close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետարանն արել է ամեն ինչ, որպեսզի Արամի 23-ի հուշարձան-շենքը չփլուզվի. Հայկ Մարության

Մշակույթ

15 Հունվարի 2019, 12:57
 Քաղաքապետարանն արել է ամեն ինչ, որպեսզի Արամի 23-ի հուշարձան-շենքը չփլուզվի. Հայկ Մարության

Մեր իրավասությունների սահմաններում արել ենք ամեն ինչ, որպեսզի շենքը կանգուն մնա. Երևանի ավագանու նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի պատի փլուզման պատճառներին:

Նրա խոսքով` իրենց հոգ են տարել ինչպես բոլոր, այնպես էլ Արամի 23-ի շենքի մասին: «Սրանից ավելի իրավասություններ մենք չունենք: Այստեղ շատ կարևոր է տարբերակել երկու կազմակերպություն` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ն և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՊՈԱԿ-ը: Տեսեք` ՊՈԱԿ-ը պատկանում է քաղաքապետարանին, որի հարցերով մենք միշտ զբաղվել ենք, ավելին` մի քանի ամիս է` տարածք ենք տրամադրել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը: Իսկ Արամի 23-ի սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ն է, այսինքն` Արամի 23-ը քաղաքապետարանի ունեցվածքը չէ, քաղաքապետարանն այդ գույքի սեփականատերը չէ»,- ասաց Մարությանը:

Նա նշեց նաև, որ թեև չի սիրում տարանջատել` հին իշխանություններ-նոր իշխանություններ, սակայն հին իշխանությունների օրոք է տրվել Արամի 23 հասցեի տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Մարությանը հիշեցրեց, որ վերոնշյալ տարածքում շինարարության նորմերի խախտման առնչությամբ մշակույթի նախարարությունը դիմել է դատախազություն, իսկ քաղաքապետարանն այժմ համագործակցում է դատախազության հետ, որպեսզի հասկանան` արդյո՞ք նորմերի խախտումներ եղել են, թե՞ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե վերջին ամիսների ընթացքում  քաղաքապետարանն Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքը կայուն պահելու, ամրակայելու համար ի՞նչ է արել, քանի որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամիսներ առաջ` իր առաջին ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ հուշարձան-շենքը ոչ միայն չի քանդվելու, այլև ամրակայվելու է: Ի պատասխան Մարությանը նշեց, որ իրենք արել են ամեն ինչ: «Սակայն մենք ունենք սահմանափակ լիազորություններ, մեր լիազորությունների սահմաններում արել ենք ամեն ինչ` հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկել, թե ինչ պետք է լինի: Պատն ամրակայելու մի տարբերակ կար, որը մերժվել է մշակույթի նախարարության կողմից, իսկ երկրորդ տարբերակը մեզ է ներկայացվել սեփականատիրոջ կողմից, սակայն այն մենք չենք կարող հաստատել, այն պետք է կառուցապատողը հաստատեր: Մենք կարող էինք ասել` սա կառուցապատողը, սա սեփականատերը,  ձեր հարաբերություններն իրար մեջ պարզեք»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի պահպանումը սեփականատիրոջ ձեռքում է, և որպես կողմ` նաև մշակույթի նախարարությունն է հանդես գալիս: «Օրենքով մենք այստեղ անելիք չունենք, եթե անգամ անենք, մեզ  ցանկացած մարդ կարող է դատի տալ: Եթե Արամի 23-ը չլիներ, այլ լիներ մեկ այլ շենք, սեփականատերը կարող էր ասել` դուք ի՞նչ լիազորություն ունեք»,- հավելեց Մարությանը:

Լրագրողները հիշեցրեցին Մարությանին, որ սեփականատերը` «Հայաստանի փոքրիկ երգիչների» ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ինքն է անգամ պատի ամրակայման նախագիծ  պատվիրել, ինչի՞ մասին է խոսքը,նա ինչպե՞ս կարող էր դեմ լինել: Երևանի քաղաքապետն արձագանքեց, որ դրա համար էլ իրենք վերցրել են Հեքեքյանի դիմումը, փոխանցել կառուցապատողին, հորդորել, որ արագ պատասխանեն, որպեսզի պրոցեսն ընթանա: Սակայն, Մարությանի հավաստմամբ, կառուցապատողը մերժել է նախագիծը: «Դրանից հետո մենք երկու կողմերին ասացինք, որ գան համաձայնության, իսկ մեր կողմից շինթույլտվությունն արտահերթ կերպով կտանք: Այս շենքը չպետք է քանդվի, այդպիսի քննարկում չկա, և մենք ամեն ինչ անելու ենք մեր լիազորությունների շրջանակում, որ այն չքանդվի: Մենք մեր կողմից ոչ մի այնպիսի շինթույլտվություն չենք տալու, որը կնպաստի որևէ պատմամշակութային շենքի քանդմանը: Սա նախադեպ չի կարող լինել, ուղղակի նախորդ իշխանությունների կողմից հաստատված շինթույլտվության մեջ եղել է սխալ»,- ասաց Մարությանը:

Հարցին, թե կարո՞ղ է որևէ ժամկետ նշել` երբ կսկսվեն ու կավարտվեն Արամի 23-ի հուշարձան-շենքի վերականգնման աշխատանքները, նա պատասխանեց, որ որևէ ժամկետ չի կարող նշել, քանի որ իրենցից ոչ մի բան կախված չէ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քաղաքապետարանը որևէ նախագծային փաստաթուղթ հաստատելուց առաջ այն պետք է համաձայնեցնեին մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել Արամի 23-ի դեպքում: Բացի այդ, ըստ Աբրոյանի, ընթացք չի տրվել իրենց կողմից քաղաքապետարանին ուղարկված նախագծի հաստատմանը:

Ի դեպ, Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ մշակույթի նախարարության` դատախազություն ուղարկած գրության համաձայն` քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնել կամ վնասելը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica