close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամանորին նայում եմ թոռներիս աչքերով. Սպարտակ Ղարաբաղցյան

Հասարակություն

5 Հունվարի 2019, 16:00
 Ամանորին նայում եմ թոռներիս աչքերով. Սպարտակ Ղարաբաղցյան
Ամանորյա հրաշքի, հեքիաթի, տոնածառը զարդարելու հուշերի ու ամենահիշարժան Ամանորի մասին Yerkir.am-ը զրուցել է Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանի հետ: 
 
Ամանորի հեքիաթի մասին
Ամանորը հեքիաթ է, ու կարևոր չէ` երբ ես դադարում հեքիաթին հավատալ, դու քեզ համար պետք է միշտ այդ հեքիաթը հորինես: Անհեքիաթ ապրել չի լինի: Ես հիմա Ամանորին նայում եմ թոռներիս աչքերով, քանի որ նրանք հեքիաթին հավատում են, և դու, անկախ քեզանից, ուզում ես այդ հեքիաթի մեջ մտնել: Հիմա ես հետևում եմ Ամերիկայում ապրող թոռանս հրճվանքին. նրան այստեղից հատուկ տոնածառի խաղալիքներ ենք ուղարկել` հայկական եկեղեցիներ, երաժշտական գործիքներ… Ամեն տարվա վերջում ԱՄՆ-ում ապրող թոռնիկս, տոնածառը մեր ուղարկած խաղալիքներով զարդարելով, ինքն իր համար Հայաստան է  «սարքում»: 
Մեր ժամանակ էլ մենք մեր խաղալիքներն ունեինք, թղթե խաղալիքներ էինք սարքում: Մանկության տարիներին ինձ համար ամենալավ տոնածառը քեռակնոջս տոնածառն էր, և մենք` փոքրերով, միշտ ուզում էինք մեր մեծ քեռու տանը լինել: Աստված ինձ 5 քեռի, 5 մորաքույր է տվել, մեծ քեռիս մեզ համար մեր ցեղն իրար գլխի հավաքող պորտալարն էր: Քեռակինս իր տոնածառից միշտ շոկոլադներ էր կախում, իսկ մեր ժամանակ շոկոլադն էլ էր փնտրված բան, ու բոլորս ջանում էինք, որ այդ շոկոլադից մեզ բաժին հասնի:
Մի տարի մորաքրոջս տղաներից մեկը հատուկ տոնածառի տակ էր քնել, և առավոտյան, երբ արթնացանք, տեսանք, որ տոնածառը շրջվել է, քանի որ նա փորձել էր շոկոլադներից մեկը «քաղել»: Մորաքրոջս տղան, տոնածառի տակ նստած, լացում էր, ու  քեռակինս ասաց, թե` դե, ոչինչ, մի լացիր, տոնածառ է, էլի: Բայց հետո քեռակինս հասկացավ, որ տոնածառը չի շրջվել, այլ տղայի մեջ է ինչ-որ բան փուլ եկել, ու նա մեկ բուռ շոկոլադ բերեց ու նրան տվեց: Մենք էլ նախանձով նայում էինք մորաքրոջս տղային: 
Տարիքի հետ, երբ հեքիաթը «բարակում» է քո մեջ, մի տեսակ տոնի գույնն էլ է պակասում, ու վախենում ես, որ այդ տոնը հանկարծ չկորչի, քանի որ այն հոտ ունի, գույն: Ես երբ այսօր մանդարինի առատությունը տեսնում եմ,  տարօրինակ զգացողություն է մոտս առաջանում: Մանդարինը մեզ համար Ամանորի հետ էր առնչվում: Հիմա` այս առատության մեջ, էժանանում է տոնը: Կարծում եմ` պետք է միշտ ինչ-որ բան փնտրես,  երբ ինչ-որ բանի պակասություն ես զգում, քո երևակայության մեջ պատկերները կախում ես քո բաժին տոնածառից: 
 
Տոնածառի, տոնածառի «էն թվերի» խաղալիքների մասին
Երբ տոնածառի խաղալիքները հավաքում էին, մի տեսակ ափսոսում էի, որ տոնածառը հավաքում ու դուրս էին տանում, դեն նետում: Բայց հետո հասկացա, որ այն, ինչ արմատ չունի` ինչքան ուզում ես տոն սարքի, ի վերջո, արհեստական է: Իսկ մորաքույրս տանը մի ֆիկուսի ծառ ուներ, որն էլ զարդարում էր: Տոնից հետո խաղալիքները հավաքում էր, ու ծառը մնում էր: 
Ամանորն աշխարհի միակ տոներից է, որ բոլորս նմանվում ենք իրար, քանի որ բոլորս էլ ուզում ենք հեքիաթի մեջ ապրել, մանկության երազանքը հեքիաթի մեջ ապրելն է, իսկ երբ հեքիաթից դուրս ես գալիս ու ոտքդ դնում իրականության մեջ, անկախ քեզանից, հետևում մնում է հիշողությունը` տոնածառի, մաղթանքի ձևով: 
Վերջերս Վերնիսաժում խաղալիքներ տեսա, որ իմ մանկության խաղալիքներն էին, ու հիմա դրանցից չեն էլ վաճառում: Զգացվում էր, որ վաճառողը դժվարությամբ է բաժանվում դրանցից: Այդ մարդը բերել էր իր տոնածառի խաղալիքները` վաճառելու, որ Նոր տարին տոնի: Անկախ ինձանից` տխրեցի, քանի որ այդ մարդը կարծես վաճառելու էր բերել իր հեքիաթը: 
Սուրբ Ծնունդը ֆիզիկապես և հոգեպես մաքրվելու համար է, այսինքն` պետք է դրան պատրաստ լինել: Այսօր ոչ թե միայն մենք, այլև աշխարհը դրա կարիքն ունի: Մարդկային հեղեղը որ տեսնում եմ խանութներում զեղչերի ժամանակ, մտածում եմ` սա՞ է նրանց մնալու: Ոչ, ընդհակառակը: Արամ Հայկազը մի պատմվածք ունի, ըստ որի` մի օր գնում են նայելու, թե ով է ամենալավը Նոր տարին նշում, և գնում են նախ մեծահարուստների տներ, տեսնում ճոխ սեղաններ, հետո մի հյուղակի մոտով են անցնում ու լսում, որ գետնահարկից ուրախության ձայներ են գալիս` մոմեր են վառված, երգում-պարում են: Մտնում են տուն ու տեսնում, որ այդ թաղամասի ամենաաղքատ ընտանիքն է` ընկերներով հավաքված տոնում են: Ու հասկանում են, որ ամենալավ Ամանորը նրանք են նշում, քանի որ ավելորդությունից զերծ են: Տոնը պետք է խորհուրդ ունենա: Բացի այդ` տոնը ժառանգության նման պետք է  փոխանցելու իրավունքն ունենաս` քո պատմության, տոնածառի խաղալիքի ձևով: Մեր հիշողությունները մեզ պետք է մաքրեն: Ամեն մեկը թող իր թոռան աչքերով նայի աշխարհին: 
 
Լավ բաների սպասումը քեզ քո հողի վրա է պահում 
Մենք միշտ ասում ենք` մութ ու ցուրտ տարիներ, բայց այդ տարիների մասին ցանկացած մեկին էլ որ հարցնես, այնքան ջերմ բաներ կհիշի: Այդ տարիներին, այո, պակասություն էլ է եղել, խնդիրներ են եղել, սակայն այդ տարիներին մենք նպատակ ենք ունեցել: Գիտեինք` ինչի համար է մութ ու ցուրտ, հացի պակասությունն ինչի համար է: Յուրաքանչյուրը գիտեր, որ նույն խնդրից հարևանն ու բարեկամն էլ ուներ, ու եթե մի կտոր հաց էիր ունենում, կիսում էիր հարևանի հետ: Անցյալը պետք է ճիշտ գնահատենք: Եթե ուզում ես սերնդին հիշողությունից կտրես, այդ տարիներից այնքան վատ բաներ կարող ես հիշել ու միայն վատը փոխանցել, բայց միշտ պետք է լավը փոխանցես սերունդներին: Սա խախտվել է մեր մեջ, այսօրվա մեր ողբերգության պատճատն այն է, որ եկողն ուզում է նախորդին հերքել ու իր ամբողջ ժամանակը ծախսում է դրա վրա: Նա չի զգում` ժամանակն անցնում է, իր ժամանակն է անցնում: Նույնը մեր` Հանրապետության հրապարակի տոնածառի պատմությունն է: Կարծում եմ` մեր տոնածառը շատ լավն է, սիրուն և ճաշակով, ու ես կուզեմ, որ իմ երկրում ամենալավ տոնածառը լինի, իմ երկրի վարչապետն ամենալավ կոստյումը հագնի, ու ոչ թե դրանից պետք է չարանաս, այլ` ընդհակառակը: Չարությունը միշտ մեզ ուրիշ տեղ է տանում: Ինչքա՞ն գումար ծախսվեց տոնածառի վրա, նախկինում այսպես էր, հիմա այնպես. էժան խոսակցությունների մեջ ես մտնում, ու տոնածառն էլ է քո աչքին փուշ դառնում: Պետք է կարողանաս քո երկրի ուրախությունը վայելել ու քո երկրի ուրախության համար բայղուշ չլինել: Մութ ու ցուրտ տարիներին մեր` երկիրը սիրելու հատկությամբ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները, այսինքն` լավ բաների սպասումը քեզ պահում է քո հողի վրա: Իսկ երբ մենք մեր ունեցածը չենք կարողանում պահել, միշտ մեղավոր ենք սկսում փնտրել: Վերջերս, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանը քոչարին գրանցեց որպես ադրբեջանական պար, իսկ մենք այնքան ավելորդ բաների հետևից էինք ընկնում, որ ուշացանք: Հիմա ո՞ւմ պետք է մեղադրել,  ոչ մեկին, միշտ մեղքը պետք է քո մեջ փնտրես: Մյուս կողմից` Ադրբեջանն ինչպես յուրացրել է քոչարին, այնպես էլ հրաժարվելու է դրանից, քանի որ պարը միայն շարժումներ չէ, պարը հոգեբանություն է, իսկ քոչարին նրանց արյան խմբի մեջ չկա: 
 
Ամանոր, որը չենք նշել
1988-ին Նալբանդում էինք` ավերակների մեջ, ավերված դպրոց, երեխաների դիակներ… Մոսկվայից բժիշկներ էին եկել, բաց վիրահատություններ էին անում տեղում: Բժիշկներից մեկն, ի դեպ, ասաց` հետաքրքիր ժողովուրդ եք, մենք այլ վայրում այսքան վիրահատություն անեինք, հիմա գիտե՞ք, թե ինչքան վարակներ կտարածվեին: Դեկտեմբերի 30-ին այդ բժիշկներից մեկն եկավ մեր տուն, աղջիկս այդ ժամանակ 3 տարեկան էր, ու բժիշկը երեխայի հետ կատակներ անելուց, զրուցելուց հետո հարցրեց, թե` Անի, իսկ ո՞ւր է քո տոնածառը: Աղջիկս էլ լուրջ-լուրջ պատասխանեց, թե` տոնածառ չենք դնում, Հայաստանը փլվել է:  Այդ տարի բոլոր խանութներում Ձմեռ պապերը սև ժապավեններով էին: Այդ տարի ամբողջ Հայաստանն Ամանորը չնշեց: 
 
Կաղանդ պապը
Ինձ միշտ թվում է` Ձմեռ պապիկներ կան,  ուղղակի գարնան առաջին օրերի հետ հալչում, գնում են: Կուզեմ, որ մեր բառապաշարի մեջ մտնի նաև Կաղանդ պապ կոչվածը, քանի որ մեր Կաղանդ պապն Արարատից է եկել: Կուզեի, որ այդ հեքիաթի տերը դառնանք, հեքիաթն անտեր չթողնենք: Սփյուռքում, օրինակ, մինչև հիմա հավատում են, որ Կաղանդ պապը շուտով գալու է, կամ երբ մեկին ուզում են որպես բարեգործ ներկայացնել, ասում են` Կաղանդ պապուկ է: Ինքս Ձմեռ պապ երբեք չեմ եղել, քանի որ ներքուստ պետք է պատրաստ լինես դրան: 
Վերջերս մեկն ինձ պատմեց, որ Ղամիշլիում Ամանորի սեղանին ամենաթանկ բանն արմավն է եղել, ու իրենք Ամանորի առավոտյան զարթնել ու ձեռք չեն տվել արմավին, քանի որ պետք է նախ Թաթոն իրենց տուն այցելեր: Ասում էր` մինչև Թաթոն չգար, մենք սեղանի շուրջը չէինք նստում: 
Իսկ վերջերս Հալեպում գնացինք մեկի տուն, ով պատմեց իր մանկության հուշերից մեկը. իր մանկության տարիներից մեկում Կաղանդ պապուկը ավտոբուսի վարորդն է եղել, ով հանդեսն ավարտվելուց հետո հագուստը հանել է, որ գնա իր աշխատանքին, ու ինքը տեսել է Կաղանդ պապուկի գլխարկը` մի տեղ, հագուստը` մյուս կողմում և սկսել է լացել, թե` Կաղանդ պապուկի գլուխը կտրել են…
Այսօր մի շրջան է աշխարհն ապրում, երբ հեքիաթը սպանում են: Ես միշտ զգուշացել եմ մանկություն չունեցած մարդկանցից, սիրած աղջկա համար կռիվ չտված տղայից: Եթե այդ ամենը չես տեսել, դառնում ես իներտ մի բան: 2019-ին կենցաղային մակարդակի հասած վեճերից պետք է դուրս մնանք ու վերադառնանք մեր մանկության հուշերին:  Իսկ մեր հիշողությունն արմատներ ունի: 
Կ. Հ.
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica