close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՈԱԿ-ների միավորումը երկրորդում է նշանակում. Արթուր Մկրտչյան

Մշակույթ

8 Մարտի 2019, 14:55
 ՊՈԱԿ-ների միավորումը երկրորդում է նշանակում. Արթուր Մկրտչյան

Կառավարության ծրագրում, թե՛ կրթության, թե՛ մշակույթի մասով, կան լուրջ բացթողումներ: Ուղենիշերի սահմանման մեջ կան էական անտեսումներ, օրինակ` ազգային քաղաքականությունը, ազգային ուղեգիծը տեսանելի չեն, ի՞նչ նպատակ է իր առջև դնում կառավարությունը: Առհասարակ, բազմաթիվ բացթողումներ կան, որ կարևոր նշանակություն ունեն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնախմբի անդամ Արթուր Մկրտչյանը:

- Կրթական քաղաքականության մեջ մեզ համար կարևոր է ազգային  դպրոցի ստեղծումն ու կայացումը: Կառավարության ծրագրի կրթությանը և մշակույթին վերաբերող բաժնում դուք չեք հանդիպի «ազգային» բառի գործածման, ինչն արդեն ցույց է տալիս, որ, ազգային արժեքների, հայրենասիրության դաստիարակման, համազգային ներուժի համախմբման տեսակետից, ուղենիշերի մեջ կան լրջագույն բացթողումներ` գումարած նախարարությունների օպտիմալացումը, ինչն իր հերթին  մեծացնում է մտահոգությունը, որ կարևոր նշանակության շատ հարցեր կարող են անտեսվել, չարժանանալ բավարար ուշադրության:

- Կառավարության ծրագրի մշակույթին վերաբերող բաժնի հիմնական բացթողումները որո՞նք են: 

- Մշակույթի բաժնում շատ կարևոր բացթողումներ կան, օրինակ՝ կառավարությունը չի ներկայացնում, թե ինչ է անելու մեր երկրի տարածքից դուրս, մասնավորապես` հարևան պետություններում գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանության ու հանրահռչակման, դրանց խնդիրները միջազգային հարթակներում վեր հանելու ուղղությամբ: Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում, օրինակ, ամեն օր ոչնչանում են հայկական մշակութային արժեքներ: Այդ ուղղությամբ մենք պետք է հստակ քաղաքականություն ու ռազմավարություն որդեգրենք, փորձենք հուշարձանների գոյության` օրավուր աճող վտանգների մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում, պահանջել դրանց գույքագրում, ուսումնասիրություն ու պատշաճ վերաբերմունք: Կարծում եմ, որ այս մասով կառավարության ծրագրում պետք է դրույթ լիներ, որովհետև եթե այդ մասին չես հիշատակում, ապա կասկած է առաջանում` դու ռազմավարություն ունե՞ս, դու խնդիրը կարևորո՞ւմ ես:

Կառավարության ծրագրում միջազգային մշակութային, ինչպես նաև համահայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի մասին նույնպես նշված չէ: Լինելով աշխարհասփյուռ ժողովուրդ` պետք է կարողանանք համագործակցել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մեր  երկրի համար կարող են մեծ գործ կատարել` սկսած հայկական հիմնախնդիրները վերհանելուց մինչև մշակութային արժեքների տարածում: Խորը փոխգործակցային աշխատանքներ պետք է կատարել, օրինակ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ: Մեծ ներուժ ունեցող այդ կազմակերպությունը, որ ներկայացված է աշխարհի 90 երկրում, համահայկական մեծ նշանակություն ունի, և եթե կառավարության աշխատանքը համակարգված, հստակ ու ուղենիշային լինի, կարող է էական արդյունք տալ:  Եթե այդ կազմակերպությունը դուրս է մնացել կառավարության ուշադրությունից, նշանակում է` այն չի կարևորվել, իսկ եթե չի կարևորվել, ուրեմն թերահավատություն կա այդ կազմակերպության նկատմամբ: Մենք ինչպե՞ս ենք կարողանալու նման լուրջ կազմակերպությունների ներուժն օգտագործել, համազգային խնդիրների ու պետության շուրջը համախմբել դրսում բնակվող մեր հայրենակիցներին, եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարը Համազգային թատրոնը, օրինակ, կուսակցական թատրոն է համարում, ինչ է թե` այն սկզբնավորվել է Համազգային հայ կրթական ու մշակութային միության օժանդակությամբ: Դա անլուրջ մոտեցում ու գիտակցում է:

- Մշակույթի նախարարությունը ոչ միայն վերոնշյալ թատրոնի, այլ նաև պետական մի շարք ՊՈԱԿ-ների մասին միավորման «սևագիր» է պատրաստել, որն այս օրերին քննարկման լայն առարկա է դարձել մշակույթի գործիչների ու հասարակության շրջանում: 

-Այս էլ որերորդ անգամ պատկան մարմիններն ասում են, թե հանրային քննարկումների միջոցով են հասնելու այս կամ այն խնդրի լուծմանը, բայց նրանց գործողությունները կարճ ժամանակ անց ցույց են տալիս, որ որևէ քննարկում չի կազմակերպվելու, և չեն էլ լսելու ոլորտի մասնագետներին ու շահագրգիռ կողմերին: Երբ հայտնի դարձավ, որ կառավարության կազմում պետք է փոփոխություններ արվեն, ասում էին, թե անպայման կխոսեն, կքննարկեն մասնագետների հետ, որոնց մեծամասնությունը դեմ է միավորմանը: Բայց կառավարությունը, փաստորեն, ողջունում է միավորման գաղափարն ու խորհրդարանին հորդորում կողմ քվեարկել այդ նախագծին` առանց այդ քննարկումների: Պետք է հստակ ծրագիր ունենալ ու կետ առ կետ քննարկել այդ ծրագրի դրույթները` պատասխանելով հարցին, թե միավորման ենթակա կառույցներն ինչո՞ւ պետք է միավորվեն: Ծայրահեղ դեպքում` օրենսդրական փոփոխություն կարելի էր անել, միավորել միայն, օրինակ, հաշվապահական, տեսչական կամ այլ ծառայությունները, որոնց մասին շատ է խոսվում, բայց ոչ` նախարարությունն ամբողջությամբ: Ճի՞շտ է, արդյոք, հուշարձանների պահպանության վարչությունը տալ, օրինակ, Քաղաքաշինության կոմիտեին, ի՞նչ երաշխիքներ, որ նման միացումներ տեղի չեն ունենա: Թե ՛Համազգային թատրոնի, թե՛ Կոմիտասի անվան քառյակի և միավորման վտանգի առաջ կանգնած մյուս կազմակերպությունների կարծիքը հաշվի չեն առել, շահագրգիռ կողմի հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել: Երբ խոսում ես մշակութային այս կամ այն օջախի միավորման կամ փակման մասին, առաջին քայլով պետք է հարգես այդ օջախում աշխատող մարդկանց, որոնք անուրանալի վաստակ ու ներդրում ունեն մշակույթի կայացման ու զարգացման գործում:

- Երբ նախարարությունները միավորելու մասին քննարկումները թեժացան, և մշակութային գործիչները սկսեցին դատափետել գաղափարը, վարչապետի մեկ հայտարարությունը` կապված մշակույթի նախարարության լինելիության հետ, լռեցրեց բոլորին: Ո՞րն է երաշխիքը, որ նույնը չի լինի նաև ՊՈԱԿ-ների դեպքում, ու դրանց միավորման դեմ արտահայտվող մտավորականները մեկ էլ հանկարծ չեն լռի: Գուցե ոչ թե օպտիմալ կառավարման, այլ քաղաքական ենթատեքստի հետ գործ ունենք:

-Կարծում եմ` քաղաքական ենթատեքստի հետ գործ ունենք, քանի որ եթե մշակույթը երկրորդվում է, հենց այնպես չի կարող լինել: Կա, այսպես ասած, մշակույթը չկարևորելու քաղաքականություն, իսկ դա տեղի է ունենում երկու պարագայում` կա՛մ մշակութային այլ արշավների ազդեցության տակ են ընկնում մարդիկ, կա՛մ չեն կարևորում մշակույթի դերը. չգիտակցելով կարող են գնալ դրա անտեսմանը, չհարգելուն, ինչի օրինակները մենք տարիներ շարունակ տեսել ենք: Մշակույթի նախարարությունը մեզ նման երկրին խիստ անհրաժեշտ է, որովհետև մենք թանգարան ենք բաց երկնքի տակ: Բացի այդ` նրա զարգացումն ու ճիշտ քաղաքականությունը կարող է առաջ մղել մյուս ոլորտները, օրինակ` զբոսաշրջությունը: Այն պատճառաբանությունը, թե մշակույթի նախարարության չլինելու դեպքում էլ մշակույթը կլինի այնպիսին, ինչպիսին կա, պրիմիտիվ մեկնաբանություն է: Եթե պետության ղեկավարները վատն են լինում, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել` թող պետությունը գոյություն չունենա, միևնույն է, ժողովուրդը կապրի այդ տարածքում: Այո, եթե նախարարությունը վատ է աշխատել, ապա պետք է մտածել աշխատանքն առավել բեղուն դարձնելու մասին, մասնագիտական լուրջ աշխատանք ծավալել, ոչ թե վերցնել ու միավորել՝ ընդ որում, չունենալով այդ միավորման հստակ չափանիշներն ու սկզբունքները: Ի՞նչ ասել է՝ երկու թատրոնն էլ նույն գործն են անում, կամ` երկու տարբեր ՊՈԱԿ-ներն էլ Կոմիտասի անվան հետ են կապված, ուրեմն նույն բանն են անում: Հրանտն էլ է Մաթևոսյան, Ռուբենն էլ, բայց մեկը գրող է, մեկը` երգիչ: Միավորումը երկրորդում է նշանակում:

- Գուցե մշակույթի գործիչներն իրե՞նք նախաձեռնող լինեին, քննարկումներ ծավալեին:

- Կարող էին, բայց պետական քաղաքականություն մշակողն ինքը պետք է նախաձեռնողը լինի, ինքն է հայտարարել միավորումների մասին: Եթե հայտարարում ես, որ միանշանակ գնալու ես այդ ճանապարհով, նշանակում է, որ քննարկումը երկրորդական է:

- Փաստորեն, նոր իշխանությունները մի կողմից պրոպագանդում են մշակութային օջախներ այցելել, մյուս կողմից` փակում են նախարարությունն ու միավորում ՊՈԱԿ-ները:

-Ցավն այն է, որ խոսքը, ձևն ավելի շատ է, քան բովանդակությունը, գործը: Կարող ենք մշակույթը պրոպագանդող հայտարարություններ անել, մշակութային կյանքով ապրելու խորհուրդ տալ, բայց գործ չանել այդ ուղղությամբ: Նման պաշտոնյաներ շատ ենք ունեցել, բայդ թե որքան են մտահոգ մշակութային քաղաքականությամբ, դա հարցի երկրորդ կողմն է: Գուցե խրախուսեն, ոգևորեն, օրինակ`  գիրք նվիրեն քաղաքացիներին, ինչը վատ չէ, բայց կառավարության ծրագրում որևէ տող չգրեն գրահրատակչության ոլորտի կարգավորման մասին: Հիշատակություն չկա նաև կինոյի օրենքի մասին, թատրոնի մասին:

- Ոլորտին ոչ այդքան քաջատեղյակության ու կոմպետենտության խնդիր է եղել, փաստորեն, կառավարության ծրագիրը գրելիս:

-Կառավարության ծրագրի կրթության ու մշակույթի բաժնում նախորդ կառավարության ծրագրից վերցված շատ բաներ կային: Պարզապես որոշ բաներ վերցրել են, ընդգրկել, որոշները` ոչ: Նույնիսկ նախորդ՝ կոալիցիոն կառավարության ծրագրում կային դետալային կետեր, թե որոշակի ժամկետում կոնկրետ ինչ պետք է իրականացվի, ինչ քայլերով են հասնելու նախանշվածին և այլն: Այդ ամենը չկա այս ծրագրի մեջ: Հնի սեղմագիր տարբերակն է: Այն տպավորությունն է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի այն կետերը, դրույթները, որոնք դուր են եկել նոր իշխանություններին, ներառվել են, մնացածը դուրս են մնացել: Օրինակ` երևի մտածել են, որ ազգային բառի գործածությունն ավելորդ է, հանել են: Մեր մտահոգությունն այն է, որ կառավարության ծրագրում ճիշտ թիրախավորված քաղաքականություն չկա, անտեսված են կարևոր ոլորտներ, հեղափոխական որևէ բան չկա, թեև դրա մասին անընդհատ խոսում էին: Իրական հեղափոխությունը, ուղեղների հեղափոխությունը մեր երկրում կարող է լինել կրթության ու մշակույթի ոլորտների բարելավմամբ: Այդ ոլորտների շահերը պետք է լինեն առաջնային:

(շարունակելի)

Զրույցը` Վրույր Սևակի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica