close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կգնանք անգամ նստացույցի. մշակույթի նախարարության աշխատակիցները պահանջում են վերանայել նախարարության միավորման որոշումը

Մշակույթ

21 Դեկտեմբերի 2018, 12:36
 Կգնանք անգամ նստացույցի. մշակույթի նախարարության աշխատակիցները պահանջում են վերանայել նախարարության միավորման որոշումը

17-ի փոխարեն 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում նախարարությունների թիվը կրճատվելու է։ Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները, օրինակ, պետք է միանան  կրթության և գիտության նախարարությանը: Նախարարությունների աշխատակիցները միայն երեկ են տեղեկացել այդ մասին, նրանց հետ որևէ քննարկում չի եղել:

Մշակույթի նախարարության աշխատակիցները` նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներից ներկայացուցիչներով, այսօր բողոքի ակցիա իրականացրեցին: Նրանք նախ հավաքվեցին մշակույթի նախարարության առջև, այնուհետև քայլեցին դեպի կառավարության շենք և վարչապետին ուղղված իրենց` նախարարությունների միավորման հետ կապված անհամաձայնության նամակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին:

Yerkir.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ իրենց տեղեկացրել են` վերակազմավորման արդյունքում որևէ մեկն իր աշխատանքը չի կորցնելու, և իրենց խնդիրն ամենևին էլ աշխատանք կորցնելու վախը չէ: Ըստ նրա` իրենք վրդովված են, քանի որ որևէ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել, և իրենք տեղյակ էլ չեն` ովքեր են վերակազմավորման որոշումը կայացրել և ինչ հիմքերով: «Մենք, օրինակ, չգիտենք, արդյո՞ք այդ հանձնաժողովում եղել են մշակույթի, կրթության փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարությունների աշխատակիցներ: Ստացվում է` մի քանի հոգով են որոշում կայացրել, ինչը սխալ է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` պետական կառավարման համակարգը պետության հիմքն է, և եթե այդ համակարգը լավ չգործի, բնականաբար, մշակույթը դրանից կտուժի: Սարգսյանի խոսքով` մշակույթի նախարարությունը կառավարության մշակութային քաղաքականությունը մշակող, իրականացնող, ռազմավարական նախագծեր կազմող գերատեսչություն է, և բերել ու միացնել կրթության նախարարությանը, ճիշտ չէ:

Սարգսյանը հիշեցրեց Չերչիլի ուշագրավ պատասխանը, երբ պատերազմի ժամանակ նրան էին ներկայացնում հաջորդ տարվա բյուջեն, որից բացակայում էր մշակութային ոլորտին հատկացումը. Չերչիլի հարցին, թե ո՞ւր է մշակույթին հատկացված գումարը, պատասխանել էին` պատերազմ է, ի՞նչ մշակույթ: Չերչիլն արձագանքել էր` այդ դեպքում ինչի՞ համար ենք պայքարում:

«Մշակույթի նախարարությունը պաշտպանության նախարարությանը հավասարազոր  է: Տարիներ շարունակ մատների արանքով են նայել մշակույթի նախարարությանը` մտածելով, որ այնտեղ թեյ կամ սուրճ խմողներն են հավաքվում, և նրանց, ովքեր այդպես են մտածում, ես հրավիրում եմ նախարարություն` ինձ հետ մեկ օր անցկացնելու: Ղեկավարներն են ձևավորում նախարարության իմիջը, և բազմաթիվ աշխատողներ, որոնք տասնամյակներով աշխատել են նախարարությունում, ուղղակի տուժում են»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, մշակույթի նախարարությունում չկա՞ն ուռճացված հաստիքներ, նա պատասխանեց, որ, այո, կան: «Ուռճացված հաստիքներ կան բոլոր ոլորտներում, և կարծում եմ` մշակույթի նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներում նույնպես կլինեն նման հաստիքներ: Սակայն այդ ամենը պետք է ուսումնասիրել և նոր միայն կրճատումներ, թարմացումներ անել»,- ասաց Սարգսյանը:

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ դիրքորոշում ունի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նա պատասխանեց, որ, Մակունցի խոսքով, իրենք խնդրի լուծման տարբերակներ են քննարկում: Սակայն, Սարգսյանի կարծիքով, երկար սպասել չի կարելի` 4-5 օր հետո կարող է շատ ուշ լինել:

Նախարարության մեկ այլ աշխատակից` մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Հարություն Վանյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ Լիլիթ Մակունցն իրենց հավաստիացրել է, որ աշխատատեղերի կրճատման մասին խոսք չկա, սակայն, միևնույն է, իրենց մտավախությունն աշխատանք կորցնելը չէ: Վանյանի խոսքով` իրենք չեն ուզում, որ այլ գերաստեսչության մեջ մշակույթին տրվի երկրորդական, երրորդական դեր: «Դրանով մեր` աշխարհին ներկայանալու այցեքարտը ու մշակույթի դերը ստորադասում ենք, նսեմացնում: Բացի այդ` հուշարձանների պահպանության ոլորտը, նոր նախագծի համաձայն, ամբողջությամբ հանձնվում է քաղաքաշինության կոմիտեին: Հուշարձանների պահպանության ոլորտում քաղշինի հետ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ տարաձայնություններ է ունեցել, ուստի վերցնել ու միացնել երկու տարբեր մոտեցումներ ունեցող գերատեսչություններ, կարծում ենք, հապշտապ որոշում է, և այն կարիք ունի հանրային ու մասնագիտական լայն քննարկումների»,- ասաց Վանյանը:

Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության աշխատակիցները միայն երեկ են նախարարությունների միավորման նախագծի հետ ծանոթացել: Ըստ Վանյանի` մշակույթի տարբեր ճյուղերի մի շարք ներկայացուցիչներ նույնպես իրենց անհամաձայնությունն են հայտնել միավորման որոշման կապակցությամբ: Մասնագետի խոսքով` եթե պետության վրա բեռ է մասնագիտական վարչությունում գրադարանի մեկ, թանգարանի երկու մասնագետ ունենալը, ապա թող կրճատեն այդ հաստիքները:

«Օրինակ` Հայաստանում պետական ենթակայության ներքո 22 թանգարան կա, որով զբաղվում է նախարարության 2 մասնագետ: Տեսեք` այն արդյունքին, որոնց մեր հարևանները հասնում են, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մենք դրան հասնում ենք տասնապատիկ քիչ ռեսուրսներով: Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ կենտրոնակայանում ունի շուրջ 19 ներկայացուցիչ, իսկ Հայաստանն առհասարակ չունի որևէ ներկայացուցիչ: Մշակույթի նախարարությունում ոչ նյութական արժեքների հայտերը մշակում է 4-5 հոգանոց թիմը, իսկ Ադրբեջանում այդ նույն գործին լծել է տասնապատիկ անգամ ավելի մարդկային ու ֆինանսական ռեսուրներ: Ու ոչ թե ասում են` ինչ լավ է, որ մեր հայտը գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ ասում են` ինչո՞ւ Ադրբեջանի ներկայացրած հայտը նույնպես գրանցեց: Դա նույնն է, ինչ մեր` սահմանին կանգնած զինվորի դիպուկ կրակոցը հաշվի չառնելով` մեղադրեն նրան, թե ինչու է Ադրբեջանի զինվորն էլ դիպուկ կրակում»,- ասաց Վանյանը:

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանի խոսքով էլ` վարչապետին ուղղված նամակում իրենք նշել են, որ նախարարությունների միավորման նախագիծը պետք է ձևավորվի հանրային քննարկումների արդյունքում, այսինքն` կառավարության որոշումը պետք է վերանայվի: Սուքիասյանի խոսքով` կամայականություններից պետք է զերծ մնան` կարևորելով մասնագետի կարծիքը: «Պահանջում ենք, որ վարչապետը հանդիպի ու լսի մեր տեսակետը: Երեկ Լիլիթ Մակունցի հետ մենք հանդիպել ենք, և Մակունցն առաջարկեց վարչապետին ուղղված հիմնավորում ներկայացնել, որը կստորագրի նաև ինքը: Մենք էլ, ընդառաջ գնալով նախարարի հորդորին, այսօր կվերադառնանք նախարարություն` աշխատանքի, կպատրաստենք այդ հիմնավորումը, որից հետո, նրանց արձագանքից ելնելով, մեր անելիքները կորոշենք: Կարծում եմ` ցանկացած մեկի համար, ով իր ներսում կրում է հայ մշակույթը, սա չարյաց մեծագույնն է»,- ասաց Սուքիասյանը:

Նրա խոսքով` մշակույթի նախարարության միավորման հարցն անձնական, քաղաքական հարցերից վեր է, և ոչ ոք դուրս չի եկել բողոքի` իր աշխատանքից զրկվելու մտայնությունից ելնելով:

Նախարարության աշխատակիցներն իրենց նամակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին ու խնդրեցին հաղորդել վարչապետին` վերանայել որոշումը ու  մասնագետների հետ քննարկումներ սկսել:

Նախարարության աշխատակիցների խոսքով` իրենք վճռական են տրամադրված և դրական պատասխան չստանալու դեպքում` անգամ նստացույց են անելու:

Ի դեպ, Սփյուռքի նախարարության աշխատակիցները նույնպես միացել էին բողոքի ակցիային:

Նշենք, որ վարչապետին ուղղված նամակը հանձնելուց հետո մշակույթի նախարարության աշխատակիցները գնացին աշխատանքի` սպասելով երկուշաբթի իրենց նամակի արձագանքին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica