close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ չի կոտրի ո՛չ երկրաշարժը, ո՛չ էլ պատերազմը. Ասլան Գրիգորյան

Հարցազրույց

17 Դեկտեմբերի 2018, 23:44
 Մեզ չի կոտրի ո՛չ երկրաշարժը, ո՛չ էլ պատերազմը. Ասլան Գրիգորյան

Դեկտեմբերի 7-ին լրացել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Ուղիղ 30 տարի անց Ասլան Գրիգորյանը, ում ամիջական ղեկավարությամբ Ստեփանակերտի զբոսաշրջային ակումբի 24 կամավորներից բաղկացած հսկիչ-փրկարարական ջոկատն օգնության է հասել աղետյալներին, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի տուրք մատուցելուց հետո այցելել է «Ապառաժ»-ի խմբագրություն եւ պատմել դեկտեմբերի 7-ի եւ դրան հաջորդած օրերի, դրվագների, Արցախում Արտակարգ իրավիճակների ծառայություն հիմնելու գաղափարի մասին:

Երկրաշարժն ու մանդարինները

Ժամը 12-ն անց 10-ին՝ երկրաշարժից 30 րոպե անց է բոթը հասել Ասլան Գրիգորյանին։ Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի անդամներն արդեն իսկ հավաքվել և որոշել էին դիմել ձեռնարկությունների ղեկավարներին: Կարճ ժամանակ անց Գրիգորյանը Ստեփանակերտի զբոսաշրջային ակումբի 24 կամավորներից բաղկացած հսկիչ-փրկարարական ջոկատով ժամանել էր քաղաքային խորհրդի գործկոմի շենք։ Դեկտեմբերի 8-ի կեսօրին Ասլանի ջոկատը,  600 հոգանոց խումբը, 110 միավոր տեխնիկան Հայաստանի հյուսիսի ճանապարհը բռնեցին։

«Գիշերն ենք հասել Լենինական։ Ճամբարի համար տեղ ընտրեցինք ու վրաններ խփեցինք եւ անմիջապես գործի անցանք,- պատմում է Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի, այնուհետեւ էքստրեմալ տուրիզմի բարձրագույն դպրոցում ուսանած Ասլան Գրիգորյանը,- այն ժամանակ Ղարաբաղում փրկարարական ծառայություն չէր գործում, և միակ քիչ թե շատ մասնագիտացված կառույցը մերն էր։ Երկու օր անընդհատ  աշխատեցինք, և այնքան էինք տարված, որ չէինք նկատում՝ երբ է լուսանում, երբ մթնում: Գիշերներն աշխատում էինք լուսարձակների տակ: Թանկ էր յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև փլատակների տակ կենդանի մարդ կարող էր գտնվել: Ցուրտ էր, քաղցած էինք, գերհոգնած, բայց մենք մոռացել էինք, որ պետք է սնվել` աշխատել  կարողանալու համար: Րոպե անգամ չունեինք հանգստանալու կամ ճաշելու, իսկ մեր ուժերն սպառվում էին։ Հիշում եմ միայն, որ երբ սով էինք զգում, ուտում էինք Վրաստանից փաթեթներով ուղարկված մանդարինները։ Մանդարինների հոտը բոլորի մոտ Նոր տարվա, ձմռան շունչն է հիշեցնում, իմ պարագայում՝ այն երկրաշարժի հիշողություններն է արթնացնում»։

Մարդկային ռեսուրսները, փրկարարները չէին հերիքում: Հանգստի կարճատեւ դադարները ընդհատվում էին բնակիչների՝ փլատակների տակ մնացած հարազատներին գտնելու խնդրանքներով եւ լաց ու պաղատանքներով։ Լենինականցիները սիրով ու համակրանքով էին վերաբերվում փրկարարներին, որոնք աշխատում էին  սրտացավորեն:

«Մեր տեսածը սարսափելի երազի էր նման: Չէինք հավատում, որ նման բան հնարավոր է: Առաջին օրերին շոկի մեջ էինք: Անօթևան մարդիկ, փլատակներ, անհամար դագաղներ, երեխաների լաց` հեշտ չէր այս ամենին դիմանալ: Երբ տեսանք, որ տարբեր երկրներից եկել և օգնում են Հայաստանին, հոգիներս փոքր-ինչ խաղաղվեց: Հասկացանք, որ մենակ չենք, աշխարհում կան բարի մարդիկ: Երկրաշարժը համընդհանուր ողբերգություն էր, համընդհանուր վիշտ, որը եւ բոլորիս քարացրեց։ Դիակներն ու զոհերը սովորական էին դարձել։ Վերջին օրերն էին: Բարձրացրինք երկաթբետոնե երեսարկը եւ տեսանք մի երիտասարդ կնոջ` երեխային կրծքին սեղմած: Ուզում էինք մորն առանձին դագաղում դնել, երեխային` առանձին: Սակայն մեզ չէր հաջողվում իրարից անջատել մորն ու զավակին: Մեր նյարդերը չդիմացան, չկարողացանք մեզ զսպել, ծնկի իջանք ու սկսեցինք արտասվել։ Արտասվել՝ ինչպես այդ մոր ու նրա երեխայի, այնպես էլ աղետի մյուս զոհերի համար։ Արտասվեցինք չարտասված ու քարացած աշխատելու օրերի փոխարեն էլ»,- ասում Գրիգորյանը:

Արցախցիներից կազմավորված կամավորական խմբերը առաջիններից մեկն էին, որոնք հասան աղետի գոտի: Տասնութ օր ու գիշեր աշխատելով արտերկրից ժամանած արհեստավարժ փրկարարների հետ միասին՝ արցախցիները իրենց համեստ ավանդը ներդրեցին երկրաշարժի հետևանքների վերացման գործում՝ ձեռք բերելով փրկարարական աշխատանքների գործնական փորձ:

Երկրաշարժը՝ Արտակարգ իրավիճակների վարչություն հիմնելու ազդակ

Լեռնային Ղարաբաղում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացավ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, աղետ, որը պատճառ դարձավ տասնյակ հազարավոր զոհերի և վիթխարի ավերածությունների՝ ծանր վիշտ պատճառելով ողջ հայ ժողովրդին: Ասլան Գրիգորյանը Լենինականում ծանոթացել է արտասահմանից ժամանած փրկարարների հետ: Նրանք ունեին անհրաժեշտ հանդերձանք, շներ, ժամանակակից տեխնիկա, կարողանում էին որոշել փլատակների տակ մնացած ողջ մարդկանց սրտխփոցը, ինչը թույլ էր տալիս զուր ժամանակ չծախսել և առաջնահերթ մաքրել այդ փլատակներն ու փրկել տուժածներին: Տեսավ ու հասկացավ, և երկրաշարժը ցույց տվեց, որ Արցախում, ամենից առաջ սեյսմիկ վտանգը հաշվի առնելով, անհրաժեշտ է փրկարար ծառայություն ստեղծել: Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է լինում Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990թ. գործում էր հասարակական հիմունքներով:

1990թ. մայիսի 24-ին ԼՂԻՄ մարզգործկոմի որոշմամբ ստեղծվեց «Արցախ» փրկարար ծառայությունը, որի հիման վրա 1995թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ՝  Արտակարգ իրավիճակների վարչությունը:

«Փրկարար ծառայության ստեղծումն իսկապես անհրաժեշտություն էր: Լենինականում ձեռք բերված փորձն ու սովորածը մեզ օգնեց՝ պատերազմի ժամանակ փրկելու մարդկային բազմաթիվ կյանքեր։ Երկրաշարժը դպրոց էր մեզ համար։ 1991թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո Ադրբեջանի կողմից սկսվեցին խաղաղ բնակավայրերի հռթիռահրետակոծությունները: Ամենուրեք զգացվում էր փրկարարների կարիքը: Երբ Շուշիում տեղադրված «Գրադ» կայանքներից հաճախակի հրթիռակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը՝ փլատակների վերածելով շենքերն ու շինությունները, փրկարարներն առաջիններից էին օգնության հասնում՝ փլատակներից հանելով տուժածներին, տեղում ցուցաբերելով առաջին բուժօգնություն,- պատմում է Ասլան Գրիգորյանը,- պատերազմի տարիներին արտերկրի մի շարք երկրների փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներ ժամանել են Արցախ՝ ծանոթանալու և ուսանելու ռազմագործողություններին զուգընթաց իրականացվող փրկարարական աշխատանքներին, որը նորույթ էր, և նմանատիպ փորձ համաշխարհային փրկարարական պրակտիկայում մինչ այդ գոյություն չուներ»:

1993թ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանագրով հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի ֆունկցիաները դրվեցին «Արցախ» հանրապետական փրկարար ծառայության վրա: 1995թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ «Արցախ» հանրապետական փրկարար ծառայության և քաղպաշտպանության շտաբի հիման վրա ստեղծվեց ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչությունը:

«Մեզ չի կոտրի ո՛չ երկրաշարժը, ո՛չ էլ պատերազմը։ Հայերը գենետիկորեն են ժառանգում պաշտպանվելու եւ հաղթելու հոգեբանությունը։ Եվ այդ փորձությունները մեզ ավելի են ուժեղացնում եւ ստիպում ամրացնել մեր պաշտպանությունն ու ամրությունը»,- ասում է Ասլան Գրիգորյանը։

Լուսինե Թեւոսյան



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica