close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1994. Ծաղկած խրամատներ

Հարթակ

5 Փետրվարի 2019, 21:53
 1994. Ծաղկած խրամատներ

« Հազիվ վեց տարեկան տղան հոր հետ քայլելիս հարցնում է.

–  Պա՛պեթե բոլորը մեռնում ենախր ինչու՞ ենք ծնվել

1994թԱրցախ»

Եւ ահա ձեռքիս է  ազատամարտիկի օրագիրը: Նա ինձանից մեծ է 18 տարով, բայց ես նրան ընկեր եմ համարում, որովհետեւ ազնիվ մարդիկ այսօր շատ քիչ են, իսկ այդ քչերի հետ ես աշխատում եմ ընկերություն անել: Նրա երիտասարդությունը, ինչպես եւ շատերինը, «ծաղկել է» խրամատներում, բայց նրա համար այդ տարիները ոչ թե կորցրած, այլ գտած տարիներ են: Հարցնում եմ՝ ինչու՞, ասում է՝ երևի բառապաշարս չհերիքի պատասխանել, այդ տարիները պետք է պարզապես ապրել, զգալ…

Եւ ահա թերթում եմ ինձ վստահված օրագիրը, որում հասցրել է գրառել միայն 1994 թվականի որոշ իրադարձություններ: Խունացած թղթի հոտ եմ առնում օրագրից եւ մտածում՝ սա էլ է երևի պատերազմի հոտը: Նա, ասես մտքերս կարդալով, վերցնում է տետրը եւ մի լավ հոտ քաշում, հետո ասում է՝  կհաջողվի՞ մի բան խմբագրել…Իսկ խունացած տետրից լայն բացած աչքով ինձ է նայում պատերազմը: Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է պատերազմը խմբագրել, ուղղել, շտկել…այդ հարցից Ձմեռ պապի կախարդական փայտիկին նորից հավատալու ցանկություն եմ ունենում եւ ափսոսում եմ, որ շուտ եմ մեծացել…Ախր, պատերազմ էր, այն տարիներին Ձմեռ պապն էլ էր հոգնել պատերազմից…Բայց ամենաշատը այդ տարիներին էին 1-ից 100 տարեկան երեխաները հավատում Ձմեռ պապին, թեւ նա չէր հասցնում երազանքներ իրականացնել…

Ես կփորձեմ առանձին պատմությունների տեսքով ներկայացնել ազատամարտիկի հուշագրությունը, չէ որ պատերազմը այդպես էլ չլքեց մեզ, չսովորեց հրաժեշտի լեզուն եւ հիմա էլ ամեն օր  անցնում է մեր կողքով, մե՛րթ թաքնվում է, մե՛րթ դուրս է գալիս, թափառում, ընկնում փողոցները, գո՞ւցե ծիծաղում մեր հավատի վրա…Բայց մեր կամքը կհաղթի ու մեր հոգու խրամատներում կծաղկեն մանուշակները…Իսկ դու, ընթերցող, կարդա այս հուշերը եւ  երբեք մի մոռացիր, որ ինչ-որ տեղ դեռեւս ապրում են հրաշքները…

                                                                               «Երնեկ թե այս Նոր տարին…»

1993թդեկտեմբերի 27

Խրամատում եմ: Շուտով նոր տարի է: Որոշեցի, որ պետք է սկսեմ գրի առնել հուշերս՝ 1994թ. հունվարի մեկից սկսած: Ափսոս, որ չհասցրեցի մինչ այդ գրառումներ անել. մինչեւ 1994-ն էլ գրելու շատ բան կար, այնքա՜ն շատ: Բայց, ոչինչ, դրանք էլ մնացել են սրտիս էջերում: Այն, ինչ որ պիտի սկսեմ շարադրել, դարձյալ սրտիցս է բխում, բայց այս անգամ պիտի կիսվեմ, զրուցեմ օրագրիս հետ: 1994-ը պիտի լավ տարի լինի, այն պիտի անմոռանալի տարի լինի բոլորիս համար. ես հավատում եմ 1994-ին:

1993թդեկտեմբերի 31-1994թհունվարի 1

Նոր տարին եկավ զենքերի կրակոցների հետ: Երկինքը կարմրեց: Կրակում էինք թե՛ մենք, թե՛ թշնամին: Թե՛ մենք, թե՛ իրենք այդպես էինք ուրախանում Նոր տարվա գալուստով: Մի բան գիտեմ՝ կրակելիս մենք մտածում էինք խաղաղ Նոր տարվա մասին, իրենք՝ չգիտեմ: Ախր, ո՞ր  մի զինվորը չի սիրում խաղաղությունը…

Կրակելուց հետո մտանք «բլինդաժ»: Ինչ-որ ձեւով պետք է նշենք Ամանորը, բայց ինչպե՞ս: Եղած-չեղածը տղերքը իրար կողքի հավաքեցին, իսկ եղած-չեղածը 2 չոր հաց էր եւ մի քանի սոխ: Հա՛, մոռացա, նաեւ՝ աղ: Եթե դուք երբևէ աղով ու սոխով հաց չեք կերել, ապա դժվար թե հիմա պատկերացնեք, թե դա ինչքան համով բան է. խորհուրդ կտամ փորձել, համ էլ՝ օգտակար է առողջությանը: Տղաները հերթով մոտեցան, մի կտոր հաց կտրեցին, սոխը քսեցին հացին, մի քիչ աղ ցանեցին ու կերան: Ոմանք դժգոհ էին աշխարհից, կյանքից, հրամանատարությունից, ոմանք լուռ ուտում էին: Ես գիտեմ, մի օր այսօրը քաղցրությամբ ենք հիշելու, հաստատ գիտեմ: Մտածեցի ինքս ինձ ու կուլ տվեցի սոխով թաթախված չորահացը:

Հետո տիրեց լռություն: Ամեն մեկը երևի մտքով տուն գնաց, տաքացավ տան վառարանի կողքին, տնեցիների հետ սեղան նստեց, բաժակ բարձրացրեց: Երևի թե ասաց՝ երնեկ, թե այս Նոր տարին…

Առավոտը բացվելուն պես տրակտորի ձայն լսվեց: Պարզվեց՝ տրակտորով մեզ համար շտաբից դեսից-դենից ուղարկել էին՝ միս, կարտոֆիլ, հաց, գինի: Մեր համագյուղացի Արթուրն էլ մի շիշ օղի էր բերել /դե՜, մեր համագյուղացիները մի քիչ խմիչքին մոտ մարդիկ են…/

Սեղանը բացվեց առանց սփռոցի, բայց սեղան, ի՜նչ սեղան, իսկը տոնական սեղան: Գիշերվա կիսասոված ստամոքսը մի լավ ուրախացավ: Բաժակ բարձրացրինք եւ շնորհավորեցինք բոլորիս Նոր տարին: Դե ի՞նչ պիտի ցանկանայինք, էլի խաղաղություն, բայց միայն հաղթանակի հետ միասին. այլ խաղաղություն չէինք ուզում: Հիշեցինք կորցրած ընկերներին, ցանկացանք, որ վերջին զոհը՝ Մերոն, վերջինը լինի. հերիք է, բոլ է…Վալերիկը մի տխուր երգ երգեց, որ տակնուվրա արեց տղերքի սրտերը: Մեզ թվում էր՝ գինին էինք կուլ տալիս, բայց գինու հետ փորձում ու չէինք կարողանում կուլ տալ կորստի ցավը: Գինու մեջ արցունք կար: Վալերիկը նկատեց բոլորի հուզմունքը ու միանգամից փոխեց երգը, սկսեց ուրախ մի երգ երգել ու ասաց, որ մենք էլ ձայնակցենք, ուրախ մտնենք Նոր  տարի: Սկսեցինք երգել, նույնիսկ պարեցինք: Մեզ թվում էր՝ պարելով էլ ենք հաղթում: Երբ պարում էինք, զգացի, որ դեռ ապրում ենք, որ դեռ կյանքը շարունակվում է, որ մենք բոլորս էլ սիրում ենք կյանքը…

Այսպես դիմավորեցինք 1994-ը, բայց չէինք մոռանում, որ խրամատում ենք, որ մի քանի քայլ այնկողմ թուրքն է, որ պատերազմ է, որ գուցե մեզանից որևէ մեկի համար սա վերջին Նոր տարին կլինի, ո՞վ գիտե…

Հետո հերթափոխություն եղավ /համագյուղացիները, իրար հերթափոխելով, պահում էին դիրքը/:

Ես, Վալերիկը, Արտիկը, Դավիթը, Արտուրիկը շատ մտերիմ  ենք միշտ եղել, իսկ պատերազմը մեզ ավելի մտերմացրեց. դա է փաստում դիրքում ու մարտադաշտում ապրած մեր ամեն մի օրը:

Հունվարի 7-ի ուշ երեկոյան հինգով եկանք գյուղ: Կաղարծին անչափ տխուր թվաց ինձ: Գյուղը տխուր դեմք ուներ, եւ դա պատահական չէր. ախր քառասուն օր առաջ Մերոն էր զոհվել:

Վալերիկի ծնված օրն էր: Ես, Արտիկն ու Դավիթը մտանք նրանց տուն, շնորհավորեցինք, իսկ առավոտյան 4-ով գնացինք Մերոյենց տուն. նրա զոհվելու քառասուն օրն էր լրանում: Ծննդյան օր ու մահվան քառասունք. ամեն բան հակասական է, ամեն բան առեղծված է՝ թե կյանքը, թե մահը: Այսպես էր ոչ միայն մեր գյուղում, այլ ամողջ Ղարաբաղում, բոլորի տներում. մի տեղ ծնունդ էր, մի տեղ՝սուգ, մահ, քառասունք, տարի… Մի ուրիշ տեղ էլ, այս ամենին ի հեճուկս, հարսանիք էր, իսկական արցախյան հարսանիք, քեֆ: Կյանքը պիտի շարունակվեր, թեեւ մեր երիտասարդությունն անցնում էր խրամատներում, թեեւ ամեն մի ընկերոջ կորուստով մեր սրտերում մի նոր, անտակ խրամատ էր փորվում…Կյանքն ու մահը ապրում էին կողք կողքի…

Ես հասցրի լողանալ. դա մեծ երանություն էր: Եղբորս՝ Լյովայենց տանն էի, երբ բեռնատար ավտոմեքենաների ձայն լսվեց: Ինձ հետ էին նաեւ Գարուշը, Արմենը: Նրանք դուրս եկան, հետո եկան եւ ասացին, որ պարետայիններն են, հարկավոր է զգույշ լինել: Տղերքն ասացին, որ պետք է պատսպարվել, իսկ ես ինքնավստահ դուրս եկա, չգիտեմ ինչու՝ ուզում էի նրանց մոտիկից տեսնել: Հասա գյուղամեջ: Հենց այդտեղ էլ ինձ շրջապատեցին, ինչ-որ մեկը  բռնեց ձեռքս ու տարավ դեպի ավտոբուսը, որ կանգնած էր գյուղամիջում: Իմ բոլոր բացատրությունները զուր էին: Ավտոբուսում տեսա  նաեւ մեր համագյուղացի Ռոբիկին ու Բենիկին: Ռոբիկը նոր էր դիրքից իջել, իսկ Բենիկը Երևանից էր եկել իր հայրական տուն. Երևանում էր բնակվում: Որոշ ժամանակ անց ավտոբուս մտան նաեւ մեր գյուղացի Ռազմիկը, մեր բարեկամ Կոլյան, հետո՝ գյուղապետը: Ավտոբուսում շնչելու օդ չկար, պարետայիններն անընդհատ  ծխում էին: Մեզ տարան Մարտունու միլիցայություն: Այնտեղ տարբեր գյուղերից տղամարդիկ էին բերել: Մեկ օր պահեցին միլիցայությունում: Հարցաքննեցին, հասկացան, որ իզուր են մեզ բռնել-բերել: Պարետատան մեքենաներից մեկը Ստեփանակերտ պիտի գնար, որով էլ գիշերվա երեքին գյուղ հասանք: Հաջորդ օրը մեկնեցինք գումարտակ, հետո՝ դիրքեր: Հենց այդ ժամանակ է, որ գումարտակի հրամանատարությունը փոխվեց, ինչ-ինչ պատճառներով գումարտակի հրամանատար Դավիթին եւ նրա տեղակալ Ժորիկին տեղափոխեցին ուրիշ գումարտակ, նրանց փոխարեն նշանակվեց մյուրիշենցի Արկադիան, իսկ տեղակալը Ալյոշան՝ Նորշենից: Զինվորների մեծամասնությունը չէր սիրում փոփոխություններ, մի տեսակ ընկճված էին: Սկսվեց նոր փուլ, նոր որոշումներ: Մարտերն էլ գնալով ավելի էին թեժանում, դիրքերն ամեն օր ռմբակոծվում էին, հարձակումներն ավելի հաճախակի ընթացք ստանում: Արդեն տան երես չէինք տեսնում, ամեն վայրկյան կռիվ էր: Մի օր, երբ համեմատաբար հանգիստ էր, ես ու մեր Արտուրիկը գյուղ գնացինք՝ տնեցիներին տեսակցելու: Այնպես ստացվեց, որ մի քանի ժամ ուշացանք, ու երբ հասանք շտաբ՝ հրամանատար Արկադիան մեզ, որպես պատիժ, հրամայեց ոտքով շարժվել դեպի դիրքերը եւ երեք հերթափոխ անընդմեջ մնալ դիրքերում: Արտուրիկը փորձեց վիճել, բայց Արկադիան հարգում էր նրան, ուստի չթողեց, որ վեճը շարունակվի, հրամայեց ու լուռ հեռացավ:

Այդ օրերը ծանր օրեր էին: Ես հոգեպես անբացատրելի վիճակում էի. չէի հասկանում, թե ներսումս ինչ է կատարվում, ինձ թվում էր՝ աշխարհը շուռումուռ է գալիս ներսումս, ամեն բան վերանում է հոգուս մեջ, ես ամայանում եմ, ես անընդհատ փոշմանում էի իմ արած ինչ-որ բաների համար, իմ շրջապատում կային այնպիսի մարդիկ, որոնց հետ չէի ուզում շփվել, բայց… պատերազմ էր, իսկ պատերազմը հարցեր չէր տալիս, ցանկություններ չէր հարցնում, քմահաճույքներդ բանի տեղ չէր դնում, այն միայն հրամայում էր կռվել… Գիշերը տագնապի ազդանշան եղավ: Արագ վերցրինք զենքերը եւ սկսեցինք ստուգել թե դիրքերը, թե ամբողջ գյուղը: Բարեբախտաբար, ոչինչ չկար: Հետո բոլոր տղաները վերադարձան շտաբ, իսկ ես ու Արտուրիկը մնացինք մեր դիրքում՝ 015-ում: Հաջորդ օրը Արթուրը վերադարձավ զորանոց, իսկ ես դիրքում մնացի 3 հերթափոխ անընդմեջ: Դրանից հետո եղավ հետեւյալ փոփոխությունը. հայտնեցին, որ ստեղծվում է մի նոր վաշտ, որը պիտի կոչվի մոտոհրաձգային վաշտ, վաշտի անդամները դիրք չպետք է գնային, վաշտը պիտի մասնակցեր միայն ու միայն ռազմական գործողություններին: Ինձ հայտնեցին, որ վաշտում ընդգրկվելու են 1971-1972թթ. ծնվածները: Մեր գյուղից ես, Արտուրիկը, Վալերիկը, Արայիկը եւ Անդրյուշն էինք այդ տարիքին, բայց իրենց կամքով, Անդրյուշին ու Վալերիկին փոխարինելով, մեզ միացան  Արտիկն ու Դավիթը: Վերջինիս 18-ը նոր էր լրացել եւ նա երրորդ կարգի հաշմանդամ էր, բայց դա կարծես թե այդպես էլ պիտի լիներ, դա նրան ետ չպահեց մեզանից, որովհետեւ վաղուց էր մեզ հետ ընկերություն անում ու առանց մեզ չէր կարող: Այսպես՝ 5 ընկերներ դարձյալ միասին էինք: Ես հանկարծ հիշեցի Լիզբոնի 5 տղաների պատմությունը, ովքեր համարձակորեն նահատակվեցին հանուն Հայ դատի: Ժպտալով ասացի.

– Դե՛, Լիզբոնի 5 տղաներն ենք էլի /Լիզբոնի 5 տղաների մասին առաջին անգամ լսել էի 1992-ին՝ իրանահայ դաշնակցական գործիչ Կարեն Խանլարյանից/:

Տղերքը ծիծաղեցին, չնայած այդ միտքը նաեւ ոգեւորեց բոլորիս…

Այդ օրը մեր գյուղի տղերքը մեզ մի ուրիշ ձեւով ճանապարհեցին. նրանք հուզված էին: Նրանք մեզ՝ հինգիս, միշտ խենթ էին անվանում, եւ տխուր էին, որ պետք է առանձնանանք իրենցից: Մեզ տարան ճաշարան. այնտեղ մագնիտոֆոն կար, որ մեզ համար էին միացրել: Բոլորս պարեցինք. բոլորիս աչքերում նույն բանն էր, որը չեմ կարող բառերով նկարագրել: Հատուկ վաշտ՝ միայն կռիվների համար. այս միտքը ե՛ւ ոգեւորում, ե՛ւ տխուր մտքեր էր առաջացնում, բայց մենք՝ հինգ ընկերներս, միասին էինք, ու դա մեզ թեւ էր տալիս, մենք մեզ ուժեղ էինք զգում, ու կարևոր չէր, թե հետո ինչ է լինելու. կարևորը մեր ընկերությունն էր, որ մեզ հետ տարել էինք մարտադաշտ…

– Չերգե՞նք «Լիզբոնի 5 տղաների երգը»:

– Երգենք…

– Երանի՜ նրանց…

Շարունակելի

Օրագիրը խմբագրեց՝ Հերմինե Ավագյանը

Ապառաժ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica