել»,- հայտարարեց Արսեն Համբարձումյանը:

Նա ընդգծեց, որ առհասարակ, հայեցակարգային առումով հայկական կողմի (կողմերի) մոտեցումների որոշակի վերանայումները պետք է առնչվեն ոչ միայն Արցախի ինքնորոշման հարցին, այլ նաեւ անվտանգության եւ սահմանների խնդիրներին։

«Ներկայիս հարափոփոխ մարտահրավերների պարագայում ժամանակը չի սպասում, անհրաժեշտ է հստակ հայեցակարգ որդեգրել եւ հետեւողական քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառնալիքները, ինչպես նաեւ ռազմական գործողությունների սանձազերծման վտանգները նկատի ունենալով` մենք պետք է հստակեցնենք մեր գործողությունները թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում։ Արցախը մեր ժողովրդի ու մեր պետականության լինելիության գրավականն է, եւ այս առումով մենք նահանջի տեղ չունենք։ Համազգային մոբիլիզացիան այլընտրանք չունի»,-ասաց նա:

Հարցին, թե եթե բանակցային գործընթացում հայկական կողմը կոշտացնում է դիրքորոշումը Մադրիդյան սկբզունքների վերաբերյալ կարո՞ղ է դա հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման, ՀՅԴ Բյուրոյի անդամն ասաց. «Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կոշտ կամ մեղմ դիրքորոշումներով չէ, որ պայմանավորված է։ Անշուշտ, բանակցությունների դուռը փակելու հարց չպետք է լինի, եւ դիվանագիտությունը հենց դրա համար է։ Որեւէ պարագայում չպետք է առիթ տալ Ադրբեջանին Հայաստանը ոչ բանակցելի կողմ  ներկայացնելու համար։

Հայկական կողմն իր տեսակետներն ու մոտեցումները հստակ, փաստարկված ու հիմնավոր ներկայացնելու հարց ունի։ Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձեւաչափի հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է ընդամենը 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա»:

Դիտարկմանը, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում, եթե հայկական կողմը, այնուամենայնիվ, առաջնորդվի Մադրիդյան սկզբունքներով եւ գնա զիջումների, նա պատասխանեց. «Ես կգերադասեի քննարկել այլ սցենար.  ի՞նչ է պետք անել առանց զիջումների զարգանալու համար»:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica