close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ ազգային դպրոց պե՞տք է, թե՞ ոչ

Թեմա

11 Փետրվարի 2019, 15:56
 Մեզ ազգային դպրոց պե՞տք է, թե՞ ոչ

Հրապարակվել է կառավարության 2019-2023թթ. ծրագիրը, որի` կրթությանը հատկացված բաժնում ազգային դպրոցի կայացման մասին ոչ մի խոսք չկա: «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է. «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է»:

Կառավարության ծրագրում` կրթությանը հատկացված մասում, ոչ մի տեղ «ազգային» բառը գործածված չէ, հետևաբար` չկա նաև ազգային դպրոց ստեղծելուն, հայրենասիրության ու պետականության ոգով դաստիարակելուն միտված որևէ նպատակ ու տեսլական…. Գուցե սա համարեինք սովորական վրիպում կամ բացթողում, եթե շատ վստահ լինեինք, որ նոր իշխանավորներն ունեն ազգային ու պետական բարձր մտածողություն, նրանց անցած ճանապարհը եղել է ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար պայքարի ու նվիրումի ճանապարհ, և որ ամենօրյա գործունեությամբ կշարունակեն այդ առաքելությունը: Ընդհակառակը` նրանցից շատերը, թե՛ իրենց նախկին գործունեությամբ, թե՛ վերջին շրջանում արված որոշ հայտարարություններով մտավախություն են ստեղծում, որ չեն գիտակցում, ճանաչում ու ընդունում հայ ժողովրդի ստեղծած ազգային արժեքները, դրանց դերը մեր սերնդի դաստիարակության ու հոգեկերտվածքի մեջ Հայ մարդու ձևավորման, ՀՀ լավ քաղաքացի, այդ թվում՝ լավ զինվոր ու ազգասեր գիտնական կերտելու հարցում: Ուստի անհրաժեշտ է մշակել ազգային դպրոց ունենալու ռազմավարություն, ամրագրել այն կառավարության ծրագրում ու ամրագրել դրա կայացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:

Օրինակ՝ կառավարության 2019-2023թթ. ծրագրի կրթության բաժնում գրված է. «Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները…»: Եվ ոչ մի խոսք ազգային կրթությունն ու դաստիարակությունը խթանելու մասին: Օրինակ` ավագ դպրոցում, քաղաքացիական, ձեռնարկատիրական ու ֆինանսական կրթություն տալու հետ մեկտեղ, հարկ է, որ երեխաներն ուսումնասիրեն նաև «Հայկական հարցի պատմություն», դրա էությունն ու նպատակը, հասկանան` ինչ է հայոց պահանջատիրությունը, ինչու է անհրաժեշտ հասնել Հայկական հարցի լուծմանը, ինչ արտաքին վտանգներ ու մարտահրավերներ ունենք այսօր, որոնք են մեր համազգային հիմնախնդիրները և դրանց համատեքստում, որն է յուրաքանչյուր հայի պարտականությունն ու անելիքը, որոնք են մեր ազգային արժեհամակարգի ու մշակույթի հիմնասյուները, ինչու պիտի պահենք ու պահպանենք դրանք… Այս և այլ հարցեր պիտի դրված լինեն մեր ազգային դպրոցի հիմքում, իսկ մինչ այդ պիտի կարևորվի ազգային դպրոց ունենալու անհրաժեշտությունը՝ մի շարք տեսանկյուններից:

Նախ` պիտի հասկանանք, որ, ազգային դպրոց ստեղծելով, մենք բարձրացնում ենք ազգի որակը, ամրապնդում նրա մեջ հավաքականության և ազգային ինքնության գիտակցումը,  էթնիկ առանձնահատկության կարևորումը, գնահատումն ու պահպանումը: Ըստ էության` սրանք առաջնային են մեր պետության համար, այլապես կարիք չկար փոքրիկ տարածքի վրա ստեղծել ազգային, անկախ պետություն ու դարեր շարունակ կռիվ տալ դրա համար:

Հայրենասեր, ազգային մտածողությամբ սերունդ դաստիարակելը խիստ անհրաժեշտ հարց է մեզ նման փոքր, հիմնականում թշնամի երկրներով շրջապատված, մեծ սփյուռք ու չլուծված բազմաթիվ համազգային խնդիրներ ունեցող երկրի ու ժողովրդի համար: Վերջապես, թող թույլ տրվի ասել՝ այս հարցերի համատեքստում պակաս կարևոր ու պակաս օրախնդիր հարց չէ արտագաղթի թեման՝ այն առումով, որ մենք մի տեսակ «հեշտ արտագաղթող» ենք: Մեզ պետք է մշակել ազգային դաստիարակության հայեցակարգ ու հենց հանրակրթությունից ապահովել դրա կիրառումը: Այլապես կարող ենք ուսյալ ու բազմակողմանի զարգացած սերունդ ունենալ, բայց չունենալ ազգասեր, հայրենասիրությամբ օժտված ու ազգային հիմնախնդիրները գիտակցող, դրանց լուծմանը պատրաստակամ սերունդ: Մեզ պետք է մտահոգի ոչ միայն լավ գիտնական, գործարար ու ծրագրավորող ունենալը, այլ նաև Հայ գիտնական ունենալը, որը չի լքի երկիրն ու իր աստղադիտարանը Բյուրականում կկառուցի, Հայ գործարար ունենալը, որն օտարի տունն ու քաղաքը շենացնելուց առաջ կմտածի իր երկրի բարեկեցության մասին, իր երազածը կկառուցի ոչ թե Բաքվում ու Թիֆլիսում, այլ Հայաստանում…

Մենք այս խնդիրն ունեցել ենք և ունենք այսօր, ուստի վաղուց ժամանակն է գիտակցելու, ախտորոշելու այս խնդիրները ու մտածելու դրանց լուծման մասին, եթե ուզում ենք հեռուն գնալ, եթե չենք ուզում ապագայում էլ խոսել կորուստների մասին: Այս հարցերի լուծման բանալին նախ և առաջ ազգային դպրոց կայացնելու մեջ է, այնպիսի դպրոց, որը, գիտելիք տալուց բացի, կպատրաստի ազգային դաստիարակությամբ օժտված քաղաքացիներ. միայն այդ քաղաքացին կարող է լինել սրտացավ պաշտոնյա, անձնվեր զինվորական ու ապագայի հզոր, ազգային տեսլական բանաձեւող գիտնական: Այլապես` 19-րդ դարում գրված` Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» գործածելու պահանջը միշտ կլինի արդիական:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica