close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չքնեք, տղաներ

Հարթակ

17 Դեկտեմբերի 2018, 22:24
 Չքնեք, տղաներ

 

Չքնե՛ք, տղանե՛ր, չքնեք,

Կյանքը ձեր նոր ընթացք կունենա,

Չքնե՛ք, տղաներ, չքնեք,

Ով քնի, հազիվ թե արթնանա…

Գ.Գաբրիելյան

Մենք հիվանդանում ենք, երբ ընկնում է մեր օրգանիզմի իմունիտետը: Այն ուժը, ներքին այն դիմացկունությունը, որը կա ու ամեն օր պայքարում է մեր օրգանիզմի վրա արշավող հազար տեսակ ախտ-աղարտի դեմ, թուլանում է ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիվանդածին բակտերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրգանները: Ու մեկ էլ տեսար՝ դարավոր կաղնին տապալվեց …Ինչպես մարդը, այնպես էլ հասարակություններն ու պետություններն արագ կարող են բռնել կործանման ուղին, թուլանալ ու բզկտվել, եթե կորցնեն արտաքին վտանգների դեմ պայքարելու ներքին իմունիտետը: Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի, ինչպես ասում են. «Ազգեր են եկել, ազգեր գնացել…»: Մենք՝ հայերս, մեր դարավոր պատմության ընթացքում, ունեցել ենք բազմաթիվ կորուստներ հենց այդ պատճառով. հաճախ տարբեր դարերում մեր Հայկը պարտվել է Բելին, որովհետև թուլացած է եղել հայ ժողովրդի ազգային դիմադրողականությունը, ներքին իմունիտետը. արդյունքում օտար ուժերը թափանցել մեր ներսն ու ներսից կրծել են մեզ…Այդպես կործանվեց հայոց հողի վրա վերջին հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորությունը: Պալատական վերնախավում /և ոչ միայն/ գնալով ամրացավ բյուզանդասեր թևը, ինչն ի վերջո թուլակամ Հովհաննես-Սմբատին համոզեց կտակել Անին Բյուզանդիային: Այս ամենին իր «Մեռած քաղաքի պարիսպների տակ» ստեղծագործության մեջ դիպուկ բնորոշում է տվել գրող Ռաֆայել Արամյանը. «Գայլը փարախում ձագեր էր բերել և դա մեր շների հեզությունից էր…»:  Այսօր էլ մեր պետականության շուրջ ոռնում են գայլեր, ծածուկ ու դավադիր, գեղեցիկ խոստումներով ու գառան մորթի հագած ցանկանում են ներս խուժել…Մենք պիտի արթուն լինենք: Մենք քնով անցնելու իրավունք չունենք: Մենք պատերազմի մեջ ենք. պատերազմ սահմանին թուրքի դեմ և երկրի ներսում հոգիների կռիվ, տեսակի կռիվ՝ հանուն ազգային արժեքների պահպանման…Եթե ներսում պարտվենք, սահմանին էլ կպարտվենք, կամ որ ավելի ճիշտ է՝ սահմանին կպարտվենք, եթե ներսում՝ ազգային դաշտում պարտվենք…

Եվ չասենք, թե այս ամենի վտանգը չկա, չասենք, թե նման բան հնարավոր չէ….հնարավոր չի լինի, եթե չթուլացնենք մեր իմունիտետը, եթե չվարանենք ու ազգային արժեքների հանդեպ ցանկացած ոտնձգության պատասխանենք անմիջապես, կոշտ ու դիպուկ: Մենք պետք է հասկանանք, որ մեր օրգանիզմն ախտահարող մանրէներն առաջինը հարվածում են մեր ամենաթանկ ու զգայուն արժեքներին, նրանց, որոնք սնուցում են մեր հոգին ու միտքը, արթուն պահում մեր բանականությունը: Այսօր կա այդ վտանգը, այն արդեն գործի է դրված, իսկ մեր իմունիտետի հակադարձումն այնքան էլ լավ վիճակում չէ… Ամիսներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարվող ոտնձգությունները դեռ լուրջ հակադարձման չեն արժանացել նախ՝ պետական իշխանության և երկրորդ՝ հասարակության լայն շերտերի կողմից: Էլի դարձել ենք «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ հոգևոր ու աշխարհիկ ենք անում, առանց մտածելու, որ սրանք մեր զգոնությունն ու մեր սթափության աստիճանը որոշող ձեռնարկումներ են. սրանք կուլ տվեցինք, էլի բաներ կուլ կտանք…Հայոց պատմության ողջ ընթացքում գրեթե չի եղել մի դեպք, որ Հայ Առաքելական եկեղեցու ու նրա առաջնորդի դեմ պայքարը լինի ինքնանպատակ ու հենց այնպես,առանց արտաքին քաղաքական դրդապատճառների: Հիմա այս ամենը մոռացած մեր իշխանությունները խնդիրը դիտարկում են որպես զուտ կրոնական դաշտում առաջացած վեճ, որտեղ իրենք՝ աշխարհիկ այրերը անելիք չունեն…Այնինչ սա ազգային կյանքում առաջացած հարց է, հարված է ազգային եկեղեցու հեղինակությանը և լուրջ հակադարձման պիտի արժանանա թե իշխանության, թե հասարակության կողմից:

Մեկ այլ մտահոգիչ փաստ ևս. Սասուն Միքայելյան անունով քաղաքական գործիչը, վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հավաքեց բարձր ձայներ՝ ընդուպ դառնալով վարկանիշային ամենաշատ քվե ստացած թեկնածուն, այն դեպքում, երբ նա ընտրարշավի ժամանակ փորձել էր ստորադասել Արցախյան հաղթանակը ապրիլի ժողովրդային շարժման կարևորությունից: Եթե մեր հասարակության ազգային իմունիտետը տեղը լիներ, Սասունը չպիտի ձայն հավաքեր…Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ անտարբեր լինել չենք կարող: Մեր իմունիտետը կարծես թե ընկած է. այն բարձրացնել է պետք…Արցախցի պոետը կասեր՝ «Չքնեք, տղաներ, չքնեք, ով քնի, հազիվ թե արթնանա….»:

Արթուր Մկրտչյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica