close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագիրը՝ չկտրած ձմերուկ

Թեմա

5 Մարտի 2019, 12:20
 Կառավարության ծրագիրը՝  չկտրած ձմերուկ

Օրերս հրապարակվեց կառավարության` 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցը: Համեմատելով ծրագիրը դրա ընթացքի և արդյունքների մասին զեկույցի հետ՝ ակամայից հիշում ես հայտնի արտահայտությունը՝ չկտրած ձմերուկ: Ցավոք, կտրելուց հետո էլ այն փաստացի չի արդարացնում օբյեկտիվ սպասումները:

Անդրադառնանք ծրագրի և կատարողականի «Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն» բաժիններին: Տեսնենք՝ ծրագրով ի՞նչ էր խոստացել կառավարությունը, և փաստացի ի՞նչ է արվել:

Ըստ ծրագրի` կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ Կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թվում՝ դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։ Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումներ, մասնավորապես` ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները:

Փաստ է, որ մեր երկրում աղքատություն ծնող հիմնական գործոններից են գործազրկության պահպանվող բարձր իրական մակարդակը, ինչպես նաև աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը: Վերջինիս արդյունքում ունենք աշխատող աղքատների էապես բարձր ցուցանիշ՝ աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ է: Սա նաև ապախթանում է օրինական հիմքով կայուն աշխատանքը:

Պետության ձեռքում այս ուղղությամբ կան շուկային միջամտելու անհրաժեշտ գործիքներ՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտներն առաջանցիկ ավելացնելու և, հատկապես, երկարատև գործազուրկներին կայուն աշխատանքով ապահովելու համար: Պետական կարգավորման և աջակցության առաջնային այս գործիքներն են՝

- զբաղվածության աջակցության պետական ծրագրերը, որոնց ամփոփ արդյունքները սահուն կերպով անտեսված են կատարողականի զեկույցում, իսկ իրականում, նախորդ տարվա համեմատ, 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվել են ավելի քան երկու անգամ, շահառուների թիվը՝ ավելի քան չորս անգամ, 

- նվազագույն ամսական աշխատավարձի չափի կարգավորումը, որը չի բարձրացել արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից, ընդ որում՝ կառավարության նոր ծրագրով 2019 թվականին ևս նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ,

- պետական հատվածում աշխատողների աշխատավարձը, որը չի բարձրացել նախորդ շուրջ երեք տարիներին, թեև արդեն մեկնարկել է աշխատատեղերի կրճատումների գործընթացը, այս դեպքում ևս՝ կառավարության նոր ծրագրով 2019 թվականին պետական հատվածի աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ,

- եկամտահարկի քաղաքականությունը, որի վերաբերյալ առաջ քաշվող փոփոխություններն էլ իրականում ավելի են խորացնելու եկամուտների բևեռացման բարձր աստիճանը, մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է գործող եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և աշխատող աղքատների հարկային բեռը թողնել նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես նվազեցնել բարձր եկամուտ ունեցողների եկամտահարկի դրույքաչափը՝ 36 կամ 28 տոկոսից դարձնելով 23 տոկոս:

Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցում նշված է կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, ըստ որի՝ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Իրականում ցածր եկամուտ (օրինակ՝ մինչև 150 հազար դրամ) ունեցողների համար այն նվազել է ոչ թե էապես, այլ ընդամենը 2-3 հազար դրամով: Փոխարենը կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչն առավել արմատավորվում է՝ շարունակաբար ավելացնելով այս ուղղությամբ պետության անարդյունավետ ծախսերը, որին, ի դեպ, նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը:

Կատարողականի զեկույցում նշվում է նաև, որ շուրջ 85 հազար անձանց համար տարբեր տեսակի կենսաթոշակների և նպաստների նվազագույն չափը բարձրացվել և սահմանվել է 25500 դրամ: Իրականում այս չափը ևս շարունակում է էապես ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից: Ավելին՝ այս չափից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի միայն 14 տոկոսը, և նրանց զգալի մասն աղքատ չէ, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի բարձրացվել: Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչն էապես նվազեցվում է:

Կառավարությունն իր ծրագրի կատարողականով փաստում է՝ ծնելիության խրախուսման նպատակով եռապատկվել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխությունը դրված նպատակի իրացման տեսանկյունից առաջացնում է առարկայական որոշ հարցեր, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Մասնավորապես՝ 100 հազար դրա՞մ էր պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները: Գնահատվա՞ծ է այս փոփոխության իրական ազդեցությունը ծնելիության ցուցանիշի ավելացման վրա, թե՞ սա կդառնա պետական բյուջեից կատարվող անարդյունավետ հերթական ծախսը:

Մյուս կողմից` հատկանշական է նաև, որ ինչպես կառավարության նախորդ ծրագրի կատարողականի զեկույցում, այնպես էլ օրերս հաստատված` կառավարության հնգամյա նոր ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին, որն, ի դեպ, ՀՀ Սահմանադրության պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Չմոռանանք նաև նշել, որ ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով խոստանում էր 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչության թիվը:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica