close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկեղծության ու խոստովանության պահ

Թեմա

19 Փետրվարի 2019, 09:34
 Անկեղծության ու խոստովանության պահ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը:

Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումը անկեղծության ու խոստովանության երեկո է։

Այդպես էր 10 տարի առաջ, երբ տոնում էինք ընկ. Արթուրի 50-ամյակը, այն հազվադեպ օրերից, երբ ճշմարտությունը ստվերում էր կեղծիքին, երբ ազնվությունն ավելի գերադասելի էր դառնում, երբ շողոքորթներն ասելիք չեն ունենում, երբ իրական պատմությունն ողողվում է ամենուր։ Կարելի է երկար խոսել՝ չդիմակայելով զգացմունքների պոռթկմանը։ Բայց տրված հնարավորությունը թելադրում է լինել կոնկրետ՝ առարկայական, խոսել ըստ էության, կամաց-կամաց բացելով ոչ վաղ անցյալի պատմության փակված վարագույրը, սրբելով այն թանձր փոշին, որի տակ թաքնված են իմ սերնդակիցների չխամրած հիշողությունները, երևան հանել այն դեպքերն ու դեմքերը որոնց մասին գիտակցաբար ժամանակավորապես լռեցինք, բայց չմոռացանք։

Այսօր բացառապես պիտի խոսենք Արթուր Մկրտչյանի մասին, մեր նորօրյա ազատագրական պայքարի ծնունդ Արթուր Մկրտչյանի, ով այդպես էլ մնաց, որպես Արցախի հանրապետության պետականություն կերտողի խորհրդանիշ։ Մեր Անկախ հանրապետության առաջին նախագահ, այո, առաջին ընտրված նախագահ Արթուր Մկրտչյանի մասին, այն Արթուրի, ով լինելով ՀՅ Դաշնակցության անդամ, ընտրվելով Գերագույն խորհրդի նախագահ, գերադասեց պետական ամենաբարձր ամբիոնից հայտարարելու, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, որպեսզի դառնա բոլորի նախագահը։

Մենք այսօր խոսում ենք այն Արթուրի մասին ով զինվորական հակումներ չունենալով, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսանալով հանդերձ, այդպես էլ գերադասեց իր ուսերին չկրել զինվորական կոչումներ, ոչ էլ զինվորական համազգեստը դարձրեց ժամանակներին «մոդայիկ» դարձած հագ ու կապ։ Այն Արթուրի, որ այդպես էլ առ այսօր չարժանացավ պետական ամենաբարձր կոչումի ու պարգևի, արժանացավ ավելիին՝ ազնիվ ու պետական մտածելակերպով Առաջնորդի կոչումին։

Տեղին է այստեղ հիշել մեր մեծերից Ավետիս Ահարոնյանի խոսքերն ուղղված Զորավար Անդրանիկին.

՛՛Միշտ էլ ցավ ունեցա Անդրանիկի ուսադիրների համար: Ազգային հերոսները պաշտոնական փայլ ու պատվից միշտ պետք է ազատ մնան: Հարգանքն ու պաշտամունքը, որ ժողովուրդն է փռում իր ընտրյալների ոտքերի առջև, մշտական և անուշաբույր խնկարկություն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող այն փոխարինել:

Սասունի արծիվը զորավարության պատվանշանների պետք չուներ: Հայ ժողովուրդն իր հոգում նրան շատ ավելի բարձր պատվանդանի վրա էր դրել, քան կարող էր հասնել որևէ զորավար՛՛:

Այդպիսին է նաև Արթուր Մկրտչյանը:

Մենք պիտի խոսենք այն առաջնորդ Արթուր Մկրտչյանի մասին, ով մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակներում չխուսափեց իր ուսերին պատասխանատվություն վերցնելուց, համոզված լինելով, որ բոլորը կառաջնորդվեն իր նման անաղարտ զգացումներով, չպատկերացնելով նույնիսկ իր նկատմամբ հնարավոր խափանարար քայլերի մասին, որ կարող էին ձեռնարկել իր երբեմնի թիմակիցներն ու ազատագրական պայքարի առաջնորդներ հռչակվածները չգիտակցելով, որ դա ուղղված է նորանկախ Արցախի պետության դեմ։

Մենք պիտի խոսենք հրապարակախոս և իր ունկնդիրների սիրտը շահած Արթուրի մասին, այն փոքրամարմին, բայց մեծ ոգու տեր Արթուրի, որ խորհրդային ու համայնավարական մտածելակերպ ունեցող մասսաների մեջ իր խոսքով կարողացավ արթնացնել ազգային պատկանելիության ու ազատագրական պայքարին պատրաստ բջիջները` շահելով նրանց վստահությունը։ Այն ռամիկ ու չարքաշ ընտանիքի զավակ Արթուրի, ով կարողացավ իր մեջ ներդաշնակել Դիզափայտի ժեռ ու ապառաժ բարձունքների ու Արաքսի դաշտավայրի բնական հարստությունն ու բնության ոգին, հայ ժողովրդի կենցաղը, ավանդույթներն ու սովորույթները՝ հավակնելով դառնալ հայ ազգագրության ճշմարիտ գիտակ։

Մենք պարտավոր ենք խոսել այն Արթուրի մասին, ով իր բարոյական կերպարն առավել արժևորեց իր օրինակելի ընտանիքով։ Այդպես էլ ընտանիքի համար բարոյականութունն ու համեստությունը թողնելով որպես ամենամեծ ժառանգություն … Կարելի է շարունակել:

Ժամանակն ու պատմությունը մեծ դասեր ունեն։ Պատմությունը ժամանակի ընթացքում երբեմն դիտավորյալ մոռացվում է, երբեմն կեղծվում։ Ներկա ժամանակի պատմությունը դա մենք ենք՝ մեր անցած ուղիով ու արժեհամակարգով։ Մենք պարտավոր ենք երևան հանել իրական և ճշմարիտ պատմությունը։

Խոստովանության ու անկեղծության այս երեկոյին ինձ մնում է համեստորեն և անկեղծ սրտով շնորհավորել ընկ. Արթուրի տարեդարձը, հավաստիացնել ներկաներին ու բոլոր նրանց, ովքեր խորությամբ ու անաչառությամբ են ընկալելու իմ ահազանգերը, որ մենք հավատարիմ ենք այն բարձր ու վեհ գաղափարներին, որ դավանում էր Արթուր Մկրտչյանը։

ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքի անունից ինձ վերապահված է շնորհավորել Արցախի հանրապետության իշխանություններին, Արթուր Մկրտչյանի հարազատներին ու գաղափարակից ընկերներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակի առիթով։

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica