close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում և Մերձավոր Արևելքում իրավիճակային տեղաշարժեր են, որոնք ռազմավարական բնույթի չեն. փորձագետ

Հարցազրույց

25 Դեկտեմբերի 2018, 15:54
 Սիրիայում և Մերձավոր Արևելքում իրավիճակային տեղաշարժեր են, որոնք ռազմավարական բնույթի չեն. փորձագետ

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշում կայացրեց, իսկ Թուրքիան ոգևորությամբ ստանձնեց Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պայքարի առաջամարտիկի դերը: Այս և Մերձավոր Արևելքում ու մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների թեմայով Yerkir.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ: 

- Պարո´ն Վերանյանը, ինչպե՞ս կազդի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցության վրա:

- Շատ կարևոր է, որ Սիրիայում, ինչպես նաև այլ հակամարտային գոտիներում ներկայացված լինեն աշխարհաքաղաքական տարբեր բևեռներ: Դա նախ կնպաստի տվյալ դեպքում սիրիական հիմնախնդրում ներգրավված հիմնական խաղացողների շահերի միջև հավասարակշռության ձևավորմանն ու պահպանմանը: Երկրորդ` աշխարհաքաղաքական շահերի միջև հավասարակշռությունը առավել կառուցողական, բազմակողմանի ձևաչափով լուծումներ գտնելու հնարավորություն կտա: Այս առումով, իհարկե, Սիրիայում այս կամ այն բևեռի դիրքերի ու ազդեցության ամրապնդումը, ի հաշիվ մյուս աշխարհաքաղաքական խաղացողի շահերի, դրական չի անդրադառնա ներգրավված շահերի միջև ստեղծված հարաբերակցության վրա: Գուցե տարածաշրջանային այլ խաղացողներ փորձեն օգտվել ներկա իրավիճակից և իրենց ազդեցությունն ընդլայնել Սիրիայում ու, առհասարակ, Մերձավոր Արևելքում:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ կտրուկ մեծանալու է Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունն ու դերակատարությունը:

- Չեմ կարծում, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կհանգեցնի Անկարայի դիրքերի կտրուկ ամրապնդմանը: Իհարկե, Էրդողանը կձգտի մեծացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում ու Սիրիայում, բայց դա որոշակի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում, շահերի նոր վերադասավորում, այնպես որ` այդ ամենը չի լինի կտրուկ տեմպերով: Ի դեպ, ազդեցության տարածման նոր հնարավորություններ կարող են բացվել նաև այլ տարածաշրջանային խաղացողների համար նույնպես: Այնպես որ` նոր իրավիճակում պայքարն ավելի կակտիվանա:

- Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ակտիվացման ֆոնին, Իրան-Թուրքիա հարաբերություններում որոշակի լարվածության ականատես կլինե՞նք, արդյոք: Իրանն ինչպե՞ս է արձագանքելու Թուրքիայի գործողություններին:

- Թուրքիան խաղում է տարբեր ճամբարներում, և պետք է ասել, որ Էրդողանի մոտ դա լավ է ստացվում: Իրավիճակից կախված` Թուրքիան կարողանում է մանևրել և անհրաժեշտության դեպքում ճշգրտել արտաքին քաղաքականության շեշտադրումները: Իհարկե, ինչպես նշեցի, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կակտիվացնի տարածաշրջանային դերակատարների շահերը, հետևաբար` կթեժանա նաև այդ շահերի միջև պայքարը: Այս տեսանկյունից պետք է դիտարկել Իրանի ու Թուրքիայի միջև դիրքերի նոր վերադասավորման հարցը: Կողմերի միջև լարվածության հարցին անդրադառնալիս պետք է խոսել իրավիճակային գործընթացների մասին, որոնք ունեն զուտ մարտավարական ենթատեքստ: Միևնույն ժամանակ նշեմ, որ վերջին շրջանում Անկարան մեկ անգամ չէ աջակցել իրանական կողմին: Ավելին` տարածաշրջանի քրդերի հարցում Իրանն ու Թուրքիան ունեցել են նաև համագործակցության ընդհանուր դաշտ: Սակայն այն հարցում, որ կողմերի միջև կլինի մրցակցություն Սիրիայում ու Մերձավոր Արևելքում դիրքերի ուժեղացման ուղղությամբ, երկու կարծիք չի կարող լինել: Թեհրանի համար, իհարկե, ամերիկյան զորքերի դուրսբերումը հնարավորություն է լրացնելու ստեղծված նոր վակուումը, ինչից և, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն կօգտվի Իրանը:

- Ի՞նչ կասեք Իրանի եւ Իսրայելի առճակատման հնարավորությունների մասին Իսրայելի վարչապետի՝ անհրաժեշտության դեպքում Սիրիայի տարածքում Իրանի ռազմական ներկայության դեմ գործելու հայտարարության ֆոնին:

-Կարծում եմ, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումով Իսրայել-Իրան դիմակայությունում կողմերը կփորձեն նախ գնահատել նոր ստեղծված իրավիճակը, սեփական ռեսուրսներն ու հնարավորությունների դաշտը, թե շահերի ինչպիսի հարաբերակցություն է հնարավոր ձևավորել: Մյուս կողմից` այս հակամարտությունում շատ բան կախված է Վաշինգտոնի կողմից նախատեսվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր փաթեթի ներկայացումից: Թրամփը փորձում է Պաղեստինում, ի հաշիվ ՀԱՄԱՍ-ի իշխանության, ուժեղացնել Մահմուդ Աբասի դիրքերը, ինչը, ըստ Վաշինգտոնի, հնարավորություն կտա կյանքի կոչելու հակամարտության կարգավորման ամերիկյան փաթեթը: Այս առումով, Իրանի դեմ Իսրայելի դիրքորոշման չափից ավելի կոշտացումը թերևս այնքան նպատակահարմար չէ Վաշինգտոնի համար: Ավելին` Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Լիբերմանի հրաժարականն ինչ-որ առումով նաև հետևանք էր պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Իսրայելի դիրքորոշման կոշտացման և պայմանավորված էր այդ հակամարտության կարգավորման հարցում Թրամփի կողմից նախատեսվող միջոցառումներով:

-  Այս բոլորն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի անվտանգության վրա:

-Արդեն նշեցի, որ, իհարկե, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական շահերի միջև հավասարակշռության պահպանումն անչափ կարևոր իրողություն է տարածաշրջանում կայունության պահպանման առումով, ինչը դրական անդրադարձ է ունենում տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի անվտանգության վրա: Դա կարող է խախտվել, երբ հիմնական խաղացողներից մեկի հաշվին ընդլայնվում են այլ դերակատարների դիրքերը: Միևնույն ժամանակ, սակայն, հարկավոր է հասկանալ, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը ամենևին չի նշանակում, որ Վաշինգտոնը դուրս է գալիս աշխարհաքաղաքական մրցակցությունից Սիրիայում և Մերձավոր Արևելքում: Զորքերը դուրս են բերվում, սակայն շահերը շարունակում են մնալ: Չեմ կարծում, որ ստեղծված նոր իրավիճակը լուրջ փոփոխություններ կամ մարտահրավերներ բերի Հայաստանի անվտանգությանը: Դա Հայաստանի անվտանգային հարցերի վրա կունենա ավելի շուտ անուղղակի ազդեցություն, քանի որ մենք գործ ունենք իրավիճակային տեղաշարժերի հետ, որոնք ռազմավարական բնույթի չեն: Այս առումով, ռիսկեր չեմ տեսնում:

Դ.Լ.

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica