close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլոր պատմվածքների կենտրոնում մարդն է. կայացավ Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գրքի շնորհանդեսը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2018, 17:46
 Բոլոր պատմվածքների կենտրոնում մարդն է. կայացավ Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գրքի շնորհանդեսը

«Դու ձերբազատել ես քեզ այն ամենից, ինչը չի տեղավորվում քո եսի սահմաններում, փոխարենն այդ սահմանների մեջ կարող ես ընդգրկել այն, ինչ քեզ է ցանկալի: Քո աշխարհը դու կզարդարես քո գույներով ու առարկաներով, կբնակեցնես քո բնակիչներով, ովքեր պահանջատեր չեն լինի քո նկատմամբ, և ինքդ կորոշես այդ աշխարհի նկատմամբ պարտականությունդ: Դու այդ աշխարհ կմտնես բոլորովին մերկ, մոռացության մատնած անգամ անունդ, որպեսզի ոչ միայն ուրիշները, այլև դու ինքդ չճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին եղել ես: Դու ինքդ կվերստեղծես քեզ»:

Լույս է տեսել «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գիրքը: Գրքում ամփոփված են հեղինակի պատմվածքներն ու երկու պիես: Պատմվածքները հիմնականում մեր գրական մամուլում են տպագրվել` «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գրական թերթ»-ում, «Դրամատուրգիա» ամսագրում:

Yerkir.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ սա իր երկրորդ գիրքն է, առաջին գիրքը, որը վեպ էր, լույս է տեսել 2008-ին: Շահբազյանի խոսքով` գրականությունը պետք է ուղղակիորեն առնչություն ունենա կյանքի հետ, և արհեստական, հորինված կամ անցյալ դարի, ուրիշ ժամանակների մեջ եղած իրականությունը չպետք է կրկնել: «Սակայն մենք հաճախ ենք տեսնում, որ գրական նյութը կրկնվում է: Կուզեի, որ այս գիրքն ընթերցողին օգներ տեսնել իրենց կողքին գտնվողներին և ավելի ուշադիր լինել նրանց նկատմամբ: Գրականության հիմնական խնդիրը մարդն է, և իմ գործերի գլխավոր հերոսն էլ անհատն է, որն, ի վերջո, մենակ է, ինքն իր հետ է: Նա ունի միջավայր, ընտանիք, հարաբերություններ, բայց յուրաքանչյուրն ինքն իր հետ է, և ես փորձում եմ ցույց տալ, թե ինչպիսին է մարդը, երբ ինքն իր հետ է»,- ասաց Շահբազյանը:

Նրա խոսքով` ամեն մարդ ունի իր խորքերը, և յուրաքանչյուրի մեջ տիեզերք կա, ինչպես ժամանակին մեր մեծերն են ասել:  

Գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի խոսքով` մեր ընթերցողները և գրականագետները դժգոհում են, որ մեր գրականության գետն այսօր ցամաքել է, այսօր չունենք նորմալ գրողներ: Սակայն երբ Բախչինյանը կարդացել է Շահբազյանի «Ես կգնամ» գիրքը, հիացել է առաջին իսկ պատմվածքից: «Գրքում ընդգրկված առաջին` «Մեզանից ո՞ր մեկը մեռավ, տղերք» պատմվածքը կարելի է համեմատել Ռեմարկի «Երեք ընկեր»-ի հետ: Շահբազյանի բոլոր պատմվածքների կենտրոնում մարդն է: Շահբազյանը հայրենասեր գրող է, բայց նախ համամարդկային է և համամարդկային արժեքներ է ներկայացնում իր բոլոր պատմվածքներում: Նա նաև մեր ժողովրդին համերաշխության, միմյանց սիրելու կոչ է անում»,- ասաց Բախչինյանը:

Նա նշեց, որ շատ հետաքրքիր է Շահբազյանի «Եղբորս տան ճամփին» պատմվածքը, ոում հերոսը երազում խոսում է Աստծո հետ և ներկայացնում մեր պատմությունը` սկսած Հայկ Նահապետից, Մեսրոպ Մաշտոցից ու գալիս, հասնում է մեր օրեր: Հերոսն Աստծուն հարցնում է` ի՞նչ պետք է անենք, որ հաղթենք, և Աստվածն ասում է` պետք է միմյանց սիրենք: «Երբ արթնանում է հերոսը, նկատում է, որ մատները, աչքերը և դեմքը խոնավ են, և տեսածը ոչ թե իրականություն էր, այլ երազ: Այս գեղեցիկ պատմվածքն ավարտվում է «Սիրել միմյանց» հորդորով: Ի դեմս Շահբազյանի` այսօր ունենք հրաշալի և մեծ արձակագիր»,- ասաց Բախչինյանը:

Նրա խոսքով` իր բարեկամներից մեկը, որ ընթերցել էր Շահբազյանի գիրքը, ասել է, որ գրքում զգացվում է Դաշնակցության ազդեցությունը հեղինակի վրա, բայց, ըստ Բախչինյանի,  դա հեղինակի արյան կանչն է: Գրականագետի հավաստմամբ` Շահբազյանի այս գրքով կարող են ամբողջ սերունդներ դաստիարակվել:

Արտաշես Շահբազյանի գաղափարական և գրական ընկերներից` «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ Շահբազյանի գրականությունն իր պարզությամբ հեղինակին շատ նման է: Նրա խոսքով` շատ լավ է, որ գիրքն այս օրերին է լույս տեսել: «Այսօր բառն արժեզրկվել է` փողոցում գլորվում է, հայրենասիրությունը ոտքի հետ գնում է: Մեր լեզվամտածողությունն էլ է փոխվում, ու գիրքը մի տեսակ փեշդ քաշելու, նստել, զրուցելու առաքելություն ունի: Ժողովածուում տպված շատ գործեր մինչև տպագրվելն եմ կարդացել, քանի որ գրական աշխարհում մեր մտերմությունը, իրար նկատմամբ վստահությունը մինչև ընթերցողի դատին հանձնելը կա, այսինքն` նախքան ընթերցողի դատին հանձնելը` ուզում ենք հասկանալ` դրանով ընթերցողի ճաշակը չե՞նք վիրավորում: Եթե մի բան գրում ես, միշտ պետք է հաշվի առնես, որ ընթերցողի ճաշակը քո ճաշակից բարձր է, և դու նրա ճաշակը վիրավորելու իրավունք չունես»,- ասաց Ղարաբաղցյանը:

ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ռուզաննա Առաքելյանը, շնորհավորելով Շահբազյանին, նշեց, որ, իր կարծիքով, հոգևոր արժեքներով ապրող մարդկանց հեղափոխությունը հետո է գալու: Այդ հեղափոխությունը, ըստ նրա, պետք է խարսխված լինի հենց մշակութային, ազգային արժեքների վրա: «Այն, որ գիրքը հենց այսօր է լույս ընծայվել, ևս մեկ անգամ շեշտում է, որ ցանկացած իրավիճակում Դաշնակցությունը չի մոռանում գրքի, հոգևոր արժեքների կարևորությունը, և ինչպես ասել է Նիկոլ Աղբալյանը` Դաշնակցությունը մտավորական կուսակցություն է: Այսօր այս խառնաշփոթ իրականության մեջ, այս արժեհամակարգին վնասող խառն իրավիճակներում մենք չենք մոռանում մեր հոգևորի կարևորությունը, չենք մոռանում հայ մարդու հոգեկերտվածքը պահել և դրանով մեր տեսլականն առաջ տանել: Ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ գոյատևում է առաջին հերթին հայրենիքով, հողով, բայց առանց հոգևոր, ազգային արժեքների, պատմության` չի կարող այդ հողը որպես հայրենիք բովանդակվել»,- ասաց Առաքելյանը:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica