close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ համար ահավոր ու անտանելի է պատկերացնել, որ հայեր սպանվեն ֆրանսիական զինամթերքով. ՀՅԴ Բյուրոյի անդամը` Մակրոնին

Հասարակություն

6 Փետրվարի 2019, 09:31
 Մեզ համար ահավոր ու անտանելի է պատկերացնել, որ հայեր սպանվեն ֆրանսիական զինամթերքով. ՀՅԴ Բյուրոյի անդամը` Մակրոնին

Փետրվարի 5-ի երեկոյան Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը կազմակերպել էր ֆրանսահայ համայնքի ամենամյա ընթրիք, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կրթության նախարարը, Փարիզի քաղաքապետը, Սենատի անդամներ, բարձրաստիճան այրեր և հայտնի մարդիկ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Yerkir.am-ի հետ զրուցում տեղեկացրեց, որ ընթրիքին հրավիրված են եղել նաև հայկական բոլոր կազմակերպությունները, ազգային ու կրոնական այլ համայնքների ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ՝ շուրջ 480 մարդ:

ՀՅԴ Բյուրոյի անդամի բնորոշմամբ` հայ համայնքի ամենամյա ընթրիքը շատ մեծ քաղաքական «ժամադրություն» է, որի ընթացքում կարողանում են բոլորին փոխանցել իրենց քաղաքական պատգամը:

Մուրադ Փափազյանը, ելույթ ունենալով, ասել է.

 «Մեծարգո' պարոն նախագահ, մեծահա'րգ տիկին քաղաքապետ, մեծահա'րգ խորհրդարանականներ, մեծահա'րգ դեսպաններ, գերաշնորհ հոգևորականներ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անունից սրտագին շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝  մեր տարեկան ընթրիքի երեկոյին ձեր ներկայության համար: Այո, սրտագին, որովհետև հայ ժողովրդի ու Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող դարավոր կապը հոգեկան է` և՛ հավատարմություն,  և՛ վստահություն, և՛ հարգանք: Այս երեկոն բնորոշվում է մեր փոխադարձ անկեղծությամբ, որն արտահայտում ենք ամենայն անկաշկանդվածությամբ, որովհետև այստեղ ենք գտնվում բարեկամական շրջանակի մեջ, ուր, հետևաբար, հարցերը պետք է ներկայացվեն իրենց անկեղծության մեջ:  Նախորդ բանախոսի խոսքին ցանկանում եմ հավելել 3 կետ:

Առաջինն առնչվում է 2018թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի  այցելությանը Փարիզ: Արդարև, ինչպե՞ս կարելի է Առաջին աշխարհամարտի 100-ամյակի առիթով այդ նախագահը հարգանքով հյուրընկալվի Փարիզում: Նախագահ, որը Թուրքիան լրագրողների համար վերածել է աշխարհի մեծագույն բանտի, ուր բանտարկված են հազարավոր ընդդիմադիրներ, ակադեմիականներ ու տարբեր պաշտոնատարներ: Այս ընդունելությանն ի տես, ֆրանսահայությունը ապրեց մեծ հուսախաբություն և հիասթափություն, մանավանդ, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է նույն  Առաջին աշխարհամարտի ժամանակ: Ուստի, այո՛, այս անընդունելի այցը խստիվ ու արդարորեն մերժեցինք, դատապարտեցինք` հանուն այն արժեքների, որոնք դասավանդել ու փոխանցել են մեզ Ֆրանսիայում, ֆրանսիական պետական դպրոցներում՝ ի կատար  ֆրանսիական լուսավորության համամարդկային արժեքների ու չափանիշների:

Այս սրահում անխտիր բոլորս բաժանում ենք ազատության և ժողովրդավարության արժեքները, մարդկային իրավունքների հարգումը և ազգերի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եվ այս արժեչափերով և սկզբունքներով է, հետևաբար, որ մենք պաշտպանում ու զորակցում ենք Արցախի հայությանը: Որովհետև 1988-ին ծավալված ժողովրդավար արդար շարժմանը Ադրբեջանը հակազդեց պատերազմով, սպանդով, հազարավոր զոհերով, բռնագաղթով: Սպանդ և պատերազմ էր 1988, 1989, 1990 թվականներին, և դեռ պատերազմ է մինչև այսօր, փաստ` 2016-ի քառօրյա պատերազմը: Ու մինչև այսօր Բաքուն շարունակում է հազարավոր անգամ խախտել զինադադարը: Արդ, պարո՛ն նախագահ, ի՞նչ կարող ենք անել մենք,  բացի զորավիգ կանգնելուց  անընդհատ հարձակման ենթակա մեր ժողովրդին, որն ուզում է  ազատ ու խաղաղ ապրել պապենական իր հողի վրա: Ի՞նչ կարող ենք անել, բացի զորակցելուց  արցախահայության ինքնորոշման իրավունքի պահանջին: Եվ այստեղ հասնում եմ երկրորդ շեշտադրմանս: Ի՞նչ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն աշխարհի միակ հակամարտությունը պիտի շարունակի մնալ, ուր հիմնական կողմերից մեկը բացակա է բանակցությունների սեղանից: Ինչո՞ւ: Այլ հակամարտությունների պարագայում` Հարավային Օսիա, Աբխազիա, Կոսովո, Պաղեստին, խնդրո առարկա բոլոր կողմերը ներկա են բանակցությունների սեղանի շուրջը: Ուրեմն ինչո՞ւ վարել վանողական այս դիվանագիտութիւնը, մանավանդ, որ տասնամյակներ ի վեր այն ապացուցեց  իր ապարդյունությունը:

Պարո՛ն նախագահ, գնահատանքով ընկալեցինք մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետին շնորհավորական ձեր ուղերձում այն կոչը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է գտնի արդար լուծում: Ի՞նչ կարող ենք հասկանալ` «արդար լուծում» ասելով, պարո՛ն նախագահ:

Պարո՛ն նախագահ, մեկ տարի առաջ Ձեզ հրավիրեցինք Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք պատմական բուն իր անունով` Արցախ: Շատ քաղաքավարի այն կանխեցիք` հիմնավորելով, թե Ֆրանսիան հակամարտության լուծման մեջ, իբրև Մինսկի խմբի եռանախագահ, ունի կարևոր պատասխանատվություն, հետևաբար` պետք է խիստ ուշադիր լինի չեզոքության հանգամանքին: Հանուն խաղաղության` չեզոքությունը չի ենթադրում նաև զենքի, հրթիռի ու ռազմական այլ տեսակի հավաքածուների վաճառքի արգելումը հակամարտող կողմերից մեկին: Պարո՛ն նախագահ, մեզ համար ահավոր ու անտանելի է պատկերացնել, որ հայեր սպանվեն ֆրանսիական զինամթերքով: Եվ այստեղ հավաքաբար հույս ունենք, որ Ձեզ համար ևս անտանելի կլինի նման բան:

Այժմ 3-րդ կետը. ներկայիս նրբանկատ կացության մեջ մենք կարիքն ունենք մեր բոլոր բարեկամների: Ղարաբաղի հարցը մեր առաջնահերթությունն է: Հետևաբար, կոչով դիմում ենք ազատության և ժողովրդավարության մեր բոլոր բարեկամներին` այցելել Ղարաբաղ` զորակցելու մի ժողովրդի, որը դեռևս 2019 թվականին դիմագրավում է լուրջ վտանգներ: Այցելել այնտեղ` նշանակում է շունչ ներարկել տեղի բնակչությանը, որի կարիքն այն ունի: Այցելել այնտեղ` նշանակում է խրախուսել  այն կանանց  ու երեխաներին, այն մարդկանց, որոնք պահանջում են խաղաղ կյանք իրենց գյուղերում, ծննդավայրերում, իրենց պապենական հարազատ հողի վրա:

Նրանք ունեն այդ իրավունքը: Ուրեմն, այո՛, վստահաբար Դուք էլ կհայտնվեք Ադրբեջանի սև ցուցակում, որում արդեն կան բազմաթիվ խորհրդարանականներ, որոնք գիտակցաբար և քաջաբար այցելել են Արցախ, և որոնց ցանկանում եմ մեկ անգամ ևս հայտնել  մեր խորին երախտագիտությունը, հանձինս  Պատրիկ Դևեջյանի, Ֆրանսուա, Ռոշբլուանի, Ռընե Ռուքեի, Բրյունո լը Ռուի, Վալերի Բուայեի, Լյուք Քարվունասի, Ֆրանսուա Փուփոնիի, Ժան-Մարկ Ժերմենի,  Ժան Լոնեի, Նատալի Նիելսոնի, Ֆրանսուազ  Դյումայի...

Կոչով դիմում ենք նաև Ֆրանսիայի քաղաքներին, գավառներին և շրջաններին, որ բազմապատկեն բարեկամության հուշագրերի կնքումը Արցախի համապատասխան քաղաքների հետ, որպեսզի ոչ թե նեղ կացության մատնեն ֆրանսիական դիվանագիտությունը, այլ զորացնեն»:

Ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով` Ֆրանսիան 1915 թվականից ի վեր Ցեղասպանությունը բնորոշում է որպես հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, ընդ որում` 2001 թվականից երկարատև պայքարի շնորհիվ այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով: Մակրոնը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև Ֆրանսիայում, և ինքն էլ  կպայքարի ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն «անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»:

«Միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը, չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները տվյալ համատեքստում», - նշել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռևս ամբողջ թուրք ժողովուրդը չէ, և իր` որպես Ֆրանսիայի նախագահի պատասխանատվությունն է երկխոսության հրավիրել Թուրքիայի նախագահին:

Մակրոնը մեկ անգամ ևս հայտարարել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում  հռչակվելու է  որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica