close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ վարչապետի տնտեսական հեղափոխության տեսլականը

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 16:26
 ՀՀ վարչապետի տնտեսական հեղափոխության տեսլականը

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը:  Առանձնացրել ենք նրա ելույթի` տնտեսական զարգացմանը և Սփյուռքին  վերաբերող հատվածները:

  • Ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այդ խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին 3-րդ հանրապետության պատմության մեջ, որովհետև տեղական և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների և, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջինն էին Հայաստանի 3-րդ հանրապետության մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին ոչ Սահմանադրական դատարանում, ոչ էլ հանրայնորեն: Հետևաբար, ունենք լեգիտիմության շատ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն: Կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է, և հետագա կատարելագործման ու լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել, և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից:
  • Հայաստանի քաղաքացիները առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ, և, հետևաբար, անձամբ ինձ համար բացառիկ մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինձ համարում եմ ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի, այլև մնացած բոլոր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների, ինչպես նաև ընտրություներին չմասնակցած քաղաքացիների վարչապետը, ում առաքելությունն է ծառայելը պետությանը, հայրենիքին և ժողովրդին:
  • Կառավարության ծրագիրը հարուստ չէ  թվային ցուցանիշներով, քանի որ այդ ցուցանիշները կախված են նաև ՀՀ քաղաքացիների ակտիվությունից, ովքեր պետք է դառնան տնտեսական ակտիվիստ:
  •  Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Այդ կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը:
  • Կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, և որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք, կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության և գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը: Հենց այս որակական ու քանակական ցուցանիշների ու նպատակների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն: Մենք հավատում ենք, որ Հայաստանի քաղաքացիները, հայ ժողովուրդը, կառավարությունն ու Ազգային ժողովը ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների լուծման համար:
  • Հայաստանի կառավարությունը ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվե՞լ է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես՝ դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած՝ մեր պատկերացմամբ երկրի ներդրումային միջավայրի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում: Որովհետև, եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պիտի ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով ես կարող եմ ասել, որ ներկա պահին Հայաստանը գտնվում է բոլորովին այլ վիճակում, որովհետև երկար տարիներ հենց այս ամբիոնում, Հայաստանում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ եկեք տանենք գումարներ ծախսենք, որպեսզի BBC-ով, CNN-ով, աշխարհի այլ առաջատար լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում միջավայրի դրական փոփոխություններ կլինեն: Եվ, ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս գործընթացը շարունակվում է, և Հայաստանը՝ որպես երկիր, գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար, և այս գործընթացը շարունակվում է այսօր, շարունակվելու է վաղը, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականությունը շարունակվի: Իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ՝ որևէ կասկած չկա:
  •  Հարց է առաջանում՝ մեզ տրված հնարավորության պարագայում մենք ունենալո՞ւ ենք նոր միկրոբիզնեսներ, թե 100 մլն շրջանառություն ունեցող բիզնեսը մասնատվելու է՝ դառնալով 5 կամ վեց միկրո բիզնես: Այս խնդիրը կա: Գործարարի, սովորական քաղաքացու, պաշտոնյայի մոտ ՀԴՄ կտրոնը դառնալո՞ւ է մշակույթ, թե ոչ: Եթե նույն ձևով շարունակենք, ապա ոչինչ էլ չի ստացվելու, խեղճության մեջ շարունակելու ենք տապակվել: Ում մոտենում ասում ես, որ պետք է հարկ վճարես, զարմանում է: Ո՞նց, երգիչը պետք է հա՞րկ վճարի, փաստաբանը պետք է հա՞րկ վճարի: Բա ինչպե՞ս եք ուզում խնդիրները լուծվեն: Մենք հրավիրում ենք, որ յուրաքանչյուրը մասնակցություն ունենա տնտեսական հեղափոխության գործում:
  • Կառավարության ծրագրում գրել ենք, որ նպատակ ունենք ծայրահեղ աղքատությունը վերացնել մինչև 2023 թվականը: Իրականում դա մեծ ամբիցիա չէ, որովհետև, ըստ հաշվարկների, Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար հարկավոր է ամեն տարի հավելյալ 1.4 մլրդ դրամ ծախսել: Դրա համար կա մի պայման, այդ գումարը պետք է գնա ճիշտ հասցեատիրոջը հասնի:
  • Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%, դա երևի շատ մոտ է իրականությանը: Այսօր Հայաստանում ոլորտներ կան, որոնք բոլորիս աչքի առաջ գործում են, և մենք չենք նկատում, որ այդ ստվերային ոլորտները գոյություն ունեն: Հայաստանում կա կաբելային հեռուստատեսություն հասկացություն, որ մարդիկ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում, ու ամեն ամիս գալիս, 5 հազար դրամ վերցնում: Սրանք տասնյակ միլիարդներով դրամներ են, և ես ՊԵԿ-ին հանձնարարել եմ շատ արագ բացահայտել այդ համակարգը. կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի ընդհանրապես:
  • Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլ ֆունկցիոնալ փոփոխությունները: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ: Դրդապատճառներից մեկը սա է, որ որոշեցինք՝ ՀՀ-ն պետք է չունենա սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում են նաև այլ նախարարությունների կողմից: Սրա փոխարեն կարևոր գործառույթներ, որ պետք է իրականացվեին սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, չէին իրականացվում: Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև կկոորդինացնի բոլոր նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում:
  • Անհրաժեշտ է սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչև այսօր չգիտենք՝ որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի սփյուռքը, ազդեցության ինչպիսի ծավալ: Այս համակարգը բավարարար չափով կազմակերպած չէ, կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը: Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամենօրյա կիրառելի տեղեկատվություն, թե սփյուռքի, որ համայնքում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք, և այդ պոտենցիալի հետ կառավարությունը ինչ համագործակցություն պիտի իրականացնի ՀՀ տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Սփյուռքի նկատմամբ կառավարությունն ունի նաև պարտականություններ և որ այդ պարտականությունները պետք է կատարեն բարձր մակարդակով:
  • Անհրաժեշտ է Սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպության կամ ֆորմատի ստեղծումը: Մենք պետք է կարողանանք ձևավորել կոնկրետ հասցե, թե սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս սփյուռքի ինչ-որ հատված իրեն մեկուսացածված է զգում պրոցեսից և համարում է, որ կառավարությունն իր հետ այդ հարցը չի քննարկել: Ուստի կարևոր է ձևավորել ամբողջ սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կառույց: Բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է մարտահրավեր, սփյուռքում կան բազմաթիվ հակասություններ:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica