close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության Ընդհանուր Ժողովի խորհուրդը. Պատգամներ Արցախից

Թեմա

11 Փետրվարի 2019, 11:01
 Դաշնակցության Ընդհանուր Ժողովի խորհուրդը. Պատգամներ Արցախից

Ստորև ներկայացնում ենք հատվածներ, հունվարի 23-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ Հ.Յ. Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորների համար կազմակերպած պաշտոնական ընթրիքի ժամանակ հնչած ելութներից:

Մաս 2-րդ

«Ձայն մը հնչեց Արցախի լեռներեն»

(Հատված ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքից: Շուշի, 23ը հունվարի, 2019 թ.):

Գուցե ոմանց տարիքը մթագնել է իրենց հիշողությունը, գուցե ոմանց տարիքը լեզվի սայթաքումի պատճառ է եղել, բայց ես ուզում եմ խոսել որպես 88 թվականի սփյուռքահայ։ 86 թվականին, երբ 75-85 թվականների հակաթուրք զինյալ պայքարը, կարելի է ասել, ավարտվել էր, սփյուռքի ակտիվ, հայրենասեր, գործունյա երիտասարդության մոտ մի քիչ հուսախաբություն կար… է՛, հի՞մա ինչ պիտի անենք։ Եվ արդեն 87-ի վերջում, 88 թվականին, «Ձայն մը հնչեց Արցախի լեռներեն»։ Այդ շարժումը, որ վերածվեց ազատամարտի, նաև մեր՝ դաշնակցականների մասնակցությամբ, իսկապես զարթոնք էր սփյուռքի համար։ Եվ ես հիշում եմ, որ սփյուռքում, Շուշիի ազատագրումից առաջ, մենք պատրաստվում էինք Դաշնակցության մեկ այլ ընդհանուր ժողովի, որը խափանվեց Երևանում։ Այդ ժամանակվա Հայաստանի նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից: Ամեն դեպքում Արցախյան շարժումը եղավ իսկապես զարթոնքի, իսկապես հպարտության շարժում։ Այսօր չգիտեմ ով ինչ է հիշում, բայց մեր նորագույն պատմության մեջ Արցախը և Արցախի ժողովուրդը ունեն հատուկ տեղ, որովհետև, եթե 130 տարի առաջ, «Ձայն մը հնչեց Էրզրումեն», ապա 30 տարի առաջ «Ձայն մը հնչեց Արցախեն։

 

Դաշնակցությունը դաստիարակում է երիտասարդների, որոնց համար բարձունք գրավելը հազար անգամ ավելի կարևոր է, քան Երևանում խաչմերուկ փակելը

(Հատված ՀՅԴ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սեյրան Բաղդասարյանի խոսքից: Շուշի, 23ը, հունվարի, 2019 թ.)

Այս դահլիճում շատերս ենք դաշնակցական, իսկ բոլորս՝ արցախցի ենք։ Ես ուզում եմ Արցախի կառավարությանը Դաշնակցության և բազմաթիվ երկրներից այստեղ ժամանած պատվիրակությունների անունից հավաստիացնել՝ Դաշնակցությունն այդ 30 երկրում, բոլոր հայկական համայնքներում դաստիարակում է այնպիսի սերունդ, հայի այնպիսի տեսակ, որի համար Արցախը սրբազան հայրենիք է, սրբազան հող՝ լինի դա Ավստիալիայի հայությունը՝ Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Լիբանանի, Պարսկաստանի թե այլ երկրների դեպքում։ Դաստիարակվում են այնպիսի հայեր, որոնց համար Շուշիում բարձունքը գրավելը եղել և մնում է հայոց սխրանքների ամենակարևոր էջերից մեկը, այնպիսի երիտասարդներ, որոնց համար բարձունք գրավելը հազար անգամ ավելի կարևոր է, քան Երևանում խաչմերուկ փակելը։ Այնպիսի հայեր, որոնք թողած իրենց տունը, տեղը, 90-ականների սկզբներին եկան, մասնակցեցին Արցախի պատերազմին․ ձեզ հետ, սիրելի՛ արցախցիներ, մարտնչեցին և ոմանք հանգչեցին այս սուրբ հողում։ Մեզ բոլորիս համար, այս ժողովի մասնակիցների համար, իսկապես պատմական առիթ էր Արցախում անցկացնելը Դաշնակցության Ընդհանուր ժողովը։ Սա սովորական քայլ չէր, երբ կուսակցությունը որոշեց և դուք ընդառաջեցիք։ Սա պատգամ էր ամբողջ հայությանը, հարափոփոխ Հայաստանի իշխանություններին, որոնք ենթակա են տարատեսակ գայթակղությունների կամ արտաքին ճնշումների այն մասին, որ Դաշնակցությունը եղել է, կա և մնում է հայոց ազգային քաղաքական կյանքում սահման գծած եզակի քաղաքական ուժը, և այդ սահմաններից մեկը կոչվում է Հայ դատ, մյուսը՝ Արցախ։ Կարծում եմ սա պատգամ է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հայության բոլոր ակտիվ ուժերին, որի հասկանան՝ այն ծանր օրերը, որ այսօր սկսվել են, մութ ամպերը, որ կուտակվել են Արցախի գլխին՝ տարբեր տեսակ բանակցությունների, ճնշումների կամ տարբեր երկրներից եկող գայթակղությունների տեսքով․ մենք պարտավոր ենք միասնաբար հետ մղել դրանք։ Կեցցե՛ Արցախը, կեցցե՛ արցախցին, կեցցե՛ հայությունն ու Դաշնակցությունը։

Կաղնին ամու՛ր է, կաղնին Արցախի հողից այս անգամ ջուր առավ

(Հատված ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքից: Շուշի, 23ը հունվարի, 2019 թ.)

«Սահմաններն այլևս կհատվեն և աշխարհագրությունն իմաստ չի ունենա և, հակառակ ամեն հալածանքի, ամեն հարվածի՝ 129 տարի Դաշնակցությունն ամուր կառչած կմնա իր ժողովրդի համար ծնված լինելու, իր ժողովրդի համար աշխատելու աննկուն կամքին։ Այդ հսկա կաղնին, հակառակ իր ճյուղերին հասցված կացնի հարվածներին, շարունակում է ծլարձակել, հսկայանալ, բայց, մանավանդ, այդ կաղնին կհասնի իր հոր պարտեզը՝ Արցախ։ Կզգա, որ այնտեղ է իր իսկական տեղը, այնտեղ, որտեղից կանչեց հողը, Արցախի ժողովուրդը, որպեսզի միասնաբար կարողանան պաշտպանել ոչ թե Արցախը՝ Արցախի համար, այլ Արցախը՝ համայն հայության համար։

Թերեւս մեզնից ոչ ոք չէր երևակայի տարիներ առաջ, որ Դաշնակցության Ընդհանուր Ժողովը կարող է գումարվել Արցախում: Բայց պատմության ճակատագրական հանգրվանն այնպիսին էր, որ մենք այսօր հպարտ Արցախի, հպարտ Դաշնակցականների, հպարտություն ներշնչող Ընդհանուր Ժողովը կգումարենք։ Վստահ եղեք, պարո՛ն Նախագահ, Սրբազան հայր, Արցախի մեր սիրելի ընկերներ, որ Լիբանանի մեր կազմակերպությունը մեկ համեստ օղակն է համայն Դաշնակցության մեծ ընտանիքի, բայց այնտեղ, որտեղից պարտականությունը կանչում է, մենք միշտ ներկա ենք: Արցախը քաղցր է մեզ համար, Արցախը ամուր բե՛րդ է, ամրո՛ց է: Եթէ Լիբանանից Մհերն ու Վիգենը նահատակվեցին, վստա՛հ եղեք՝ որքան բազում-բազում ուրիշներ կան, որոնք պատրաստ են գալու, պաշտպանելու Արցախը, հաղթելու և, եթե պետք է՝ նահատակվելու։ Դաշնակցության մեջ մենք սովորել ենք առաջ գնալ, ամուր մնալ, պինդ մնալ, չտկարանալ, փողերի առջեւ գլուխ չծռել: Կաղնին ամու՛ր է, կաղնին Արցախի հողից այս անգամ ջուր առավ, Արցախի հողից սնուցվեց եւ, վստահաբար, այդ կաղնին պիտի ամրանա Արցախի, Հայաստանի և հայության համար»։

 

Մայրս միշտ կ’ըսէր՝ «Որքան՝ քաջ, այնքան՝ լաւ»

(Հատված ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Րաֆի Համբարյանի խոսքից: Շուշի, 23ը, հունվարի, 2019 թ.)

Պիտի փորձեմ ձեզ հետ մի քանի մտքեր բաժնել:

Առաջինը այս է: Երբ Հայ Դատը հաջող աշխատանք կ’ընէ՝ մենք Հայաստանի եւ Արցախի երկրորդ բանակն ենք: Մենք մեր աշխատանքը կ’ընենք, որպեսզի այդ առաջին բանակը կրնա ապահով մնալ:
Երկրորդ: Դաշնակցկաններս, մենք, տարբեր ենք՝ մտքով, սրտով, ուժով: Եւ հարմար կուսակցութիւն չենք: Երբ անձրեւ կու գա մենք հոն ենք, երբ ձյուն կու գա մենք հոն ենք, երբ որ դժվար օրեր կու գան, մենք հոն ենք: Մենք հարմար կուսակցություն չե՛նք:

Եւ վերջինը՝ որը մայրս միշտ կ’ըսեր «որքան՝ քաջ, այնքան՝ լավ»: Այստեղ կանգնած ենք Շուշի քաղաքին մէջ: Տղա մը, որու մեծ հայրը Տիգրանակերտեն է, ես քաղաքե մը կու գամ ուր որ ուրիշ հայ չկայ: Տասնութ-տասնինը տարեկան, հայ լեզվով երեք բառ չէի գիտեր: Վերադառնալով 1991թ, Երեւանի մէջ, այս երիտասարդ տղան հիվանդանոց կը մտնե, երրորդ կամ չորրոդ հարկը կերթամ, եւ դուռը կը բանամ, կը զարմանամ, որ գետինը այդքան մաքուր չէ, պատեն կախված լույս մը կա, եւ պատանի աղջիկ մը, որուն անունը մինչեւ այսօր կը հիշեմ՝ Լուսինե էր: Լոսինեն 8 տարեկան էր, երբ հարցուցի, թէ ան ի՞նչ կ’ուզե, պատասխանեց. «Ես ետ՝ տուն կ’ուզեմ երթալ»… Ես Արցախը այս ձեւով հասկցա առաջին անգամ: Երբ դուռը գոցեցի, հասկցա, թէ Արցախը ինչ է: Երեք օր առաջ, ականը Լուսինեին, ոտքը առեր էր, այդ ոտքը ինք ետ չուզեց, բայց ուզեց ետ՝ Արցախ երթալ»:

 

Մեր միասնականությունը պետք է անխախտ մնա, վստա՛հ եմ, որ պիտի մնա

(Հատված ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, լիբանանահայ վաստակաշատ մտավորական, պատմաբան Երվանդ Փամբուկյանի խոսքից: Շուշի, 23ը, հունվարի, 2019 թ.)

«Պահը հուզիչ է, անշուշտ, Դաշնակցությունն իր առաջին Ընդհանուր Ժողովն է գումարել Շուշիում, Ղարաբաղի լուսավոր աստղ, Կովկասի աստղ՝ Շուշիում։ Գիտե՞ք, հայ ազատագրական պայքարի տարիներին առաջիններից եղավ Շուշին և, ընդհանրապես, Ղարաբաղը, որ անգին մարտիկներ ուղարկեց Արևմտահայաստանի ազատագրության համար: Մեծեր էին նրանք, կկոչվեին Նիկոլ Դուման, Խանասորի Վարդան, Վանա Նիկոլ Պողոսյան և շա՜տ ուրիշներ: Եվ զարմանալի չէ, որ Արցախի ազատագրության պայքարի առաջին հասնողներից եղան նաև Սփյուռքի բոլոր կողմերի Դաշնակցականները, կատարելու իրենց պարտքը, այս անզուգական, չքնաղ երկրամասում, որ Արցախ է կոչվում։ Այս պահին միտքս եկավ մեկ մոռացված անգին հերոս՝ Մռավը՝ Մարգար Ժամհարյանը: Երիտասարդ, Եվրոպա ուսանած, վերադարձած Երկիր, այդ տարիներին, 1903-4 թվականների մասին է խոսքը, Կովկասի ինքնապաշտպանության մարմնի անդամ: 1905 թվականի փետրվարին Ժնևում էր։ Այդտեղ գումարվում էր Դաշնակցության խորհրդի ժողովը, որը Դաշնակցության գերագույն մարմինն էր, որ Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում կառներ ամենավճռական որոշումները:
Իբրև անդամ, այդ ժողովներին ներկայանում էր ինքը, ինչպես Համո Օհանջանյանը, Ռոստոմը, Վարանդյանը, Ակնունին և Դաշնակցության շատ ուրիշ պատմական դեմքեր: Փետրվար ամիսն էր և առաջին լուրերը հասան Կովկասից. Բաքվի դեպքերն էին, հայ-թաթարական ընդհարումները սկսվել էին և չկարողացան համբերել. Ժողովը հասավ կեսին, Համո Օհանջանյանը և Մռավը՝ նույն երիտասարդ, մտավորական և, միաժամանակ, մարտական դեմք Մարգար Ժամհարյանը, վերադարձավ և 1905 թվականի սեպտեմբերին, Շուշիի ինքնապաշտպանության կռիվների ժամանակ նահատակվեց։ Սա ասում եմ, որովհետև մեծ թվով անզուգական հերոսներ նվիրվել են հայոց ազատագրության դատին: Զարմանալի չէ, ինչպես ասում էի, Արցախի ազատագրության համար առաջին կոչին պատասխանողները եղան սփյուռքի բոլոր կողմերից եկած դաշնակցական տղաները, երիտասարդները: Սա խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Կովկաս, Պարսկահայաստան, դեռ սփյուռքի տարբեր-տարբեր երկրամասերում ապրող հայերը իրենք իրենց գալիս էին, հակառակ բոլոր տեսակի բռնապետություններին, որ բաժան-բաժան էին արել մեր ժողովրդին, գալիս էին, որովհետև իրենք պատկանում էին միևնույն ժողովրդին: Այս միասնականությունը պետք է անխախտ մնա, վստա՛հ եմ, որ պիտի մնա, և դրա ապացույցը, վերջին 30 տարվա ընթացքում, Արացախի մղած պայքարն է, որ դարձավ ամբողջ հայության պայքարը: Կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ նրա միացյալ կամքը»:

(Շարունակելի)

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica