close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե անկարող են այս շինության հարցը լուծել, ինչպե՞ս են Ղարաբաղյան հարցը լուծելու. Արամի 23-ի խնդիրը մնում է չլուծված

Մշակույթ

24 Դեկտեմբերի 2018, 14:24
 Եթե անկարող են այս շինության հարցը լուծել, ինչպե՞ս են Ղարաբաղյան հարցը լուծելու. Արամի 23-ի խնդիրը մնում է չլուծված

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող` պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ 2002-ից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, այդպես էլ չի վերականգնվում` չնայած պատկան բոլոր մարմինների` շենքի ամրակայման ու վերականգնման խոստումներին: Ի դեպ, ««Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան:

Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հուշարձան-շենքի կայունությունը: Շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ: Մասնավորապես` խոսքը 16-րդ ու 22-րդ հոդվածների մասին է, որոնց համաձայն` անթույլատրելի է հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումն առանց լիազորված մարմնի թույլտվության, իսկ մշակույթի նախարարությունը կառուցապատողին նման թույլտվություն չի տվել: Նշենք, որ խնդրի  կապակցությամբ մշակույթի նախարարությունը դիմել է դատախազությանը:

«Հայաստանի փոքրիկ   երգիչներ» երգչախմբի գեղարվեստական  ղեկավար Տիգրան Հեքեյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Արամի 23-ում որևէ աշխատանք չեն տարվում` հուշարձանի վերականգնման առումով: Նա նշեց, որ երբ նոյեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արամի 23, ընդամենը 2 ժամ հետո քաղշինի նախագահ Ավետիք Էլոյանը նույնպես այցելել է իրենց ու հուշարձանի ամրակայման նախագիծ ներկայացրել:

«Էլոյանը հենց շենքի պատի վրա նկարեց նախագիծը, մենք էլ ասացինք, որ համաձայն ենք, թող վերականգնեն շենքը: Ես հարցրեցի` ե՞րբ կսկսեք վերականգնումը, ի պատասխան` Էլոյանն ասաց, թե` 3 օրից: Էլոյանը գնաց ու անցել է մեկ ամիս. որևէ գործողություն չի կատարվում: Ես հուզական ոչինչ չեմ ասում, փաստեր եմ ասում: Հիմա պատկան մարմիններին նամակ ենք գրում, նամակին չեն պատասխանում: Ի՞նչ է, պետք է քայլե՞նք, փողո՞ց փակենք, այլ ձև չկա՞, որպեսզի խնդիրը լուծվի: Այնպիսի տպավորություն է, որ անապատում ենք, ու այլմոլորակայինները եկել ու բոլոր պետական մարմիններինը տարել են: Ասես թենիս ենք խաղում պատի հետ. նամակ ենք գրում ու պատասխան չկա»,- ասաց Հեքեքյանը:

Ըստ նրա` կառավարության որոշումը թույլ է տալիս տեղում 2 ստորգետնյա հարկ կառուցել, իսկ կառուցապատողները ևս մեկ հարկ էլ են փորել, որտեղ էլ ուզում են առևտրի կենտրոն բացել: «Քաղաքի սրտում բիզնես նախագիծ են իրականացնում: Ստացվում է` տեղում լինելու է 5 հարկանի հյուրանոց, ներքևում երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի և հսկայական առևտրի սրահ: Եվ այսպե՞ս են ուզում Հին Երևանը կառուցել, հինգ հարկանի Հին Երևան տեսե՞լ եք, եթե տեսել եք, ուրեմն ուրիշ քաղաքում եք ապրում: Շրջապտույտի մեջ ենք ընկել. Փաշինյանը հրահանգել է խնդիրը լուծել, Էլոյանը նախագիծ ունի, որը համաձայնեցված է, բայց ոչ մի քայլ չի իրականացվում: Եթե ճարտարապետը երկուսի փոխարեն գրել է երեք հարկ, ինչո՞ւ ոչ ոք նրան պատասխանատվության չի ենթարկում, պետք է մեկն անպայման մի բան դնի գրպանը, որ օրենք խախտո՞ղ համարվի»,- նշեց Հեքեքյանը:

Նրա խոսքով` «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանին և Երևանի քաղաքապետարանին պետք է նստեցնել դեմ-դիմաց ու հասկանալ` ի՞նչ պետք է արվի, ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Ըստ Հեքեքյանի` տպավորություն է, որ մահամերձ մարդու վրա վերմակ են ուզում գցեն, որ չմրսի, իսկ իրենք առաջարկում են վիրահատել, քանի որ բուժումը կա, բժիշկը կա, և արդյունքում` հիվանդն էլ կապրի:

«Իրավիճակն այսպիսին է` երևի որոշ անձինք հանցագործների հետ մտել են հանցավոր համաձայնության մեջ: Կարծում եմ` եթե հանցագործ չլինեին, թույլ չէին տա Տերյանը փակել ու պարալիզացնել: Մյուս կողմից` եթե պատկան մարմիններն այսքան անկարող են այս մի շինության հարցը լուծել, ինչպե՞ս են Ղարաբաղյան հարցը լուծելու»,- ասաց Հեքեքյանը:

Նրա հավաստմամբ` չնայած Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պաշտոնանկ է արվել, սակայն բոլոր թելերը դեռ նրա ձեռքին է: Հեքեքյանի խոսքով` ժամանակին Սարգսյանն ամեն ինչ անում էր, որպեսզի, չամրակայելով շենքը, այն  իր «բոստանը գցի», ու հիմա էլ այդ գործին է:

Հեքեքյանի կարծիքով` իրավապահ մարմիններն էլ չեն հասցնում գործերով զբաղվել, քանի որ Հայաստանը, կարծես, գրողների միություն է դարձել` բոլորն իրար դեմ գրում են:

Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով էլ` օրենքով սահմանված է, որ հուշարձան վնասող անձը պարտավոր է վերականգնել վնասը: Նա տեղեկացրեց, որ հուշարձանի տարածքում շինարարության թույլտվությունը քաղաքապետարանն է տվել, և շինարարություն իրականացնողն էլ իր գործն է արել: «Հիմա դժվա՞ր է որոշել` ով պետք է վերականգնի վնասը: Սեփականատիրոջը պետք է պարտադրել փոխհատուցել վնասը, քանի որ նա պարտավոր է իր գործունեությամբ հուշարձանին հասցված վնասը վերականգնել:  Գործն այժմ դատախազությունում է, բայց արձագանք չկա դեռ»,-ասաց Աբրոյանը:

Նրա խոսքով` մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, թե հուշարձանի պատը ենթակա է քանդման, ինչը բացառվում է: «Մենք նման եզրակացություն ստացանք Շիրակի Հոռոմ գյուղի 17-րդ դարի եկեղեցու առնչությամբ: Փորձագետները կրկին ասում էին` պետք է մոնտաժել: Ես այդ փաստաթուղթը պատռեցի ժողովրդի աչքի առաջ, և մենք փոխեցինք նախագծի պահանջները:  Այժմ արդեն սկսել ենք հուշարձանի վերականգնման աշխատանքները, ավելին` եկեղեցու հիմքերում բացվել է 5-րդ դարի եկեղեցի: Տեսնելով մեր մասնագիտական կառույցների, փորձաքննող մարմինների աշխատանքը` նման եզրակացությունները համարում եմ առ ոչինչ, դրանք չեն կարող հիմք լինել»,- ասաց Աբրոյանը` հավելելով, որ Արամի 23-ում խնդիրը ոչ թե պատը քանդելն է, այլ հիմքերի ամրակայումը, որը որևէ կողմ չի ցանկանում իրականացնել:

Աբրոյանի խոսքով` տվյալ տարածքի սեփականատերն է պարտավոր վերականգնել հուշարձանը: Խնդիրն այս կերպ լուծելը` թողնելով, որ հուշարձանը քայքայվի ու փլուզվի, հավանաբար,  կառուցապատողների կարծիքով, թույլ կտա մյուսներին էլ քանդել իրենց շինհրապարակների հուշարձանները: Սակայն նման բան, նրա հավաստմամբ, լինել ուղղակի չի կարող: «Հակառակ պարագայում` ես դա կհամարեմ թուրքա-քրդական ծրագրի իրականացում. խոսքը կառուցապատման ծրագիր իրականացնողներին ու թույլտրողին է վերաբերում: Ամբողջ շինարարությունն էլ օրենսդրական խախտումներով են իրականացնում: Խախտումների մասին մենք մշտապես տվել ենք բացասական եզրակացություն, չենք համաձայնեցրել նախագծերն ու առաջադրանքները: Նախարարությունը միայն մեկ թույլտվություն է տվել` ամրակայել շենքը, որը չի իրականացվել: Մեր գործառույթները սպառված են, իրավապահ մարմինները պետք է գործի անցնեն»,- ասաց Աբրոյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica