close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.85
GBP1628.24
EUR1543.25
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համակերպման, այլ ոչ թե հեղափոխական ծրագիր

Թեմա

12 Փետրվարի 2019, 13:49
 Համակերպման, այլ ոչ թե հեղափոխական ծրագիր

Դարձյալ պետք է արձանագրենք` գծվում են բաժանարար գծեր՝ երկրի զարգացման գործում հասարակական ու քաղաքական ողջ ներուժի անհրաժեշտ մասնակցության իմաստով: Կառավարությունն ի սկզբանե մտադրված է իր ծրագրից բխող բարեփոխումներն իրականացնել խորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար: Փաստորեն, անտեսվում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հետևաբար` նաև հասարակության  մի մեծ կազմակերպված հատվածի մասնակցային ներուժը:
Ընդ որում՝ ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, սակայն այստեղ ևս հնարավոր չէ հստակ առանձնացնել ընդգծված գաղափարական հենքը:

Իհարկե, ծրագիրը ներառում է նախկինից պահպանված և ջանասիրաբար լրացված, միևնույն ժամանակ, հանրության լայն շրջանակի համար խիստ սպասված և ականջահաճո նպատակադրումներ: Սակայն, որքան էլ զարմանալի թվա, այն չունի չափելի բավարար թիրախներ, որոնք հնարավորություն կտան առարկայական գնահատելու դրա ընթացքն ու վերջնարդյունքը:

Այս պարագայում, բնականաբար, ոչ լիարժեք և ձևական է դառնում նաև ծրագրում հռչակված պետական քաղաքականության արդյունավետության գնահատման համընդհանուր շղթան՝ գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական: Մասնավորապես` այս մոտեցմամբ պետական կառավարման մարմինների ստեղծած միջանկյալ արդյունքները, թեկուզ դրանցից յուրաքանչյուրի  լավ աշխատանքի պարագայում, իրականում չեն կարող երաշխավորել, որ ժամկետի ավարտին (հինգ տարի անց) ծրագիրն ամբողջական կատարված կլինի, քանի որ այդ արդյունքները հնարավոր չէ լիարժեք բխեցնել ծրագրից՝ առնվազն սոցիալական և տնտեսական ոլորտներում նվազագույն անհրաժեշտ չափելի թիրախների բացակայությամբ պայմանավորված:

Նպատակը կարծես պարզ է՝ հաջորդ ընտրությունների նախաշեմին գործող իշխանությունը մանիպուլյացիաների լիարժեք հնարավորություն կունենա. ուր էլ հասած լինենք, կարող է որակվել՝ որպես ծրագրի լիարժեք կատարում և առավելագույն արդյունք: Դե, իհարկե, այդ ժամանակ ծրագիրը կատարած չլինելու պարագայում դժվար է լինելու բերել հանրության համար հասկանալի փաստարկներ և իշխանությունից դուրս գտնել մեղավորներ:

Մյուս կողմից` ծրագրի տարբեր բաժիններում ջանասիրաբար խոսվում է սոցիալական ներառական զարգացման անհրաժեշտության մասին՝ հանրության բոլոր շերտերին հուզող սոցիալական խնդիրների լուծման նպատակադրումների ներքո: Սակայն ծրագրի նույն բաժիններում արձանագրում ենք, որ բարեփոխումների համար առաջարկվող հավաքական լուծումները հետևողականորեն և բացառապես հենված են ազատ շուկայական կարգավորումների վրա: Այս իմաստով հարկ է նշել, որ մեծ խնամքով և դարձյալ առաջ քաշվող բարեփոխումների այս մոտեցման սկզբունքային անհամատեղելիությունն ու ձախողումները բազմիցս են փաստվել համաշխարհային տնտեսության, ինչպես նաև անկախացումից հետո մեր երկրի զարգացման պատմությամբ: Մասնավորապես` ծրագրում հմտորեն լղոզված են սոցիալական և տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության շրջանակը և նվազագույն անհրաժեշտ պարտավորությունները: Սա նկատելի է հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ քրոնիկ գործազրկություն և աղքատություն, այդ թվում՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի մոտեցնող խնդիրներ և այլն:

Փաստորեն, այս խնդիրների լուծումների համար որդեգրվում է բարեփոխումների հետևյալ ընդհանրական բանաձևը. կառավարությունը կստեղծի ազատ շուկայական, կոռուպցիայից զերծ մրցակցային պայմաններ՝ հավասարապես բոլորի համար, դրան էլ զուգահեռ` իր գործառույթները հնարավորինս կպատվիրակի մասնավորին՝ առավելագույնս կրճատելով պետական համակարգը, որի դեպքում արդեն յուրաքանչյուր ոք կքաջալերվի, իր վաստակին համարժեք կապրի և պետք է լինի երջանիկ կամ իր և իր ընտանիքի սոցիալական չլուծվող խնդիրների համար այսուհետ մեղադրի ինքն իրեն, այլ ոչ թե օրվա իշխանությանը:

Եվ այս մոտեցմամբ առաջարկվող ցանկացած ծրագիր ցանկացած երկրի ու իրավիճակի համար կլինի իրատեսական, իրականացնողների համար՝ նվազագույն ռիսկերով, իսկ ժամկետի ավարտին էլ ինքնաբերաբար կդառնա կատարված և իշխող քաղաքական ուժի համար կստեղծի նախապայմաններ իշխանությունը հարատև պահպանելու համար:

Բայց, ցավոք, այս թեզը կարող է իրական լինել միայն առաջին հայացքից՝ ցանկությունների տիրույթում: Իսկ այս թեզով զարգանալու ճանապարհը մեր երկիրն իրականում տանելու է դեպի անորոշություն և կրկին համակերպում խորացող սոցիալական խնդիրներին: Եվ սա այն դեպքում, երբ օբյեկտիվորեն սրվում են նաև մեր երկրի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնց դիմակայումը, այո՛, հանրային կյանքի բոլոր ոլորտներում պահանջում է առաջանցիկ ու համարժեք զարգացում՝ պետության լիարժեք պատասխանատվությամբ և առկա ողջ ներուժի գործադրմամբ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

ԱԺ նիստը` ուղիղ
19 Ապրիլի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica