close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագրում աշխարհաքաղաքական մարտահրավերները հաշվի չառնելը մեծ խնդիր կառաջացնի. Թադևոս Ավետիսյան

Հարցազրույց

26 Փետրվարի 2019, 13:58
 Կառավարության ծրագրում աշխարհաքաղաքական մարտահրավերները հաշվի չառնելը մեծ խնդիր կառաջացնի. Թադևոս Ավետիսյան

Yerkir.am-ը շարունակում է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ կառավարության ծրագրի գաղափարական հենքի, դրանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված լուծումների և այլ առկա խնդիրների շուրջ (սկիզբը` այստեղ): 

- Զարգացման հայեցակարգում ի՞նչ չափով են հաշվի առնված մեր երկրի աշխարհաքաղաքական մարտահրավերները:

- Ըստ էության` աշխարհաքաղաքական մարտահրավերները գնահատված չեն: Այդպիսի մարտահրավերներ են, օրինակ, պատերազմական իրավիճակն ու ռիսկերը, մեր ազգային հարցերը, այդ թվում` Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության խնդիրը, բացի այդ` արտաքին ուժերի կողմից հնարավոր  տնտեսական ճնշումները, աշխարհագրական վիճակը, նկատի ունեմ փակ սահմանները, որոնց պատճառով  մենք չունենք ելք դեպի ծով, միևնույն ժամանակ` մեր հարևաններից առնվազն 2-ը շրջափակել են մեր տարածքը, ռազմական ծախսերը, որոնք, ուզենք, թե չուզենք, պետք է անենք` ելնելով մեր անվտանգությունից: Սրանք են աշխարհաքաղաքական մարտահրավերները, և սրանցից  յուրաքանչյուրը պիտի գնահատվի  ժամանակի մեջ, պիտի կանխատեսվեն դրանց զարգացման հնարավոր սցենարները: Այս գնահատականը չկա կառավարության ծրագրում, իսկ մենք հենց այսօր այդ մարտահրավերների առջև ենք կանգնած: Դրանք ոչ թե վաղն են լինելու կամ արդեն անցյալ են, այլ օբյեկտիվորեն գոյություն ունեն և շատ դեպքերում մեր կամքից անկախ են: Ծրագրում դրանք հաշվի չառնելը, չգնահատելը մեծ խնդիր կառաջացնի: Մասնավորապես` մեր զարգացումը, փաստորեն, պետք է ենթադրի, որ այդ մարտահրավերները հաշվի չենք առնելու, ինչը նշանակում է զիջում ազգային հարցերում, ինչպիսիք են Ղարաբաղի խնդիրը, Ցեղասպանության ճանաչման և մեր տարածքների ամբողջականության հարցերը և այլն: Միայն այս պարագայում է հնարավոր անտեսել այդ աշխարհաքաղաքական մարտահրավերները: Կա նաև երկրորդ տարբերակը, այն է` ծրագիրն իրատեսական չէ, այսինքն` գրված է մի բանի մասին, որն իրողության հետ կապ չունի: Պատճառն այն է, որ իմ նշած աշխարհաքաղաքական մարտահրավերները քաղաքական երևույթներ չեն: Դրանք մեր տնտեսական զարգացման կարևորագույն պայմաններն են: Դրանցից են ածանցվում մեր տնտեսական միջավայրը, զարգացման ներուժը, հնարավորությունները, այդ թվում` թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական և այլն: Սա` միայն մարտահրավերների մասով, և այստեղ է, որ Դաշնակցությունը, հաշվի առնելով վերոհիշյալ աշխարհաքաղաքական օբյեկտիվ մարտահրավերները, նաև կարևորելով մեր տնտեսության զարգացումը հենց այդ մարտահրավերների ներքո, նշում է, որ տնտեսությունն ինքնանպատակ զարգանալ չի կարող: Եթե այն զարգանում է, ապա ներդրումային միջավայր է ստեղծվում,  ներդրումներ ենք ակնկալում: Դա նախ պիտի լուծի մեր անվտանգության խնդիրը, մեզ ուժ տա մարտահրավերներին դիմակայելու համար` միևնույն ժամանակ լուծելով սոցիալական խնդիրները, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև: Այս հայեցակարգի ներքո ենք մենք դիտարկում և առաջ  քաշում միակ տարբերակը` զարգանալ` չզիջելով:

-Ի վերջո, հասարակ քաղաքացին իրականում ի՞նչ պետք է ակնկալի այս ծրագրից և ե՞րբ է իր կյանքում զգալու այդքան սպասված փոփոխությունների արդյունքները:

- Սա ամենաբարդ հարցն է, որն այսօր շատերի կողմից չի հնչեցվում, որովհետև դեռ էյֆորիկ ֆոնը կա, շատերը վստահում են ներկայիս կառավարությանը, ինչն օբյեկտիվ է:  Ցանկացած կառավարության ծրագիր մարդկանց խնդիրները լուծելու համար է, և այդ խնդիրները պահանջում են համարժեք լուծումներ: Թեև կառավարության ծրագրում կան նշված կոնկրետ նպատակներ, բայց դժվար է ասել, թե դրանք քանակական և որակական առումով ինչպիսի լուծումներ կստանան: Օրինակ` գործազրկության կրճատումը. ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել այս նպատակը, չգիտենք:

Հասարակ քաղաքացուն հետաքրքրում է, թե իր եկամուտներն ինչպես են աճելու: Մի բան պարզ է` կառավարության ծրագրով առաջ քաշվող հարկային քաղաքականությունը առավելապես միտված է բարձր եկամուտներ ունեցողների իրական եկամուտներն ավելի արագ աճեցնելուն: Այս մարդիկ իրենց հարցի պատասխանն ունեն արդեն`  եթե նախկինում 36%-ով էր հարկվում իր եկամուտը, ապա հիմա կհարկվի 23%-ով` 3 անգամ ավելի ցածր: Այստեղ խնդիր է առաջանում. նվազագույն աշխատավարձով աշխատող, աղքատ մարդկանց համար, որոնց թիվը աշխատողների 25% -ն է: Սա է պատճառը, որ ունենք ցածր գնողունակ պահանջարկ: Այս մարդը չունի սպասելիք, որովհետև իր հարկային բեռը մնալու է նույնը:

Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, ապա նվազագույն աշխատավարձի բարձրացումը կապվելու է միայն մակրոտնտեսական գործոնների հետ: Բա էլ ո՞ւր մնաց սոցիալական կոմպոնենտը,մասնավորապես` նվազագույն սպառողական զամբյուղը: Դարձյալ գնալու ենք այն լիբերալ մոտեցմամբ, թե` հնարավորության դեպքում կբարձրացնենք, չի լինի` կմնա նույնը: Բայց ոչի՞նչ, որ սպառողական զամբյուղը չի սպասում, դրա արժեքը մեծանում է և այսօր արդեն ավելին է, քան նվազագույն աշխատավարձի չափը: Հենց այստեղ է թաքնված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ունենք 25% աշխատող աղքատներ: Նվազագույն աշխատավարձը պետությունը պիտի սահմանի և հետո փոխի` հաշվի առնելով ոչ թե 1 տնտեսական գործոն, ինչպես մեր կառավարությունը, այլ սոցիալական գործոնները` գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական լարվածությունը բնութագրող գործոնները:

Մեր կառավարության ծրագրից տարեցներն ի՞նչ սպասեն: Մենք ծերացող հասարակություն ենք` համաձայն ՄԱԿ-ի միջազգային ստանդարտի: Ծրագրում ոչ մի բառ չկա տարեցների հիմնախնդիրների վերաբերյալ: Նախորդ կառավարությունների ծրագրերում այս ոլորտի վերաբերյալ առնվազն նպատակադրումներ կային, այստեղ` ոչ: Ի՞նչ է անելու ներկայիս կառավարությունը տարեցների կյանքի որակը բարելավելու համար: Նրանք հասարակության  առանձին խումբ են` սեփական օբյեկտիվ խնդիրներով, նրանց առողջ ապրելակերպը, զբաղվածությունը, ի վերջո, արժանապատիվ ծերությունն ապահովելու համար կառավարությունն ունի՞ նպատակադրումներ: Պարզվում է` ոչ:

Հաջորդ հիմախնդիրը վերաբերում է բազմազավակ ընտանիքներին: Մեր երկրում ամենաբարձր աղքատությունը հենց այս ընտանիքներում է: Բազմազավակության խթանումը ունի նաև ժողովրդագրական նշանակություն: Ստացվում է` մի կողմից ասում ենք` խթանելու ենք ծնելիությունը, մյուս կողմից`ուշադրությունից դուրս ենք թողնում բազմազավակ ընտանիքներին: Ժողովրդագրական խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվում, պիտի «միս ու արյուն ստանան» հենց պետական աջակցությամբ:  Սա ուղղակի սահմանադրական պահանջ է. Սահմանդրության մեջ հստակ նշված է` կառավարությունը պիտի հստակ իրականացնի աջակցող ծրագրեր, որոնք վերաբերում են բազմազավակ ընտանիքներին: Խնդիրն այն է, որ մինչ օրս մենք չունենք օրենք: Եղել են նախաձեռնություններ, բայց սահուն կերպով հանվել են շրջանառությունից, և հիմա էլ ներկայիս կառավարությունը նույն մեթոդով հետաձգում է այդ պարտավորությունը, որը Սահմանադրության պահանջով պիտի ստանձներ:

Գործազուրկներն ի՞նչ սպասեն… Եվ այս հակասությունների մեջ, երբ սոցիալական հիմնական ուղղությունները և պարտավորությունները դուրս են մնացել կառավարության ծրագրից, ունենում ենք մի վիճակ, որ տարբեր ոլորտների պատասխանատուներ կարող են ինչ-որ դրվագային լուծումներ տալ, սակայն դրանք չես կարող կապել կառավարության ծրագրի հետ: Ասածս հիմնավորելու համար նշեմ, որ արդեն այսօր երևում են դրա հետևանքները: Կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկվում էր մի շատ կարևոր հարց, այն է`սոցիալական փաթեթի ընդլայնումը: Կառավարության ծրագրում առողջապահական այս կարևորագույն ոլորտի վերաբերյալ նպատակադրումներ չկան: Փաստացի կայացվում է որոշում, որի շուրջ տարբեր գերատեսչություններ ունեն տարբեր մոտեցումներ`ունենալով հավասարաչափ հիմնավորումներ:  Ավելի կոնկրետ` մենք սոցիալական փաթեթն ավելացնում ենք դրվագային, այսինքն` ով այդ պահին ավելի ուժեղ է կամ ճարպիկ, ներառվում է սոցիալական փաթեթում, իսկ ով ավելի թույլ է և չի կարողանում լուծում առաջարկել, տարիներով մնում է նույն վիճակում: Խոսքս վերաբերում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անձնակազմերին: Նրանք սոցիալական փաթեթում ներառված չեն, իսկ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ արդեն ընդգրկվեցին դրանում: Հնչեցվեց նաև տեսակետ, որ որոշ ժամանակ անց  նախարարները, ծառայության ղեկավարներն էլ են ներառվելու: Ընդամենը մի փաստ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողները միջինը 10 անգամ ավելի քիչ են վարձատրվում, քան բարձրաստիճան պաշտոնյաները: Սա գալիս է այն բանից, որ կառավարության ծրագրում մեծ հայեցողություն կա, և ինչ էլ անեն, կարող են դա հիմնավորել որպես իրենց մոտեցում:

Կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար իրավացիորեն շարունակում է նախորդների քաղաքականությունը`ասելով, որ առողջապահության պետական ապահովագրություն պիտի ներդրվի, և նրանք մասնակից պիտի դառնան: Բայց եթե նախկինում կառավարությունն ասում էր, որ այդ ապահովագրական վճարներն ամբողջությամբ կփոխհատուցի, ապա այժմ ասում են` հնարավորինս կմեղմենք սոցիալապես անապահով ընտանիքների առողջության ապահովագրության վճարները: Այս դեպքում` մեղմենք, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` ամբողջությամբ ապահովագրենք: Ո՞րն է մոտեցումը:  Բառերն այսպիսի օրինակներով պիտի արժևորենք: Եթե լեզվի արատ չունենք, ապա «ներառական», «տնտեսական զարգացում», «ներառական, սոցիալական զարգացում» տերմինները ցանկացած մեկը կարող է արտաբերել:

Եվ վերջապես` կրթությունը, որը համարում ենք մեր զարգացման մակրոգործոն, և կարմիր թելով ծրագրում նշված է, որ մեր հույսը կրթությունն է, պիտի գիտելիքային տնտեսություն ունենանք նավթ կամ գազ չունենալու պատճառով, բայց մենք գալիս ու հասնում ենք նրան, որ այդ կրթությունն էլ անորոշության դաշտում է: Կրթությունը մարդու համար է, այդ թվում` այն մարդու համար, որը սոցիալապես անապահով է: Առաջնահերթ հենց նրա համար է, որ սովորի ու դուրս գա աղքատության ճիրաններից: Չկա որևէ թիրախ: Կառավարությունը պիտի վերցներ պարտավորություն, որ, օրինակ, 5 տարում բարձրագույն ու մասնագիտական կրթությունն ամբողջությամբ դարձներ անվճար:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica