close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային դաստիարակությունն այլընտրանք չի կարող ունենալ

Թեմա

12 Փետրվարի 2019, 17:30
 Ազգային դաստիարակությունն այլընտրանք չի կարող ունենալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակեց առաջիկա հնգամյա գործունեության ծրագիրը: Նպատակ չունենալով ընդհանուր գնահատական տալ ծրագրին՝ անհրաժեշտ ենք համարում խոսել մի մտավախության մասին, որը ստանում ենք կառավարության ծրագրի կրթության վերաբերյալ բաժինն ընթերցելիս:

Անշուշտ գնահատելի են նոր կառավարության ձգտումները կրթության բնագավառում նորարարական մոտեցում ցուցաբերելու հարցում: Ցավոք, սակայն, այստեղ բացակայում է ազգային, հայրենասիրական դաստիարակության բաղադրիչը:

«Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդա¬կությունը, դասավանդման մոտեցումները»: Սա կառավարության ծրագրի կրթության և գիտության բաժնից մի փոքրիկ մեջբերում է: Ինչպես տեսնում ենք, ոչ մի խոսք ազգային դաստիարակության մասին: (Ծրագրի այլ հատվածներում նույնպես ազգային դաստիարակության մասին ոչինչ չկա):

Նպատակ չունենք վիրավորելու իշխանության մեջ բազմաթիվ ազգային և հայրենասեր մարդկանց, ստիպված ենք արձանագրել այն ակնհայտ իրողությունը, որ ընդհանուր առմամբ իշխանությունների համար սկզբունք է դարձել անտեսել, մերժել ազգայինը:

Այսպես էր նաև բոլշևիկների ժամանակ:

Արդեն առիթ եղել է իրենց հեղափոխական համարող իշխանության ներկայացուցիչներին համեմատել շուրջ հարյուր տարի առաջ Հայաստանում իշխանության եկած հայ բոլշևիկների հետ:
1920 թ. դեկտեմբերին, երբ բոլշևիկները իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, բացասական վերաբերմունք ցուցաբերեցին դեպի ազգային խնդիրները: Ինչպես դիպուկ նկատել է Գ. Նժդեհը, ազգային խնդիրների մերժումով բոլշևիկները. «կ’աշխատէին Հայաստանում կեանքի կոչել «նոր» հայը` անաստուած, անընտանիք, անհայրենիք» (Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգութիւնը թրքօբոլշեւիկ փաստաթղթերի լոյսի տակ, Սոֆիա, 1937, էջ 63): Եկեք ընդունենք, որ այդ միտումն այսօր էլ կա:

Աշխարհաքաղաքացիության մոլուցքն այնքան է բթացրել մեր իշխանավորներից շատերին, որ մոռանում են ազգայինի մասին: Ժամանակին էլ համաշխարհային հեղափոխության մոլուցքն այնքան էր բթացրել հայ բոլշևիկների միտքը, որ ազգային խնդիրները, ազգային դաստիարակությունը համարեցին հետադիմական երևույթ: Անշուշտ, բոլշևիկների պահվածքը քաղաքական անմեղսունակության դրսևորում կարելի է համարել: Ցանկալի չէր, որ նույն բնորոշումը տարածվեր նաև այսօրվա իշխանավորների վրա:

Հիմա մեր իշխանությունները ազգային, հայրենասիրական դաստիարակությունը համարում են առ ոչինչ և շեփորահարում են քաղաքացիական դաստիարակությունը: Անշուշտ, ոչ ոք դեմ չէ քաղաքացիական դաստիարակությանը՝ այն անհրաժեշտություն է: Բայց առանց ազգային դաստիարակության հնարավոր չէ ունենալ Հայաստանի իսկական քաղաքացի:

ազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը իր հարատևությունը ապահովել է միմիայն հայրենասեր, ազգային սերունդների միջոցով: Մեր պատմական հաջողությունները և վերելքները պայմանավորված են եղել ազգային մտածելակերպ, ազգային դաստիարակություն ստացած գործիչներով: Մեր անհաջողություններն ու անկումները ապազգայնության հետևանք են եղել: Պետականությունից զուրկ պայմաններում մեր մտավորականությունն ամեն ինչ արել է սերունդների ազգային դաստիարակությունն ապահովելու համար: Անթույլատրելի է, աններելի շռայլություն է անկախ պետականության պայմաններում հրաժարվել ազգային դաստիարակությունից:

Տարբեր առիթներով Եվրոպան ենք օրինակ բերում: Մեր կողմից օրինակ բերվող Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ ազգային դաստիարակությունը նույնիսկ ետին պլան մղվի, էլ չեմ ասում ընդհանրապես անտեսվի: Ավելին, Եվրոպայում ազգային դաստիարակությունն է նաև սնում գերիշխող դարձող ազգ-պետության գաղափարախոսությանը:

Հնարավոր չէ, որ ազգային դաստիարակություն չստացող անձը լինի Հայաստանի լավ քաղաքացի։ Կրթությունից ազգային բաղադրիչի անջատումն ու օտարումը հղի է վտանգավոր հետևանքներով: Անշուշտ դիմակայություն է լինելու, քանի որ ազգային դաստիարակությունը Հայաստանում այլընտրանք չունի:

Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica