close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի համար շահավետ է ԼՂ անկախ կարգավիճակի պահպանումը ներկայիս սահմանների ամբողջ երկայնքով. Արտյոմ Տոնոյան

Հարցազրույց

5 Փետրվարի 2019, 10:58
 Իրանի համար շահավետ է ԼՂ անկախ կարգավիճակի պահպանումը ներկայիս սահմանների ամբողջ երկայնքով. Արտյոմ Տոնոյան

Հայ-իրանական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշման ու այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:

- Իրանի դեմ ԱՄՆ-ի սաստկացող ճնշումների ֆոնին` ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Փաշինյանի նախատեսվող այցն Իրան։

- Պետք է փաստել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կամ իրանական հակազդեցությունն ու դրա մեխանիզմները որևէ կապ չունեն այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԻԻՀ առաջիկա այցի հետ։ Հայաստանի և Իրանի հարաբերությունները թրծվել են ու ամրապնդվել հազարամյակների պատմությամբ, և այժմ էլ շարունակվում է այդ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Հայաստանը, անկախ որևէ երրորդ պետության, այդ թվում` ԱՄՆ-ի` Իրանի հետ ունեցած հարաբերությունների վիճակից, դրանցում առկա խնդիրներից, պետք է շարունակի խորացնել ԻԻՀ հետ հարաբերությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այս պահին հատկապես  տնտեսական բաղադրիչին։ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններն ունեն իրենց անկախ օրակարգը, և երկու երկրների ղեկավարները հերթական անգամ քննարկելու են այդ օրակարգի մանրամասները, արձանագրվող արդյունքներն ու առկա խնդիրները։

- Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք կքննարկվեն այս այցի ընթացքում։

-  Այս պահին կարիք կա ևս մեկ անգամ վերահաստատելու հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, քանի որ հենց դա է այն կարևոր հիմքը, որի վրա կառուցվում են երկու հարևան երկրների հարաբերությունները, այդ թվում` և տնտեսական, առևտրային, էներգետիկ ու այլ ոլորտներում։ Ենթադրում եմ, որ ՀՀ վարչապետն առանձնակի մանրամասնությամբ կքննարկի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն և դրանց ավարտին վերաբերող խնդիրները: Բացի այդ` հաշվի առնելով ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում այդ երկրի համար ստեղծված տնտեսական որոշ դժվարությունները` ենթադրելի է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն նաև ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցության տարբեր ոլորտները և դրանցում ՀՀ դերը՝ որպես ԻԻՀ-ն ԵԱՏՄ-ի հետ կապող միակ ցամաքային երկիր։
 
Վարչապետի պաշտոնում  Փաշինյանի առաջին պաշտոնական այցն Իրան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ  տարածաշրջանային զարգացումների վրա, մասնավորապես` ԼՂ հակամարտության մասով։

-  Պետք է ասել, որ սպասվող այցը ևս մեկ անգամ կընդգծի հայ-իրանական հարաբերությունների առանձնակի բնույթը և դրա առանցքային նշանակությունը Կովկաս-Կասպյան տարածաշրջանի ընդհանուր անվտանգային համակարգի վրա։ Եթե մի կողմ թողնենք զուտ պաշտոնական հայտարարությունները, որոնցում իրանական կողմը պահպանում է դրական չեզոքություն և հայտարարում, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ապա ոչ պաշտոնական մակարդակում իրանական կողմի համար խիստ շահավետ է ԼՂ անկախ կարգավիճակի պահպանումը իր ներկայիս սահմանների ամբողջ երկայնքով. սա կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, որի մասին խոսվել է ոչ մեկ անգամ։

- Ինչ տրամադրություննե՞ր են այժմ Իրանում, արդյո՞ք արդեն պետական մակարդակով խոսում կամ նախապատրաստվում են այս հանդիպմանը:

- Իրանական հայտնի պարբերականներն արդեն իսկ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցին՝ նշելով այցի օրը և շեշտադրելով այն հանգամանքը, որ մինչև ՀՀ վարչապետ դառնալը Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, եղել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ և այցելել Իրան` որպես այդ խմբի անդամ։ Նշվում է, որ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների զարգացման նկատմամբ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ վերաբերմունքը գալիս է դեռևս նրա պատգամավորական գործունեության ընթացքում ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ լինելու ժամանակաշրջանից։

- Տարածաշրջանում անընդհատ իրադրություն է փոխվում, քաղաքական ի՞նչ իրավիճակ է Իրանում։

- Իրանում քաղաքական կյանքն այս պահին կայուն է, և ինչքան էլ արևմտյան մամուլը կանխատեսում էր, թե ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, դրանց հետևանքով իրանական ազգային արժույթի արժեզրկումը և որոշակի գնաճը  հանգեցնելու են Իրանում քաղաքական իրավիճակի ապակայունացման, սակայն իրականության մեջ իրանական կողմը կարողանում է խուսափել կանխատեսված սցենարներից՝ առաջին հերթին գուցե և շնորհիվ այն բանի, որ երկրի քաղաքական և հոգևոր վերնախավն ուղիղ երկխոսության մեջ է սեփական ժողովրդի հետ, իսկ մյուս կողմից` Իրանի տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման շուրջ Արևմուտքում հյուսվող «առասպելները» բավական հեռու են բուն իրականությունից։ Իրանում այս օրերին նշում են Իսլամական հեղափոխության 40-ամյակը, և Իրանում գտնվող յուրաքանչյուր ոք անգամ առաջին հայացքից կարող է տեսնել հասարակական համերաշխության բարձր մակարդակ:

Զրուցեց Վրույր Սևակը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica