close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավետ Տերտերյանը համաշխարհային երաժշտության մեջ նոր աշխարհ է ստեղծել

Մշակույթ

12 Փետրվարի 2019, 20:15
 Ավետ Տերտերյանը համաշխարհային երաժշտության մեջ նոր աշխարհ է ստեղծել

Փետրվարի 20-ին մեկնարկող Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնն այս տարի նվիրված է հայ մեծագույն կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Մոտ 20 օրերի ընթացքում՝ մինչև մարտի 12-ը, հայ երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու ինչպես մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները, այնպես էլ հայ կոմպոզիտորական արվեստի այլ երախտավորների՝ Արմեն Տիգրանյանի, Ղազորոս Սարյանի, Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի և այլոց գործերը։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ավետ Տերտերյանի որդին՝ «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքի (որը, ի դեպ, լույս է տեսել ռուսերեն, անգլերեն և իսպաներեն) հեղինակ, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, իր շնորհակալությունն է հայտնում փառատոնի կազմակերպման համար՝ նշելով. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, շնորհիվ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փայլուն մեկնաբանությունների, առանձնահատուկ վերաբերմունք ունի Ավետ Տերտերյանի երաժշտության նկատմամբ»։

«Ես՝ ցեղը, ցեղի հիշողությունը՝ Ղարաբաղ, ոգիս՝ Հայաստան, գենետիկան՝ Արևելք, մտավորականությունը՝ լեզուն՝ Ռուսաստան, բանականությունը՝ ողջ աշխարհը, հավատքս քրիստոնեությունն է, Աստծո Տաճարը, որի տակ հարատևում է հեթանոսական տաճարը»,- Ավետ Տերտերյանի այս խոսքերը, թերևս, իր ստեղծագործական սկզբունքի և բովանդակության ամենավառ բնութագիրն են՝ անցյալը և ապագան, աստվածայինը և մարդկայինը մեկ միասնական ազգային և համամարդկային արժեքային համակարգում միավորելու ձգտմամբ։

Անհնար է «մտցնել» նրա երաժշտական աշխարհը 1960-ականների «քաղաքական համընդհանուր շարժման» շրջանակների մեջ։ Ավելին, ժամանակի հետ նրա փոխկապվածության միակ փաստը կարելի է համարել Խորհրդային Միության կողմից կոմպոզիտորին բարձրագույն աստիճանի շնորհման համընկնումը սոցիալիստական կայսրության փլուզման հետ (Տերտերյանին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել 1991-ին)։ Երկու տարբեր աշխարհների անհամատեղություն։

Բազմիցս Տերտերյանի արվեստը դասել են խորհրդային «ավանգարդի» ներկայացուցիչների՝ Արվո Պյարտի, Ալֆրեդ Շնիտկեի, Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Էդիսոն Դենիսովի շարքին, համեմատել Սարյանի կամ Մինասի կտավների, Փարաջանովի կինոարվեստի հետ։ Յուրաքանչյուր համեմատություն ևս մեկ անգամ ընդգծում է նրա ստեղծագործության մասշտաբայնությունը, ապացուցել և ապացուցում է այս երևույթի անկրկնելիությունը և ինքնատիպությունը։

Ինչպես ասել է գերմանացի կարկառուն երաժշտագետ Ռեյհալդ Շուլցը, «այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսին Ավետ Տերտերյանն է, իրենց երաժշտությամբ հետ են շրջում ժամանակի ընթացքը։ Պարզությունը համոզիչ է և հիանալի, այդ երաժշտությունը լի է տիեզերական մոգությամբ։ Նրանում առկա է և՛ հեռավորը, և՛ մոտիկը, ճակատագրականը և դյութիչը»։

Պատահական չէ, որ Տերտերյանը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի և Արամ Խաչատրյանի հետ միասին համարվում է հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնասյուներից մեկը։

Տերտերյանի ստեղծած ինքնատիպ երաժշտական աշխարհը, հնչյունների արտասովոր համադրությունները, երաժշտական լեզուն և տերտերյանական ուրույն ոճը բոլորովին նոր ճանապարհ հարթեցին 20-րդ դարի համաշխարհային երաժշտական ասպարեզում։ Հետաքրքիր է, որ այսօր էլ՝ տասնամյակներ անց, նրա ստեղծագործությունները չեն կորցնում իրենց արդիականությունը, նրա արվեստը ժամանակ չի ճանաչում և շարունակում է տանել իր ունկնդրին դեպի տիեզերք։

Տարիներ առաջ, երբ նշվում էր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանը, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում հանրությանն առաջին անգամ ներկայացվեցին Տերտերյանի անձնական արխիվում հայտնաբերված կամերային անտիպ գործերը։ Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանի տեղեկացմամբ՝ առայսօր կոմպոզիտորի միակ չբեմադրված ստեղծագործությունը «Ռիչարդ III-ի մենախոսությունները» բալետն է։

Լ.Գ.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica