close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փակելով Սփյուռքի նախարարությունն առանց խորհրդակցելու՝ նրանք մերժում են Սփյուռքը

Հարցազրույց

26 Դեկտեմբերի 2018, 12:58
 Փակելով Սփյուռքի նախարարությունն առանց խորհրդակցելու՝  նրանք մերժում են Սփյուռքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, առաջիկայում կլուծարվի Սփյուռքի նախարարությունը, և այդ նախարարության գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն։ Դուք երկար տարիներ աշխատում էիք Սփյուռքի նախարարության հետ։ Հիմա ինչպե՞ս եք գնահատում այս նախարարության լուծարումը։


– Սփյուռքի նախարարության ձևավորման առաջին օրվանից արդեն տասը տարի ծառայել եմ որպես այդ նախարարության վարչության անդամ և մոտիկից ծանոթ եմ բոլոր աշխատանքներին, որոշումներին, ծրագրերին։ Եվ հասկանալի կլիներ, եթե մեր իշխանությունները ցանկանային ուսումնասիրել Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը և աշխատանքները, և դրանց վերանայումը շատ նորմալ և բնական կլիներ, բայց ինձ թվում է՝ այն, ինչ կառավարությունն արեց, երկու լուրջ սխալ կար այդտեղ։ Մեկն այն է, որ այս նախարարությունը կոչվում էր Սփյուռքի նախարարություն, այսինքն՝ առնչվում է Սփյուռքի հետ։ Ինչպե՞ս կարելի է որևէ լուրջ որոշում կայացնել այս նախարարության հետ կապված՝ առանց խորհրդակցելու սփյուռքահայ մտավորականների, սփյուռքահայ կազմակերպությունների հետ։ Երկրորդ՝ նոր իշխանությունը, որ նոր է եկել իշխանության, շատ գեղեցիկ հայտարարություններ է արել՝ ասելով, որ ուզում են Սփյուռքը ներգրավվի հայաստանյան կյանքին ներդրումներով, միասնաբար աշխատելով։ Վարչապետն էլ հայտարարել է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը ջնջել են, որ ամեն ձևով սփյուռքահայությունը պետք է ներգրավվի հայաստանյան կյանքի մեջ։ Նույնիսկ Սփյուռքի նախարարն իր նշանակման առաջին օրը հայտարարեց, որ իրենց օրակարգում է երկպալատ խորհրդարան ունենալը, որտեղ սփյուռքահայերը կարող են ներկայացվել։ Սակայն հետագայում այլևս որևէ բան չասաց։ Մի անգամ էլ վարչապետն ասաց, որ ըստ Սահմանադրության՝ սփյուռքահայերը չեն կարող որպես նախարար աշխատել, և պետք է տեսնենք՝ ինչ կարելի է անել, որ փոփոխություններ լինեն։

Ամփոփելով ասեմ՝ իշխանությունները, որ եկան ըստ պաշտոնների, ամենադրական, ամենաազնիվ և բարյացակամ խոսքերն ասացին Սփյուռքի մասին, ինչը բոլորս էլ բարձր գնահատեցինք և սատարեցինք մեր իշխանություններին, բայց այս իշխանությունները կատարեցին իրենց սխալը. այսպիսի մի բարյացակամ իշխանություն, երբ հայտարարում է, որ Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, չեն հասկանում, որ նման խոսքերով սխալ պատգամ են ուղարկում Սփյուռքին, որը հակասում է իրենց նախկին բոլոր հայտարարություններին։ Եվ փակելով նախարարությունն առանց խորհրդակցելու՝ իրենք մերժում են Սփյուռքը։ Վստահ եմ, որ իրենց նպատակը Սփյուռքը մերժելը չէ, իրենք հայտարարում են, որ ուզում են գործակցել Սփյուռքի հետ, ես հավատում եմ այդ խոսքերին, բայց այն, ինչ անում են, իրենց գործը չի համապատասխանում իրենց խոսքին։ Չես կարող նախարարությունը փակել՝ առանց խորհրդակցելու և առանց հիմնավորելու, թե ինչ ես ուզում անել, երբ փակում ես։ Պարզապես ասել, որ պետք է փակել կամ փոխել, սա շատ վատ տպավորություն է թողնում Սփյուռքի վրա։ Եվ այս երկու կարևոր և լրջագույն սխալներն արեցին այս որոշման մեջ։

– Նախարարը նշում էր, որ հեղափոխությունից հետո Սփյուռքի սպասելիքները Հայաստանից ահռելի մեծ են։ Իսկապես այսօր մե՞ծ են Սփյուռքի սպասումները իշխանությունից։


– Անշուշտ, Սփյուռքը սպասելիքներ ունի ոչ միայն այս իշխանություններից, մենք նախկին իշխանություններից նույնպես սպասելիքներ ունեինք, որ այդքան էլ չարդարացան։ Մենք միշտ ունենալու ենք սպասումներ, և ՀՀ կառավարությունն էլ միշտ սպասումներ է ունենալու Սփյուռքից։ Մենք մեկ ազգի զավակներ ենք և բոլորս էլ պետք է գործակցենք իրար հետ։ Եվ մեր ընդհանուր հայ ժողովուրդը Սփյուռքում և հայրենիքում պետք է զարգանա և առաջ գնա։ Ես չեմ կարող պատկերացնել մի հայ, ով չի ուզում, որ մենք առաջընթաց արձանագրենք։ Բայց դա կյանքի կոչելու համար մենք պետք է իրար հետ նստենք, խորհրդակցենք։ Անշուշտ, հասկանալի է, որ վերջին խոսքը պատկանում է պետությանը, և իրենք վերջին որոշումը կարող են կայացնել։ Բայց պետք է մի քիչ ազնիվ լինել և հարցնել Սփյուռքին՝ ինչ են մտածում այս որոշման մասին։ Խորհրդակցել և միայն դրանից հետո որոշում կայացնել, և ոչ թե հակառակը՝ որոշում կայացնել և հետո հայտարարել այդ մասին։ Պետք է նախ հայտարարեին, որ ուզում են Սփյուռքի նախարարությունը տարբեր ձևերով զարգացնել. հրավիրեին սփյուռքահայ գործարարների, Սփյուռքի մասնագետների, ովքեր իրենց ասելիքը կասեին, կլսեին դիմացինին, հետո նայեին, թե ինչ ուղղությամբ ընթանա։ Կառույցն ինքնին կարևոր չէ, կառույցը միջոց է նպատակն իրագործելու համար։ Նախ պետք է որոշվեր՝ ինչն է Սփյուռքի նախարարության նպատակը, հետո նոր մտածեին, թե որ կառույցը պետք է այն իրականացնի՝ արտգործնախարարությո՞ւնը, թե՞ փոխվարչապետը, ո՞րն է լավագույն ձևը։ Չմոռանամ ասել, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ունեցել է Սփյուռքի նախարարություն։ Շատ երկրներ երկար տարիներ Սփյուռքի նախարարություն ունեն, բայց արդյոք մեր իշխանությունները հետաքրքրվե՞լ են, թե մյուս երկրների Սփյուռքի նախարարություններն ինչպես են աշխատում, ինչպես են ծրագրում իրենց աշխատանքը, որ երկրում է նախարարություն, և որ երկրում այն ունի տեսչության ձև կամ այլ նախարարության մաս է կազմում։ Սա էլ պետք է ուսումնասիրվի։ Պետք չէ նոր հեծանիվ ստեղծել, առաջինը մենք չենք, որ մտածում ենք՝ ինչպես անել Սփյուռքի նախարարության հետ աշխատանքը, կա այլ երկրների փորձ, և եթե նրանց փորձը հաջողված է, վերցնել նրանց փորձը։ Միշտ օգտակար է նախքան որոշում կայացնելը մի քիչ աշխատել և ուսումնասիրել ուրիշների փորձն ու գիտելիքները։

– Հնարավո՞ր է, որ այս նախարարությունը երկար տարիներ բովանդակային առումով իրեն չի արդարացրել, և չկա այդպիսի նախարարություն ունենալու անհրաժեշտություն։ Գուցե դա՞ է լուծարման պատճառը։

– Ես վստահ եմ, որ Սփյուռքի նախարարությունը չի կատարել այդ բոլոր աշխատանքները, որ կարող էր կատարել։ Նաև արդար լինելու համար պետք է ասեմ, որ Սփյուռքի նախարարությունն առնչվում է հարյուր երկրներ ցրված յոթ միլիոն հայերի հետ։ Սփյուռքի նախարարության աշխատանքը շատ դժվար աշխատանք է, եթե ուզում ես հարյուր երկրների մեջ ցրված յոթ միլիոն ժողովրդի հետ կապվել, նրանց հասնել, հարցերը հոգալ։ Սփյուռքի մեջ մի քանի Սփյուռք կա, հին Սփյուռք կա, նոր Սփյուռք կա, տարբեր կուսակցություններ և միություններ կան, և հաճախ այս բոլորը իրար հետ չեն համագործակցում, իրար հետ խնդիրներ ունեն, և այս բոլորի հետ առնչվելը շատ լուրջ հարց է։ Վերջին 25 տարիներին ծառայում էի Միացյալ հայության ֆոնդին, որ յոթ սփյուռքահայ մեծագույն կազմակերպությունների համադրումն էր, և գիտեմ, թե ինչ է նշանակում յոթ տարբեր կազմակերպությունների միացում, շատ լավ հասկանում եմ այդ դժվարությունները։

Գալով ձեր հարցին՝ եթե Սփյուռքի նախարարությունը ինչ-որ բաներ լավ չի արել, կարելի է արածները և չարածները ուսումնասիրել, տեսնել՝ ինչպես կարելի է բարելավել, նաև հասկանալ՝ ինչն է այդ նախարարարության նպատակը, և դրանից հետո միայն տեսնել, թե այդ նպատակի իրականացման համար որ կառույցն է ավելի նախընտրելի։ Փորձել են աշխատանքներ իրականացնել, բայց միշտ եղել են բացթողումներ։ Ես՝ որպես Սփյուռքի նախարարության վարչության անդամ, շատ հաճախ հարցը բարձրացրել եմ նախկին նախարարի և նախարարության վարչության մյուս անդամների առաջ։ Եվ չի կարելի ասել՝ այս նախարարությունը լավ չի աշխատում, փակենք, պետք է մտածել՝ եթե այս նախարարությունը լավ չի աշխատում, ինչպես կարող ենք հասնել նրան, որ լավ աշխատի։ Իշխանություններն ասում են, որ կարևոր է Սփյուռքը իր ներդրումներով, նաև մշակութային, մտավորական ներդրումներով։ Յոթ միլիոնը մեծ թիվ է փոքր ազգի համար, որ Հայաստանից դուրս է ապրում, և կարևոր է, որ այդ մարդկանց վերաբերյալ ցանկացած որոշում լինի ծրագրված որոշում և ոչ թե հապճեպ։

Հաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, այն է, որ իմ կարծիքով՝ իշխանությունները որպես մեկնակետ որոշել են, որ պետական ապարատը կրճատեն, նախարարությունները 17-ից 12-ի վերածեն, այսինքն՝ իրենք սկսում են կրճատման ծրագրից։ Եվ եթե մեկ անգամ որոշել են կրճատել, երկրորդական է դառնում՝ այս նախարարությունը կարևո՞ր է, թե՞ կարևոր չէ, լավ գործ արե՞լ է, թե՞ չի արել. իրենց գլխավոր նպատակը կրճատումն է, և այդ կրճատումն էլ կարելի է տարբեր ձևերով անել։

Սիրանույշ Պապյան



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica