close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության օրակարգից նորարարական գիտելիքների ձևավորումը բացակայում է կամ առնվազն ներկայացված չէ փաստաթղթով. Արծվիկ Մինասյան

Հարցազրույց

4 Մարտի 2019, 18:00
 Կառավարության օրակարգից նորարարական գիտելիքների ձևավորումը բացակայում է կամ առնվազն ներկայացված չէ փաստաթղթով. Արծվիկ Մինասյան

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթը հակասում է և՛ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` կառավարության պարտավորություններին, և՛ անգամ իշխող ուժի հավանությանն արժանացած` կառավարության ծրագրի դրույթներին: Այս մասին yerkir.am հետ զրույցում ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

- Նախապես նշել ենք, որ հետևողականորեն փորձելու ենք կառավարության գործունեությունն ուշադրության կենտրոնում պահել: Հետևաբար՝ ցանկացած փոփոխություն, ցանկացած «ռազմավարական» մոտեցում, որ հրապարակվում է կառավարության կողմից, մեզ համար ուշադրության առարկա է: Դա վերաբերում է նաև կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթին, որը հրապարակվել է e-draft.am-ում, և որի հանրային քննարկման ժամկետն ավարտվել է փետրվարի 28-ին: Մենք մանրամասն ներկայացրել ենք թե՛ գնահատական, թե՛ առաջարկություններ:

Եթե ընդհանուր ամփոփելու լինենք, ապա մի քանի արձանագրում պետք է կատարենք. առաջին՝ փոփոխությունները բացարձակապես չեն բխում կառավարության` Սահմանադրությամբ ստանձնած պարտավորություններից, անգամ` իշխող ուժի կողմից հավանության արժանացած` կառավարության ծրագրի դրույթներից, քանի որ Սահմանադրությամբ սահմանված պետության՝ ի դեմս գործադիր իշխանության, պարտավորությունները հստակեցված և օրենքի մակարդակով ու լիազորությունների տեսքով ներկայացված չեն: Անհասկանալի է մնում, թե մի շարք ուղղություններով կառավարությունն ի՞նչ լիազորություններ ունի և ո՞ր մարմիններին պիտի դրանք վերապահի: Տպավորություն է, որ ընդամենը փորձ է արվել վարչապետի և իշխող ուժի մի շարք ներկայացուցիչների հայտարարած թվաբանությունը դարձնել օրենք՝ նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12: Սա մոտեցում չէ, որը բխում է մեր Սահմանադրությամբ և կառավարության ծրագրով նախատեսված գործողությունների անհրաժեշտությունից:

Բացի այս` մեխանիկական փոփոխությունների արդյունքում ձևավորվում են նախարարություններ, որոնք ոչ միայն գործառութային թույլ կապերի մեջ են, այլև գերծանրաբեռնվածության համակարգը որևէ շոշափելի արդյունք չի կարող արձանագրել: Դա ակնհայտ է և' էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունների միավորման պարագայում, և' տարածքային կառավարման նախարարությունը գերնախարարություն դարձնելու, և' կրթության ու գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունները միավորելու պարագայում: Գրեթե բոլոր դեպքերում դա այդպես է: Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու  անհրաժեշտությունը, բայց դրանք չեն կարող բերել մեխանիկական փոփոխությունների: Խորքային և շատ լուրջ վերլուծություններ են պետք՝ սկսած յուրաքանչյուր գործառույթի հստակ նկարագրությունից, ավարտած լիազորությունների և դրանց համարժեք մասնագիտական աշխատուժի պահանջով, ինչպես նաև այդ աշխատուժի պահանջի հիման վրա հաշվարկված աշխատանքի ու աշխատատեղի կոնկրետ նկարագրությամբ, որից հետո պետք է դուրս գալ թե' աշխատակիցների անհրաժեշտ թվաքանակի վրա, թե' կառուցվածքային ոլորտների:

Առանձին քննարկման առարկա  է  Սփյուռքի նախարարության պարագան: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարելի Սփյուռքի նախարարությունը վերացնելու անվերջ ձգտումը դարձնել ամբողջ մի պետության, ամբողջ հասարակության մղիչ ուժ մի քանի պատճառներով. նախ՝ Սփյուռքի նախարարության գործառութային դերակատարությունն այդպես էլ ամբողջապես չի իրացվել, չեն ամբողջացվել նաև այդ գործառույթները, և ստացվում է՝ եթե որոշակի անարդյունավետ աշխատանք է նկատվել, ապա դա վերացնելու  լուծում է ընտրվել նախարարության վերացումը: Սա նման է նրան, որ գլխացավը բուժելու փոխարեն որոշում են գլուխը կտրել: Դա հանգեցնում է այլ վատ հետևանքի, որ սուպերվարչապետության դեմ պայքարող գործադիր իշխանության ղեկավարը և քաղաքական ուժը փաստացի ավելի են ամրապնդում կենտրոնական իշխանության դիրքերը, մինչդեռ` ժողովրդավարության ջատագով  մեր պատվարժան  քաղաքական ուժի ներկայացուցիչները պետք է ապակենտրոնացված կառավարման համակարգը զարգացնեն, որպեսզի ժողովրդավարությունն առավել ամրապնդվի: Այս փոփոխություններում հակառակ պատկերն ենք տեսնում:

-ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասում է, որ ժամանակին  առաջարկվել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը վերածել համազգային խորհրդի, և որ եթե պիտի լինի Սփյուռքի կառույց, ապա այն  պետք է ձևավորվի համամասնական  ընտրություններով՝ ընդգրկելով ամբողջ Սփյուռքը,  այսինքն՝ այդտեղ պիտի  լինեն և՛ Սփյուռքի ներկայացուցիչներ, և՛ հայաստանյան: 

-Մենք մեր փաստաթղթում նշել ենք լուծման տարբերակը, և Կիրո Մանոյանը խոսել է այդ փաստաթղթով առաջարկվող լուծման մասին: Խոսքը նրա մասին է, որ ոչ միայն Սփյուռքի նախարարությունը չպետք է վերացվի, այլև ավելին՝ դրա կարողությունները պետք է  ուժեղացնել, դրա ֆունկցիոնալ դերակատարությունը պետք է վերանայել՝ Սփյուռքի նախարարությունը դարձնելով Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Սա նույնիսկ քիչ է և անհրաժեշտ է, որ ունենանք համապատասխան լիազորություններով օժտված փոխվարչապետ, որը կկարողանա համակարգել և համախմբել պետական այլ մարմինների, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, լիազորությունները, որպեսզի և' Սփյուռքի առավելագույն ներգրավվածություն լինի  Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում, և' Հայաստանը ներկայացված լինի Սփյուռքի բոլոր գաղթօջախներում՝ որպես պետություն, պետականություն, հնարավորությունների երկիր՝ սեփական, ազգային պետություն կառուցելու իրական գործիքակազմով: Այստեղ է, որ մենք սկզբունքային առարկություն ունենք: Այս տարիները ցույց են տվել, որ համահայկական կառույցի բացակայությունը մասամբ լրացվել է Սփյուռքի նախարարության առկայությամբ, ուստի հարկավոր էր այս նախարարությանը տալ նոր գործիքներ, լիազորություններ, գնալ կարողությունների ուժեղացման և գաղթօջախների տարբեր համայնքներում առկա ներուժի ու այդ ներուժն  իմացող մարդկանց ներգրավվման  գործադիր իշխանության համապատասխան օղակներում:  Մինչդեռ մենք հակառակն ենք տեսնում՝ այս նախարարության դերը նսեմացվում է, այս  կարևոր պետական ինստիտուտը փոխարինվում է անհասկանալի և անբացատրելի գլխավոր հանձնակատարի  ինստիտուտով՝ ասելով, թե փորձ է արվում այն ավելի ուժեղացնել:

Հանրային կառավարման տարրական կանոնների տեսակետից` գլխավոր հանձնակատարը չի կարող և իրավունք էլ չունի հանձնարարականներ տալու նախարարներին կամ ունենալու կառավարության անդամներին համարժեք կարգավիճակ: Գլխավոր հանձնակատարը պետք է ընդամենը լինի ֆունկցիոներ, ոչ թե քաղաքական ներկայացուցիչ: Իսկ այն հիմնավորումը, թե վարչապետն է իրականում որոշելու, քիչ թե շատ հանրային կառավարումից հասկացողը մարդը  գիտակցում է, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում վարչապետի գործառույթներն ու աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնքան շատ են, որ պարզապես սրան տեղ չի մնա: Մեր երկրի համար սկզբունքային նշանակության բազմաթիվ հարցեր կան, և վարչապետի ժամանակը սահմանափակվում է 24 ժամով, ինչպես շարքային մարդկանց դեպքում: Որքան էլ գերհզոր ունակություններով օժտված ղեկավար ունենանք, նա չի կարող այդ բոլոր հարցերով զբաղվել, ուստի, արդեն նշեցի, անհրաժեշտ է կառավարման համակարգի ապակենտրոնացում, դրա ուժեղացում կառույցների մակարդակով, այլ ոչ թե` անձի: Սա մեզ համար սկզբունքային նշանակության հարց է:

-Որքանո՞վ է նպատակահարմար կամ արդյունավետ ռազմարդյունաբերության առանձին նախարարություն ունենալը, եթե կա ռազմարդյունաբերության պետական կոմիտե: Եվ արդյո՞ք այսօր ռազմարդյունաբերությունն ի վիճակի է շոշափելի տնտեսական աճ ապահովել կամ տնտեսության աճի ապահովման գործում զգալի ազդեցություն ունենալ,  ինչի մասին վստահեցնում են և ինչով ինչ-ինչ քայլեր արդարացնում: Այսինքն՝ այս փոփոխությունները նպաստո՞ւմ են սրան:

-Այն, որ ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության ողնաշարերից մեկը և հատկապես` արդյունաբերության մակարդակով, միանշանակ է: Սակայն այն լուծումը, որը տրված է կառավարության կառուցվածքում այս առաջարկի տեսքով՝ բարձր տեխնոլոգիաների անվան տակ, հակասության մեջ է մտնում հենց նույն վարչապետի և իշխող ուժի հայտարարած մոտեցումների և կառավարության ծրագրի հետ, երբ ասում են, թե գործառույթների կրկնություն չպետք է լինի, պետք է հստակ սահմանված լինեն գերատեսչությունների լիազորությունները: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, որի մեջ իրենք դիտարկում են նաև ռազմարդյունաբերության մի մասը, արդյունաբերության մի հատվածն է, մենք այսօր ունենք էկոնոմիկայի նախարարություն, որն արդյունաբերական քաղաքականության պատասխանատուն է: Բացի այս`  ունենք էներգետիկայի նախարարության լիազորությունների փոխանցում տարածքային կառավարման նախարարությանը, իսկ էներգետիկան մեր հիմնարար ուղղություններից մեկն է: Ունենք ենթակառուցվածքները, որոնք դարձյալ փոխանցված են տարածքային կառավարման նախարարության լիազորությունների ներքո, և հիմա մի հատ էլ կողքից ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն: Անհասկանալի և անբացատրելի են այս նախարարության առանձին գործառույթը, տարանջատվող և հավելյալ արդյունք ստեղծելուն միտված ծրագրերը, որովհետև եթե բարձր տեխնոլոգիաների մասին ենք խոսում, ապա դրանք անհրաժեշտ են տնտեսության բոլոր ճյուղերում ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած տարրական առևտրից մինչև ծանր տեխնոլոգիական արդյունաբերություն, գիտություն, մշակույթ, կրթություն, քանի որ համակարգային է: Ըստ այդմ՝ լուծումը, որը տրվել է, առնվազն տարակուսանք է հարուցում, այդ թվում՝ ՊՆ-ի համատեքստում: Եթե ՊՆ-ն որպես պատվիրատու է մշտապես հանդես  գալիս, այդ դեպքում անիմաստ է առանձին նախարարության ստեղծումը, դրա համար, այո, բավարար է կոմիտեն և բավարար կլիներ, եթե անգամ գործեր էկոնոմիկայի նախարարության համակարգում: Եթե ուզում էին լրացուցիչ կարգավիճակ տալ, ապա կարող էին կառավարության ենթակոմիտեի մակարդակի բարձրացնել, բայց ոչ երբեք առանձին նախարարություն ստեղծե, այն էլ` այդպիսի ճչացող անվանումով և դատարկ ֆունկցիայով: Եվ սրան զուգահեռ, երբ նայում ենք, թե իրականում ինչ գործառույթ է էկոնոմիկայից վերցվել, տեսնում ենք, որ ինովացիոն քաղաքականությունը հանված է նախարարության լիազորությունից և որևէ մեկին տրված չէ: Ստացվում է՝ մեր տնտեսական քաղաքականության մեջ նորարարությունը կամ կառավարության օրակարգից նորարարական գիտելիքների ձևավորումը բացակայում է կամ առնվազն ներկայացված չէ փաստաթղթով, ինչը ևս տարակուսանք է առաջացնում: Ես համոզված եմ, որ e-draft.am-ում դրված տարբերակը հիմնավորապես պետք է մերժվի բոլորի կողմից, սա լուծում չէ:

Ավելին` երբ նայում ենք, թե հանրային ծառայության ոլորտում ինչ փոփոխություններ են արվել, կարծես թե նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է շատ աշխատատեղեր կրճատել: Ինչո՞ւ, ո՞րն է այն  ելակետը, որ դուք որոշել եք աշխատատեղեր կրճատել, չէ՞ որ ի սկզբանե հանրային կառավարման վրա կատարվող ծախսերը մեր երկրում փոքրագույններից են՝ զարգացող երկրների հետ համեմատած, ուստի պիտի հասկանալ, թե ինչի համար են կատարվում այս բարեփոխումները՝ լավագույն ծառայություն մատուցելո՞ւ, հանրային կառավարման լավագույն արդյունքներ ունենալո՞ւ, բարձր արդյունավետություն ապահովելո՞ւ տեսակետից, թե՞ պարզապես այն անկարողությունից ելնելով, որ չեն կարողանում կառավարել, ուստի հարկավոր է կրճատել թիվ և դրա դիմաց ստացվող որոշակի  դրամական միջոցը վերաբաշխել ավելի քիչ թվով մարդկանց միջև:  Հանրային ծառայության վարձատրության մակարդակը շատ վատ վիճակում, է, փաստ է, բայց սա չէ լուծումը: Լուծումը սրանում է՝ յուրաքանչյուր գործառույթ պետք է հստակ նկարագրվի, որի տակ պիտի լինի լիազորություն, դրանից բխող աշխատանք, աշխատանքի նկարագրություն, պահանջ, ժամանակագրություն, ծանրաբեռնվածության բաշխում, որից հետո պետք է հստակեցնել՝ որքա՞ն աշխատուժ է պետք, ի՞նչ մասնագիտությամբ, որակավորմամբ և դրանից հետո նաև` ի՞նչ կառուցվածքով: Չէ՞ որ մինչև նախարարության թվակազմին հասնելը, բազմաթիվ հարցեր ունենք լուծելու հենց նախարարությունների ներսում: Մեր փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում  նախարարություններում աշխատողների թիվը փոքր է այս կամ այն գործառույթն իրականացնելու առումով, ուստի դրա արդյունքում չի իրականացվում այդ գործառույթը, հիմա դրա փոխարեն այդ անգործությունը փորձ է արվում պայմանավորել ցածր վարձատրության առկայությամբ: Երբ լսում եմ մեր նախկին գործընկերների միտքը, հասկանում եմ՝ այդպես էլ խորությամբ չեն ըմբռնել, թե ինչն է անհրաժեշտ իրականում փոփոխության ենթարկել:

Մեր մյուս կարևոր առաջարկությունը վերաբերում է հետևյալին՝ մի կառավարություն, որ արտահանումը հռչակել է գերակա ուղղություն, կարևոր է, որ ունենա չափելի արդյունքներ և դրան համարժեք փոխվարչապետ, ընդ որում՝ այդ փոխվարչապետի գրասենյակի ֆինանսավորումը պետք է համապատասխանեցնել արտահանման ցուցանիշներին` եթե տարեկան ապահովվում է 15-20 տոկոս արտահանման աճ, ապա ձեր ֆինանսավորումն այսքան է, եթե ներմուծման քաղաքականությամբ ապահովում եք  այնպիսի ապրանքների արտադրություն, որոնք մրցունակ են և կարող են իրացվել, ապա դարձյալ համարժեք չափով վարձատրություն պիտի լինի: Սա թույլ կտա փորձառուներին, լավ կրթություն ստացածներին և բարձր որակավորում ունեցող մասնագետներին ներգրավել պետական կառավարման համակարգում: Ի դեպ, մենք մեր առաջարկները ոչ միայն հրապարակել և բացատրում ենք մամուլի միջոցով, այլև ուղարկել ենք ԱԺ երեք խմբակցություններին, որ այս ամենը նկատի ունենան իրենց քննարկումների ժամանակ:

Ի դեպ, այսօր մի տեղեկատվություն հրապարակվեց, որումղ այնպես անհոգ և անպատասխանատվությամբ էին ասում, թե 10.000 պետական ծառայող է կրճատվելու, ասես այդ մարդիկ մեր հասարակության անդամները չեն, կարծես այս մարդիկ պետական ծառայության մեջ ներգրավված անձինք չեն: Ի վերջո, չկա պատասխան ՝ այսքան տարիներ պետությունը ծախս է կատարել այդ մարդկանց մասնագիտական որակները բարձրացնելու,  պատշաճ հանրային ծառայող դարձնելու վրա, այդ ծախսերն անարդյունավե՞տ են եղել, դրանք փոշիացվե՞լ են, դրական որևէ արդյունք չե՞ն տվել, մի՞թե կարելի է նման պարզագույն մոտեցումով վերափոխումների գնալ:

-Կարելի՞ է ենթադրել, որ կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հակասում են նաև արտաքին մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական, երբ այսօր Իրանի հետ էներգետիկ կարևոր ծրագրեր ենք փորձում իրականացնել:

-Այո, միանշանակ: Կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, չեն բխում ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճկուն մոտեցումների հրամայականից: Չի կարող մի նախարարություն, անգամ` գերլիազորությամբ, այդքան նրբանկատ գտնվել այս կամ այն  երկրի կամ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

 Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica