close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հարցում մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Հարցազրույց

28 Դեկտեմբերի 2018, 18:01
 Արցախի հարցում մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին. ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ

Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` ամփոփելով  2018-ի ներքաղաքական տարին: Դաշնակցական գործիչը ներկայացրել է նաև Արցախի հարցի կարգավորման հետ կապված` ՀՅԴ-ի դիրքորոշումը:

 - 2018թ.ի իրադարձություններին փուլ առ փուլ անդրադարձ եղել է, այդուհանդերձ, ամփոփելով քաղաքական տարին, ի՞նչ գնահատականներ է տալիս Դաշնակցությունը:

-Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ամբողջական գնահատականներ տալը, կարծում եմ, դեռ վաղաժամ է, որովհետև քաղաքական գործընթացները թեև տրամաբանական առումով հասել են որոշակի հանգրվանի, սակայն հետագա զարգացումների լույսի ներքո միայն հնարավոր կլինի ըստ էության արժևորել տեղի ունեցածը։ Ակնհայտ է, սակայն, որ անկախ հետագա զարգացումներից, կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցած իրադարձությունները էական փոփոխություններ են առաջ բերել ոչ միայն քաղաքական, այլ նաև մեր ազգային-պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ` այսօր գտնվում ենք հույսի ու անորոշության խաչմերուկում։ Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում հույս է արթնացել, որ դրական փոփոխություններ կլինեն, անորոշության, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, որ անցյալի անցանկալի վարքուբարքի մերժումը ինքնին չի նշանակում բարեկեցիկ ու երաշխավորված ապագա։ Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։  Հերթական անգամ սխալվելու իրավունք պարզապես չունենք։

- Քաղաքագետները նշում են, որ որեւէ քաղաքական ուժի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ չէ: Մեկ անգամ եւս հստակեցնենք ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման հարցում՝ առանց հողային զիջումների:

- ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ շատ հստակ է։ Կարգավորման հայեցակարգը պետք է հենվի հետևյալ սկզբունքների և մոտեցումների վրա.

  1. Հայկական կողմերի (Հայաստան-Արցախ) փոխզիջումը չի կարող նահանջ արձանագրել արցախահայության՝ 1991 թ.-ի անկախության և ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքից և պետք է լինի համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին։
  2. Արցախը, լինելով հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ, պետք է ճանաչվի և հանդիսանա իրավահավասար բանակցային կողմ։
  3. Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի միջև կնքել համաձայնագիր ռազմավարական դաշինք ձևավորելու մասին, համաձայն որի` Հայաստանը պետք է ճանաչվի որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր։
  4. Պետք է հետամուտ լինել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, զուգահեռաբար ծրագրված աշխատանքներ իրականացնել Արցախի վերաբնակեցման և տնտեսական առաջանցիկ զարգացման ուղղությամբ։

     Եթե ընդհանրացնելու լինենք, մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին։

Լինելով համահայկական կառույցի ներկայացուցիչ եւ հաշվի առնելով Սփյուռքին նետված մարտահրավերները՝ կարող եք նշել խնդիրների այն շրջանակը, որի սահմաններում Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքին:

- Նախ՝ պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանը, Արցախը, Ջավախքը և Սփյուռքը բովանդակ հայության անքակտելի մասերն են։ Կազմակերպված և միասնական հայությունն է այն ուժը, որը ժամանակակից գլոբալացվող աշխարհում կարող է մրցակցային առավելություններ ապահովել։ Այդ ամբողջության ներքին կարողականությունը բացահայտելու և դեպի համազգային նպատակներն ուղղորդելու համար անհրաժեշտ է ինքնակազմակերպման և համակարգման նոր որակ ու մակարդակ ապահովել, իսկ դա ենթադրում է հայության ընդհանրական կամքի արտահայտման որոշակի ձևաչափ։ Այս առումով թե՛ ձևաչափի, թե՛ խնդիրների շրջանակի հստակեցման հարց ունենք։ Բայց սա, կարծում եմ, առանձին և հանգամանալի քննարկման հարց է։

- Կխնդրեինք ընդհանուր գծերով ներկայացնել 2019-ին ՀՅԴ անելիքները` որպես արտախորհրդարանական սոցիալիստական եւ ազգային ուժ:

 - Խորհրդարանում ներկայացված չլինելու հանգամանքը մարտավարական առումով, անշուշտ, որոշակի փոփոխություններ կմտցնի մեր գործունեության մեջ։ Նոր քաղաքական իրողությունների պայմաններում ՀՅԴ-ի առաջ կանգնած մարտահրավերները, դժվարությունների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ են ընձեռում։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը գաղափարական ու կադրային իմաստով չունի անհրաժեշտ ներուժը, և իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս: Այս առումով Դաշնակցությունը լուրջ անելիք ունի։ Կարևոր է, որ լինենք ոչ թե հակազդողի, արձագանքողի դերում, այլ  նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապված  մեր մոտեցումները  ներկայացնելու և մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով: Ի վերջո, ընտրությունների ժամանակ ստացած քվեներով չի կանխորոշվում իրական քաղաքական ուժերի դերակատարությունը։ Այդ ցուցանիշները շատ փոփոխական կարող են լինել, ինչի վկայությունն են թե´ վերջին արտահերթ, թե´ 2017-ի և թե´ նախորդ բոլոր խորհրդարանական ընտրությունները: Դրանք հստակ արձանագրում են մի պարզ իրողություն՝ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տրամադրությունների այնպիսի փոփոխություն, որ արձանագրված տվյալներն էականորեն տարբերվեն  նախորդներից: Փոփոխական ընտրաքվեների ականատեսն ենք լինելու նաև առաջիկայում։ Այնպես որ` անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ ՀՅԴ-ն` իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, հետամուտ է լինելու իր արժեհամակարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքների իրագործմանը։ Մեր անցյալը պարտավորեցնում է  երբեք չընկրկել դժվարությունների առաջ և միշտ նայել առաջ։

Զրուցեց`Մարիամ Պետրոսյանը

 

 


Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica