close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պանթյուրքիստների հակաազգային առաջադրանքը. Իրանական թերթն անդրադարձել է Իրանում պանթյուրքիստական շրջանակների գործողություններին

Տարածաշրջան

10 Մարտի 2019, 14:27
 Պանթյուրքիստների հակաազգային առաջադրանքը. Իրանական թերթն անդրադարձել է Իրանում պանթյուրքիստական շրջանակների գործողություններին

Իրանական «Մարդոմսալարի» (ժողովրդավարություն) օրաթերթը մարտի 9-ի համարում անդրադարձել է Wikileaks-ի հրապարակած երկու փաստաթղթի, որոնք բացահայտում են Իրանում աշխատող պանթյուրքիստական խմբավորումների եւ գործիչների կապն ԱՄՆ կառավարության եւ հատուկ ծառայությունների հետ:

Երկրում աշխատող պանթյուրքիստական շարժման (որը ցանկանում է ճանաչվել որպես «սեփական ինքնության վերականգնմանը ձգտող շարժում») եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների կապի մասին բազմիցս բարձրաձայնել են Իրանի ճակատագրով մտահոգ գործիչները: Այս համատեքստում, հաճախ, բացահայտվում եւ հրապարակվում են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ ուղղությամբ առկա մտահոգությունները:

Wikileaks-ի հրապապարակած փաստաթղթերն այդ շարքից են, որոնք ներկայացնում են հակաիրանական այս շարժման քարոզչական գործելաոճը: Փաստաթղթերը թարգմանել է պատմաքաղաքական հարցերի հետազոտող Ա. Շեշգոլանին:

Առաջինը փաստաթուղթը «հույժ գաղտնի» մակագրությամբ զեկույց է, որը վերաբերում է 2007 թվականին Ադրբեջանցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ղ. Սաբրիի եւ ամերիկացի գործակալի/կամ գործակալների/ զրույցին, որում անդրադարձ կա Իրանի պանթյուրքիստական շարժման պարագլուխներից մեկին՝ Ա.Լ.-ին: Փաստաթուղթը տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ՊՆ-ին եւ Ազգային անվտանգության խորհրդին:

Փաստաթղթում հստակ նշված է, որ Ադրբեջանցիների համաշխարհային խորհուրդը ֆինանսավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ըստ Սաբրիի՝ ադրբեջանական իշխանություններն առանց Իրանի կառավարության մոտ զգայնություն առաջացնելու, փորձում են իր ղեկավարած կառույցը (ինչպես նաեւ նմանատիպ այլ կազմակերպություններն) օգտագործել Իրանի ազերիներին օգնություն տրամադրելու համար:

Նման միջնորդ կազմակերպությունների միջոցով, Բաքուն ամսական 200 դոլար ֆինանսական օգնություն է տրամադրում Ա.Լ.-ին եւ ազերի ձերբակալված ակտիվիստների ընտանիքներին:

Նա ամերիկացի զրուցակցին/ զրուցակիցներին/ առաջարկել է ֆինանսական աջակցություն տրամադրել իր ղեկավարած կառույցին, որպեսզի կառույցն իր հերթին հնարավորություն ունենա օժանդակելու Ա.Լ.-ին եւ նրա պես այլ անձնավորություններին:

Փաստաթղթում նշված է, որ Սաբրին Հեյդար Ալիեւի մերձավորներից է եւ համարվում է Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական խորհրդատուներից մեկը:

Երկրորդը փաստաթուղթը վկայում է այն մասին, թե Իրանում գործող պանթյուրքիստական, անջատողական շրջանակներն ինչպես են փորձում իրենց գործունեությունը քողարկել իբր «մշակութային գործունեության» անվան ներքո:

Այս փաստաթութղը վերաբերում է Ա.Հ.Ա.-ի եւ ամերիկացի գործակալի հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականին Ստամբուլում կայացած Մարդու իրավունքների համագումարի շրջանակում: Փաստաթողթը «գաղտնի» է մակագրված եւ տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարությանը:

Ա. Շեշգոլանին տեղեկացնում է, որ Ա.Հ.Ա.-ն, որի մասին գրված է փաստաթղթում, ճանաչված պանթյուրքիստ է, որը նույնպես փորձում է ներկայանալ որպես «սեփական ինքնության վերականգնմանը ձգտող շարժման» ակտիվիստ: Նա ավելի քան 30 տարի է, ինչ զբաղված է տարբեր թերթերի եւ պարբերականների հրատարակությամբ: Ակտիվ է համացանցում:

Ամերիկացի գործակալի հետ զրույցի ընթացքում, նա ֆինասական օգնություն է պահանջում «Իրանի ժողովրդավարության հիմնադրամ»-ից:

Փաստաթղթի թարգամանիչը հարկ է համարել նշել, որ հիշյալ անձանավորությունը, միեւնույն ժամանակ, մամուլին տրամադրվող ֆինանսական օգնության շրջանակում, Իրանի մշակույթի նախարարությունից միլիոնների հասնող գումար է ստացել, որը ծառայեցրել է իր հակաիրանական, հակազգային եւ ազգայնամոլական պարբերականների հրատարակությանը:

Հանդիպման ընթացքում, նա ամերիկյան կողմին խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես է պետք կազմել Իրանում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությունները, որպեսզի դրանք զգայնություն չառաջացնեն Իրանի իշխանությունների մոտ:

Ուշագրավ է այն փաստը, որ զրույցի ընթացքում նա բազմիցս ակնարկել է Իրանի իշխանական շրջանակների իր «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ»:

Ա. Շեշգոլանին հարց է բարձարցնում. «Ովքե՞ր են եւ որ կառույցներում են աշխատում այն անձնավորությունները, որոնք պաշտպանում եւ աջակցում են այս անջատողականին»:

Փաստաթղթում նշված է, որ Ա.Հ.Ա.-ին մտահոգել է հանդիպման հավանական բացահայտումը: Նա, սակայն, նշել է, որ արժի նման ռիսկի գնալ, քանի որ հանդիպումը պատեհ առիթ է ստեղծել ԱՄՆ իշխանություններին ներկայացնել բոլոր այն մարտահրավերները, որոնց դեմ-հանդիման է կանգնած ազերիական շարժումն Իրանում, եւ լսել այդ կապակցությամբ նրանց կարծիքը:

Նա նշել է, որ շարժումը հիմնականում կենտրոնացած է մշակութային հարցերի վրա, քանի որ նման խնդիրները նվազ զգայունություն են առաջացնում եւ, միեւնույն ժամանակ, մանեւրի ավելի մեծ հնարավորություն են ընձեռում ակտիվիստներին: Ըստ նրա՝ քաղաքական նպատակներով անհրաժեշտ է զբաղվել ավելի ուշ:

Ա.Հ.Ա.-ն հատուկ ընդգծել է, որ քանի դեռ շարժումը չափավոր եւ խաղաղ բնույթի է, կարող է վստահ լինել Իրանի պետական շրջանակների իր «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ» լռելյայն աջակցության վրա:

Նա նշել է, որ մշակութային գործունեության շնորհիվ հնարավոր է ձեւավորել հասարակական շարժում, որը վերջում կվերածվի քաղաքական շարժման:

Ըստ նրա՝ իր ճկունությամբ եւ հաշվարկված հեռահար նպատակների շնորհիվ, ազերիական շարժումը համարվում է Իրանի ազգային փոքրամասնությունների ամենակենսունակ շարժումը: Նա տեղեկացրել է, որ Իրանի Խուզստանի արաբների ազգային շարժումը կապ է հաստատել իրենց հետ եւ փորձում է յուրացնել եւ տեղայնացնել ազերիական շարժման փորձը:

Ա.Հ.Ա-ն ամերիկյան կողմին կոչ է արել ավելի ակտիվ զբաղվել Իրանի ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով, նշելով, որ իրենք կընդառաջեն մշակութային ինքնավարության հետ կապված ցանկացած հայտարարությանը, բայց ոչ՝ քաղաքականի, որը կարող է զգայնություն առաջացնել Թեհրանում»:

Թարգմանեց՝ Արամ Շահնազարյանը` հատուկ «Yerkir.am» համար

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica