close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հարուստների կողմից վճարվելիք հարկերը կրճատում է, իսկ բյուջեի պակասորդը փորձում լրացնել փոքր ու միջին բիզնեսի հաշվին. Սուրեն Պարսյան

Տնտեսական

12 Մարտի 2019, 13:23
 Կառավարությունը հարուստների կողմից վճարվելիք հարկերը կրճատում է, իսկ բյուջեի պակասորդը փորձում լրացնել փոքր ու միջին բիզնեսի հաշվին. Սուրեն Պարսյան

2016 թվականին Հարկային օրենսգիրքն ընդունելիս նպատակ կար բիզնես հանրության համար ստեղծել երկարաժամկետ իրավական կայուն դաշտ, որը երաշխիքներ էր ապահովում: «Այսօր գործող կառավարությունը հարկային փոփոխությունների փաթեթ է նախատեսում ԱԺ բերել, որի փիլիսոփայությունը սա է՝ հարուստները պետք է ավելի լավ ապրեն, որպեսզի երկիրը զարգանա և հզորանա: Այս տրամաբանությունից էլ բխում է եկամտային հարկի համահարթեցման առաջարկը, ինչը ենթադրում է հարուստների կողմից վճարվելիք հարկերի կրճատում մոտ 22 միլիարդ դրամի չափով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին նախագծին:

Ըստ նրա` պետական բյուջեում առաջանում է պակասորդ, քանի որ հարուստները սկսելու են ավելի քիչ վճարել, և այդ կրճատված հարկերը կառավարությունը նախատեսում է փոխհատուցել փոքր և միջին բիզնեսի ու ամբողջ հասարակության հաշվին: «Այս փիլիսոփայությունից ելնելով է, որ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և  լրացումների փաթեթը: Հարուստներին զիջված հարկային բեռը փոխանցվում է փոքր ու միջին բիզնեսին և հասարակությանը: Եվ այստեղ է անարդարությունը,- շեշտեց տնտեսագետը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և  լրացումների փաթեթի՝ գրավատների համար նախատեսված պետական տուրքը, որը հիմա 100.000 դրամ է, բարձրացվելու է 6 միլիոն դրամի, իսկ փոխանակման կետերի դեպքում` 50.000 դրամը դառնալու է 3 միլիոն, այսինքն՝ մոտ 60 անգամ պետական տուրքերը բարձրանալու են, ինչի համար որևէ տնտեսական և սոցիալական հիմնավորում չկա նախագծում:

«Այս բարձրացումը նպաստելու է պետական բյուջե լրացուցիչ մուտքերին և այս դաշտի խոշորացմանը: ԿԲ-ի տվյալներով՝ ներկայումս 128 լիցենզիա է տրված գրավատնային գործունեության մասով, իսկ 229 լիցենզիա՝ փոխանակման կետերի: Պետական տուրքի բարձրացման արդյունքում մենք կունենանք այս ոլորտի համակենտրոնացում կամ մենաշնորհացում, ինչից հիմնականում կշահեն խոշոր և միջին բանկերը. այսօր մենք ունենք 17 բանկ: Այսինքն՝ այս բարձրացումից կշահի բանկային ոլորտը, իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Նշեմ, որ ԿԲ-ի լոբբինգի արդյունքում է այդ նախագիծը մտել հարկային բարեփոխումների փաթեթի մեջ: ԿԲ-ն տարիներ շարունակ խստացնում է իր պահանջները գրավատների և փոխանակման կետերի մասով, և սա նրա հերթական խստացումն է: Երկրորդ՝ ոլորտի համակենտրոնացման արդյունքում տեղի է ունենալու այս ծառայությունների գծով վճարների աճ, և շուկայում գործելու են մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, ու նրանց կողմից սահմանվելիք գները լինելու են մենաշնորհային, իսկ հասարակությունը ստիպված է լինելու ավելի շատ վճարել փոխանակման ծառայությունների և գրավատների մասով: Երրորդ՝ ունենալու ենք ստվերայնության աճ, քանի որ բարձր տուրքերի դեպքում այս տնտեսվարողների մի մասն անցնելու է ստվերային դաշտ, ինչն ավելի ձեռնտու է լինելու: Այսինքն՝ փոխանակման կետերի դեպքում չեն վճարի 3 միլիոնը և ձեռքի վրա կիրականացնեն փոխանակումը, ինչը մեզ հայտնի է 1990-ականներից, որը հետո քաղաքակիրթ դարձավ»,- մանրամասնեց Պարսյանը:

Նա հավելեց, որ գրավատների և փոխանակման կետերի համար պետական տուրքի բարձրացման դեպքում ունենալու ենք նաև համակենտրոնացում Երևանում և մարզկենտրոններում, ինչը չի նպաստում մարզերի և համայնքների համաչափ զարգացմանը, և որ առկա 17 բանկերը շարունակելու են գործել` ցածր տուրքեր վճարելով, օրինակ՝ մասնաճյուղ բացելու համար սահմանված է 350.000 դրամ պետական տուրք, որտեղ կարող են նաև արժույթի փոխանակմամբ զբաղվել: 

«Ճիշտ կլիներ, եթե այս տուրքը սահմանվեր` գոտիականացումից ելնելով, այսինքն՝ գոտիավորում իրականացվեր, և մարզկենտրոններից դուրս տուրքն ավելի ցածր սահմանվեր»,- շեշտեց Պարսյանը:

Ըստ նրա՝ գրավատների մասով այն պատճառաբանությունը, թե դրանք վաշխառուական գործունեություն են ծավալում և բարձր տոկոսադրույքներ պահանջում, սխալ թեզ է, քանի որ անտեսվում է բանկերի վաշխառությունը, ավելին` բանկերը սպասարկման և ապահովագրական վճարներ էլ են վերցնում: 

«Ապառիկ գործարքների դեպքում շատ հաճախ 30-40 տոկոսի է հասնում բանկերի կողմից պահանջվող վճարների մեծությունը, ինչը ոչնչով չի զիջում գրավատներին»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ պետական տուրքի մասով այս փոփոխությունը հանգեցնելու է նաև եկամուտների կենտրոնացման, ինչը հակասում է ներառական տնտեսական աճի հասնելու` կառավարության տեսլականին:

«Այս կառավարությունը դեռ չի հրապարակել տնտեսական իր մոդելը, սակայն որոշել է առանձին ուղղություններով բարեփոխումներ իրականացնել: Դա նույնն է, որ դեռ չես որոշել` ինչ մեքենա ես ձեռք բերելու, բայց անվադող ես ձեռք բերում: Այս կառավարությունն այս տրամաբանությամբ է շարժվում, ինչը հանգեցնելու է տնտեսական վիճակի վատթարացման»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն:

Հարցին՝ կառավարության` վերը նշված գործողությունների փիլիսոփայությունը բխո՞ւմ է տնտեսական հեղափոխության տրամաբանությունից, Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ պետական տուրքերի բարձրացման նախագիծը բխում է ԿԲ-ի կողմից առաջ քաշվող քաղաքականությունից, իսկ ԿԲ-ն ստեղծված չէ տնտեսական հեղափոխությունների համար:

«ԿԲ-ն դեմ է տնտեսական հեղափոխություններին, քանի որ նրա հիմնական գործառույթներից մեկը գների և ֆինանսական համակարգի  կայունության ապահովումն է, և այս կայունությունից ելնելով` բնականաբար, տնտեսական հեղափոխություններ չեն կարող լինել: ԿԲ-ն տանում է իր կուրսը, որը տարիներ շարունակ իրականացնում է, և այս կառավարությունը, ցավոք, չունի տնտեսական այն  թիմը, որը պատրաստ է մշակել և իրականացնել տնտեսական իր քաղաքականությունը: Առհասարակ, տարիներ շարունակ խնդիր ենք ունեցել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության և կառավարության տնտեսական քաղաքականության միջև ներդաշնակություն ստեղծելու հարցում: Կառավարությունները, տնտեսական բլոկի ներկայացուցիչները գալիս էին և գնում` կարճաժամկետ կտրվածքով, սակայն ԿԲ-ն և նրա թիմը  շարունակում էր գործել, և նրա մոտեցումները երկարաժամկետ կտրվածքով կյանքի են կոչվում: Այստեղ է մեր տնտեսության հիմնական խնդիրը, մինչդեռ` կառավարության տնտեսական քաղաքականությունն ավելի ուժեղ պիտի լինի, քան ԿԲ-ինը»,- ասաց Պարսյանը:

Դիտարկմանը՝ առկա 17 բանկերի ղեկավար կազմում կա՞ն «Իմ քայլը»-ին կամ ՔՊ-ին հարողներ, համախոհներ, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, տնտեսագետն արձագանքեց, որ այդ բանկերի համասեփականատերերը դրսի կազմակերպություններ են:

«Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ»-ում է, բայց այնտեղ մենակ նա չէ, կարծեմ` Եվրոպական զարգացման բանկն էլ է բաժնետեր: Զուտ հայկական բանկ մենք չունենք: Ի դեպ, այս 17 բանկերի լոբբինգը շատ ուժեղ է ԿԲ-ի վրա, և ԿԲ-ն այս դեպքում նրանց շահերն է առաջ տանում»,- ասաց Սուրեն Պարսյանը:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica