close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ մեծ ծնողներն էլ սուրբ են

Թուղթուգիր

3 Մարտի 2019, 19:11
 Իմ մեծ ծնողներն էլ սուրբ են

Երբ Հայոց մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողությունն ավարտվեց, մայրս, որ առանձին՝ իր սենյակում հետևում էր Սուրբ Էջմիածնում իրադարձությունների զարգացմանն ու ելույթներին և մեկ-մեկ էլ բարձրաձայն գնահատում-կարճ մեկնություններ տալիս հնչող խոսքերին, մտավ հյուրասրահ ու հայտնություն կատարածի պես ասաց. «Սրանից հետո իմ պապն ու տատն էլ են սուրբ»: Սրբադասվածների շարքում, իրո՛ք, Սուրբ Զոհրապի, Սուրբ Սիամանթոյի, Սուրբ Վարուժանի ու մեր նահատակված մյուս սրբերի հետ իմ մեծ տատն ու պապն են, որ ապրել ու Եղեռնի տարիներին նահատակվել են Սասունի Նիչ գյուղում, որ Մարաթուկ սուրբ սարի մերձակայքում է գտնվում: Մայրս կրում է իր տատի անունը՝ Շուշան: Շուշան ծաղկի հազվագյուտ տեսակները խիստ տարածված են եղել Սասունի լեռներում ու նրանց քարքարոտ լանջերին: Կարելի է ասել՝ շուշանը Սասունի ծաղիկն է: Մորական պապիս և իր քրոջը, որ կորցրել էին ծնողներին, փրկել ու Սասունից գրկած Հայաստան է հասցրել իրենց հորեղբայրը՝ Մելքոնը: Երիտասարդը մանկահասակ երեխաներին մեծ փորձություններով փրկել է թուրքի յաթաղանից ու այդտեղ տերուտնօրինություն անող քրդերից: Բնակություն է հաստատում Էջմիածնից ոչ այնքան հեռու՝ Ապագա գյուղում, որտեղ հաստատվել էին Սասունի հարևան Նիչ և Պուգնոտ (ըստ որոշ աղբյուրների՝ Պգրմուտ) գյուղերից գաղթած-սրածությունից մահապուրծ փախած բազմաթիվ ընտանիքներ: Սկզբում այդ ընտանիքներն ապրում էին հին՝ միայն սասունցիներին հատուկ կենցաղվարությամբ՝ մի քանի տասնյակի հասնող անդամներով՝ իրարից չբաժանելով մեծ հայրերին և իրենց մի քանի պորտ սերունդներին: Հետո են միայն առանձնանում, սկսում ապրել առանձին ընտանիքներով: Պապս՝ Հակոբ Հովհաննսիյանը, բարձրագույն կրթություն է ստանում և մաթեմատիկա առարկա դասավանդում նախ Ապագայում, ապա՝ նշանակվում որպես Թալինի շրջանի Աշնակ գյուղի դպրոցի տնօրեն, գյուղ, որ բնակեցված էր բացառապես Էրգրից գաղթած սասունցիներով: Դասավանդում  է այնտեղ 1935-39 թվականներին: Նա՛ է եղել Աշնակի սասունցիների երգի-պարի անսամբլի պարբաշին (խմբապարն առաջ տանողը), համույթ, որ տարիներ հետո՝ իր մահից հետո, պիտի մեծ հռչակի հասներ թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս: Պահպանվել է մի հազվագյուտ լուսանկար, որում պատկերված է պապս՝ ազգային հագուստներով՝ պարի համույթի ելույթի պահին, պարողների խմբի առջևում՝ պարի ընթացքը տանելիս: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին էր: Հայրենիքին ծառայելու մղումով, այն Հայրենիքին, որ փրկել էր իր ցեղը բնաջնջումից, որ հնարավորություն էր տվել իրեն կրթություն ստանալու, և որի հետ էր կապում իր ազգի գոյատևումը, Հակոբ Հովհաննիսյանն ինքնակամ մեկնում է ռազմաճակատ՝ մարտնչելու Կարմիր բանակի շարքերում: Նշեմ, որ որպես մանկավարժ, նա ազատված էր զինվորական ծառայության մեկնելու պարտավորությունից: Բայց ծուռ սասունցին որոշում էր կայացրել, և նա մեկնում է ռազնաճակատ, մասնակցում Ֆիննական պատերազմին, որտեղ ուղղակի երկու կողմից էլ հազարավորների նախճիր է կատարվում: Վիրավորված ու թոքերի ծանր հիվանդությամբ վերադառնում է հարազատ Ապագա գյուղ և մի քանի տարի տառապելով ծանր հիվանդությունից (թոքերի հիվանդություն այն ժամանակ համարյա անբուժելի էր, պինիցիլինը ոսկու գին ուներ) 1942-ին կնքում է իր մահկանացուն՝ թողնելով որբ իր մանկահասակ երեք զավակներին ու 23-ամյա կնոջը: Հայկանուշ տատս, որ Սասունի Պուգնոտից էր ու ծնվել էր գաղթի ճանապարհին, այդպես էլ այլևս չամուսնացավ, մեծացրեց իր զավակներին, ապա թոռներին՝ շարունակ մռմռոցով երգելով մի երգ, որով խնդրում էր սարերին ճամփա բացել, որ գնա իր յարի մոտ:

Ահա խիստ համառոտ պատմությունն այսօր սրբադասված իմ նախնիների և իրենց սերունդների մասին:

Մեզնից շատերն ունեն սրբերի շարքը դասված նախնիներ: Իսկ սրբերի արյունը կրող Մենք  ներքին մաքրագործման ևս մի առիթ ունենք: Այսօր ես մի մոմ կվառեմ և կհայցեմ իմ սուրբ նախնիների բարեխոսությունը, որ աշխարհիս խաղաղություն տա, որ արցունքը մաքրվի կարոտյալների աչքից, և որ Մարաթուկի վանքի նորեն շենացած պատերի ներքո ես մի օր աղոթքներս հնչեցնեմ:

 

Հասմիկ Սարգսյան   

 

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica