close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 24-ը պետք է վերաբանաձևել՝ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր

Հարցազրույց

5 Փետրվարի 2019, 12:28
 Ապրիլի 24-ը պետք է վերաբանաձևել՝ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում վերապրածների տեսավկայությունների համացանցային բազայի ստեղծման ուղղությամբ,  նաև հայաստանյան հենքով արխիվ ունենալու փորձ է արվում, քանի որ այսօր արխիվային շատ փաստաթղթեր «Շոա» հիմնադրամին են հանձնված, մասնավորապես՝ Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը:

- Սկսելու ենք երկու ծրագիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների շտեմարանի ստեղծում, ինչը ենթադրում է համացանցային հենքով համապատասխան ծրագրաշարի առկայություն, որի միջոցով տվյալներ մուտքագրելու  գործին կարող են մասնակցել նաև կամավորները: Ծրագիրը կիրականացվի Ազգային արխիվի և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Այս մարդկանց մեծագույն մասը չունեցավ  գերեզման, նրանց մասին ինֆորմացիան պետք է որևէ ծրագրաշարում դնենք, ներբեռնենք տվյալներ՝ հիմնական, երկրորդային, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, որով, ըստ էության, ստեղծվում է մեծ բազա՝ և' տեղեկատվական, և' վերլուծական, և' գիտական, և' կրթական:

Երկրորդ՝ ուզում ենք նաև վերապրածների տեսավկայությունների բազա ստեղծել: Ժամանակին Սփյուռքն ու Վերժինե Սվազլյանն էին դա անում. հավաքել են բազմաթիվ տեսավկայություններ, որոնք նրանց արխիվներում պահվում են, և այսօր խնդիր կա դրանք համացանցում դնելու: Սա, բացի գիտականից, ունի նաև կրթական նշանակություն: Ցավոք, Մայքլ Հակոբյանի արխիվը տրվեց «Շոա» հիմնադրամին, Ռիչարդ Հովհաննիսյանը ևս բավականին մեծ քանակությամբ փաստաթղթեր տվեց: Հիմա մենք ուզում ենք մեր հայաստանյան հենքով արխիվ ստեղծել, քանի որ հազար ու մի պատճառ կա: Կարող ենք տալ, և «Շոա» հիմնադրամը դա մշակի, բայց եթե համացանցում գրենք՝ Ցեղասպանություն վերապրածներ, կբերի «Շոա», ես դա չեմ ուզում:

Երրորդ՝ մեր կառույցը կոչվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, բայց թանգարանը և ինստիտուտն իրար հետ կապ չունեն: Մենք ունենք 50 ցուցատախտակ, և յուրաքանչյուր հետազոտող պետք է պատասխանատու լինի մեկ կամ մի քանի ցուցատախտակի համար: Կան սխալներ, բացթողումներ, վրիպակներ, այս ամենը պետք է հստակեցվի, ցուցակագրվի, ավելին` տեքստերը միշտ չէ, որ շատ խորքային են, դրանք էլ պետք է վերանայվեն: Այս ամենը պահանջում է գիտակազմակերպական աշխատանք: Անցած օրը ժողովին պարզվեց, որ նշված 50 ցուցատախտակից գոնե 10-ի համար չկա համապատասխան մասնագետ: Այսինքն՝ մենք նոր աշխատողների խնդիր էլ ունենք. ֆինանսականը հարցի մյուս կողմն է: Պետությունը տալիս է որոշակի գումար, որի մեծ մասը գնում է աշխատավարձերին, 20 միլիոնի չափով` կոմունալ ծախսերին. մենք ունենք 100 հա, ուստի հսկայական գումար է ծախսվում էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վրա: Անցած տարվա վերջի կտրվածքով` 9.7 միլիոն դրամի պարտք ունենք, և այստեղ ոչ թե անհատի խնդիր է, ոչ թե Հայկ Դեմոյանի խնդիրն է, այլ տարիների ընթացքում  տարածքի, վարչական շենքի մակերեսը մեծացել է, ուստի ծախսերը շատացել են, բայց բյուջեն նույնն է մնացել: Ժամանակին պարտքը 22 միլիոնի էր հասել, հետո նախկին նախագահը 10 միլիոնի չափով նվազեցրեց, հիմա դիմել ենք կառավարություն և խնդրելու ենք, որ այս 9.7 միլիոնի պարտքը փակեն: Ֆինանսական բաղադրիչը շատ կարևոր է, և վերևում նշված ծրագրերի իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ու աշխատողներ են անհրաժեշտ: Մենք թեթևակի հաշվարկ ենք կատարել և եկել այն եզրահանգման, որ մեկ գիտական աշխատողի վրա կծախսվի 5800 դոլար՝ մեկ տարվա կտրվածքով, եթե ուզում ենք 10 գիտաշխատող,  58-60 հազար դոլար է հարկավոր:

Մենք նման օժանդակություն ենք ակնկալում, գումարներ տվողների հերթ չկա, ծրագրերով պետք է ամեն ինչ անել: Բաժինների ղեկավարների առջև խնդիր է դրված կազմել ծրագրեր՝ ֆինանսական բաղադրիչի նշումով, և տեղադրել համացանցում՝ ակնկալելով նվիրատվություններ: Ծրագիր լինելու դեպքում  կարող ենք մարդ ընդունել աշխատանքի, բայց նման ծրագրերը քիչ են: Նախորդ տարիներին բարերարների գումարներով ձեռք են բերվել իրեր՝ լուսանկարներ, թերթեր, որոնք պետք է անձնագրավորվեն: Սա հետազոտական գործ է ենթադրում, որի դեպքում  նույնպես մի փոքր ծրագրաշար է պետք, այսինքն՝ թանգարանային  մասը թարմացման կարիք ունի:

Չորրորդ՝  պետք է կազմակերպենք  ցեղասպանագիտության արդիական խնդիրներին նվիրված սեմինար-քննարկումների շարք՝ մասնակցությամբ  տեղի և  արտասահմանցի հրավիրյալ մասնագետների: Հոկտեմբերի վերջին կազմեցինք մի ծրագիր՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1913-23 թթ.»՝ ենթադրելով միջազգային գիտաժողովների հրավիրում, ժամանակավոր ցուցադրություններ, կատալոգների և ժողովածուների հրատարակության նախապատրաստում: Երկու  կազմակերպություն, որոնց անունները չեմ ուզում տալ, խոստացավ, բայց մեկն ասաց, թե մեկ երրորդը կֆինանսավորի, մյուսը՝ համահայկական կազմակերպություններից մեկը, դեռ մտածում է: Չես հասկանում՝ ինչ ուղղությամբ և որքան սպասես:

Հավելեմ, որ մենք սկսեցինք վերահրատարակել ցեղասպանագիտական հանդես-պարբերականը, որից 2018-ին ոչ մի համար չէր եղել մինչև նոյեմբեր, երբ փոխվեց գիտական գծով տնօրենը, ուստի դեկտեմբերին մեկ համար եղավ, մյուսն էլ փետրվարի մեջ կլինի: Նաև 2019-ի համարները կհրատարակվեն: Ֆինանսական միջոցներ չկան, իսկ մենք 4 գիրք ունենք տպագրելու, այդ թվում՝ Միհրան Մինասյանի 1200 էջանոց գիրքը՝ «Հայոց ցեղասպանությունը սիրիական տարածքում՝ ըստ Արամ Անտոնյանի հավաքած վկայությունների», չնայած այս գրքի  համար, իհարկե, Վեհափառը խոստում տվել է:

- Այլ երկրներում ժամանակավոր ցուցադրություններ նախատեսվա՞ծ են, մի պահ այս ուղղությամբ ակտիվություն կար:

- Կանադայի հետ ենք փորձելու համագործակցել, ևս մի երկրի հետ, որի մասին դեռ չեմ ուզում ասել, թող լինի, հետո կասեմ: Բացի այս` առնվազն 4 ժամանակավոր ցուցադրություն կլինի ՀՀ-ում 2019-ին՝ Կոմիտասին նվիրված, Ժանսեմի կտավների վերացուցադրում, Տիգրան Քասունու հավաքածուն՝ «Հայոց ցեղասպանության թեման ցուցապաստառներում», «Առաջին աշխարհամարտի տարիներին  հայ  գերիները Ավստրիայում. համեմատական դիտարկում», վերջինի պահով հայագետ Ժասմին Դում-Թրագութը բավականին նյութ է հավաքել: Հայ գերիներին չափագրում էին՝ գլուխ, մարմին, և կա մի քանիսի երգն ու բանաստեղծությունը, 100 տարի անց մենք դա հնարավորություն ունենք լսելու: Սա որոշել ենք անել սեպտեմբեր-հոկտեմբերին: Կարևորում եմ նաև վերևում հիշատակված «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1913-23 թթ.» գործը, քանի որ 2019-ին լրանում է «Մեկ  հայ, մեկ ոսկի» գործի 100-ամյակը և Ռուբեն Հերյանի 150-ամյակը. Հերյանն այդ գործում ներգրավված մարդկանցից էր:

Ցանկություն կա հուշահամալիրի տարածքում բացատրագրեր պատրաստել հուշապատի գրությունների մասին,  այնտեղ թաղված հինգ տղաների,  խաչքարերի, քանի որ այսօրվա երիտասարդությունը ոչինչ  չգիտի: Ուզում ենք նաև մարտի կեսերից թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը բացել առավոտյան ժամը 10-ից. սովորաբար, թանգարանները 11-ից են բացվում: Մեր թանգարանը միակն է, որն անվճար է, դրա համար էլ չենք կարողանում արտաբյուջե ստեղծել: Ուզում էինք գոնե էքսկուրսիաները և ավտոկայանատեղին դարձնել վճարովի, բայց մեզ հոգաբարձուների խորհուրդը կանգնեցրեց: Ի դեպ, վերևում չասացի` մենք սկսում ենք կրթական ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսում ենք դպրոցական խմբերին, որոնք կգան թանգարան, առաջարկել դահլիճում մասնակցել հարցուպատասխանի, և մենք նաև որոշակի տեղեկություններ կտրամադրենք:

Իմ տեսլականի մեջ ամենակարևորը սա է՝ թանգարանի ցուցադրությունը ոչ միայն եղածը պետք է ցուցադրի, այլև առաջարկներ անի, որ ինչ-ինչ շեշտադրումներ վերանայվեն: Շատ կարևոր է Ցեղասպանությունը ներկայացնելիս իմանալ՝ ինչը պետք է հիշել և ինչպես, երբ դա մանրացնում ենք, շատ հարցեր են առաջանում: Եթե հիշում ենք միայն զոհերին, դա բերում է զոհի հոգեբանության, կարծրատիպի  ամրապնդման: Ղարաբաղյան շարժման տարիներին մենք սա հաղթահարեցինք, բայց հետո կրկին եկավ և այս անգամ` մի քիչ ուրիշ ձևերով: Պետք է շեշտադրել ինքնապաշտպանական մարտերը, ես քանի տարի է առաջարկում եմ, որ  պետք է  վերաբանաձևել  ապրիլի 24-ը՝  Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր: Պետք է ամեն օր ինստիտուցիոնալ մակարդակում  կաթիլ առ կաթիլ սրան հասնել, որովհետև երբեմն երիտասարդներից լսում եմ, որ ասում են՝ ապրիլի 24-ին չեմ ուզում գնալ Ծիծեռնակաբերդ, որ ինձ զոհի ժառանգ չզգամ:

- Հնարավո՞ր է, որ  այս առաջարկությունը նախագծի տեսքով հասնի ԱԺ:

- Իհարկե, հնարավոր է:  Շարունակելով ծրագրերի հետ կապված միտքս` ասեմ, որ ցանկություն կա Ծիծեռնակաբերդի տարածքը վերածել հուշայգու, հուշահամալիրը միայն 0.45 հա-ը չէ, բայց սա հսկայական գումարներ է պահանջում, ինչը ենթադրում է, որ տարբեր անկյուններում պետք է հուշային բնույթի կոթողներ  լինեն՝ ինչ-որ մեկին կամ տեղանքին նվիրված նստարան, ցայտաղբյուր, ծառատունկ: Իսկ այսօր տարածքն ուսումնական մեքենաներին է ծառայում, վարորդական դասընթացներին:

-Հայկական  լոբբիստական  կազմակերպություններն իրենց առջև ի՞նչ  խնդիր պիտի դնեն՝ հաշվի առնելով  արագ փոխվող իրողությունները, աշխարհաքաղաքական զարգացումները:

-Շատ կարևոր է, որ, տարբեր երկրներում հուշարձանների տեղադրմանը զուգահեռ, թանգարաններ հիմնվեն: Հոլոքոստի պարագայում 66 թանգարան է գործում ամբողջ աշխարհում՝ 2013-ի տվյալներով դեռ, մենք ունենք մեկ թանգարան: ԱՄՆ-ում պիտի բացեին, բայց դեռ մնում է, Մոսկվայում հայկական եկեղեցու շենքի տակ կար, այն էլ փակվել է, Փարիզում ասացին կանեն, բայց չարեցին: Մարտակոչերը պետք է վերանայել, Սփյուռքն իր առջև բարդ խնդիրներ պիտի դնի, քանի որ խաչքարը տարվա մեջ 1-2 անգամ է «աշխատում», իսկ թանգարանը՝ 300 օր: Պետք է աշխատել նաև հասարակությունների հետ՝ կոնգրեսականների հետ համագործակցությանը զուգահեռ:

- Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում որևէ օտարերկրացի հետազոտող դիմե՞լ է թանգարան-ինստիտուտին:

-Այս տարի եկել է մեկ թուրք գրող՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի դրամաշնորհով: Նա հուշագրություններ խնդրեց: Մենք մեկն ունեինք հայատառ թուրքերեն: Նա մի քանի էջ նկարեց, ասաց, որ հետո կօգնեն իրեն, որ դա կարդա: Նա ունի 2 գիրք, որոնցում նկարագրվում է, թե ինչպես է մարդը փոխվում, երբ իմանում է իր հայ լինելու  մասին: Այս թեմայի զարգացման համար էր եկել: Եղել են քուրդ գործիչների հրավիրելու առաջարկություններ, ես մերժել եմ. գործիչների հետ գործ չունեմ, նրանք մի օր էսպես են, մյուս օրը՝ էնպես… Հետազոտողները թող գան: Այս օրերին զելանդացի մի տղա է գալու:

-Իսկ որևէ երկրի ազգային արխիվի հետ մեր կողմից համագործակցություն նախատեսվո՞ւմ է ընթացիկ տարում: Օրինակ` Գերմանիայի արխիվում կարո՞ղ են մեզ համար արժեքավոր փաստաթղթեր լինել:

-Մոտ 15 կազմակերպության հետ համաձայնագրեր կային, որոնց մեծ մասի ժամկետը լրացել է, իհարկե, ինչ-որ գործ արվում էր, ինչ-որ գործ՝ ոչ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, և, վստահաբար, փոխանակություն լինելու է՝ կա'մ ցուցահանդեսների, կա'մ մասնագետների տարբերակով:

Գերմանացիների մասով ևս նախատեսվում է համագործակցություն, հիմա փակագծերը չեմ ուզում բացել: Ես գնալու եմ Բեռլին. Գերմանիայի Պոստդամ քաղաքում կա Լեպսիուսհաուզ՝ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, որտեղ մեր թանգարանի նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանն է աշխատում: Նրանց հետ ենք հանդիպելու և փորձելու ենք համագործակցության եզրեր գտնել:

 

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica