close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն չի հրաժարվում իր քաղաքական պատասխանատվությունից. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հարցազրույց

5 Փետրվարի 2019, 15:15
 ՀՅԴ-ն չի հրաժարվում իր քաղաքական պատասխանատվությունից. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ-ն չի հրաժարվում իր քաղաքական պատասխանատվությունից, հատկապես այն ոլորտների հետ կապված, որոնք ղեկավարել է։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-ԽաչատուրյանըՄիևնույն ժամանակ նա գտնում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ունենալն անգամ չի կարող ժխտել, որ Դաշնակցությունը պահել է իր յուրահատկությունը, պահել է այնքան, որ այսօրվա իշխանությունները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու մյուսների նման չենք։ Նա հավելեց, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր ու խոչընդոտ չունեն՝ հատկապես ազգային խնդիրները լուծելու հարցում:

- Պարոն Տեր-Խաչատուրյան, սկսենք Ձեր՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրվելուց։ Տեսակետ կա, որ 18 տարի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փոխարինվեց, որպեսզի ՀՅԴ-ն ռեբրենդինգ անի՝ կրկին վերարժևորելով կուսակցությունը, հաշվի առնելով, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ՀՅԴ-ն հեռացված իշխանության հետ սերտ համագործակցել է։

– Ես մեկ բան ասեմ, որ իսկապես հավատում եմ սրան․ ամեն անգամ, երբ Ընդհանուր ժողով է տեղի ունենում, ասում ենք, որ մենք ցանկանում ենք տալ նոր սկիզբ, նոր գաղափարներ, այժմեականացման խնդիրներ ենք առաջ քաշում, երիտասարդության ներգրավում և այլն։ Այս ժողովն էլ բացառություն չէր, քանի որ կրկին ասացինք, որ ցանկանում ենք դասեր քաղել անցյալից, մեր փորձառությունից, որովհետև ամենակարևոր բանն այն է, որ պետք է սովորես։ Մենք հասկացանք, որ կա՛մ Դաշնակցության խոսքը պետք եղած ձևով չեն կարողացել հասցնել ժողովրդին, այսինքն՝ իրականության մեջ միջոցի խնդիր է, կա՛մ այն է, որ կան հիմնական հարցեր, որոնք այս Բյուրոն պետք է վերանայի։ Սակայն այդ վերանայումը ենթադրում է Ընդհանուր ժողովի համատեքստում, այսինքն՝ Ընդհանուր ժողովի որոշումները պարտադիր են բոլորի, այդ թվում՝ Բյուրոյի համար, այսինքն՝ այս առումով հիմնական հարցերի հետ քայլ չի կարող լինել, իսկ այդ հարցերն են ընկերատնտեսական ուղղվածությունը, Արցախի հիմնահարցը, մեր ՀՀ-ի ապագայի մասին պատկերացում՝ ազատ, անկախ ու միասնական Հայաստանը։ Եթե այս դրույթներին հակասող որևէ դրույթ կլինի մեզ համար, ապա կմնա անընդունելի։ Բայց այն, որ կարող են մտցնել որոշ փոփոխություններ միջոցի, ձևի, ժամկետների առումով, մենք կարող ենք փոխել, լսել նաև մեզ համակիր կամ հակադիր մարդկանց։

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք, որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում վարկանիշի կորուստ է ունեցել, ինչի մասին խոսում է նաև այն, որ 1999 թ.-ից հետո առաջին անգամ է, որ ՀՅԴ-ն չի հայտնվում խորհրդարանում։

– Համակարծիք չեմ։ Բանն այն է, որ անցնող 8-9 ամիսներին Հայաստանը բոլորովին տարբեր իրավիճակներում էր, և ընդհանուր էյֆորիան, որը գոյություն ուներ, բոլորի հեղինակության վրա ազդել է։ Կար մի շարժում, որը սկսվեց անձի մերժումով և վերջացավ ընդհանուր փոփոխությունների պահանջով։ Այս համատեքստում կասկած չկար, որ այս շարժումն իրականացրած ուժը պետք է ջախջախիչ մեծամասնություն ունենար, իսկ շատ ուժեր, որոնք դարձան ընդդիմադիր, այդ թվում նաև Դաշնակցությունը, չանցան խորհրդարան։ Տոկոսային առումով բոլորս էլ պիտի փափագեինք, որ ավելին լիներ, բայց մենք նման դեպքեր ապրել ենք։ Վերջիվերջո, անկախության առաջին տարիներին, երբ մենք նախագահի թեկնածու ունեցանք, 4 տոկոս էինք հավաքել։ Այո, վայրիվերումներ տեղի են ունենում, բայց դա քաղաքական պայմանների արդյունք է։

– Դուք և ձեր կուսակիցները հայտարարել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լարվածություն չկա, ավելին՝ կարող եք համագործակցել։ Փաշինյանի՝ ՀՅԴ-ին ուղված ուղե՞րձն է ՀՅԴ – Փաշինյան հարաբերությունները կարգավորել։

– Այո՛, պրն․ Փաշինյանի հետ որևէ խնդիր ու խոչընդոտ չունենք՝ հատկապես ազգային խնդիրները լուծելու հարցում։ Ըստ մեր ունեցած գաղափարական սկզբունքների ենք հարաբերակցվելու։ Վարչապետի հետ կառուցողական մթնոլորտում ենք շփվում, լավատեսորեն եմ տրամադրված։

– Վարչապետը, խոսելով նախկին իշխանությունների մասին, շատ անգամ օգտագործում է «հանցավոր ռեժիմ» որակումը։ Ձեզ մոտ դիսկոմֆորտ չի՞ առաջանում Փաշինյանի հետ զրույցում, քաղաքական քննարկումներում, որ Դուք նախկինում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր եք ունեցել, կառավարության մաս եք կազմել, իսկ ձեր պատգամավորներն ու նախարարները հայտարարել են, որ ՀՀԿ-ի հետ կիսում են քաղաքական պատասխանատվությունը։

– Ոչ միայն մենք, այլև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը շատ լավ տարբերակում է Դաշնակցության ու Հանրապետականի դերը։ Նաև իր ուղերձում էր նշել, որ ինքը հատուկ ու բարձր է գնահատում ՀՅԴ-ի դերն ու քաղաքական ճանապարհը։ Ինքն էլ ասում է, մենք էլ համակարծիք են, որ ՀՅԴ-ն ունեցել է իր յուրահատուկ մոտեցումները։ Այո՛, գործակցել ենք իշխանության հետ, երբ կարողացել ենք որոշ պայմանավորվածություն ձեռք բերել մեր առաջարկած 7 կետերի շուրջ։ Հատկանշական է այն, որ վերջին 10-15 տարիները, որոնց մասին նշում եք, նույն կոալիցիոն հուշագիրն ունեցել է նաև ԲՀԿ-ն։ Չգիտեմ՝ ինչու այս մասին չեն հարցնում Գագիկ Ծառուկյանին, որովհետև վերջիվերջո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երկխոսության է պատրաստ նաև ԲՀԿ-ի հետ, այդպես էր նաև նախընտրական շրջանում։ Անշուշտ, ՀՅԴ-ն իր պատասխանատվության բաժինն ունի, հատկապես այն ոլորտների, որոնց պատասխնատվությունը ստանձնել ենք։ Սակայն սա չի հերքում իրողությունը, որ Դաշնակցությունը չի պահել իր յուրահատկությունը, պահել է այնքան, որ այսօրվա իշխանությունները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու մյուսների նման չենք։

– Դաշնակցությունն այն կուսակցություններից է, որն իրեն համարում է կայացած՝ նկատելով, որ այն քչերից է, որոնք ունենք գաղափարական հենք։ Այդ դեպքում ինչպե՞ս սոցիալիզմի գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրեց պահպանողական ՀՀԿ-ի հետ։

– Մենք մեր նախկին դասերից սովորել ենք, որ մենք այլևս որևէ գունավորման՝ ձախ, աջ, թե այլ իշխանության հետ կոալիցիա չենք կազմի, եթե մենք վճռորոշ դեր չունենանք։ Այսինքն՝ առնվազն պետք է լինի իրավիճակ, որ խորհրդարանում մեծամասնությունը լինի 48 տոկոս, իսկ 10 տոկոս լինի ՀՅԴ-ն, և 2-ը միասին ստիպված լինեն համագործակցել, որ խորհրդարանը մեծամասնություն ունենա։ Եթե ոչ, ապա չի կրկնվի այն, ինչ եղել է անցյալում։ Բայց մի բան ասեմ՝ համաշխարհային փորձառության մեջ շատ կան դեպքեր, որ աջ ու ձախ ուժերն իրար հետ համագործակցել են, օրինակ՝ Իսրայելը, որի կառավարությունը մի քանի թևից է բաղկացած՝ աջակողմյա, ձախակողմյա, ծայրահեղ կրոնական։ Այս բոլոր կուսակցություններին համախմբում է պետական և համազգային շահը, թեպետ տեղ-տեղ կարող են իրար հետ չհամաձայնել։ Մենք նեոլիբերալ չենք, եթե «Իմ քայլը» խմբակցության հիմնական հատվածն աջ է, չի կարելի ստեղծել միջավայր, թե չպետք է համագործակցենք միմյանց հետ։

Հեղինակ Անի Օհանյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica